Տաթևիկ Մերջանյան | Արարմամբ հավերժանալու խորհուրդը Համաստեղի «Տափան Մարգար» նորավեպում

Տաթևիկ ՄարջանյանՀայոց մեծ եղեռնն իր կարմիր կնիքը թողեց ինչպես հասարակական-քաղա­քա­կան և սոցիալ-պատմական կյանքի, այնպես էլ ազգային հոգեկերտվածքի ու բարոյա­կա­նության վրա: Ազդեցություն­ների դաշտից դուրս չէր նաև մշակութային կյանքը, այս դեպքում՝ գրականությունը: 1915 թվականը դար­ձավ այն սահմանագիծը, որից այս կողմ սկսվում է նոր և ոչ պակաս հզոր գրականության շրջա­փուլ՝ հագեցած ար­դիա­կան բովան­դա­կությամբ, գաղափարագեղարվեստական իրո­ղություն­­ների ար­տա­­­հայտչա­ձևե­­րով ու եղանակներով և հատկապես կենսական հարցադրում­ներով: Խոսքը, իհարկե, սփյուռ­քահայ գրակա­նության մասին է:

Գրականագիտության կող­մից ընդունված այն տեսակետը, ըստ որի՝ սփյուռքա­հայ նորավի­պագրութ­յունը արևմտա­հայ համապատասխան ժանրաձևի անմիջական ժառանգորդն է, մասամբ է ճիշտ, որովհետև փոխվել էին ժամանակ­ները, դրա հետ նաև հասարակական միջա­վայրն ու ազդե­ցությունների դաշտը: Եթե 19-րդ դարի արևմտահայ նորավեպի վրա առկա է նույն ժանրաձևի ֆրան­սիական մոդելի ներ­գոր­ծու­թյունը, ապա սփյուռքահայ նորավիպագրության վրա զգացվում է համաշ­խար­­հային, մասնա­վորա­­պես լատի­նամե­րիկյան նույն ժանրատեսակի ազդեցություննե­րը: Արևմտա­հայ նորաավեպի համար առանցքային դարձած հոգեկերտվածքային դրսևո­րում­ների արծարծումները սփյուռ­քա­հայ համապատաս­խան ժանրում իրենց տե­ղը զիջում են սոցիումի քննարկումներին:

Համաստեղի (Համբարձում Կելենյան) նորավիպագրությունը էապես տարբեր­վեց մինչ այդ եղած դասական նորավեպի ավանդներից: Իր նորավեպերում պահպա­նե­լով արևմտահայ, հատկապես 19-րդ դարավերջի գրական ավանդները՝ Համաստե­ղը դրանց զուգադրեց սփյուռքահայ իրողությունների գե­ղար­վեստական փիլիսոփա­յութ­յունն արտացո­լող հնարավո­րություն­ները: Գրողի խնդրո առար­կա, ինչ­պես նաև մյուս նորավեպերը, ունե­նալով ուծացման դեմ պայքարելու հզոր ուժ, տեսանելի են դարձնում սեփական երկրում ու նրանից դուրս ապրող հայի բնատուր, անխառն, անխաթար հոգեբա­նությունը, արարմամբ հավերժանալու խորհուրդը, մարդու և բնության արտասովոր գե­ղեց­կութ­յուն­ներն ու նրանց անտեսա­նելի կապի խաթարման ողբեր­գություն­ները:

Համաստեղն այն եզակի գրողն է, որն ընդհանրապես չկարողացավ ընկալել և ըմբռնել արևմտա­հայի և արևելահայի տարբերությունը, այսինքն՝ ազգի հատվածայ­նութ­յունը: Նա Տափան Մարգարի, Կար Ամուի, անգամ Չալո շան և օրագիր պահող նապաստակի մեջ տեսավ բացառապես հային: Ըստ էության, սա պայմանավորված է գեղարվեստի համաստեղյան ընկալումով: Նախ՝ բոլորովին պատա­հական չէ այս հեղի­նակի ան­վան ընտրությունը: Ինչքան էլ զարմանալի թվա՝ երեք եղբայրների անուն­ների միա­ձուլումը միֆոլոգիական մոտեցում էր Համաստեղի կողմից. մեկ էպի­կենտ­րոնից բա­ժանված եղբայրներին նա միավորեց մեկ անվան մեջ, այսինքն՝ նա միավորիչ գրող է:

Հայ գրականագիտությունը բազմիցս է անդրադարձել խնդրո առարկա նորավե­պին. «Մարդը բնութ­­յան մասնիկն է, ապրում է հողի թելադրած օրենքներով՝ աշխա­տանք, բարություն»[1] ,- գրում է Մ. Խաչատրյանը: Իհարկե, գյուղացին, նրա պարզությունն ու մաքրությունը, հողի հետ կապվա­ծութ­յունը անհեր­քելի են այս նորավեպում: Սակայն Համաստեղը բերում է բոլորովին այլ խորհուրդ, որը շարու­նա­կա­բար վրիպում է գրականագետների տեսադաշտից:

Հայ գրողներից քչերին է հաջողվել արտաքին նկարագրություններից գնալ դեպի ներ­քին էութե­նա­կանությունը: Համեմատությունների հարցում Համաստե­ղը չու­նի իր երկրորդ տեսա­կը: Նրա բոլոր նկարագրությունները հիմնված են դիպուկ և ստեղծիչ համեմա­տութ­յուն­­ների վրա, այսինքն՝ հեղինակը հայտնաբերում է ոչ միայն նմանությունները, որոնք բնորոշ են ցանկացած համեմա­տութ­յան, այլև այդ ընդհան­րութ­­յուն­­ներից նա ուղղակիորեն ցույց է տալիս մարդու հավերժական տե­սա­կը: Այս տե­սան­կյու­նից հատկանշական է նորա­վե­պի այն հատ­վածը, որտեղ հեղինակը ներ­կայաց­նում է «պարտիզ­պանի» խրտվիլակին. «…ճիշդ ու ճիշդ քիթը մաշած ու աչ­քե­րը դուրս ինկած չինական կուռք մը»[2]: Համաձայն Համաստեղի գե­ղագի­տության՝ ճիշտ է, չինացու դեմքն ընդունելի չէ, քիթ էլ անգամ չունի, բայց, միևնույն է, նա հա­վեր­ժող ցեղատեսակ է:

Առհասարակ մենք մեր գրականությունը վերանայելու կարիք ունենք, որովհետև խորհրդանիշը ըն­կալ­վում է միայն հստակ հասկացություններով, մինչդեռ Համաստե­ղը ստեղծում է, այսպես կոչված, հասկացությունների խորհրդանիշ կամ խորհրդա­նշա­կան հասկացություններ. պարտիզպանը «գզգզված տաբատով և գլխարկով» խրտվի­լա­կին ամեն աշնան վերջին տանում է տուն և գարնանը նո­րից բերում է պար­տեզ: Այս պատկերը շատ բան է խոսում մեր ազգային ճակատագրի և հավերժական գոյության մասին: Հայը, Տափան Մարգարի հանդերձանքի նման թե՛ ներսից, թե՛ դրսից գզգզված ու բզկտված լինելով, վայրագ ձմեռներին գնացել է, իսկ խաղաղ գա­րուն­ներին՝ նորից վերադարձել: Սա մեր դարձի խնդիրն է, որը պայմանավորված է ազգային գենեսիզում մրուրի պես նստած զարմանալի բարեսրտությամբ: Հա­վեր­ժությունը ենթադրում է երկու կետերի միաս­նութ­յուն և բա­ցա­ռում է վերջա­վորության, այսինքն՝ մահ­վան գաղափարը: Բուն, պատմական հողի վրա ապրած և վերջի­նիս կեն­սա­փի­լիսո­փայությունն իբրև արյան շրջանառություն իր մեջ կրող տեսակը՝ արևմտահայը, իրեն վտար­ված տեր է զգում, հետևաբար նրա համար դարձը միշտ կա:

Համաստեղն իր հերոսի համար ընտրել է շատ դիպուկ և բնորոշ մականուն՝ տափան[3]: Նրան ան­վանելով Տափան Մարգար՝ հեղինակը կատարում է շատ նուրբ դատողություն. հողի հար­թե­ցումից հե­տո այն նախապատրաստվում է ցանքի, բեղմանվորման: Այս պատկերը հայի կեն­դանության սկիզբն ու շարունակությունն է:

Դ. Վարուժանը «Հացին երգը» շարքի փիլիսոփայությունը հարթեց էպիկական շնչով, որը նկա­տելի է Համաստեղի գրականության մեջ: Նրա բոլոր հերոսները, նույ­նիսկ եթե ավազակ են կամ գող, ու­նեն արարող էություն: Մարդու կարևորագույն հատկանիշը նրա արարող էութենակա­նութ­յունն է: Ի դեմս Տափան Մարգարի՝ համաստեղյան հերոսները կարծես աշխարհից դուրս հայտնված մարդիկ լինեն, ընդ որում ոչ թե նրա համար, որ վտարված են աշխարհի կողմից, այլ ուղ­ղակի աշ­խարհն են իրենց մեջ կրում և ձևավորում են վերջինիս դեմքը: Եթե Տափան Մարգարները չլինեն, աշ­խարհն անդի­մություն կլինի, իսկ սա ենթադրում է անճանաչելիություն: Այս տեսանկյունից Տափան Մար­գարի կեր­պարն անկրկնելի է:

Մյուս նորավիպագիրների նման Համաստեղը հակված է կիրառելու Գր. Զոհրապի նախասիրած հնա­րանքը, այն է՝ իրեն ներկայացնել որպես ականատեսի. «Այն օրերուն հազիւ ութը տարեկան կայի»[4]: Սակայն այստեղ կա էական նրբություն: Զոհրապը շատ հաճախ գրում էր հոգեբանորեն ան­հա­մոզիչ և անհավանական դրսևորումների մասին: Այս դեպքում բնական է, որ նա իրեն պիտի պա­հեր նորավեպի տիրույթում, որպեսզի իր ասելիքը հավաստի դարձնի ընթերցողին: Համաստեղը, սակայն, չունի այս խնդիրը: Նա ավելի շատ Հ. Մնձուրու տեսակն է: Ինքն իր նորավեպե­րում կա ոչ թե նրա հա­մար, որ ցան­­­­կություն ունի դա ավելի հավաստի դարձնել, այլ ուղղակի կա, որովհետև ինքն էլ ժա­մա­նա­կին այդ բնաշխարհի մի մասնիկին էր եղել: Սակայն նորավեպի տիրույթում Համաս­տեղի առկա­յու­թյունը չի խանգարել, որ նրա հերոսները դադարեն միֆական լինելուց:

Հեռանալով իր երկրից՝ Համաստեղն իր հետ տարել էր մեծ բեռ: Հայրենի բնաշխարհն ամե­նա­փոքր մասնիկներով ամփոփված էր նրա մեջ: Որքան էլ զարմանալի թվա, Ակ. Բա­կուն­ցի նման նրբազգաց և լռության մեջ մեծ աշխարհ ներ­կա­յաց­նող գրողն անգամ իր մանկության բնօր­րանից չտարավ այնքան, որքան Հա­մաս­տե­ղը՝ հոգեվարք ապրող իր հայրենիքից, որովհետև վեր­ջինս գե­ղա­գի­տա­կան իր ըմբռնումներում հստակորեն հասկացել էր այն խորհուրդը, ըստ որի՝ միասնականության խաթարումը ենթադրում է տեսակի ոչնչացում: Նուրբ հուզաշխարհի տեր այս հեղի­նա­կը կարողացավ պահ­­­պանել դրախտա­վայր երկրի և նրա բնակչի արտասովոր հմայքի անխաթար դիմագիծը: Տափան Մար­­գարի՝ վերջալույսի շողերի հետ բլու­րի անեզրության մեջ սուզվելու պատկերը ևս եզակի է. «Վեր­ջա­լոյսը մարե­ցաւ. բլուրէն անդին կ’երեւէր Տափան Մարգարի կռնակը, որ հետզհետէ կը թաղուէր. Յե­տոյ ուսե­րը. էն վերջը՝ բահի ծայրին հետ հատած էին նաեւ արեւուն հիւանդ շողերը վերջին: Տափ­ան Մար­գար, վերջալոյսին հետ ու վերջալոյսին պէս, գիւղին մէջ ընկղմեցաւ»[5]: Մարգարի՝ բլուրի  հետևում ան­հե­տանալուց հետո արևը ևս անհետանում է: Սա բնական ե­րևույթ է: Սակայն շար­ժանկա­րային այս պատ­կերը, որը քիչ գրողների է հա­ջող­վում, Համաստեղի գե­ղա­գիտության մեջ նշանա­կում է, որ Մար­գա­րը կյանքի շար­ժիչ ուժն ու լուսավորության ակունքն է. չէ՞ որ ոչինչ անբնական չէ Մարգարի հա­­մար. նա կյանքն ընդունում է այնպես, ինչպես որ կա, առանց որևէ բացա­ռութ­յան:

Առհասարակ ներկայությունն իր մեջ ճանաչելու խորհուրդն ունի: Գոմեշների և Մարգարի միջև չկա ոչ մի խոսք ու զրույց. նրանք իրար ճանաչում են միմյանց ներկայությունից: Տանը հանգստանալու ժա­մանակ անգամ նրա միտքը դաշտերի, ցան­քի ու գոմեշների հետ է: Սա ուժի և աշխատանքի խորհրդա­­նիշն է: Գրականության մեջ աշխատանքը միշտ ներկայացվել է որպես հավերժա­կան տա­ռա­պանք, մի բան, որը խաթարում ու ոչնչացնում է անհատի էությունը: Այս խնդիրն է դրված Երուխանի նո­ր­ավեպերի հիմքում: Նա ոչ թե մերժում է աշխատան­քը, այլ գեղագետի իր դիտողունակությամբ տես­նում է, որ աշխատանքն ունի նյութի հայայթման աղբյուրներ: Մարդն աշխատում է, իսկ նյութը մեծ մա­սամբ իրենը այդպես էլ չի դառնում, ուստի այս դեպքում աշխատանքն ընկալվում է որպես տառա­պանք:

Համաստեղն այս ճանապարհով չի գնացել: Նա, ուղղակիորեն չխոսելով արար­չա­գոր­ծության մա­­սին, բերում է աշխատանքով արարելու և հավերժանալու խորհուրդը: Տափան Մարգարի աշ­խա­տան­քը տառապանք է. «…նոյնիսկ կոշ­կոռ հողերը ձեռքով կը փշրէր, տեսակ մը փայփայանք ար­տե­րուն»[6]: Այս ծանրության ու դաժանության մեջ նա ներկայանում է արտասովոր հանգստությ­ամբ, որը կատարելությունը տեսնելու համաստեղյան դիտանկյունն է: Մար­գարը վայելում է տառապանքի հա­ճույ­քը: Այս իմաստով համոզիչ է Վ. Գաբրիելյանի այն ձևակերպումը, ըստ որի՝ Տափան Մար­գարի հա­մար հողն ու աշխատանքը գոյության պայման և սիրո ու հաճույքի աղբյուր են[7]:

Դ. Վարուժանը տալիս է բանաձև. «Ցավն հաճույքին և հաճույքները ցավին»[8]: Հաճույքի ցավը կոտ­րում է մարդուն, իսկ ցավի հաճույքների զգացողությունը նրան դարձնում է կատարյալ և արարող: Տափան Մարգարը հենց այս տեսակն է:

Համաստեղն իր հերոսին ընդամենը մեկ անգամ է ներկայացնում եկեղեցում: Մարգարը, գի­տակ­ցե­լով Աստծո գոյությունը, երբեք չի բաժանվել Նրանից: Նա գիտի, որ պետք չէ ոչինչ պահանջել, առա­վել ևս՝ դժգոհել Աստծուց. այսքանով Մարգարը հավատացյալ է, բայց նա հավատում է ամենա­կա­րևորին՝ ապրելու, արարելու և դրանով հավերժանալու կարողությանը: Չլինելով Աստված՝ Մար­գարը գնում է նրա ուղիով:

Մարդու ցանկությունների մեծությունը կախված է իրադրությունից: Կյանքում լինում են դեպքեր, երբ ամե­նափոքր երազանքն անգամ մարդու համար մի ամբողջ աշ­խարհ է: Համաստեղը գիտի մարդ­կա­­յին բնա­վորության այս տեսակն ու դրա դրսևոր­ման կերպերը: Մարգարի կինը, որը տարիներ շա­րունակ ոչ մի ուշադրության չի ար­ժա­նացել իր ամուսնու կողմից, ուզում է, որ նա գոնե կիսամեռ վի­ճա­կում իր անու­նը տա, ու նա կներեր նրան, բայց ամուսինը որոնում էր իր գոմեշներին: Թվում է՝ շեղում կա կյանքի նորմից, բայց մարդկային էությունները չունեն նույն բաղադրությունները. դրանք եր­բեք չեն կրկնվում: Տափան Մարգարի բաղադրությունը ամբողջության մեջ իր և բնության ընդհան­րությունն է: Հո­ղը, արտը և գոմեշները վերածվում են մեկ էության:

Ցավի և ափսոսանք ոչ մի արտահայտություն չի նկատվում կայծակի հարվածից կիսամեռ ընկած Մար­գարի դեմքին: Համաստեղը գիտի, որ կայծակի թափից հետո մարդը չունի ցավի և մտածողության խնդիր, առավել ևս այն մարդը, որը երբեք իր անձի մասին չի մտածել և բնության հետ ներդաշնակ է եղել: Մարգարի նման հզոր «աշխարհները», որոնք միշտ իրենց նախաստեղծ վիճակի մեջ են և գիտեն արար­ման ողջ պոեզիան, երբեք չեն մահանում:

«Այդ երեկոյ, Տափան Մարգարենց տան բակն ի վեր, գիւղին ժամկոչը հսկայ դագաղ մը երկնցու­ցած էր:

Մեռելը եկեղեցի պիտի տանէին»[9],- սա Համաստեղի ժխտողական հաստատումն է: Ճիշտ է, Մար­­գարին թաղելու էին, բայց նա «մեռել» չէր. Մարգարի նմաններից մեռելներ չեն ծնվում: Նրա տե­սակը պարտեզի խրտվիլակի խորհրդա­նիշի նման է. ձմռանը գնում է, իսկ գարնանը՝ նորից գալիս: Մարգարները միշտ կան. նրանք իրենց մեջ ունեն մեռնող և հարություն առնող աստծո միֆակա­նու­­թյու­նը:

Ընդհանրացնելով կարելի է ասել, որ Հա­մաս­­տեղի այս նորավեպը տեսակի մեջ եզակի դրսևո­րում է: Հեղինակին հաջողվել է դիպուկ համեմա­տութ­յունների վրա հիմնված նկարագրությունների մի­ջոցով բացահայտել ոչ միայն իր հերոսի ներքին արարող էութենականությունն ու անխառն հո­գե­բա­նութ­յունը, այլև որոշակի ընդհան­րութ­յուն­ներ տեսնել նրա և ազգային ճակատագրի միջև: Հի­րա­վի, Հա­մաս­տեղը տարօրինակ գրող է բառի ամենադրական իմաստով: Նրա նորավեպում չի նկատվում ոչ մի ավե­լորդ խոսք, նրբություն գոր­ծադրե­լու որևէ ճիգ, բայց ամեն ինչ չափազանց նուրբ է, որը նրա վար­պե­տության ար­տա­հայ­տությունն է: Ի հակադրություն մեր մյուս գրողների՝ Համաս­տեղը Տափան Մար­գարի օրինակով հաստատում է, որ արարումն է հավերժանալու միակ գրավականը:

[1] Խաչատրյան Մ., Համաստեղի ստեղծագործությունը, Երևան, Ասողիկ, 2004, էջ 52:

[2] Համաստեղ, Գիւղը, Վենետիկ, Ս. Ղազար, Մխիթարեան հրատ., 1996, էջ 12:

[3] Այս բառի մանրամասն բացատրությունը տե՛ս Աղայան Էդ., Արդի հայերենի բացատրական բառարան, հ. 2, Երևան, Հա­յաստան հրատ, 1976, էջ 1426:

[4] Համաստեղ, նշվ. հրատ., էջ 12:

[5] Նույն տեղում, էջ 14:

[6] Նույն տեղում, էջ 18:

[7] Տե՛ս Գաբրիելյան Վ., Սփյուռքահայ գրականություն, Երևան, ԵՊՀ հրատ, 2008, էջ 135:

[8] Սիամանթո, Դ. Վարուժան, Երկեր, Հայ դասականների գրադարան, Երևան, Սովետ. գրող հրատ., 1979, էջ 457:

[9] Համաստեղ, նշվ. հրատ., էջ 22:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *