Անուշավան Մեսրոպյան | «Ճյուղն ձիթենու»-ց մինչև «Խնկի ծառեր»

(Լևոն Խեչոյանի երկերի թարգմանության իմ փորձից)

ա/ «Ճյուղն ձիթենու»
Լվովում իմ ուսումնառության սկզբնական տարիներին թեև չէի մտածում թարգմանչի աշխատանքի մասին, սակայն լեզուն ուսումնասիրելիս միշտ առաջանում էր այդ ցանկությունը: Երբ արդեն բավականին տիրապետում էի ուկրաիներենին, ուզում էի հայերեն թարգմանել ուկրաինացի դասական գրողների ժամանակին արգելված գործերից մի քանի նմուշ, սակայն իմ համակուրսեցիները ցանկանում էին կարդալ ժամանակակից հայ արձակագիրներին, նրանց, որոնց գործերը թարգմանված չէին ուրիշ լեզուներով (օրինակ` ռուսերեն):
1993-95 թվականներն ինձ համար ճակատագրական էին: Երեք տարի Լվովում էի, երեք տարի նյութական ծանր վիճակիս պատճառով չէի կարողանում ամառային արձակուրդներին գալ Հայրենիք: Երբ իմ այնտեղ ապրելը դարձավ անհնարին, 1995-ին կտրուկ որոշեցի թողնել ամեն ինչ ու վերադառնալ տուն: Եվ երբ եկավ ժամանակը, ու սկսեցի հավաքել իմ իրերը մի ճամպրուկում, հերթը հասավ գրքերիս: Չգիտեի` որը վերցնեմ, որը թողնեմ: «Խնկի ծառեր»…
…1991 թվականին Ուկրաինա մեկնելիս (պատրաստվում էի սովորել Լվովի Ի. Ֆրանկոյի անվան պետական համալսարանի ուկրաինական բանասիրական ֆակուլտետում), Երևանում իմ մտերիմ ընկերներից մեկը ճանապարհելիս ինձ նվիրեց փոքրիկ և տեսքով անշուք մի գիրք. Լևոն Խեչոյան, «Խնկի ծառեր», Երևան, «Նաիրի», 1991:
-Թեև այնքան էլ հայտնի անուն չէ, սակայն այսօրվա մեր լավագույն գրողներից է, այնտեղ կկարդաս, համոզված եմ` պետք եղած դեպքում ուժ կտա քեզ, – ասաց ընկերս:
Ժամանակ առ ժամանակ թերթում էի գիրքը, երբեմն չէի կարողանում ըմբռնել ոճը, ասեմ ավելին, կարծես ինչ-որ անտեսանելի և վանող ուժ կար մեր միջև, որի պատճառով էլ չէր ստացվում շփումն ու ծանոթությունը. այդ գիրքը, ասես միայնակ և խռոված, համեստ ու մոռացված՝ իմ գրապահարանում էր` ուկրաիներեն բոլոր ձեռնարկներիս կողքին:
Ամառ էր, շոգ ու տոթ օր… Հենց «Տոթ օր» պատմվածքից այս էլ որերորդ անգամ սկսեցի դարձյալ թերթել գրքի էջերը: Եվ ինձնից անկախ խորասուզվեցի ընթերցանության մեջ: Կլանեց միանգամից: Կարծես կրակ էր` նման հրավառ գնդի, որ միայն աճպարարը կարող է շատ վարպետորեն պտտել ու վայր չգցել, և եթե նա ընտելանա ու գտնի բռնելու հնարքը, ուրեմն արդեն «թամբին է»…. Որքան դժվար էր Խեչոյանի հերոսների աշխարհ մտնելը, կրկնակի դժվար էր այդ աշխարհից դուրս գալը, իրականություն վերադառնալն ու նրա հերոսներին մոռանալը: Նրա բոլոր հերոսները հենց մենք էինք: Նա գրում էր մեր մասին, ամեն ինչ պատմում էր բոլորիս անունից: Խնդիրն այն էր, թե մեզնից յուրաքանչյուրը երբ էր հասնում դրա հստակ գիտակցմանը: Երբ ավարտեցի գիրքը, հասկացա` ինչքան էլ դժվար լինի մեն-մենակ ապրելը օտար երկրում`առանց որևէ տեղից ստացվող ֆինանսական օգնության և ուսանողի խղճուկ թոշակով, ինքս պետք է լուծեմ իմ հարցերը: Եթե արդեն նախապես որոշել էի տուն վերադառնալ, նրա հերոսի՝ Խելառ Օնանի պես պետք է ձեռքս վերից վար թափ տայի ու ասեի.
-Է՜հ…
Այդպես Խեչոյանի գիրքն ինձ համար խարիսխ դարձավ Լվովում և թույլ չտվեց վերադառնալ Հայաստան: Այդ գիրքն ինձ սովորեցնում էր, դաստիարակում: Ուսանողական դժվար, երբեմն հուսահատ օրերիս մեջ ուժ էր տալիս ինձ: Աշխատում էի ինքնամոռացության աստիճան: Այն ինձ թարգմանիչ դարձրեց:
Դրանից հետո իմ կյանքում ամեն ինչ ուրիշ ընթացք ստացավ: Ողջ ամառն անցավ «Խնկի ծառեր»-ի հետ: Որոշ պատմվածքներ արդեն հասցրել էի թարգմանել, իսկ իմ համակուրսեցի ընկեր-«խմբագիրները» հնարավորինս ուզում էին խմբագրել աշխատանքս. Խեչոյանի ոճն անսովոր էր նրանց. «…Այդպես չեն գրում, այդպես չի հնչում, չակերտները չափազանց շատ են, ուրիշի ուղղակի խոսքն ավելի կգեղեցկացնի գործը: Սա ի՞նչ բան է, ինչպե՞ս թե` «Մարգարը կերավ Աստվածաշունչը…»» և այլն, և այլն: Ոմանք ծիծաղում էին իմ արածի վրա, ոմանց էլ, ընդհակառակը, պատմվածքները դուր էին գալիս: Տարիներ անց, երբ «Հողի դողը» թարգմանված էր, և ուզում էի տպագրել, շատ խմբագիրներ հետ էին վերադարձնում` ասելով, որ այդպես հնարավոր չէ, որ «հողի դող» չի կարող լինել: «Դողի» փոխարեն պետք է գրել «թրթիռը, ցնցումը»: Իսկ ես նրանց ասում էի` դու կանգնած ես մայթին, և տանկը գալիս է դեպի քեզ. այդ ձայնային տատանումը հնարավոր չէ ցնցում բառով արտահայտել:
Ես չէի կարող փոխել գրողի ոճը, ինչքան էլ ընկերներս այն տարօրինակ համարեին, չէի կարող փոխել Խեչոյանի կետադրությունը, ինչքան էլ ընկերներս ոչ ճիշտ գտնեին իմ կետադրածը: Ամիսներով ցերեկներն ընկած այս ու այն գրադարանները` կարդում էի ուկրաինացի արձակագիրների գործերը, համեմատում Խեչոյանի ոճը ուկրաինացի արձակագիրների ոճի հետ, մինչև որ ծանոթացա ուկրաինացի դասականներ Եվգենի Պաշկովսկու, Եվգենի Հուցալոյի, Վասիլի Պորտյակի, Վասիլի Ստեֆանիկի ստեղծագործություններին (նրանք իրենց ոճով, բառի նկատմամբ ունեցած վերաբերմունքով և որ ամենակարևորն է` թեմայով (թե´ Ստեֆանիկը, թե´ Պորտյակը գրում են հայրենի եզերքի` կարպատյան գյուղերի մասին) հարազատ էին Խեչոյանին), մինչև որ գտա նաև Խեչոյանի ոճին հավատարիմ ու հարազատ խմբագրին (այժմ Ուկրաինայում ճանաչված բանաստեղծ)` իմ համակուրսեցի Իրինա Ստառավոյտին: Ես թարգմանում էի, նա խմբագրում էր այդ «անսովոր արձակը», զարմանում, և դա ինձ ոգևորում, ուժ էր տալիս: Հայ գրողի ստեղծագործություններն այնքան մեծ ազդեցություն թողեցին նրա վրա, որ հետագայում, երբ տպագրության էր պատրաստվում Խեչոյանի առաջին գիրքը, նա գրողի հանդեպ իր հիացմունքն արտահայտեց բաց նամակով, որը տպագրվեց «Գրական թերթ»-ում (1999 թ. 1-15 հուլիսի). «…Բռնանալով ինքդ քեզ վրա, դաժանորեն լեզուդ սեղմելով ատամներիդ տակ` Դու, այնուամենայնիվ, կարող ես խոսել ամենից կարևորի մասին: Դու ճիշտ ես, և ոճը Քո ճիշտ է: Քո հերոսները լռակյաց են, ինքնամփոփ և չափազանց դժվար է հարկադրել նրանց խոսել-բացատրվել իրենց համար օտար լեզվով: Բայց մենք (թարգմանիչը, խմբագիը) ազատակամություն չենք արել: Մենք համբերատար կերպով սովորեցրել ենք նրանց և, ազնվորեն ասած, ինքներս էլ սովորել ենք նրանցից: Քո ձիրքի երեք սահմանները` զգացումը, պատումը, դասը, միաձուլվել են սարսուռի և թրթռումի միասնական զգացումի մեջ…»: Այն տարիներին Իրինա Ստառավոյտը հեռուստատեսությամբ վարում էր «Հատորներ» գրական հեղինակային հաղորդումը: Եվ քանի որ թե´ համալսարանում, թե´ գրական շրջանակներում հետաքրքրությունը Խեչոյանի ստեղծագործությունների հանդեպ շատ մեծ էր, մենք գրական հաղորդում պատրաստեցինք նրա մասին:
Ուկրաինայի գրողների միության պաշտոնաթերթում` «Լիտերատուրնայա Ուկրաինա»-ում, առաջինը տպագրվեց «Նամակ» պատմվածքը, որը հայ ժամանակակից գրականության հանդեպ իմ դասախոսների հետաքրքրությունը շարժեց. «Վաղուց այդքան հաճելի արձակ չէինք կարդացել…»: Այնուհետև Լվովի ԳՄ «Լիտերատուրնի Լվիվ» շաբաթաթերթում լույս տեսավ «Խոզը» պատմվածքը. այս պատմվածքը վերնագրի առումով աշխուժություն առաջացրեց ընթերցողների մեջ: Իսկ վերջում՝ հուսահատություն ու վախ. «… այս մի մատ երեխան հետո ինչպե՞ս է կյանքի հետ լուծելու իր խնդիրները…»: Այնուհետև «Զեռնա» ուկրաինալեզու հանդեսում, որ լույս էր տեսնում Գերմանիայում, հրատարակվեցին Խեչոյանից մի շարք պատմվածքներ («Նամակ», «Խոզը», «Զանգը», «Սպասում», «Տոթ օր», «Թիթեղյա տուփով կոնֆետներ»):
1998թ աշնանը Խեչոյանն այցելեց Լվով: Մի խումբ երիտասարդ գրողներ, որ նրա ստեղծագործության ջերմ երկրպագուներ էին, հանդիպում կազմակերպեցին նրա հետ Լվովի Հայկական փողոցում գտնվող «Վիրմենկա» («Հայուհի») սրճարանում: Այդ հանդիպումը տեսագրելու էր եկել Լվովի հեռուստատեսության «Հատորներ» գրական հաղորդաշարի խմբագրակազմը: Հաղորդումը եթեր հեռարձակվելուց հետո նրանք Խեչոյանի` Լվովում գտնված օրերի մասին պատրաստեցին մեծ հաղորդում (որից որոշ հատվածներ հետագայում օգտագործել է ռեժիսոր Ջուլիետ Կաժոյանը Լևոն Խեչոյանին նվիրված գրական հաղորդման մեջ):
Այս բոլոր նախապայմաններն անհրաժեշտ դարձրին, որ Լվովում հրատարակվի գրողի պատմվածքների ժողովածուն: Ես որոշեցի Երևանում տպագրված «Խնկի ծառեր»-ժողովածուի բոլոր պատմվածքները հրատարակել առանձին գրքով, առանց համանուն վիպակի: Եվ միայն շատ մեծ ջանքերի շնորհիվ կարողացա Լվովի «Ֆենիքս» հրատարակչությունում 2000 թվականին 100 օրինակով տպագրել «Ճյուղն ձիթենու» վերնագրով: Ուկրաինացի ընթերցողին հայ անծանոթ հեղինակին ներկայացնելու համար անհրաժեշտ էր առաջաբան, ինչի համար դիմեցինք Հրանտ Մաթևոսյանին: Նա սիրով ուղարկեց իր խոսքը. «Հայ ընթերցողի համար Լևոն Խեչոյանի հայտնությունը իրական պարգև է: Կարդում եմ նրա գործն ու հաճախ երանի եմ տալիս նրան. բաներ, որ ես էի կռահում, միայն կռահում էի, իր համար այբուբեն են. բաներ, որ ես հրճվանքով որպես գյուտ էի անելու, իր համար սովորական իրողություն են: Կյանքը գիտի և գիտի` գրականությունը ինչ է: Մեր դժվար, ինչ-որ տեղ նույնիսկ հակագրական պայմաններում իր ճշմարիտ էջերը շարադրել է: Լավ արձակագիր է գալիս, աշխատում է, իր հացը գրականությամբ է վաստակում, քաջ տղա է, մարմինը նույնպես պինդ, և ես վստահ եմ, որ այսօր և վաղը մեր գրականությունը նրանով է շարունակվելու: Նշանակում է` մեր մշակույթի վերջը չի և հակառակը` գրականությունը մի լավ ժամանակի առաջին օրերն է ապրում»: Իսկ գրքի խմբագիր Իրինա Ստառավոյտը գրքի ծանոթագրության մեջ գրեց.« Ժամանակակից հայ գրող Լևոն Խեչոյանի այս ընտրանին ամենևին էլ պատահական չէ, որ ուկրաիներեն թարգմանությամբ լույս է տեսնում հատկապես Լվով քաղաքում: Այս քաղաքը երկու մշակույթների կամուրջ է` ամուր հիմնաքարով և հենասյունով, որ սկիզբ է առնում միջնադարից, ջրից ու քարից: Խեչոյանի պատմվածքները գրքայնություն չունեն, ասես ինչ-որ ուրիշ մի բան է հիմք տալիս նրանց` ի հեճուկս գոթական պճնանքի: Նա բացում է մարդկայինի և մարդեղացման ներքնաշերտերը»: Գիրքը ձևավորեց հայտնի նկարիչ Օլես Նոհան:
Գրքի տպագրությունից հետո Լվովի հեռուստատեսության տարբեր գրական հաղորդաշարներ անդրադարձան գրքին` հաճախ հրավիրելով նաև ինձ: «Կամենյար» թերթում տպագրվեց երիտասարդ գրականագետ Յուրի Հորբլյանսկու «Հայ գրականության էկզոտիկ բույրը» գրախոսականը, որ տպագրվեց նաև «Նորք» ամսագրում(2003, թիվ 2). «Նախ պետք է խոստովանեմ, որ, ձեռքս առնելով հայ անծանոթ գրողի պատմվածքների թարգմանական ժողովածուն, ընթերցումից անսպասելի որևէ բան չէի սպասում և ինչպես սովորաբար վարվում եմ, սկսեցի «շոշափել» տեքստերը` հենց սկզբից համոզված, որ զուր ժամանակ եմ վատնում: Չէ՞ որ ժամանակակից արձակի խառնիճաղանջ հոսքում` գերգիտականացված, գերհագեցած փիլիսոփայությամբ, առասպելաբանությամբ, հիվանդագին երևույթներով, չափազանցված հոգեվերլուծությամբ ու խոստովանանքով և գրականության մեջ խաղի թագավորության դարաշրջանում պարծենալ նորարարությամբ` հանուն նորարարության, գերիրապաշտությամբ` հանուն գերիրապաշտության, բնօրինակի չարաշահումով. արդեն հայտնիի հայտնագործումով, գեղարվեստական հնարքներն ու արտահայտչամիջոցներն ի ցույց դնելով, գրահրատարակման անկման ժամանակներում, երբ «բուլվարի» պարտադրանքով լույս են տեսնում մեկօրյա ընթերցման գրքեր, դժվար էր հավատալ գրքի, որը ներծծված էր անկեղծությամբ և անսահման ցավով: Սակայն աստիճանաբար «շոշափումից», ինձ համար անսպասելի, թաղվեցի ընթերցանության մեջ: Աչքերով ու լսողությամբ լափելով տառերի ու բառերի շրշյուն-փսփսոցները` ինձ էին հասնում մարդկանց ձայներ, ամանեղենի զրնգոց, սակայն նրանք ի զորու չէին ինձ կտրելու ընթերցումից և ստեղծում էին գրքում նկարագրվող դեպքերի մի յուրօրինակ ֆոն: Եթե այդ պահին ծանոթներիցս մեկը հայացք գցեր իմ սենյակին, կհամոզվեր,որ ես լսում եմ կյանքի ռիթմը:
Բացելով գիրքը` ընթերցողը (հիմնականում` լավատեղյակ) չի կարող իր տեսադաշտից դուրս թողնել ծանոթագրությունը, որտեղ նշվում է, թե ինչու Լ.Խեչոյանի այս ընտրանին լույս տեսավ հատկապես Լվովում, քաղաք, որը «երկու մշակույթների կամուրջ է`ամուր հիմնաքարով և հենասյունով, որ սկիզբ է առնում միջնադարից, ջրից ու քարից: Իր պատմվածքներում Լ.Խեչոյանը բացում է մարդկայինի և մարդեղացման ներքնաշերտերը»: Այսպիսի յուրօրինակ գովազդը չի կարող չհետաքրքրել ընթերցողին, թեև գրողը մարդկայինն ու մարդեղացումը փնտրում է ոչ թե մեծ քաղաքների բնակիչների նկարագրերի և արարքների մեջ` իրենց քաղքենիական մտքերով և կռվազան դեմքերով, այլ գավառաբնակների և նահապետական մտածողության մեջ: Բազմանշանակ է հայ գրականության իմաստուն, կենդանի դասական Հրանտ Մաթևոսյանի խոսքը. նա նկատելի զարմանքով և հիացմունքով է գրում իր կրտսեր գործընկերոջ մասին(նրա ոչ մեծ խոսքն ասես մի յուրօրինակ առաջաբան է «Ճյուղն ձիթենու» գրքին):
…Ընդհանրապես Խեչոյանի պատմվածքները չեն ճնշում ոչ իրենց թախծոտ տրամադրությամբ, ոչ հեգնական տոնայնությամբ: Կյանքից վերցված այս փոքրիկ կտավներում կարելի է ուսանելի շատ բան գտնել և միաժամանակ, ինչպես արդեն ասվել է, հոգեկան վայելք ստանալ մարդկային բնավորությունների արտասովորությունից, սյուժետային անսպասելիությունից և թախծոտ մեղեդային բառերի հեղեղից, հեղինակի գեղարվեստական մտածողության անսպասելիությունից: Ահա այսպես, կարդալով գիրքը, մենք կարծես լսում ենք միաժամանակ մի քանի նվագախմբերի երաժշտություն, որ հնչում է մերթ տխուր, մերթ անսպասելիորեն ուրախ` ասես լեռնային առվակների կարկաչյուն, պարայինի վերածվող երաժշտություն»:

բ) «Արքայական անտառ»

Իհարկե, «Ճյուղն ձիթենու» գիրքը Ուկրաինայում մեծ հետաքրքրություն ու աշխուժություն առաջացրեց ոչ միայն Խեչոյանի ստեղծագործությունների, այլև ժամանակակից հայ գրականության հանդեպ: Այդ պատճառով «Արքայական անտառ» ալմանախին տրամադրեցի Աղասի Այվազյանի «Թիֆլիսի ցուցանակները», Վանո Սիրադեղյանի «Հոգեհանը» և Լևոն Խեչոյանի «Կորեացին»: Ալմանախում տպագրվելու էին ուկրաինացի, սերբ, ֆրանսիացի, լիտվացի, ավստրիացի, գերմանացի, ռուս, լեհ գրողների արձակ և չափածո ստեղծագործություններ: Եվ ժողովածուի տպագրությունից հետո ուկրաինական մամուլում («Ուկրաինա մոլոդա» 7 դեկտեմբերի, 2002) լույս տեսավ բանաստեղծ ու գրաքննադատ Օլեքսանդր Իրվանեցի գրախոսությունը. «…Չեմ կարող չանդրադառնալ նաև ժամանակակից հայ գրականության համեստ Եռյակին` ի թիվս մնացած հեղինակների: Այո´, պարոնա´յք, մենք մեր հայացքն ուղղել ենք դեպի արևմուտք` մոռացության մատնելով արևելքի գրականությունը: Այս երեք գրողների անունները հարկ եմ համարում ևս մեկ անգամ հիշատակել՝ Աղասի Այվազյան, Վանո Սիրադեղյան, Լևոն Խեչոյան… Ընթերցելով այդ ստեղծագործությունները` մեկ անգամ ևս համոզվում ես, որ մեծ գրականություն գոյություն ունի ոչ միայն Ուկրաինայից արևմուտք: Արևելքում ստեղծվող այս գրականությունը, վստահ կարող եմ ասել, Աղն է մեր այսօրվա գրականության… և ամենակարևորն այս դեպքում այն է, որ բոլոր գործերը թարգմանված են բնագրից, այլ ոչ թե միջանկյալ ու տոտալիտար լեզվից… Այս գրողներից ամեն մեկն իր ստեղծագործություններով կզարդարի համաշխարհային գրականության ցանկացած էջ»:
Թեև «Ճյուղն ձիթենու» գրքի տպագրությունից երկու տարի անց արդեն պատրաստ էր «Խնկի ծառեր»-ը վիպակը, սակայն երկար տարիներ մնաց անտիպ: Գրքի խմբագիր Իրինա Ստառավոյտի հետ որոշեցինք այն ուղարկել Դնիպրոպետրովսկում հրատարակվող մեծ ճանաչում և հեղինակություն վայելող «Կուրյեր Կրիվբասու» գրական ամսագրին: Ինձ համար անսպասելիորեն շուտ` երեք ամիս անց, երկու համարում տպագրվեց «Խնկի ծառեր»-ը. վիպակի ծավալը ամսագրի համար մեծ էր:

գ) «Խնկի ծառեր»

2013 թվականի դեկտեմբերի 7-ին Լվովի «Սրիբնե սլովո» («Արծաթե խոսք») հրատարակչությունը լույս ընծայեց «Խնկի ծառեր» գիրքն այնպես, ինչպես 1991թվականին տպագրել էր «Նաիրին»: Ծանոթագրության հեղինակը դարձյալ գրքի խմբագիր Իրինա Ստառավոյտն էր. «Այս արձակը «երեխաների համար չէ, այս գիրը շանթահարում է. մարդկային պարադոքսի ողջ խորությունը խտացված է ժլատ, ճիշտ ընտրված բառերի մեջ`ցույց տալու, թե ինչպես պետք է «անցնել երկրային դժոխքի ոլորաններով ու անեղծ մնալ»: Խեչոյանի հերոսները կյանքի սահմանաբաժանին հայտնված մարդիկ են` հիշողության ճնշումից վիրավոր, նետված պատմության մութ ստվերների մեջ: Մարդիկ, որոնք ողբերգական 20-րդ դարի երջանիկ ու դժբախտ ճակատագրի որոգայթներում են` հանուն սիրո, հանուն կորուսյալ երազանքների: Այս գրքում փշուր առ փշուր վերակենդանացող հիշողություններով լի պատմություններ են»:
Շնորհահանդեսներ տեղի ունեցան Լվովի (հունվարի 24-ին) և Կիևի (մարտի 14-ին) «Ե» գրախանութներում:
Փաստը, որ միայն կես տարվա ընթացքում գրքի մասին գրվեցին մեկը մյուսից հետաքրքիր մի շարք գրախոսություններ (Ն.Յացենկո, «Չմոռանալ, այլ հնարավորություն տալ, որ կյանքը խոսի ստեղծագործությունների լեզվով», Յ. Կովալ, «Խեչոյանական արձակի հզոր ուժը», Ի. Ռյաբչիյ, «Տոտեմի փորձությունը. Լ. Խեչոյանի «Խնկի ծառեր ժողովածուն», Ա.Դրոզդա, «Անցում անդունդի վրայով», Ժ.Կույավա, «Ցավի մասին, որ հատիկի նման ծլել է մաշկի տակ», Բ. Պաստուխ, «Տաք լույսը և «խելացի տառապանքը», Ի.Կոտիկ, «Ի դեպ, երբ բացերը փակվում են, փակերը` բացվում» և այլն), որոնք տպագրվեցին ուկրաինական մամուլում, համացանցային կայքէջերում և գրական հեղինակավոր պարբերականներում (թարգմանաբար նաև հայկական մամուլում («Ազգ», «Առավոտ», «Գրական թերթ», «Հետք», «Գրանիշ» և մի շարք այլ կայքէջեր), ինչպես նաև գրող, լրագրող Ժաննա Կույավայի հետաքրքիր հարցազրույցը Լևոն Խեչոյանի հետ (ցավոք, գրողի վերջին հարցազրույցը), վկայում են, որ հայ տաղանդավոր գրողի ստեղծագործությունները շատ մեծ հետաքրքրություն են առաջացրել ուկրաինական գրական և ընթերցողական շրջանակներում: Այսօր Լևոն Խեչոյանը սիրված, սպասված և փնտրված անուն է ուկրաինական գրականության մեջ: Ուկրաինացի գրականագետները միմյանցից անկախ, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոստովանում են, որ նա այն գրողներից է, որի ստեղծագործությունները համաշխարհային գրականության մակարդակ ունեն. «…գիրքն իրականում (և դա առանց պաթոսի) Նոբելյանի մրցանակի մակարդակ ունի: Ով այն կարդա, այս մտքի հետ չի վիճի»:(Բոգդան Պաստուխ, httf:// litakcent.com 02.22.2013):
Չմանրամասնելով նրանց գնահատականները` ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում որոշ հատվածներ ուկրաինական արձագանքներից:

1. Ուկրաինական «Բուկվոյիդ» կայքէջի` «Ի՞նչ եք կարդացել վերջին ժամանակներս, Ձեր տպավորությունները» հարցին բանաստեղծուհի ՕԼԵՆԱ ՀԱԼԵՏԱՆ (Լվով) պատասխանել է.

«Ամենաթարմ ու ամենահուզիչ տպավորությունները ստացել եմ ժամանակակից հայ արձակագիր Լևոն Խեչոյանի «Խնկի ծառեր» գրքից: Դա վիպակի ու պատմվածքների ժողովածու է, որ պատմում է վերջին տասնամյակներում Հայաստանում տեղի ունեցած որոշ իրադարձությունների մասին: Ոչ թե պատմական, այլ մարդկային տեսանկյունով, առանց խանդավառ ու հերոսական զգացումների, առանց որևէ մեկին մեղադրելու, առանց հաշվեհարդարի… Լեզուն շատ պարզ է, մինչև իսկ ինչ-որ տեղ անկանոն. ճեղքվում է, ինչպես հողը երկրաշարժի ժամանակ: Դա, իսկապես, հենց գիրք է հողի սասանման (ուղիղ և փոխաբերական իմաստներով)` երկրակեղևի ցնցումների, ինչպես նաև էթնիկական, կրոնական և աշխարհայացքային բախումների մասին: Ես անգամ ռեալիզմ չէի անվանի այդ գիրը, այն ավելի ճիշտ գերռեալիզմ է: Սակայն երազ չէ դա, այլ հայացք է մարդու, որը քնել չի կարողանում, որովհետև բանականությունն ու զգացմունքները, երբ այլևս չեն ընդունում իրադարձությունների ավելցուկը, չեն թողնում փակել աչքերը, որոնց առջև հառնում են այդ արտասովոր, ցավագին ու անտանելի պատկերները:
Եվ, վերջապես, անչափ դժվար է կարդալ այս շատ պարզ արձակը, նույնքան թանձր ու չպատմվող, որքան Փարաջանովի կոլաժները, որոնք, թվում է, մի ընդհանուր շրջանակում միավորում են առօրյա իրերի բեկորներ: Կամ էլ հայկական խաչքարերը, որոնց պարզ ու անկրկնելի նախշերից անգամ դարեր հետո կարելի է ճանաչել վարպետի ձեռքը:(Bukvoid, 04.02.2013, «Առավոտ»):

2.«Կարողանալ թափանցել մարդկային էության խորքն ու որսալ նրա հոգու տարուբերումները, նշմարել անտեսանելին և դարձնել տեսանելի, կարողանալ հերոսների հետ վերապրել նրանց փոքր ու մեծ ուրախությունները և ողբերգությունները` միաժամանակ ամենաչնչին դեպքերի մեջ անգամ գտնելով կարևորը. ահա այս ամենը Լևոն Խեչոյանի արձակը դարձնում են անհավատալիորեն ձգող, իսկ բառին տիրապետելու վարպետությունն ու ասես թելի վրա շարված կերպարները առանձնահատուկ, ինչպես նաև բավական ինքնատիպ` արագ ստեղծվող ժամանակակից (հաճախ ոչ այնքան բովանդակալից) ծով գրականության մեջ:
Լևոն Խեչոյանի «Խնկի ծառեր»-ն այն գրքերից է, որը, խորը թափանցելով մարդկային հոգու մեջ, այնտեղ մնում է ոչ միայն մեկ ամիս ու մեկ տարի: Դա երջանիկ հանդիպում է, որին իսկապես սպասում ես (Յարինա Կովալ, «Լվիվսկայա գազետա», հունվար, «Առավոտ»):

3.«Լևոն Խեչոյանի «Խնկի ծառեր» գրքից մեկ պատմվածք անգամ կարդալուց հետո հասկանում ես, որ հանդիպել ես առանձնահատուկ գրողի: Իսկ հաջորդող գործերը միայն ուժգնացնում են այդ տպավորությունը. պատումի խիտ ոճը, միաժամանակ պահպանելով յուրահատուկ բանաստեղծականը, առեղծվածայինը, թափանցում է առաջին հայացքից առօրեական թվացող դեպքերի մեջ` հաջորդ պահին ունակ սովորական կերպարները վերածելու անտիկ աշխարհի միֆական հերոսների: Լևոն Խեչոյանի համար գրելն ամենևին էլ հրապուրանք չէ. նա գիտակցում է իր առաքելության ողջ ծանրությունը. պատմել այն աշխարհի մասին, որտեղից սերվել և որին պատկանում է ինքը: Լեռների մեջ թաքնված այդ աշխարհը զգուշորեն է ընդունում ոչ միայ օտարներին, այլև յուրայիններին…
…Խեչոյանը փոքր արձակի վարպետ է: Ուկրաինական գրականության մեջ համարժեք փնտրտուքն այս դեպքում այնքան էլ հեշտ և շնորհակալ գործ չէ:
… Հեղինակը «Խնկի ծառեր» վիպակի վրա իր աշխատանքը համեմատում է «անդունդի վրա բացված մազե կամրջով» անցնելուն, և այդ կերպարը հավանաբար լավագույնս է բնորոշում Լևոն Խեչոյանի ողջ ստեղծագործությունը. նա ամեն մի բառն ընտրում է այնպես, ասես անում է քայլ, որից կախված է իր սեփական կյանքը …» (Անդրեյ Դրոզդա «Անցում անդունդի վրայով» ZAXID.NET 04.02. 2013թ., «Գրական թերթ»):
«Դա հորդուն, սիմվոլներով հարուստ, խոր ու ինքնատիպ արձակ է, որը համոզիչ է իր մայրական զգացողության և հայրական խոսքի մեծ ուժով, տղամարդկային կայունությամբ, կանացի հմայքով, որոնք ստիպում են հիանալ ու անընդհատ ասել.«Ահա թե ինչպե՜ս պետք է գրել գյուղի մասին: Նրա անհավատալի դժվար պարզության ու նաև արտաքուստ հասարակ, սակայն մինչև այժմ անհասանելի` իր մարդկանց բացառիկությամբ»: Իսկապես, կան գրքեր, որոնք կարդալուց հետո մոռանում ու այլևս չես հիշում: Բայց կան այնպիսիները, որոնք մնում են քո մեջ ինչպես սրսկումից հետո պատվաստանյութը, որ զերծ է պահում քեզ հիվանդագին անտարբերությունից, կուրությունից ու չիմացությունից: Այդպիսի գրքեր կարդալուց հետո հատիկը, որ ծլել է գրողի մաշկի տակ, մնում է քեզ հետ և բաբախում է արդեն սրտիդ զարկերին ներդաշնակ` ստիպելով մտածել ամենակարևորի մասին: Մի±թե դա չէ լավ գրքի լավագույն արդյունքը»: Ժաննա Կույավա, «Ցավի մասի, որ հատիկի նման ծլել է մաշկի տակ», bukvoid.com.ua,4 մարտի 2013, «Ազգ», 20 ապրիլի 2013:
Այսօր արդեն փոքր-ինչ ձևափոխելով Հրանտ Մաթևոսյանի խոսքը` կարող եմ ասել` ուկրաինացի ընթերցողի համար նույնպես «Լևոն Խեչոյանի հայտնությունը իրական պարգև է…»: Ես հայ դասականներին չեմ թարգմանում, որովհետև նրանցից շատերը թարգմանված են, սակայն կարծում եմ` իմ թարգմանություններով ուկրաինական գրականություն եմ ներմուծում մեկ այլ հայ դասականի` Լևոն Խեչոյանի գրականությունը:
«Ճյուղն ձիթենու»-ց մինչև այսօր մի ակնթարթ է անցել, բայց այդ ակնթարթում գրականությունը մեր կյանքը Երանգավորող մի Գույն գտավ, հարստացավ արժանապատիվ ապրել թելադրող տեսակով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *