Լենըրդ Քոհեն | Ամեն ոք գիտի

Մի քանի երգերի պատճառով

Մի քանի երգերի պատճառով
որտեղ խոսել եմ կանանց առեղծվածի մասին,
նրանք այնքան
բարի են գտնվել
իմ ծերության հանդեպ:
Գաղտուկ մի տեղ են պատրաստում
իրենց մշտազբաղ կյանքերի մեջ
ու ինձ տանում այնտեղ:
Մերկանում են նրանք,
ամենքը յուրովի,
ու ասում.
«Նայիր ինձ, Լենըրդ,
նայիր ինձ մի վերջին անգամ»:
Հետո կռանում են մահճակալին
ու ինձ ծածկում
ինչպես դողացող մանկիկին:

 

տեսնես..

տեսնես քանիսն է այս քաղաքում
ապրում սենյակներում կահավորված:
կեսգիշերին երբ նայում եմ շենքերին
երդվում եմ ամեն լուսամուտի մեջ մի դեմք եմ տեսնում
որը նայում է ինձ
իսկ երբ շրջվում եմ
տեսնես քանիսն է դառնում իր գրասեղանին`
գրելու այս տողերը:

 

Լորկան ապրում է

Նյու Յորքում է Լորկան ապրում
Նա Իսպանիա չի գնացել
Կուբա գնաց մի ժամանակ
Բայց վաղուց է վերադարձել
Նա հոգնել է գնչուներից
Հոգնել է նա ծովից ունայն
Ատում է իր հին կիթառը
Որը մի տոն ունի միայն
Լսել է որ սպանվել է
Լսել է լուրն այդ անհեթեթ
Նյու Յորքում է Լորկան ապրում
Քաղաքն այդ չի սիրում թեպետ

 

Ամեն ոք գիտի

Ամեն ոք գիտի՝ ամեն ինչ գծված է
Ամեն ոք գալարվում է՝ մատերը խաչած,
Ամեն ոք գիտի՝ պատերազմը պրծած է
Ու լավ տղաները գլորվում են ցած
Պայմանավորված էր խաղը ի վերուստ
Աղքատն աղքատ մնաց, հարուստը՝ հարուստ
Կարգն է անողոք
Գիտի ամեն ոք:
Լավ գիտենք որ նավը սուզվում էր ամեն օր
Եվ որ նավապետը ստեց կլոր տարին.
Միշտ այն զգացումն է, կարծես մենք հենց նոր
Ծնող ենք կորցրել կամ շուն հավատարիմ:
Ամեն ոք ունի իր ծակ գրպանն ու դարդը
Եվ ուզում է իր շոկոլադն ու վարդը
Ու մի կյանք անհոգ
Գիտի ամեն ոք
Ամեն ոք գիտի որ դու լիովին իմն ես
Որ դու ապացուցում ես՝ ինչ ասել է սեր
Ամեն ոք գիտի որ ինձ հավատարիմ ես
Էհ չհաշված մեկ կամ երկու գիշեր
Այնքան շատ են քո հանդիպման օրերը
Որ մեկ-մեկ պիտի հանես քո շորերը
Թե ինչու «պիտի»՝
Ամեն ոք գիտի:
Ամեն ոք գիտի «հիմա կամ երբեք»-ը
Ու «կամ ես, կամ դու» օրենքն անփոփոխ
Ամեն ոք գիտի՝ շահում ես երեքը
Երբ գրած ունես մեկ կամ երկու տող
Ամեն ոք գիտի թե ով է համբակը
Երբ ծերուկ սև Ջոն հավաքում է բամբակը-
Երիզ, փողկապ ու ծոպք
Գիտի ամեն ոք
Ամեն ոք գիտի՝ մոտենում է Հանրախտը
Մոտենում է, այն էլ շռնդալից
Եվ որ մորեմերկ կինն ու տղամարդը
Փայլուն բրածոներ են վաղ անցյալից
Մեռած է տեսարանը բայց վաղը կամ մյուս օրը
Կունենանք մենք մեր անկողնաչափը որը
Ցույց տա պիտի
Ինչ ամեն ոք գիտի:
Ամեն ոք գիտի՝ քո քաշածը ինչ էր
Ու ինչ փորձության միջով անցար դու
Գողգոթայի արնոտ խաչից այն մինչև
Խաղաղօվկիանոսյան ափը Մալիբու
Ցրիվ է գալիս աշխարհը խրթին
Վերջին անգամ նայիր Սրբազան Սրտին
Շուտով այն կպայթի
Ամեն ոք գիտի
Ամեն ոք գիտի, գիտի ամեն ոք
Կարգն է անողոք
Գիտի ամեն ոք:

Ապագան

Հետ բեր գիշերն իմ կոտրված
հայելապատ տունս, կյանքս չգրված
Ձանձրանում եմ,
Քեզ խոշտանգելը նախապայման է
Տուր ինձ կորով դիվահմա
Ամեն ապրող հոգու վրա
Պառկիր կողքիս, աղջիկս
սա հրամա՛ն է
Տուր ինձ կոկաին ու անալ սեքս
Առ վերջին ծառը որ խցկես
քո մշակույթի անցքի մեջ-
սա՛ է ոճիրը
Բեռլինի Պատ տուր, մութ փողոց
տուր ինձ Ստալին ու Սուրբ Պողոս
Տեսել եմ ապագան, եղբայր
այն է՝ նախճիրը։
Շուրջբոլորը փլվելու է ամեն բան
Ոչինչ չի մնալու, ոչինչ այլևս
չի լինի չափել կամ վերահսկել
Ձնաբուքը աշխարհի
կոտրել է փականքը
Շեմից ներս է սողոսկել ու գլխիվայր շրջել
հոգու կարգը։
Երբ ասացին՝ ԶՂՋԱ, ԶՂՋԱ,
նկատի չունեին՝ խղճա։
Դու ինձ չես տարբերում քամուց
չես ճանաչում դու ինձ վաղուց
ես այն փոքրիկ ջհուդն եմ ով գրեց
աստվածաշունչը
Ազգեր եկել են ու անցել
բայց միայն սերն է մնացել
շարժիչն ու ողջակեցության
ծաղկեփունջը
Եվ քո խոնարհ ծառան ահա
Ասում է քեզ պարզ ու անահ
Սա արդեն վերջն է ու վերջին
հանգրվանը
Իսկ անիվները երկնային
ծառայում են սատանային
Պատրաստ եղիր ապագային-
Անունն սպանդ է
Արևմտյան ծածկագիրը հին
կպայթի մի օր հանց ական
ու հօդս կցնդի քո կյանքն անձնական
Կլինի հրդեհ ճանապարհին
Կգա հազար ուրվական
Ու սպիտակ մարդը կպարի
Կնոջդ կտեսնես
գլխիվայր կախված
դեմքը շրջազգեստի մեջ թաղված
լոկ ոջլոտ բանաստեղծիկներ
չորսբոլորը կվխտան
ու Չարլի Մենսընի ձայնով կգխտան
Բեռլինի Պատ տուր, սև փողոց
տուր ինձ Ստալին ու Սուրբ Պողոս
Տուր ինձ Քրիստոս
կամ տուր ինձ Հիրոշի՛մա, աղջիկս
Սաղմն սպանիր քո արգանդում
երեխա պետք չէ մեզ կյանքում
Տեսել եմ ապագան-
իմա՝ նախճիրը
Շուրջբոլորը փլվելու է ամեն բան
Ոչինչ չի մնալու, ոչինչ այլեւս
չի լինի չափել կամ վերահսկել
Ձնաբուքը աշխարհի
կոտրել է փականքը
Շեմից ներս է սողոսկել ու գլխիվայր շրջել
հոգու կարգը։
Երբ ասացին՝ ԶՂՋԱ, ԶՂՋԱ,
նկատի չունեին՝ խղճա։

 

***
Այս գիրքը կսկսի
խոսել
երբ կոլիբրին
վերադառնա
շվայտակենցաղի մոտ՝
սպանելու նրան
Խոսի՛ր, պատվիրակ Մահվան
խոսիր մեկի հետ
ով սիրում է քեզ
մեկի հետ ում սերը
ձախողվեց
մեկի հետ ում դու փնտրում ես
քո մշուշված ասեղով

Թարգմանություն անգլերենից` Սամվել Մկրտչյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *