***
Երբ մենակությունը թմբկում է ականջներիդ մեջ
Անգլիական լռության նոտաներով,
Դու իջեցնում ես նորից վարագույրը,
Որ գիշերը հանկարծ չմտնի ծոցդ…
Դու իջեցնում ես վարագույրը,
Որ Թագուհու երկիրը չռած աչքերով չնայի քեզ..
Փակում ես դուռ ու երդիկ,
Որովհետև ուզում ես բացել լռությունը
Ու մտածել այն երկնքի մասին,
Որ նման է քմահաճ ու կամակոր կնոջ…
Դու ուզում ես մի քիչ արև քամել բարձիդ,
Բայց հանկարծ լուսնի գինին ես խմում,
Մտածում ես բոլոր այն ծառերի մասին,
Որոնց աշունները համարակալված են վաղուց…
Ուզում ես հեռանալ ինչ-որ հեռու մի տեղ,
Ուր ծառերը սիրուն անուններ ունեն
Ու մեռնում են երկնքի վրա աշնանացեղ…
…Ուզում ես փախչել, փախչել, փախչել,
Հեռանալ բարձրաճաշակ իրողությունից,
Որ չտեսնես այն, ինչը քոնը չէ,
Չի եղել ու երբեք չի լինելու…
Ու անզորությունից հանկարծ սկսում ես
Սահմանել Անսահմանելին,
Գրել՝ Անգրելին,
Լռել՝ Անլռելին…
Հետո մտքումդ համարակալում ես քեզ,
Ու գիշերով գնում ես տխրությանը լրտես…
***
Մի որբացած գիշեր իմ պատուհանից
Կախվել, ճոճվում է՝
Գուցե ներս թողնեմ…
Նստենք իրար դեմ՝ մի ամբողջ աշուն
Իրար անծանոթ՝
Աստղեր աղոթենք…
Հետո ես գրկեմ ուսերը նրա
Ու լուսնահաչը լցվի ծոցիս մեջ,
Հետո զարմանամ, որ այդպես խաղաղ
Մենք հեղեղվել ենք բառերից անքեն…
Ես նրան պատմեմ ծովերի մասին,
Լուսապարանոց վերադարձների,
Նա հանկարծ ննջի՝ աշխարհը թողած
Իմ հիշողության ցնցոտիներին…
…Հետո կամացուկ դուրս գամ իմ բախտից,
Կորցրած օրերը շարած մատներիս,
Աստղանամ նորից հին կարոտներից
Ու շնչակտուր հեռանամ ինձնից…
Մի որբացած գիշեր իմ պատուհանով
Սահեց, հեռացավ՝
Ուրու էր ասես…
Ու ես աշունը կապեցի քամու բարակ կոնքերին՝
Լուսանամ գուցե…
***
Քայլերս երկինք են գրում,
Թևերս՝ թռիչքի ճիչեր,
Թե լռեմ ես մի օր աններում,
Ինձ այսպես, հենց այսպես հիշեք…
Ինձ հիշեք օրերում դժնի,
Սերերում հազարգույն, հազարհանգ,
Կարոտեք անպատեհ մի ժամի՝
Հանդիպեք ինչ որ տեղ չսպասված…
Խշխշան բառերով ինձ զարդեք՝
Թող ձեզնից մի աշուն ինձ մնա…
Իմ խիղճը ձեր ցավով գլորեք
Թող նորից լուսանամ անխնա…
Քայլերս երկինք են գրում,
Թևերս՝ թռիչքի ճիչեր…
Թե լռեմ մի օր ձեր բառերում,
Ինձ այսպես, հենց այսպես հիշեք…
***
Օ, այս աշունը,
Որ ինձ ծառերի սերերն է պատմում,
Ու երկինքներն այս,
Որ գլորվել են դրախտից վերև,
Ու ճամփաները,
Որ մոռացել են ամեն մի խոստում,
Անհասկանալի տրոփյուններ են
Լցրել աչքիս մեջ…
Նորից փշրել են ինձ հազար գույնի՝
Տրտմության փեշին,
Որ այս որբացած, մերկ քամիների
Ծփանքը գրկեմ,
Գնամ, խառնվեմ առավոտների
Խոնավ շշունջին
Ու հիշողության հոգնած ուսերից
Ներքև գլորվեմ…
…Օ, այս աշունը, որ ոտաբոբիկ դեռ վազվզում է
Իմ աչքերի մեջ,
Մոռացումների փոշոտ ճամփեքին
Ես ինչպես թողնեմ…
…Ու թե կարոտը գա ու մեկնվի
Իմ դռան առջև,
Այսքան տխրություն ո՞նց որդեգրեմ…
***
Երբ ձանձրույթը հանկարծ գա,
Թառի մտքիս ճյուղերին,
Ես ձեր գիրկը լուռ կգամ
Հին ճամփեքով գիշերի…
Ես ժամեր կշշնջամ
Երեկոյի ունկերին,
Մինչ հոգնությունը կգա,
Ինձ կդարձնի իր գերին…
Ես կգրկեմ լռության
Բաց ուսերը աստղազարդ
Ու գգվանքներ կտանեմ
Թաց շապիկով գիշերին:
Ու անտառի շրշյունով
կգրեմ երգն իմ անզարդ,
Ուր ծառերը կանգնած են
Դեմ հանդիման մահերին…
Ուր երկիրն այս թմբկում է
Բամբիռներին իր փառքի,
Իսկ ես միայն դիտորդ եմ՝
Անծանոթ ու անմեկին…
Իսկ ես միայն դիտորդ եմ,
Սիրտս պաղ է ու հանգած,
Ու ճոճում եմ ես հոգիս
Բարձունքներին սիգամած…
…Երբ ձանձրույթը հանկարծ գա,
Թառի մտքիս ճյուղերին,
Ես երկինքներ կգրեմ
Ինձ տուն բերող ճամփեքին…
Ես կարոտներ կձևեմ
Ատլասներից սպասման,
Որ ճանաչեք ինձ այնպես,
Ինչպես եղել էի, կա’մ…
***
Թե սա հեքիաթ է՝այս հեքիաթից չեմ,
Թե փորձություն է՝ փակեմ աչքերս,
Երազանք է թե՝ վայելեմ լռին
Այս աշնանավարս քամիների պես…
Թե սա կարոտ է՝ փակեմ նոր էջը,
Թե սա խաբկանք է՝ բացակա դնեմ,
Թե մոլորում է՝ գծեմ ետդարձը
Այս հորիզոնի կանաչ աչքի մեջ…
Թե դառնացել եմ՝ սա իմ տունը չէ,
Թե հեռացել եմ օրերի փոշուց,
Թող որ բառերս անաղարտ հնչեն,
Թող լինեն մերկ ու բախտից’ անթաքույց…
Թե սա հեքիաթ է՝ այս հեքիաթից չեմ,
Ոչ արքայադուստրն եմ, ոչ էլ՝ թագուհին…
Թե երջանկությունն ինձ հաշվել գիտե՝
Գնամ, բարձրանամ Երազի գահին…
***
Ես ժամանակի սիրուհին չեղա’
Իմ հագուկապը շատ էր անփայլուն.
Առավոտներում կանչեցի մեղա
Ու Աստծո շունչ կար իմ ամեն քայլում…
Իմ պտոււյտները անկենտրոն էին.
Որտեղ կանգնեի’ այնտեղ երկինք կար…
Իմ մերժումները հմայք ունեին,
Հաստատումներս իմ եսն էր անզարդ…
Իմ սկիզբները անխոստում էին.
Ձեր ճանապարհը հևիհև անցա
Ինձ ճախրանք պետք չէր. ես ձեր գույնն էի
Ու ձեր աչքերում լռին քարացա…
Ես ժամանակի սիրուհին չեղա’
Ճերմակեղենը, ախ, շատ էր կեղտոտ…
Առավոտներում կանչեցի մեղա,
Բայց չէժանացա ես թանկերի մոտ…
Հրաշալի էր… Ինձ ստիպելով սկսեցի կարդալ ու հերթական միջակության փոխարեն հանդիպեցի հուզախռով անցումներով ու լուսագեղ տողերով պայծառաերազ Խոսքի.
– Կորցրած օրերը շարած մատներիս,
Աստղանամ նորից հին կարոտներից
-Ու գգվանքներ կտանեմ
Թաց շապիկով գիշերին:
-Ես երկինքներ կգրեմ
Ինձ տուն բերող ճամփեքին…
Պատահականորեն կարդում էի Albinoni’s Adagio in G minor-ի նվագակցությամբ …Ու իմ աչքերում լռին քարացար…
Շնորհակալ եմ, անչափ…Եվ որքան հաճելի է, երբ լավ ընթերցող ես գտնում…