Ալֆրեդո Պանձինի | Անցողական և անանցողական բայեր

(1863 – 1939)
Ալֆրեդո Պանձինին երկար ու ձիգ տարիներ դասավանդել է գրականություն: Նա գրել է նաև փոքրածավալ պատմվածքներ, վեպեր, գրական ու պատմական հոդվածներ, լեզվաբանական ակնարկներ, զբաղվել է բառարանագրությամբ և հրաշալի թարգմանություններ է կատարել: Պանձինին, արձակուրդների ընթացքում, ամեն տարի ուղևորվում էր Ադրիատիկ ծովափ, շատ անգամ` հեծանիվով և այնտեղ վայելում էր էպիկուրյան մարդասերի իր ճաշակին վայել պարզ ու հասարակ կյանք: Նրա սուր աչքը և սուր լեզուն զգացվում է որևէ դիպվածի, պատահարի կամ հետաքրքիր դեպքի, անսպասելի շրջադարձերի ու տարատեսակ հերոսների նկարագրության մեջ: Լինելով երկարամյա պրոֆեսոր, քաջածանոթ էր ուսանողների հոգեբանությանը, միաժամանակ չէր հանդուրժում ծուլությունն ու անգիտությունը:

-Տեոդո´րո Ռավելլի, ո´չ, Ռավե´լլի Տեոդորո, ոտքի´: Ինքս ինձ հարց եմ տալիս, թե ի՞նչ եք ուզում անել դուք կյանքում: Չգիտեք, թե ովքեր էին Ատրիդները*, դուք շփոթում եք ուղղականը հայցականի հետ: Դուք այդպես էլ չհասկացաք, որ անցողական բայն անցնում է, մինչդեռ անանցողականը, հակառակը` չի անցնում: Է՜խ, Ռավելլի: Մյուս առարկաներից նույնքան տգետ եք, որքան իմից: Ֆրանսերենի դասախոսուհին իր մազերը կպռճոկեր (եթե դրանք ունենար), աշխարհագրության դասախոսը` լսելով ձեր անունը, ձեռքերը վեր բարձրացրած դուրս կթռչի, հումորային հերոսի նման: Բայց ինչպե՞ս կարելի է ապրել, ինչպե՞ս կարելի է հասնել ձեր տարիքին, հաղթանդամ, խոշոր, ինչպես կակաչը և ընդունակ չլինել տարբերակելու անցողականն ու անանցողականը: Եվ երբեք ոչինչ չանել: Դե հա՜, ես գիտեմ, դուք, Ռավելլի, երբեք ոչինչ չեք արել, բացի ծույլ-ծույլ պառկելուց, սա է հենց ամենածանր բանը:
– Ինձ ասե´ք, դուք ի՞նչ կարող եք անել: Ոչի´նչ: Հենց այդ պահին Տեոդորո Ռավելլին, այդ ծույլիկ դպրոցականը, ձեռքերը տանելով բերանին` նմանակում էր պրոֆեսորին, ասես կրկնում էր. «Ոչի´նչ: Ի՞նչ կարող եմ անել: Ոչի´նչ»: Պատկերացնու՞մ եք, ինչպիսի՜ անպատկառություն: Բայց խոհեմ կլինի չընդգծել այդ բանը: Եվ պրոֆեսորը շարունակեց քայլել նստարանների արանքով դեպի ամբիոնը: Երբ հանկարծ` ճլըտ` իր մեջքի ետևում: Ի՞նչ պատահեց: Կարճ ասած, դա ապուշ Ռավելլին էր, որ աղմուկով ճլըտացրեց կողքի ընկերոջ գլխին. -Ռավե´լլի, Ռավե´լլի, ես ձեզ տեսա, այդ դու´ք էիք: -Այո´, հենց նա: Ճլտացրեցի սրան, որովհետև դա իմ իրավունքն է: Բա ինչպե՞ս: Ինձ կոչում է Ռավանելլի (Բողկ), իսկ ես չպե՞տք է թաթալոշ տամ: -Իրավու´նքը, իրավու´նքը: Բայց դուք գիտե՞ք, որ եթե ես ցանկանայի գործադրել իմ բոլոր իրավունքները, պետք է ձեր դեմ հրավիրեի պրոֆեսորների խորհուրդը: Մի աշակերտուհի անպարկեշտորեն ծիծաղում էր Ռավելլիի բառերի վրա, և երբ հանդարտվեց ծիծաղը, լսվեց աշակերտ Ռավելլիի չարացած մռթմռթոցն ուղղված ընկերոջը. «Թաթալոշ, թե ճլըտոց, միևնույնն է, կարևորը, որ քեզ այն հասցրեցի»: – Չունի, այս խղճուկ տղան գաղափար չունի այն մասին, որ դպրոցում է, – խղճահարությամբ լի ամփոփեց պրոֆեսորը:
Պատահեց այնպես, որ Ռավելլին այլևս չէր արձագանքում ներկա–բացակային: Փա´ռք Աստծո, վերջապե´ս: Եկավ մեկ-երկու անգամ ընդմիջումներին, ապա ընդհանրապես անհետացավ: Ինչպիսի՜ հաջողություն: «Ի՞նչ կա այդ դժբախտից, հարցնում էր պրոֆեսորը, – նրա մասին որևէ բան գիտե՞ք, երեխանե´ր»: – Ասում են, թե հայրն է մահացել, դրա համար էլ չի գալիս դասի, գնացել է Շվեյցարիա: «Խեղճ որդինե´ր,- մտածում էր անցողական և անանցողական բայերի բարի պրոֆեսորը, – ծիծաղում են, կատակում, բայց նրանց համար նույնպես մահն իջնում է իր կեռ ու սուր ճանկերով: Անխի´ղճ Պլուտոն»:
Հենց որ եկավ աշունը, բարի պրոֆեսորը ստիպված եղավ գնալ խաղողի մեծ շուկա. բոլորովին նոր գործ իր համար: Պատճառն այն էր, որ պրոֆեսորի տիկինը տառապում էր ստամոքսի այրոցներից: -Ամբողջ մեղքն այդ կեղծ գինիներինն է, որ գնում ենք գինեվաճառներից: Իսկ առանց մի կաթիլ գինու ուտելն անհնար է: Ճիշտ է, կան շշալցված գինիներ, որոնք ավելի անապակ են թվում, սակայն ունեն երկու թերություն, մեկ որ չափազանց քաղցր են և հետո, երբ խցանահանված է, փոխանակ երեք օր հերիքելու, ինչպես պետք է լիներ, չի բավականացնում նույնիսկ մեկ օր, որովհետև կաթիլ-կաթիլ վերջանում է,- այդպես շարունակում է նկարագրել պրոֆեսորը, ապա դժգոհում.- լավ, բայց ողջ գինին ո՞վ է խմում: -Ա՜խ, կարողանայինք ունենալ,- հոգոց էր հանում տիկինը` դիմելով ամուսնուն,- այն թեթև գինիներից, մաճառից, որ օգտագործում են մեր կողմերում` թեթևակի փրփուրով և խաղողի նուրբ համով: Դա քեզ համար էլ օգտակար կլինի, քան թե խմել այդ ցածրորակ գինիները, որոնք դեմքիդ վրա հետքեր են թողնում, և հետո` աթերոսկլերոզը: Երբևէ մտածե՞լ ես այդ մասին: Այդպես մի առավոտ, հոկտեմբերի սկզբին, պրոֆեսորն ասաց. «Տիկինս, մի միտք հղացա, որը գուցե տարօրինակ թվա, բայց փայլուն միտք է: Մենք ինքներս մի քիչ գինի կպատրաստենք տանը: Խաղողի ողկույզները, որ այստեղ վաճառում են, չեն լինի, կուզեմ հավատալ, «կեղծված»: Այնպես որ ես կխմեմ մաքուր գինի` մեռոն, իսկ դու` թույլ գինի, այսինքն` մաճառ: Սքանչելի´ մտահղացում»: Սակայն երբ բանը հասավ այն գործնականում իրականացնելուն, շատ բարդություններ առաջ եկան: Գինին պատրաստվում է խաղողից, սրա վերաբերյալ պրոֆեսորը կասկածներ չուներ: Նաև գտնել տաշտ, տակառ, փայտե ձագարափոս–դա էլ դժվար չեղավ: Նույնիսկ ճզմորդ գտնվեց հանձին դռնապանի, վերջինս վստահեցրեց, որ ոտքերը բարեխղճորեն կլվանա: Մնաց խաղողը. բայց որտեղ են անում մեծաքանակ գնում: Ո՞վ է ամենաազնիվ վաճառողը: Եվ որքա՞ն արժե: Իսկ քա՞շը: Իսկ տարա՞ն: Բա տրանսպո՞րտը: Պրոֆեսորը հասկացավ, որ իր համար ավելի հեշտ է գործ ունենալ Ատրիդների հետ, քան այս ամենի: Մրգավաճառներից, որին հարցրեց այդ մասին, խեթ հայացքով նայեցին, կամ պատասխան չտվեցին, կամ տալիս էին երկիմաստ, անորոշ պատասխաններ, ասես թե նա, մեծածախ գնով ձեռք բերելով մի քիչ խաղող, կվնասեր, կամ կգողանար իրենց արհեստը: «Ուզում եք խաղողից գինի՞ պատրաստել»,- հարցնում էին: Գնաց նաև իր մի ծանոթ գինեվաճառի մոտ: Յա´, ինչու՞ էր խելքին փչել գինի պատրաստել տանը: Խենթությո´ւն: Բա գինեգործներն ի՞նչ անեին: Մի խոսքով գինեվաճառն իրեն ընդունեց այնպես, ինչպես ինքը կընդուներ նրան, եթե վերջինս գար իր մոտ և ասեր. «Ես ուզում եմ դասավանդել ու բացատրել, թե ովքեր են Ատրիդները և անցողական բայերը»: Գլխում մի պայծառ միտք հղացավ. «Բայց գոյություն ունի խաղողի գնացուցակ. ես կառաջնորդվեմ դրանով և կհաջողեմ»: – Արագացրեք, – ասաց նրան մրգավաճառներից մեկը` պակաս ավազակ, որին վստահել էր սանիտարական և գինեգործական իր մտադրությունները,- խաղողի գինը բարձրանում է: Եվ այսպես պրոֆեսորը գնաց շուկա: Հոկտեմբերի մի չքնաղ առավոտ էր: Երբևէ չէր եղել շուկայում: Շշմեցնող մի բան. շվաքարաններ, խանութներ, ամբոխ, բախումներ, սայլակներ, պոռթկում, հայհոյանքներ, հսկա սարքավորում` բաղկացած մարդկային հորձանուտից: Խե՜ղճ պրոֆեսոր: Է՜հ, որքա՜ն հանգիստ էր դպրոցներից ամենաաղմկալիցը այդ շուկայի համեմատությամբ: Նրան թվաց, թե ինքը հարդի շյուղ է, որին մոտենում է մի սարսափելի քարշակ վագոն , որն ընթացքի մեջ է, փչում է և իրեն շպրտում մի կողմ: Ամբոխն էլ այդպես փչելով նրան նետեց մի կողմ: Եվ հետո այդ բարբա՜ռը: Բոլորը խոսում էին բարբառով: Բայց ի՜նչ բարբառ` ժարգո´ն: Ինչի՞ են հարկավոր դպրոցները, գոնե իտալերենի՞,- մտածում էր պրոֆեսորը: Միաժամանակ մտածում էր` որտեղ գտնի քրիստոնյավայել մեկին, որի հետ կարողանա խոսել. «Պարո´ն, ես կուզենայի գնել մի որոշ քանակի խաղող, հասուն ու առողջ, չնայած ոչ սեղանի համար, բայց հարմար գնով, այսինչ նպատակի համար և այլն, և այլն: Բոլոր դեմքերը` ջղաձիգ, լարված, կարմրատակած մարդիկ, որոնք միմյանց հետ պայմանավորվում էին գոռոցներով, միմիկայով, հիշոցներով: Արդեն ուշ էր, ժամի ութը: Տասին, նրան ասել էին՝ շուկան փակվում է: Կարողացավ մոտենալ համեմատաբար շնորհքով մեկին, որը կարծես թե խաղողավաճառ էր, սակայն երկխոսությունը կարճ տևեց. «Քանի՞ վագոն»: «Ճիշտն ասած, ինձ փոքր քանակով է հարկավոր…»: «Փոքր քանակով չեմ աշխատում»: Եվ պրոֆեսորը տեսավ նրա թիկունքը և ոչ այլևս լակոնիկ խոսող, շուկայի այդ բռնակալի դեմքը: Գտավ մեկ ուրիշին, որն աշխատում էր փոքր քանակներով: Բարեհաճեց լսել, բայց երբ բանը հասավ ապրանքին, թույլ չտվեց ստուգել ապրանքը: Երաշխավորում էր ու վերջ: Նա ուզում էր համոզել ողջամիտ զրույցով, որ «երաշխավորում է ու վերջ»– ենթադրում է բացառիկ վստահություն, և ինքը շատ ուրախ կլիներ վստահել,սակայն առևտրականն էլ իր հերթին պետք է զիջեր: Բայց վերջինս լսել անգամ չուզեց այս խոհեմ ու տրամաբանական դատողության մասին և ասաց. «Ժամանակ չունեմ ձեր զավզակությունը լսելու»: Անտա´շ: Եվ առավել տհաճ միտք սպրդեց. իր տրամաբանական ու խելացի դատողությունները գնահատվեցին որպես զավզակություն` առևտրականի որակավորմամբ: Մեկ ուրիշ վաճառող էլ ուներ անծայր շարքով դարսած հրաշալի ու շատ գեղեցիկ խաղող` խոշոր, սաթի նման, դասավորված զամբյուղների մեջ, ասես նկարված: Սրա հետ գրեթե վեճ ծագեց. պրոֆեսորը մոտեցել էր կամացուկ, պոկել էր մի հատիկ` համտեսելու համար: «Ձեռքդ ցա´ծ»: «Բայց մի հատիկ է»: «Ի՞նչ ես խոսում, ամբողջ զամբյուղիս տեսքը գցեցիր»: Եվ բոլորը նրան էին նայում խոլոռ հայացքով, ասես գողի մեկն էր: Իրեն զգաց շատ խղճուկ և լռելյայն ծլկեց ամբոխի միջից: Ինքը, լինելով պրոֆեսոր, գրեթե ասպետ, հենց այնտեղ հեղինակազրկվեց: Մեկ ուրիշի հետ էլ համարյա պայմանավորվել էր, որ ապրանքը նայեր, բայց երբ բանը հասավ գնին, և պրոֆեսորը հանեց գնացուցակը, լսեց ռեպլիկ չընդունող տոնով. «Գնացուցակն ի´նքս եմ որոշում…»:
-Պրոֆեսո´ր, ի՞նչ եք անում այստեղ: Պրոֆեսորը լսելով այդ կանչը` թշնամական ու անծանոթ բազմության միջից, վեր թռավ. իր առջև մի պատանի էր կանգնած` գեղեցիկ, վարդագույն դեմքով, շեկ մազերով, ծխախոտը բերանին, սև հագած: «Դու՞ք եք, դու՞ք…»: «Ռավելլի»: «Հա՜, կեցցե´ս, Ռավելլի: Հիմա հիշում եմ: Ի՞նչ եք անում այստեղ»: «Իմ արհեստը, հենց ինքն է, որ կա: Իսկ Դու՞ք»: «Հենց այնպես, զբոսնում եմ մի փոքր, զվարճանում եմ»: «Լավ շուկա է, չէ՞,- բացականչեց Ռավելլին»: «Օ՜, լավ է: Իսկ դուք ի՞նչ արհեստ ունեք, տղաս»: Ռավելլին բացատրեց. իր հայրը ցիտրուսեղեն էր վաճառում և լոլիկի սոուս: Մի տարի առաջ էր մահացել, և ինքն էր շարունակում նրա գործը: Խոսեց ցիտրուսեղենի ու սոուսների մասին. սոուսների բուրգեր, ցիտրուսեղենով բեռնված գնացքներ;,Գերմանիա, Շվեյցարիա, Պալերմո, Պարմա, ցիտրուսեղենի որակը, կիտրոնների թերությունները, կիտրոնն առանց ուտիճի, որը գնում է արտասահման, կիտրոնն ուտիճով, որը մնում է Իտալիայում, գներ, պայմանագրեր, անհապաղ մուծում, կանխիկ, շատ շտապ: Այս խորագիտակությունը` հիանալի ճարտասանությամբ, Ռավելլին դրեց պրոֆեսորի առջև: Խորագիտակություն, որն ապշեցրեց Պրոֆեսորին: «Դուք,- հանդգնեց ասել հարգարժան պրոֆեսորը,- հասկանու՞մ եք լոլիկից ու կիտրոնից: Իսկ խաղողից հասկանու՞մ եք»: Դե իհարկե, խաղողից էլ էր տեղյակ: Եվ պրոֆեսորը մեկնաբանեց. «Ահա´, տեսեք, սիրելիս, կինս տառապում է ստամոքսի այրոցներից, և այլն, այստեղ գինին ամբողջովին կեղծված է և այլն, և այլն: Ես կուզենայի, և այլն…»:
Այդ ավանակ Ռավելլին խոսքի կեսից հասկացավ. «Դուք ցանկանում եք տանը գինի պատրաստել»: «Այո´, հենց այդպես, մի փոքր, փորձի համար, հաճույքի համար»: «Խորաթափանցն է այս տղան»,- մտածեց պրոֆեսորը: «Եկե´ք ինձ հետ»,- ասաց Ռավելլին: «Տեսե´ք, Ռավելլի, ոչ թե գինու վաճառքով եմ զբաղվելու, այլ տիկինս է, և այլն, գինեվաճառները, և այլն»: Թի´կ-թա´կ: Հարկավոր էր տեսնել նրա` այդ տղայի վստահությունը: Ճեղքում էր բազմությունը, խոսում էր ժարգոնով, բարբառով, ժեստերով, վիրավորում էր առանց վախի: Սակայն երբ պրոֆեսորը նկատեց, որ Ռավելլիին բոլորը ճանաչում էին, սիրով պատասխանում և հավասարը հավասարի պես վերաբերվում, ասաց. «Վստահում եմ ձեզ, սիրելի Ռավելլի»: «Քանի՞ ցենտներ, հի՞նգ, վե՞ց…»: «Վեց, հինգ, որքան դուք կուզեք»: Կես ժամում հինգ ցենտներ խաղողը` ամենագեղեցիկ, ամենահասուն, թե´ սպիտակ, թե´ սև, տեղավորված էր սիրուն կողովների մեջ` արդեն ստուգված, կշռված և դրված սայլի վրա` ծածկված մոմլաթով և ձիգ կապված պարանով. «Այլապես կգողանան, պրոֆեսո´ր»: Մտրակի հարված ձիուն, մի քանի չոր խոսք կառապանին, հասցեն. հա՜յդա՜… Մնում էր միայն վճարել: Օ՜, որքան հաճույքով վճարեց, շատ շահեկան գին: Իսկ խաղողն ամբողջը` գերազանց, ինչպես կողովի երեսին, այնպես էլ տակին: Ա՜խ, հրաշագործ Ռավելլի… Անհնար էր թվում. այդքա´ն տխմար և այդքա´ն խելք: – Պրոֆեսո´ր, – ասաց Ռավելլին, սիրալիր քաղաքավարությամբ խուսափելով շնորհակալությունից ,- բարի եղեք հարցիս պատասխանել: – Դե իհա´րկե:
-Անցողական բայերն անցնու՞մ են, թե՞ չեն անցնում:

Թարգմանությունը իտալերենից՝ Անժելա Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *