Անի Ավետիսյան | Արդարացում

(Մի էջ մարդասպանի օրագրից)
Նա սկսեց գրել այս օրագիրը, երբ գտավ բոլոր պատասխանները հարցերի, որոնք երբեմն ստիպել են մտածել, թե շարունակել ապրել սխալվելուց հետո, նույնն է թե՝ թակել դրախտի դռները, երբ արդեն դժոխքում ես։

Փողոցի ծայրին կանգնած մեքենային մի քսան տարի ոչ ոք ձեռք չէր տվել։ Երևի ոչ մեկի մտքով էլ չի անցել տեղից պոկել ավերված երկաթակույտը։ Մեքենայից քիչ այն կողմ անդունդ է` ավելի բարձր, քան մինչ օրս տեսածս անդունդները։ Իսկ ես անդունդներ տեսել եմ։ Հետաքրքիրն այն է, որ այս անդունդն ուղիղ չէ, ինչպես սովորաբար լինում է, այն «հարկերով» է, բայց հարկերն այնքան լայն չեն, որ մարդ կարողանա կանգնել, դրանք ուղղակի շերտեր են, որոնք ներքևից գուցե գեղեցիկ երևան, բայց վերևից սարսափելի են։
Տիրոջ կողմից լքված այդ մեքենայի՝ անդունդի եզրին կայանելուց հետո երևի մենք ենք առաջին ու վերջին մարդիկ, ովքեր մոտեցել են նրան, անգամ նստել նրա մեջ։ Մենք այնտեղ լրիվ ազատ ու լրիվ մենակ էինք, իսկ դա մեր օրերում հաճախ չի պատահում։ Թեև շատ հաճախ պատահելն էլ անիմաստ կլինի։ Նման դադարներ մեզ ժամանակ առ ժամանակ են պետք, որ ասեմ՝ ունեցած-չունեցածը արժևորելու համար՝ շատ վերամբարձ կստացվի, բայց երևի հենց դրա համար էլ պետք է։ Ուղղակի պետք է, որ կողքիդ ոչ ոք չլինի, կամ լինեն մարդիկ, ում հետ ազատությունդ կիսատ-պռատ չի դառնում։ Իսկ մենք միասին էինք ազատ։ Գուցե այդպես ճիշտ չէ, բայց ստացվել էր։
Այս օրագիրն էլ այդ մեքենայի մեջ եմ սկսել գրել։ Բայց այս անգամ լրիվ մենակ։
Այն մենք-ը, որ նշեցի՝ երեք հոգանոց է։ Ալին, ես ու Լիան։ Ալին դրսից է, լավ չեմ էլ հիշում` ինչ ազգություն ունի, իր դեպքում՝ ազգություններ։ Բայց ընկերությունը ազգություն չի ճանաչում, ոնց որ սերը։ Թե՞ նա ճանաչում էր։ Բայց դե, անկեղծ ասած, ընկերության իրական սահմանումը մենք այդպես էլ չիմացանք։ Միասին ենք, քանի որ իրար տալու և իրարից վերցնելու բան ունենք, կամ գուցե մի ժամանակ էր այդպես, հետո ուղղակի հարմարվեցինք միմյանց ներկայությանը։ Հա, Ալին վաղուց է մեր քաղաք տեղափոխվել, այն ժամանակ երեքս էլ փոքր էինք։ Իսկ Լիան ու ես նույն բակում ենք ծնվել, չնայած մինչև դպրոց գնալը իրար չենք ճանաչել։
Ես ու Ալին մի քիչ ավելի մտերիմ ենք, քան Լիան։ Ինքը ընդհանրապես իրեն բոլորից էր հեռու պահում։ Է՞ր։ Հա էլի, սկսել եմ համակերպվել նրա մասին անցյալով խոսելուն։ Ես էլ չեմ զգացել, թե ոնց։ Ազնիվ խոսք։ Կյանքում ամենից շատ չէի ուզի, որ այդ դեպքից հետո մեռնողը նա լիներ։ Ավելի ճիշտ` չէի ուզի կորցնել նրան, առհասարակ։ Կապ չունի, որ ինքն իրեն ինձնից էլ էր հեռու պահում։
Լիան հետաքրքիր աղջիկ էր։ Չնայած, մահանալիս, երևում է, այնքան էլ էական չէ` ինչպիսինն ես։ Մեկ է` բոլորը նույն կերպ են մեռնում։ Հա, գուցե տարբեր եղանակներով, բայց միևնույն կերպ։
***
Դեպքից մոտ մեկ ամիս առաջ Լիան ինձ մի տիկնիկ էր նվիրել։ Ճիշտ է, այնքան էլ չի լրացնում նրա բացը, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ նույնն է. ես խոսում եմ, նա` լսում։ Մարդու մեջ, նրա վրա ու շուրջը ամենից շատ քչախոսությունը տանել չեմ կարողանում։ Ես էլ շատախոս չեմ իրականում, բայց ախր Լիայի ու նրա նմանների մոտ ինձ այդպիսինն եմ զգում։ Չեմ ուզում կարծեք, թե վատաբանում եմ նրան։ Չէ։ Մեռնելուց հետո մարդու մասին վատը խոսել չեմ սիրում։ Ընդհանրապես այն աշխարհ գնացածների մասին չեմ խոսում, բայց այս դեպքն ուրիշ է։
****
– Դու էստեղ կմնաս` վերևում, որ ոչ մեկ ձեռք չտա։
– Իսկ ինձ ի՞նչ ես անելու։
– Քեզ հետս եմ տանելու ուր գնամ։
– Որ մի հարմար տեղ կորցնե՞ս։
– Որ միշտ աչքիս առաջ լինես։ Ու, գիտես, հումորդ շատ անհաջող է։ Մի քիչ աշխատիր։
– Հումոր չէր։
– Նեղացա՞ծ ես։ Այն օրվա համա՞ր։ Ախր, ասացի, որ մենք ընդհամենը ուզում էինք քեզ մի փո..
– Էդ չէ։ Ու ընդհանրապես, մոռացիր հա։
– էդպես մի նայիր ինձ։
– Ո՞նց եմ նայում։
– Ոնց որ մարդ սպանած լինեմ։
– Իբր դու չէիր։
– Նորի՞ց, Ալի, ախր ասացի չէ՞՝ դիտավորյալ չեմ արել։ Արդեն երեք տարի է անցել, բայց դու նույն կերպ ես խոսում ինձ հետ, ինչպես այն անիծված օրը։
Մարդ սպանելն այդքան հեշտ եթե լիներ դատարանները նման խստությամբ չէին պատժի։ Չնայած, գուցե շատ էլ հեշտ է, ուղղակի մարդիկ չեն սովորել` ինչպես ճիշտ սպանել։
– Ճի՞շտ։ Երևի որ չցավի, հա՞։
– Հա, բայց մեռնողինը չէ։ Նրան, ով սպանում է։ Գիտե՞ս, երբ նրա անշնչացած մարմինը տեսա` մտածում էի, թե ես եմ մեռնողը։ Իսկ եթե նորից այդ պահը ապրելու հնարավորություն ունենայի երևի միայն աչքերս փակեի, որ այդքան ուժեղ չզգայի մեռնելու ցավը։
Դե, դա ոնց որ փորձություն լինի. նայում ես` ինչպես է մարդ մահանում ու հասցնում ես անգամ մտածել, որ ուրիշ պարագայում նրա փոխարեն դու կարող էիր լինել։ Դա մի քիչ մեղմում է ցավը, բայց մեղքի զգացման վրա ոչ մի էական ազդեցություն։
Ես չսպանեցի նրան, ես ինձ փրկեցի մեռնելուց։ Էդպես է, չէ՞։ Մենք միշտ փորձում ենք փրկել մեզ սխալվելուց, ու ինչ հոգ թե դրա փոխարեն սխալվել ենք ստիպում ուրիշին։ Ալին էլ հիմնականում ընդունում էր, որ ես չէի մեղավոր, ուղղակի սովորություն ունի հեգնել, երեսով տալ եղածը։ Նման սովորություն ունեն իմ ճանաչած բոլոր մարդիկ։ Կամ, գուցե մինչ օրս ճանաչած։ Նրանք բոլորն էլ թքած ունեն, թե որքան դժվար է վերապրել եղածը, զգալ, որ սխալվել ես, որ սխալդ ուղղելու հնարավորություն երբևէ չես ունենա։
Մարդկանց մեծ մասին ուղղակի հարմար պատճառներ են պետք` մտածելու, թե այն, ինչ եղավ պատահականություն էր, ճակատագիր, բախտ, սխալ բաժանված խաղաթուղթ, սխալ փոխանցված գնդակ, սխալ կյանք։
Ես այդպես չեմ մտածում։ Ու երևի իմ կյանքի ամենամեծ սխալը դա է։ Իմ կյանքում ամեն ինչ ճիշտ է, նույնիսկ ես։ Միակ սխալն այդ դեպքն էր, որը սակայն ընդամենը պատահականություն էր, ուրիշ ոչինչ։ Ես ախր գիտեմ, որ դիտավորյալ նման բան չէի անի։ Ոչ մի գիտակից մարդ իր նմանի հանդեպ էսպես չէր վարվի։ Բայց երբ խոսքը սեփական կյանքի՞ն է վերաբերում։ Երբ ինչ-որ բան դադարում է քեզ համար անվնաս լինել, երբ այն գալիս է` խանգարելու, վնասելու կամ նեղացնելու քեզ, դու դադարում ես լինել գիտակից։ Միակ ճանապարհ կա` փրկվել, ազատել սեփական գլուխը։ Սա է կյանքի իմ իմացած փիլիսոփայությունը։
Ախր, այս կյանքում այնքան քիչ է պատահում, որ մարդ մտածի դիմացինի մասին։ Սեփական անձն առաջին տեղում է, և, գուցե մեղադրեք ինձ, բայց դա բնական է։ Հա, ես կարող եմ ինչ-որ պահի զոհել ինձ ուրիշին օգնելու համար։ Բայց սպանել քեզ` ինչ է թե չսպանես դիմացինիդ, անկեղծ ասած, ոչ բոլորն են ունակ։ Ես էլ չկարողացա անել այդ, փաստորեն։
Ու ես ինձ չեմ մեղադրում։
Չնայած․․․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *