Անտոնիո Մաչադո | Բանաստեղծություններ

Անտոնիո Մաչադո

Անտոնիո Մաչադո Ռուիս (իսպ.՝ Antonio Machado Ruiz, 1875, հուլիսի 26, Սևիլյա –
1939, փետրվարի 22, Կոլյուր,Արևելյան Պիրենեյներ, Ֆրանսիա), իսպանացի բանաստեղծ։
Հրատարակել է «Անձկություն» (1903), «Կաստիլիայի դաշտերը» (1912), «Նոր երգեր» (1924), «Պատերազմ» (1937) ժողովածուները։ 1920-1930-ական թվականներին եղբոր՝ Մանուել Մաչադո-ի-Ռուիսի հետ գրել է մի քանի չափածո պիես։ Իսպանացի ժողովրդի ազգային-հեղափոխական կռիվների (1936-1939) սկզբից ևեթ նվիրվել է հանրապետության պաշտպանության գործին։ Ճառով հանդես է եկել գրողների միջազգային երկրորդ կոնգրեսում (1937)՝ նվիրված մշակույթի պաշտպանությանը։

Խորհուրդներ

Կեսօր է:
Մի պարտեզ:
Ձմեռ:
Արահետներ,
համաչափ բլուրներ,
և կմախքացած ճյուղեր:
Ջերմոցի տակ`
պլաստիկե տարաների մեջ
նարնջենիներ`
և արմավենի`
իր տակառում`
կանաչ գույնով ներկված …

***
Անցած գիշեր, երբ քնած էի,
երազում տեսա. «Օրհնյա՜լ պատրանք»,
թե մի աղբյուր էր հոսում
սրտիցս:
Հարցրի. «Ինչու˚ թաքնված առու,
ջու՛ր, ինչու ես ինձնից հոսում,
նոր կյանքի աղբյուր,
որից երբեք ջուր չեմ խմել»….
Անցած գիշեր, երբ քնած էի,
երազում տեսա. «Օրհնյա՜լ պատրանք»,
թե մի կիզիչ արև էր շողում
սրտիս մեջ:
Կիզիչ էր, որովհետև լուսավորում էր
և որովհետև ստիպում էր արտասվել:
Անցած գիշեր, երբ քնած էի,
երազում տեսա. «Օրհնյա՜լ պատրանք»,
թե հենց Աստծուն էի կրում
սրտիս մեջ:

***
Ճամփո՛րդ, դրանք քո հետքերն են.
Ճանապարհ և ոչ ավելին,
Ճամփո՛րդ, ճանապարհ չկա,
Ճանապարհը քայլելով են բացում:
Եվ երբ հետ ես նայում,
երևում է կածանը, որ երբեք
չպետք է կրկին տրորես:
Ճամփո՛րդ, ճանապարհ չկա,
այլ միայն նավահետք ծովի մեջ:

***
Երեկ երազումս տեսա, թե տեսնում էի
Աստծուն, և որ հետը խոսում էի,
և երազում իբր` Աստված ինձ լում էր.
հետո երազում տեսա, որ երազում էի:

***
Քեզ համար է ծովն ի ցույց դնում իր ալիքներն ու փրփուրները
և ծիածանը` լեռան վրա ուրիշ գույներ,
և փասիանը այգաբացի` իր երգն ու փետուրները,
և Միներվայի բուն` իր մեծ աչքերը:
Քեզ համար, օ՜, Գիո՜մար…

Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *