Ա
րփինե Թամազյան, 17 տ., գ. Կողբ
Ես նորեկ եմ գրական տարածքում և գրել սկսել եմ պատահականորեն․ մի պահ մտածեցի ու սկսեցի գրել։ Առաջին քայլերս արել եմ Թումո կենտրոնում, որտեղ փորձել եմ նոր ձևեր և տեխնիկաներ։ Իմ առաջին ստեղծագործությունն այժմ ներկայացվում է ընթերցողին՝ որպես գրականության մեջ իմ առաջին փորձը։
Կգա՞ս
– Առավոտը գնում եմ։
– Իմացել եմ։
– Կգա՞ս։
– Չեմ կարող խոստանալ,
մերոնց մոտ հարցեր կառաջանան,
ու հետոն գիտես…
– Ժամը 8-ին ավտոբուսը շարժվելու ա,
ուզում եմ գոնե վերջին անգամ գաս։
Կամ էլ հիմա դուրս արի,
վառոտների մոտ եմ, տեսնեմ քեզ,
մի լավ գրկեմ ու գնամ։
– Վախենում եմ,
ախր,
բա որ տեսնող լինի ու մերոնց ասի՞։
– Դրա համար
ժամանակին ասում էի՝
գայի խոսելու աներոջս հետ,
որ հիմա սենց չլիներ։
– Դու գիտես՝
վերջս ինչ կլիներ,
եթե պապան իմանար,
որ էս տարիքում ընկեր ունեմ։
– Չգիտեմ,
բայց սենց չի մնա։
Հենց առաջին օտպուսկի
ժամանակ գալու եմ խոսելու։
– Մինչև էդ կփորձեմ
Տրամադրել, որ հանգիստ լինեն։
17.09.25
– Կներես, որ չեկա էդ օրը. պապան տանն էր ու աչքը վրես էր պահում, ինձ թվում ա՝ կասկածում էր։ Կարոտել եմ շատ ու զարմացած եմ, որ մինչև հիմա ոչ մի նամակ չես գրել։ Բա՞ն ա փոխվել կյանքումդ։
28.12.25
– Վերջին երկու տարվա մեջ էս իմ առաջին Ամանորն ա առանց քեզ։ Կարոտել եմ։ Սպասում եմ։ Կգաս, չէ՞։
