Վիլյամ Սարոյան | Գերդաստանի խենթությունը

Վիլյամ ՍարոյանԽենթանալը գերդաստանի համար չգրված օրենքի կամ սուրբ պարտականության նման մի բան էր: Քանի դեռ գերդաստանի որեւէ անդամ չէր խենթացել, ուրեմն բոլորի համար պարզ է, որ նա թեեւ հասունացել, բայց հոգով տակավին տղեկ է մնացել: Ու եթե նա այդպես էլ չեր խենթանում, ուրեմն նրա մոտ մի բան էն գլխից պակաս է, եւ ինչ էլ անի, երբեք չի հասնի նրանց, ովքեր վաղուց եղել ու անցել են սուրբ երանելիների հերոսական արահետով:
Պիտի խոստովանել, որ գերդաստանում շատ հազվադեպ էին առանց այդ տենդի բռնկման դառնում երեսուն տարեկան: Քիչ չեն եղել նաեւ նրանք, որ այդ ճամփան քանիցս անցել են եւ որից հետո համարվել իմաստուն, նույնիսկ սուրբ, ասես ուխտագնացության են մեկնել Երուսաղեմ, թեեւ որոշ առումով այդ ամեն հենց այդպես էր, որ կար:
Կանանց հարցը թերեւս միքիչ այլ էր: Նրանց հանդեպ տղամարդկանց նահապետական պահանջներն այնքան խիստ էին ու անառարկելի, որ այդ աներեւույթ խենթությունը կանանց շուրջը թեւածում էր փաստորեն ամբողջ կյանքի ընթացքում, եւ հետեւաբար դրա քողարկումը զուտ թվացյալ պատրանք էր բոլորի համար:
Տարիներ հետո տղամարդկանց խենթությունն ավանդական ձեեւր ընդունեց` ասենք Բարձրյալի ուրացումը, կամ որ ավելի հաճախե է պատահում քրիստոնեական հավատքի հանդեպ խորին կասկածանք եւ դրանից բխող մտահոգություն, ըստ որի երկար տարիներ ի վեր, բացի փորձանքից, ոչ մի այլ բան չեր հանգել Հոր, Որդու, Սուրբ Ոգու նկատմամբ ունեցած նրանց անկեղծ նվիրումը: Խենթության մեկ այլ ու սովորական ձեւ էր դարձել նաեւ մարդկային ցեղի արժանիքների մեկընդմիշտ ժխտումը, որպես այդպիսին, հիմնված այն հնադարյան եւ այժմեական վկայության վրա, ըստ որի մարդկային ցեղը հանցագործ է ու արգահատեի` իր ցեխակոլոլ ծագումով: Այս բոլորից զատ խենթության եւս մեկ ձեւ կար, որը թերեւս ամենավհատն էր իր տեսակի մեջ. մի համոզմունք, որ ամեն բան ոչ միայն ունայն ու սին, այլ նաեւ տմարդի, անհույս…
Բիթլիսի մեջ հայրս` Մանաքը, խելացի, նաեւ հագարժան մարդու համբավ ուներ, որովհետեւ խենթության ճամփան բռնել էր մինչեւ տասներկու տարեկան դառնալը` տոհմում շատ սակավ պատահող մի բան: Իր մոլեգնության խենթավուն տարին նա շրջում, երեւում կամ աշխատում էր գրեթե առաջվա նման, միայն մի չնչին, ոչինչ չարժեցող բացառությամբ: Դա այն էր, որ մարդիկ նրանից խույս էին տալիս, քանզի ուշադիր նայողը կտեսներ, որ նա պիտանի չէ անգամ աննշան զրույցի համա: Իսկ երբ մի օր այդ խենթ ճամփորդությունն ավարտվեց, նրա շուրջ բոլորն այլեւս ոչ ոք չկար, ամայություն էր: Միայն մեկ մեկ ձանձրույթը փարատելու համար` հասակավոր մարդիկ դժվարին հարցեր էին տալիս, որոնց էլ նա անմիջապես պատասխանում էր մի առանձնահատուկ ճշգրտությամբ: Գուցե հենց դա էր պատճառը, որ ամենից անհաշտ վեճերի ժամանակ նրն էին կանչում, եւ նրա որոշումներն ընդունում էին բոլորեքյան:
Երբ ողջ ընտանիքը կապկպեց իրերն ու ոտք դրեց Ամերիկա, նախ Նյու Յորք, այնուհետեւ կալիֆորնիա, գերդաստանի մշտական ուղեկից` խենթությունն առաջվա պես շարունակվեց, սակայն մփոքր ինչ ձեւափոխված: Անշուշտ դա սպասելի էր, քանի որ Ամերիկան բոլորովին այլ տեսակի վայր էր եւ նման չէր այն երկրին ուսկից գաղթել էին: Ամբողջ գերդաստանն այստեղ գեթ մի շիրիմ չուներ: Ապրելու վճռականությամբ տոգորված գերդաստանը շատ շուտ համակվեց նոր երկրին, արդեն գլխին տանիք ուներ, կար էր անում, ոսկերչություն, ձմերուկ ծախում, որթատունկի ակոս էր բացում, ցավ ուներ, հիշողություն ուներ, բայց այ շիրիմ չուներ: Մենք Ֆրեզնոյում էինք, սակայն ոչ մի տեղ չէինք նաեւ: Եվ ինչպես մենք կարող էինք լինել հոգեպես մի վայրում, առավել եւս կապվել այդ վայրին, երբ դեռ մահը չէր բռնել մեզանից մեկի կոկորդը, եւ չէինք թաղել նրան: Եվ դեռ ավելին, չգիտեինք անգամ, թե ով է լինելու նա, ումով սկսվելու է մեր ու հողի կապը: Սա փաստորեն հենց այն հազվագյուտ ձեւն էր, որով խենթությունը բուն դրեց իմ հորեղբայր Որոտանի մեջ, որը դերձակ էր աշխատում Բլում եղբայրների մոտ` Մըսըրդ փողոցի ցածր տանիքով արհեստանոցում:
Ամեն երեկո Որոտան հորեղբայրը դեռ տուն չմտած, դռան շեմից հարցնում էր կնոջը.
– Միթե դեռ մարդ չի մեռել փարատելու համար այս տաղտուկ միայնությունը, այս անմիտ պարապությունն ու բաժանումը, – մինչդեռ ի հեճուկս նրա, ամեն երեկո մեծ գերդաստանի ամեն մի միքնություն ոչ միայն կատարելապես ողջ էր, այլեւ առըվել զվարթուն, զորացած` ինքն իրենով:
Որոտանի անսովոր խենթանալու լուրը շատ շուտով հասավ գերդաստանի բոլոր անդամներին` նույնիսկ ամենափոքրերին, ,եւ որպես պատճառ նշվում էր, ոչ այլ ինչ, քան նոր երկիրը: Եւ որ նա` Որոտանը, մտածում էր, որ հարկավոր է իր արնակիցներից մեկնումեկը մեռնի եւ թաղվի այստեղ, որպեսզի ինքը, եւ հետաբար մենք` մնցայալներս, իմանանք, որ թաղվելու ավանդույթը վերջնականապես հաստատվել է. մի բան, որին պետք է անխուսափելիորեն հետեւել, որ ինքներս մեզ ներշնչենք, որ մենք Ֆրեզնոյում ենք, Կալիֆորնիայում, Ամերիկայում, ուր էլ ամենայն հավանականությամբ կմնանք:
Փոքրիկները, որոնց դյուրին է վախեցնելը, հանգիստ էին վերդաբերվում Որոտանին եւ նրա խենթությանը: Նույնիսկ այն պահերին, երբ վերջինս նայում էր նրանց ու ասում. «Կխնդրեմ բանաս բերանդ», եւ նայլեուց հետո էլ` «ամեն ինչ կարգին է, փակի՛ր»:
Սակայն մեծերից ոմանք տհաճություն էին զգում, երբ նա նայում էր իրենց տարօրինակ հայացքով` իրենց մեջ տակավին անհայտ մեկին փնտրելու պես: Իսկ կանանցից ոմանք, հատկապես նորահարսերն, ակնհայտորեն դժգոհ կշտամբում էին. «ադ աքերով մի նայե վրաս, ես աղեկ եմ ու չոջուխով»: Ավելի ուշ, նման մի կին հնարավոր է , որ ամուսնու ականջին, քնելուց առաջ գուշակություն անելու պես, շշնջար. «Ճիշտը ըսեմ նե, կհավտամ, որ ան մեկուն մը սպանե, ետքը երթա անոր հուղարկավորությանը եւ վեջ դնե իր խենթությանը»:
Եթե գերդաստանում որեւէ մեկը թեկուզ դույզն ինչ տկարություն էր զգում, ապա ընտանիքի բոլոր անդամներին զգուշացնում էին` չիցե թե հանկարծ այդ լուրը հասնի Որոտանին: Քանզի նման առիթներին նա միշտ պարտադիր ու անակնկալ ներկայանում էր տոնական սեւ կոստյումով, սպիտակ օսլայած օձիքավոր վերնաշապիկով եւ հատուկ առիթի համար գնված սեւ փողկապով: Հիվանդի անկողնու մոտ երկար ու հանդիսավոր կանգնելուց ու տարտամորեն լռելուց հետո, նա հակարծ սրբում էր աչքերն ու շուրթերը հազիվ շարժելով խոսում, այնպես, կարծես վասն մահացող սրբի դամբանականն է խոկում:
– Այո, կհավատամ, որ դուն անշուշտ, դուն ես ան մեն-միակն ու առաջինը, որ անորոշությունից կհանե մեր գերդաստանը, կփրկե բոլորիս: Մի վախենար, մի երկնչիր, ետ մի դառնա բռնածդ ճամփաեն: Ամենեն աղվոր Բաշմանյանները իրենց մեծ հայրենիքի` հավիտենության մեջ են, եւ մենք բոլորս ալ շուտով կհետեւենք անոն եւ քեզ:
Հիվանդը այդ հոգեխռով ճառից հետո այսահարի պես ամբողջ ձայնով ճչում էր.
– Որոտան, ախորժակիդ քացախ: Ես ոչ մի տեղ ալ չեմ երթալ ու մտադիր ալ չեմ: Իսկ դու քո ադ գեշ ճառովդ ու սեւ փողկապովդ դուրս կորսվի իմ տունեն:
Օրըստօրէ Որոտանի խենթությունն ավելի էր խորանում, որովհետեւ այդպես էլ գերդաստանի մեջ ոչ ոք չէր մեռնում, տեեւ տասնմեկից ավելի կին ու տղամարդ կար, որ հատել էին ութսուն գարունների սահմանը:
Մի օր, վաղ առավոտյան, այնուամենայնիվ, ծերուկ զինագործ Վարուժանին անկողնում մեռած գտան, թեեւ սկզբում կարծել էին քնած է: Վերջապես Բաշմանյաններն իրենց առաջին շիրիմն ունեցան նոր երկրում: Որոտանին այդ լուրը հրաշալիորեն ցնցեց: Նա տաս դոլար նվիրաբերեց հուղարկավորության ծախսերին, կարճ մի ճառ ասաց գերեզմանին, դանդաղ, հատիկ-հատիկ ընտրելով բառերն ու… վայրկենապես ամոքվեց իր գլուխն ու հոգին այդքան երկար տիրած խենտությունից:
– Այժմ մենք հոս ենք այլեւս: Կրնանք ավելի դյուրությամբ շնչել: Վարուժանը մեզմե երեց էր, սակայն հոգով տակավին մանուկ: Նա սուրբ նահատակ է, քանզի մեզ բոլորիս փրկեց, դառնալով առաջին ավանդն ու ավանդապահը նոր երկրին մեջ: Հիմա նա «Արարատին» մեջ է, ուր բոլորս ալ մի որ երթանք պիտի…
«Արարատը» Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունն է, որ այն օրերին ուներ մի քանի շիրիմ միայն, սակայն հիմա այն գերբնակեցված է հայերով, որոնցից մեկն էլ հենց ինքն է` հորեղբայր Որոտանը:

Թարգմանությունը` Վազգեն Վանատուր

Արտատապված է Կալիֆորնիայի հայ գրողների միության «ՏԻՐ» պարբերական, թիվ 2-ից:

Շարվածքը՝ Սամվել Հովհաննիսյանի

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *