Գայանե Մկրտչյան | Ամեն ինչ գլխիվայր․ Յոկո Տավադայի «Պատվիրակը»

– Վերջին անգամ, երբ մաման եկել էր…
– Մամա, այդ ինչ հին բառ ես օգտագործում ․․․

108-ամյա Յոշիրոյի և փոքրիկ ծոռ Մումեյի այս զրույցը սովորական-առօրեական է ընկալվում ճապոնական այս անիրական վեպում։ Այստեղ տարեցները չեն մահանում, և Յոշիրոն բոլոր չօգտագործվող հին բառերը «պահել է ուղեղի դարակներում»։

Ճապոնացի ժամանակակից արձակագիր Յոկո Տավադայի «Պատվիրակը» վեպը լույս է ընծայել «Գրանիշ» հրատարակչությունը։
Վերջին տարիներին Հայաստանում ճապոնացի գրողների գործերը թարգմանվում են բնագրից, հենց ճապոներենից, և Աստղիկ Հովհաննիսյանը այդ պրոֆեսիոնալ թարգմանիչներից է։ Թարգմանչուհին իր բացատրությունն ունի, թե ինչու է ընտրել այդ հեղինակին և վեպը։

Ժամանակակից ճապոնական գրականության հանրահայտ հեղինակները, Հարուկի Մուրակամիից հետո, կանայք են, այդ թվում՝ Յոկո Տավադան։ 1960 թվականին ծնված Տավադա Յոկոն 1982 թվականից ապրում է Գերմանիայում, ստեղծագործում ճապոներեն ու գերմաներեն։ Գրաքննադատների կանխատեսումով, հավանաբար հերթական ճապոնական նոբելյան դափնեկիրը լինի ոչ թե Մուրակամին, այլ Տավադան։

Ինչ վերաբեում է վեպի ընտրությանը, Աստղիկ Հովհաննիսյանի տեսակետով, բազմաթիվ մրցանակների արժանացած «Պատվիրակի» թեման՝ խաթարված էկոլոգիայի ավերները, հարազատ ու հասկանալի է հայ ընթերցողին։ 2014 թվականին հրատարակված գիրքը գրելու շարժառիթը Տավադան համարել է 2011 թվականի Ֆուկուշիմայի ատոմակայանի վթարը, նաև՝ երկրի էկոլոգիան ու ժողովրդագրությունը։
«Պատվիրակի» ընթերցողը զարմանքով ու մտախոհ է հետևում Յոշիրոյի և փոքրիկ, համակրելի Մումեյի համատեղ անսովոր, բայց համահունչ կյանքին, հուշերին ու ապագայի կանխատեսումներին։

Վիպակի Ճապոնիայում հողի, օդի, ջրի աղտոտվածության հետևանք տեխնածին աղետից հետո էր ընդունվել երկրի փակման մասին որոշումը։ Այդուհետ տարեցներին անմահ էին / «100 տարեկանն անցնելուց հետո այլևս հանգստի կարիք չես զգում»/, երեխաները՝ թույլ, սակայն Մումեյի սերունդն էլ ծնված օրից էր օժտված իմաստությամբ։ «Պատվիրակը» վեպում անմահությունը պատիժ է նախկինում արածի ու չարածի համար։ Արձակագիր Յոշիրոն խելացի է, սթափ, բանական, սակայն իրեն էլ չեն լսել։ Յոշիրոն տխրում է իր սերնդի՝ բնության հանդեպ վարքագծի, մեղավորության, սեփական անբավարար ջանքի, փոխանցած երկրի համար։ Ընթերցողական տպավորությամբ, համեմատությունները հետպատերազմյան Հայաստանի հետ ակնառու են ու իրապես տխուր։

Փակ երկրի նոր միջավայրում գոյատևելու համար խատուտիկի թերթերը հասնում են հսկայական չափերի, հիշեցնելով քրիզանթեմ, իսկ հնդկեղեգը, պարզվում է, ընտրել էր «փոքրանալու ռազմավարություն», դառնալով ճկույթի չափ։ Մի խոսքով՝ գլխիվայր և բոլորի աչքի առաջ փոխվում էր ծանոթ ու ճանաչ աշխարհը։ Այս ամենի արդյունքում և փոխարեն երկրում չափազանց շատ են տոները, կա լեռներ տոն՝ թափոնների զոհ դարձած լեռների պատվին, համացանցի մահվան օֆլայն օրը, բնաջնջված կենդանիների հիշատակին՝ անհետացած տեսակների օր։
Մումեյի սերունդը շատ բանից գաղափար չուներ, և կենդանաբան դառնալ ցանկացող տղեկը կարողանում էր միայն կենդանիների հանրագիտարան նայել, քանի որ երկրում միակ կենդանիները վարձով տրվող շներն ու կատուներն էին։ Շշուկներ կային թաքուն ճագար ունեցողների մասին։ Յոշիրոն հիշում էր երեխա ժամանակ դաշտի խոտերի մեջ պառկած երկինքին նայելը, իսկ Մումեյին մնում էր երևակայությունը՝ տան պատերը երկնքի պես ներկել ու ամպեր ու թռչուններ նկարել։
Նկարած պատերով սենյակի մեջ ապրելու Մումեյի հնարագիտությունը խորացնում էր Յոշիրոյի տխրությունը, հիշեցնում նախնիների՝ ելքի ճակատագրական փնտրտուքը։

Ընտրյալ ջահակիրը

Պատվիրակելը եղել է 7-8 դարերի ճապոնական մշակույթին բնորոշ երևույթ, երբ ուրիշ երկրներ, հիմնականում Չինաստան, պատվիրակ-ջահակիրներ էին ուղարկվում, փրկության ելքեր գտնելու։
«Պատվիրակը» նաև արձակագիր Յոշիրոյի վերջին՝ պատմական վեպն է, որը գրելուց հետո էր նկատել, որ օգտագործել է չափից շատ օտար երկրների անուններ։ Ու քանի որ երկիրը փակվելուց հետո նոր օրենքով արգելվում էր արտերկրի քաղաքների անուններ արտաբերել, իր իսկ անվտանգության համար, քանզի ձեռագիրն այրել չէր կարող, ստիպված էր թաքցնել՝ թաղել։
Թոռը՝ Տոմոն, թեև գրքեր չէր կարդում, բայց հպարտանում էր, որ պապն արձակագիր է, և միանում էր այն մարդկանց, ովքեր խաղադրույք էին անում հաջորդ նոբելյան մրցանակակրին գուշակելու համար։ Դժվար չէ տեսնել հեղինակի՝ Յոկո Տավադայի անվան շուրջ գուշակումների զուգահեռները։
Բաց երկրի ու նախկին-սովորական մարդկային կյանքի կարոտը ավելի ու ավելի էր համակում մարդկանց։ Անցած ժամանակների պատկեր ստեղծելու համար թաքուն պահում են աթոռ-սեղանները, դպրոց բառի մեջ հույսի նշույլ են տեսնում, հացը երազել էր տալիս հեռու երկրների գոյության մասին, 105 տարեկան ատամնաբույժը ցածր ձայնով ասում էր՝ «էհ, կարոտել եմ այդ օրերը»։
Եկել էր նոր պատվիրակի, աշխարհին զգուշացնող ջահակրի ժամանակը։
«Ողջույն, քո 108-ամյակին շաքարից պատրաստված տառեխ կբերեմ»․ հեռագրում է ամուսնուն մեծ տատիկ Մարիկան, որը խելացի երեխաներին պատվիրակ ընտրելու գաղտնի հանձնաժողովի ղեկավարն էր։ Նա գիտեր, որ Մումեյ- Անանունը սերնդի ընտրյալ պատվիրակ էր, սակայն դժվար էր սիրելի փոքրիկին վտանգավոր, բարդ ու ճակատագրական առաքելության ուղարկել։
Յոկո Տավադայի «Պատվիրակը» կարդացվում է մեկ շնչով, քանի որ գրավիչ, սպեցիֆիկ, անսովոր ճապոնականությունը կա, բայց ոչ էկզոտիկ ու անհասկանալի։
Ապագայի կանխատեսումների անտիուտոպիական վեպը ծանրամարս չէ, չափավոր աբսուրդն ու վերացարկումը, ճապոնական կենցաղն ու հումորը, հին ու նոր սերնդի ջերմ կապը ընթերցումը դարձնում է թեթև ու գեղագիտական հաճույք պատճառում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *