Քո արվեստը դպրոցում | Անտեսիլք ապագայով դպրոցը

Որոշեցի այս անգամ հերթական դպրոցին անդրադառնալու և դասապրոցեսը ներկայացնելու փոխարեն՝ գրել ընդհանրական նյութ՝ անտեսիլք ապագայով դպրոցների մասին, որտեղից հեռանալուց ու ամբողջ ճանապարհին մտքերդ հետ ու առաջ տալուց հետո անասելի թախիծ է իջնում հոգուդ, միտքդ կաշկանդվում է և անելանելիության սեղմող թանձրուկը սեղմում է քեզ:
Ես կարող եմ խոսել այս դպրոցների վատ կենցաղային պայմանների մասին, նորմալ չջեռուցվող սենյակների, վատ ֆինանսավորման, կրթության ու մշակույթի նախարարությունների բազմաթիվ թերացումների մասին, բայց հավատացեք, ամենատխուրը դպրոցի քանդված պատերը չեն, այլ այդ քանդված պատերի ներքո ապրող մարդկանց՝ արդեն կենսակերպ դարձած անհուսությունն ու անտարբերությունը: Նման դպրոցներում բոլորը հանձնվել են՝ տնօրենը, ուսուցիչները, հետո արդեն աշակերտները և վերջում արդեն ես, որ մուրացանյան առաքյալի պես առերեսվելով իրականության հետ՝ ուզում է հեռու փախչել այս խեղդող անհուսությունից:
Էներգիան նման դպրոցներում մեռած է, ոչ ոք չի գալիս այստեղ ինչ-որ նոր բան սովորելու. ավտոմատացված ռեժիմով տնօրենը իր պարտականություններն է կատարում՝ հավանաբար փաստաթղթեր կնքում, ուսուցիչները 40 րոպե տևողություն են հանդուրժում՝ արդեն վաղուց ծախսված աշխատավարձի ուրավապատկերը մտքներում, աշակերտներն էլ, ֆիզիկապես ներկա ստանալով, դասից մի քանի դրվագ անգիր պատմելով, ինչ-որ գնահատական են ստանում և գնում տուն՝ հաջորդ օրը նույն անկյանք ընթացակարգը կրկնելու:
Եվ հենց արվեստն է, որ իսպառ լքել է այս հաստատությունները: Ո՛չ, այստեղ չեն ընդվզում քո տարածած գաղափարների շուրջ, այստեղ բանավեճ չկա, պարզապես լուռ են ու անտարբեր, հաջորդ օրն իսկ կարող են և չհիշել, թե ով էր երեկ այցելել դպրոց, որովհետև ի՞նչ է առհասարակ արվեստը, ի՞նչ խնդիր է լուծում որ՝ ոչ դասաժամ է լրացնում, ոչ հաց է կամ ջուր:
Այս նյութը չեմ գրում կոնկրետ դպրոցի մասին, սա ընդհանուր մտահոգություն է ապագայի տեսլական չունեցող դպրոցների մասին, որտեղ տնօրենն ու ուսուցիչն անգամ ճշմարիտ են համարում միտքը՝ դե էսօր ո՞վ է կարդում որ: Չէ՛, ի՞նչ ժամանակակից գրականություն, եթե մենք լավ գրականություն ունենայինք՝ մնայուն արժեք ներկայացնող, տեղյակ կլինեինք, դպրոցներում կանցնեինք: Եթե այսպես են մտածում մանկավարժները, նաև երեխաների ծնողները, որտեղի՞ց պետք է նոր սերունդը ապագայի հավատ ունենա: Եվ ցավալին այն է, որ ճշմարիտ կամ ոչ այնքան բողոքների շարունակական շղթայում ոչ ոքի մտքով չի անցնում անջատել բողոքի ավտոմատ համակարգն ու նայել շուրջը, գուցե հնարավո՞ր է ինչ-որ բան անել սեփական ուժերով. գուցե ստանդարտ անկյունների փոխարեն, որի պատերից քեզ են նայում անցյալի ու ներկայի հերոսները, դասական գրողներն ու նրանց ստեղծագործություններից երբեմն դուրս բերված կրկնվող ֆրազները փոխարինել ինչ-որ ինքնատիպ ու նոր մտահաղացումներով, նոր ֆորմատի հանդիպումներ կազմակերպել: Հնարավոր է, չէ՞, որ դպրոցի թեկուզև սուղ բյուջեով տարեկան հինգ-տասը նոր գիրք գնել, իսկ եղած սակավաթիվ գրքերն էլ անտարբերության չմատնել՝ թողնելով, որ ծածկվեն պատմական մի ծանրակշիռ փոշով: Գուցե հնարավորություն չկա ամբողջ սանհանգույցը վերանորոգելու, բայց, ասեք խնդրում եմ, գոնե դռան վրա տեղադրվելիք փական-սողնակի համար 500 դրամ հնարավոր է, չէ՞, գտնել:
Մի քանի ամիս առաջ ֆեյսբուքում մի նախաձեռնություն տեսա. հեռավոր մարզերից մեկում անգլերենի ուսուցչուհին սեփական նախաձեռնությամբ որոշել էր մեկ դասասենյակ վերանորոգել: Ամբողջովին կազմել էին նոր դասասենյակի մակետը՝ վառ, գունավոր պատերով, տեղադրել համացանցում, և ծնողների ու աշակերտների համագործակցությամբ թխվածքաբլիթների վաճառք էին սկսել՝ ակնկալվող գումարը հավաքելու համար: Ընդամենը մեկ մարդ, ընդամենը մեկ մարդու՝ իրականության հետ չհաշտվող պայքար, ահա այն ամենը, ինչ շարժել էր այս դպրոցի էներգիան, ստիպել շատերին տեղաշարժվել, ինչ-որ նոր բան նախաձեռնել և ավելի լավ դասասենյակ ունենալու երազանք փայփայել:
Եվ հիմա ես, մուրացանյան հերոսի պես փախուստ տալով, նստել ու մտածում եմ՝ ինչպե՞ս հաղթահարենք այս անհուսությունը, ինչպե՞ս մարդկանց վերադարձնենք իրենց երազելու, արվեստի միջոցով ինքնաճանաչողության միտվելու, գեղեցիկն ու հուսադրողը տեսնելու, իրենց ապագայի համար պայքարելու հույսն ու ցանկությունը….

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *