Այդ հրացանը Մայան մեռածի վրայից էր հանել՝ շենքի պատի մոտ։ Սկզբում նույնիսկ գլխի չընկավ՝ մեռածը յուրային էր, թե գերմանացի․ կամրջի վրա խորը, արյունածոր խառնարան էր բացվել, որի միջից դուրս էին ցցվել ձեռքեր և ոտքեր։ Գլուխ չկար։ Խառնարանն ամբողջ ուժով հենված էր չռված սապոգների թաթերով, ձեռքով ամուր բռնել էր հրացանը։ Առանց գետնից վեր կենալու Մայան քաշեց փողից․ խառնարանը չէր ուզում զիջել իրենը։ Մայան ավելի ուժգին քաշեց․ օտար մատները կառչել էին կոթից, ամուր բռնել էին այն։ Դե՜։ Հրացանն անձնատուր եղավ, դանդաղ սողաց դեպի Մայան։ Ինչպես քիչ հետո վերջինս գլխի ընկավ, ուրիշի ձեռքի հետ միասին՝ հետևում վառ, թավ հետք թողնելով, ասես կարմիր ներկ էին ճզմելով քամել պարկուճի միջից։ Աչքերը կկոցելով՝ Մայան մեկը մյուսի հետևից ուրիշի մատները պոկեց կոթի վրայից։ Այժմ դա նրա հրացանն էր․նոր Մաուզեր։ Կաշեթոկը վրան քաշեց և սողաց շենք։
Երբ բարձրացավ ցածրիկ պատուհանագոգի վրա և ափերով հենվեց պատուհանափեղկի կողքերին, որի անկյունները պատված էին ապակու մնացորդներով, թնդաց առաջին պայթյունը․ շպրտվեց ներս՝ հենց չոր թախտի վրա, որը ծածկված էր խոնավության և ծխի հոտով համակված վերմակով։ Մաուզերն ընկավ վրան։ Մի փոքր պառկած մնաց, շունչ քաշեց։ Սողալով իջավ հատակին, ուղղեց կողքից կախված բժշկական պայուսակը։ Սկսեց չորեքթաթ առաջանալ՝ փնտրելով սանդղատունը։ Հետևից քարշ էր գալիս հրացանը՝ հատակին թխկթխկացնելով։
Պատուհանները նայում էին երկու փողոցների։ Մուտքերը նույնպես երկու կողմեր էին դուրս գալիս։ Մի փողոցում յուրայիններն էին, մյուսում՝ գերմանացիները։ Մեկ դյուժին այդպիսի երկկողմանի շենքերի մեջի այդ փողոցները կարճ էին։ Իսկ մարտերն այնտեղ երկար էին ընթանում։ Նման մարտերը ռադիոյով կատաղի և ձգձգվող են կոչում։
Վիրավորները շատ էին․ անելիք կար։ Քանի՞ հոգու էր Մայան արդեն դուրս բերել։ Տասնչորսի՞ն։ Փաստորեն տասնչորս հոգու արյուն կար նրա պայուսակի վրա։
Նրանց բոլորի դեմքերը միաձուլվելով վերածվել էին մեկի։ Կրծոտված շրթունքներ, բերանի անկյուններում կուտակված թուք։ Բերանը բացելիս երևում էին մորագույն փառով դեղին ատամներ, բերանից դեմքին փչող օղու հոտ․ «Քույրի՜կ, քույրիի՜իկ․․․ Ա՜խ, որքան երիտասարդ է․․․»։ Ճակատին խորը ծակոտիներ, երկար ցցամազերի վրայով հոսող սև քրտինք։ Կեղտոտ, արյամբ պատված այդ մարդիկ նաև խիստ ծանր էին։ Մայան կրակի գծից այնպես էր քարշ տալիս նրանց, ինչպես համառ մրջյունը տանում է երկար եղեգը։ Երբեմն ստիպված կանգ էր առնում, սողալով շրջանցում էր մարմինն ու հետևից հրելով էր առաջ մղում՝ հենվելով գետնին, փլվածքների վրայով անցնելիս նույնիսկ գերանի նման գլորվելով։ Նա, ով գիտակից էր, փորձում էր օգնել, բայց այդպես միայն ավելի էր դժվարանում։ «Վզի՛ցս բռնիր, – խիստ կարգադրում էր նա և գլուխը թեքում ոգելից խմիչքի սուր հոտից (ա՜խ, այդ ճակատայինների հարյուր գրամները)։ Հե՜յ, ավելի՜ ուժեղ»։ Մայայի քաշը քառասունութ կիլոգրամ էր․ դա մինչև ճակատ մեկնելը։ Այնտեղ հավանաբար նիհարել էր։
Երեքը ռումբի բեկորներից հենց նրա վրա էին մահացել, հինգը՝ ավելի ուշ՝ դաշտային հիվանդանոցում, մյուսները ողջ էին մնացել։ Հետո չէր սիրում հանդիպել նրանց հետ։ Առհասարակ չէր սիրում նրանց։ Ինչո՞ւ էր դուրս բերում։ Դե՜, որովհետև զինվորական կոմիսարը մի անգամ ասել էր․ «Պատերազմի ժամանակ մարդը պետք է հրացանի նման լինի։ Պետք է կրակել։ Պետք չէ-ն կսպասի, երբ որ անհրաժեշտ լինի»։ Պետք էր, դրա համար էլ դուրս էր բերում։
Այժմ տասնհինգերորդի հետևից էր սողում։ Նախորդ օրը յուրայինները վերցրել էին շենքը, բայց չէին կարողացել պահպանել և նահանջել էին մի փողոց այն կողմ։ Ձեղնահարկում մի քանի վիրավորներ էին մնացել, հարկավոր էր տեղափոխել նրանց, քանի դեռ գերմանացիները նորից չէին գրավել շենքը։
Երկրորդ պայթյունը վրա հասավ, երբ Մայան առաջին հարկի սանդուղքի վրա էր։ Հասցրեց ցատկել և դեմքով թաղվել մեծ և դեռևս տաք մարմնի մեջ, որը երեսնիվայր ընկած էր աստիճանների վրա։ Ճակատով հենվեց փափուկ կիտելին, ձեռքերը մտցրեց դրա տակ, մի փոքր բարձրացրեց այն և վահանի նման փակվեց մարմնով։ Եթե նորից գնդակոծում սկսվեր, բեկորներից կամ պատահական գնդակից կպաշտպաներ նրան։ Մարմինը չէր առարկում։ Դրանից ծխախոտի և օդեկոլոնի անուշ հոտ էր գալիս։ «Ֆրից[1] է, – մտածեց նա, – չափից ավելի անուշ է բուրում»։ Մի քանի րոպե պառկեց, այնուհետև դուրս սողաց դրա տակից։ Իսկապես գերմանացի էր։ Սպա։ Հրացան չկար մոտը։ Շարունակեց սողալ։ Սանդուղքով բարձրանալիս, կորցրեց ժամանակի զգացումը։ Քանի՞ հարկանի է այս գրողի՜ տարած շենքը։ Երբ սողում էր դեպի շենք, թվում էր, թե հինգհարկանի էր։ Բայց արդեն որերորդ սանդղավանդակն էր հետևում մնում, բայց սանդուղքը չէր ավարտվում։ Ա՜խ, այդ տասնհինգերորդը, տե՜ս, թե ուր է բարձրացել։ Մայան ևս մի քանի մարմին տեսավ․ մի քանիսը յուրայիններ էին, մի քանիսը՝ գերմանացիներ։ Անկարգ կերպով իրար կողքի ընկած էին, ասես գրկած լինեին միմյանց։ Մի՞թե կռիվ էին արել։ Ականջ դրեց, բոլորը մեռած էին։ «Բայց հետաքրքիր է, եթե ինչ-որ գերմանացի ողջ լիներ, արդյոք մեջքի վրա քարշ կտար նրան, թե ոչ։ Թե՞ թույլ կտար, որ մահանար այնտեղ՝ սանդուղքի վրա։ Այնուհետև սողալով կհեռանար մեկ ուրիշի հետևից՝ քրտնած և կեղտոտ, բայց յուրային։ Իսկ ֆրիցն աղերսկան հայացքով կնայեր նրա հետևից և իր խորդուբորդ գերմաներենով կշշնջար․ «Քույրի՜կ․․․ քույրիի՜իկ․․․»։ Մի՞թե կկարողանար թողնել նրան։ Իսկ գուցե նրան գնդակահարելու կարիք լիներ։ Չէ՞ որ չէր կարող թշնամուն ողջ թողնել։ Կկարողանա՞ր»։ Մայան չգիտեր։ Դեռ երբեք ոչ ոքի չէր սպանել՝ իսկապես նշան բռնելով։ Պատահել էր, որ կրակել էր․ բուժքույրական դասընթացների ընթացքում երկու պահունակ էր դատարկել, ընդհանուր տասը փամփուշտ։ Բայց սպանել՝ ոչ։
Երրորդ պայթյունը վերջինն էր։ Լռություն տիրեց։ Մայան վերև էր սողում՝ կզակով հաշվելով աստիճանները։ Թնդյունով արձագանքող շքամուտքում լսում էր սեփական շնչառությունը՝ շունչ-արտաշունչ․․․շունչ-արտաշունչ․․․ Մաուզերը տակտ էր տալիս․ թը՜խկ․․․թը՜խկ․․․
Բայց և այնպես կնոջ համար աստիճանների վրայով սողալն ավելի դժվար է, քան տղամարդկանց համար․ կուրծքը խանգարում է։ Թեև փոքր է, ամեն անգամ ստիպված է լինում այն խնամքով դնել աստիճանի վրա, ասես դարակի մեջ է դնում։ Իսկ ինչո՞ւ է փոքր։ Ա՜յ թե ինչպես էր ավագ լեյտենանտն աչքերը չռել, և ամենևին էլ կապ չուներ, որ վիրավոր էր։ Եվ ոչ միայն ավագ լեյտենանտը։ Հոսպիտալում մի քանի անգամ նկատել էր, թե ինչպես էին ապաքինվող զինվորները նայում նրա վրա․ մեկը՝ հայրական քնքշությամբ, մյուսը՝ առանձնահատուկ կերպով, այնպե՜ս․․․ Այո՛, առանձնահատուկ հայացքներին վարժվելու ժամանակն է․ վերջերս տասնութ տարեկան էր դարձել։
Երկար ավտոմատային կրակահերթը ճեղքեց լռությունը․ «Schneller! Kommt, kommt! Dahin[2]!, – ներքևից լսվեց բարձր, վճռորոշ ձայնը, և շքամուտքը համակվեց պայտած սապոգների դայլայլուն դոփյունով»։ Մայան նետվեց վերև՝ դեպի սանդղատուն։ «Es gibt da jemanden! Aufwärts[3]!, – հրամայեց նույն ձայնը, և սապոգների դղրդոցով վազեցին սանդուղքով վերև»։ Կտկտաց ևս մեկ կրակահերթ։ «Իմ վրայով, – անցավ մտքովս»։
Ոտնաթաթերի վրա քայլել փորձելով (երեսունհինգ համարի կիրզաներ չէին գտնվել նրա համար, ստիպված քառասունն էր վերցրել)՝ Մայան ուսով հրեց առաջին պատահած դուռը․ փա՜կ է։ Երկրորդը․ փա՜կ է։ Երրորդը՝ վերջինը, բաց է։ Սողաց ներս՝ դեպի բնակարանի մթություն։ Զգուշությամբ էր փակում դուռը, բայց վերջինս, այնուամենայնիվ, թեթևակի ճռռաց։
Լսեցի՞ն։ Սկսեց շոշափել դուռը՝ փորձելով գտնել սողնակը։ Ահա՜։ Ահա՜ այն։
Սկսեց կողպել․ բարձր մատնազարկ լսվեց։ Գրո՛ղը տանի։ Գրո՛ղը տանի։ Սապոգների դղրդյունը մոտենում էր։
Մի ձեռքով գրկելով հրացանը՝ մյուսով Մայան շոշափում էր առջևում եղած տարածությունը։ Որքա՜ն մութ է այստեղ․․․ Արա՜գ․․․ Միջանցք, հանդերձասենյակ, ծանր վարագույրներ։ Դե՜, արա՜գ․․․ Գտավ դուռը, պտտեց բռնակը։ Հայտնվեց ընդարձակ նախասենյակում, այնուհետև՝ հյուրասենյակում․ արևի ճառագայթները ներս էին թափանցում ժանյակազարդ վարագույրների միջից՝ լուսավորելով մեծ, օվալաձև սեղանը, որը ոտքերով դեպի վերև էր պտտած, և սենյակով մեկ ցիրուցան ընկած էին վիեննական աթոռներ։ Որտե՞ղ թաքնվել։ Շարունակեց վազվզել ճաշասենյակ, խոհանոց, մանկական ննջասենյակ․․․ Տակնուվրա արված կահույք, քարուքանդ արված սնդուկներ, ցիրուցան արված իրեր․․․
Դրսից ինչ-որ բան խուլ թրխկաց, չրխկոց լսվեց․ փականն էին կոտրում։ Մայան նորից նետվեց հյուրասենյակ։ Դեպի այնտեղ էին տանում երկու բարձր, կիսով չափ ապակեպատ դռներ։ Հաստ վարագույրները փակում էին այն։ Դռները լայն բացված էին, հատուկ թավշյա ժապավենները, որոնք գցված էին պատի վրայի կեռերին, բաց էին պահում դրանք։ Մայան կանգնեց դռներից մեկի հետևում և հրացանը սեղմեց կրծքին։ Եթե գլխի չընկնեին նայել փեղկի հետևում, չէին գտնի նրան։ Եթե․․․
– Haben Sie hier geguckt[4]?, – այն նույն հրամայական ձայնը։
– Noch nicht, Herr Oberleutnant[5], – երկրորդը բոլորովին երիտասարդ էր։
-Schauen Sie Mal hier überall[6], – ինչ-որ մեկը մոտեցավ պատուհանին, ըստ երևույթին՝ հրամայական ձայնի տերն էր։ Հատակից բարձրացրեց աթոռը, դղրդյունով դրեց այն և նստեց։ Աթոռը սկսեց աղիողորմ ճռճռալ։ «Ծանրաքաշ է, մոտավորապես իննսուն կիլոգրամ, – վճռեց Մայան»։ Նման մեկին միայնակ հնարավոր չէր լինի դուրս բերել։ Կարճ մատնազարկ լսվեց (կրակայրի՜չ)։ Մայան ծխախոտի հոտ զգաց․ սպան սկսեց ծխել։ Մյուսը քայլում էր ամբողջ բնակարանով՝ այս ու այն կողմ նետելով իրերը և ստուգելով բոլոր անկյունները։ Էլի մարդիկ եկան։ Գերմանացիները զրուցում էին, ծիծաղում։ Շատ չանցած Մայան հոսող ջրի ձայն լսեց։ Զուգահեռ լսվող հռհռոցից հասկացավ, որ զինվորները միզում էին բնակարանի պատերին։ Հիշեց, որ ամբողջ առավոտ զուգարան չէր գնացել, ինքն էլ ուզեց։
– Scheißbeutel[7]!, – բարկացած բղավեց սպան։ – Aufhören[8]!։
Զինվորների հռհռոցը միանգամից դադարեց։ Սպան մի փոքր էլ գոռգոռաց, այնուհետև սկսեց հրամաններ արձակել։
Մի քանի զինվորներ փախան, մնացածները սկսեցին շրջել, կանգնեցնել աթոռներն ու սեղանները, տեղաշարժել կահույքը։ Ի՞նչ էին պատրաստվում անել։
Մայան աշխատում էր չշնչել։ Ինչպիսի երջանկություն էր, որ Մաուզերը հատակին էր դրել, այլ ոչ թե ուսին կախել։ Ըստ երևույթին՝ դեռ երկար էր այնտեղ կանգնած մնալու․․․ Հինգ կամ չորս գերմանացի կար սենյակում, որոնք շարունակում էին ինչ-որ բանի պատրաստվել։ Փակաղակների չխկոցից Մայան գլխի ընկավ, որ մարտի էին պատրաստվում։
-Noch zwei Minuten[9], – ասաց հրամայական ձայնը, և մյուսները լռեցին։ – Eine Minute[10]։
Այնպիսի լռություն տիրեց, որ Մայան վախենում էր չափից ավելի բարձր շնչառությամբ կամ հագուստի շրշյունով մատնել իրեն։
– Dreißig Sekunden… Jetzt[11], – վերջինը հանգիստ և վստահ ձայնով ասվեց։ Մի պահ հետո պայթյուն որոտաց․ մոտակայքում, բայց ոչ շենքում, հատակի և պատերի թեթևակի ցնցումից հասկացավ Մայան։
– Was für ein Tag ist heute[12]?, – կամացուկ հարցրեց գերմանացիներից մեկը։
– Sonntag[13], – պատասխանեց երկրորդը՝ կրկին ցածրաձայն։
Փոխհրաձգությունը սկսվեց մեկ ակնթարթում, ինչպես տեղատարափ անձրևը օգոստոսին։ Մայային թվաց, որ կրակում էին ամենուրեք՝ դրսում, հարևան բնակարաններում, սենյակում․ մի ակնթարթում ամեն բան համակվեց ճայթյունով ու դղրդյունով, մարդկանց ճիչերով, գերմանական հայհոյանքների ֆշշոցով։
Սենյակում գերմանացիները շատ էին կրակում՝ գրեթե անդադար։ Զրնգում էր պողպատը, չխկում էին փակաղակները, երկաթյա անձրևի նման հատակին էին թափում պարկուճները։ Ծխի և վառոդի հոտից մռմռում էին աչքերը։ Դղրդոցն այնքան երկար տևեց, որ քներակները սկսեցին ցավել։
«Եթե փամփուշտը դիպչի դռանը, մի՞թե կծակի այն և կսպանի ինձ։ Թե՞ կմնա փայտի մեջ։ Իսկ եթե ապակեպատ հատվածի՞ն դիպչի»։
Մայան նկատեց, որ սենյակում արդեն միայն մեկ ավտոմատ էր կրակում․ այն մյուսներից ավելի համառորեն էր չխկչխկում, բայց վերջում նույպես խափանվեց․ լռություն տիրեց։ Շենքի ինչ-որ հատվածում փոխհրաձգությունը դեռ շարունակվում էր։ Մայան մի փոքր սպասեց, այնուհետև դուրս նայեց իր տաքստոցից։ Իսկապես, չորսը մեռած գերմանացիներ ընկած էին պատուհանների մոտ։ Հինգերորդը՝ սպան՝ սենյակի կենտրոնում։ Դուրս եկավ դռան հետևից։ Նստեց սենյակի կենտրոնում դրված աթոռին՝ փորձելով չնայել դրա կողքին պառկած սպային։ Հրացանը դրեց հատակին, ճակատով հենվեց դրան։ Մի քիչ նստեց։
Վերցնե՞լ հրացանը։ Այնքան շատ են․․․ Ո՛չ, այս հրացանն արդեն հարազատ է դարձել, առավոտից այնքան բանի միջով են անցել միասին։ Գուցե այն երջանիկ կախարդաիր է։ Կշարունակեմ դրա հետ գնալ։
Առանձին կրակոցներ դեռ լսվում էին սանդղատնից։ Հանկարծ մուտքի դուռը թրմփաց ինչ-որ մեկի սապոգի տակ, և Մայան լսեց, որ մի քանի մարդ ներխուժեց բնակարան։ Հիմա՜ր։ Հիմա՜ր։ Ժամանակից շուտ դուրս թռավ։ Հե՜տ։ Բայց նորից դռան հետևում չէր հասցնի թաքնվել, մյուս կողմից մոտենում էին շտապող քայլերը։
Շտապով վերցնելով Մաուզերը՝ սողոսկեց հարևան սենյակ։ Բարեբախտաբար սենյակները շատ էին և դուրս էին գալիս մեկը մյուսից, շարված էին, ինչպես ուլունքահատիկները թելի վրա։ Սեղանի՜ տակ։ Մտավ երկար, գրեթե հատակին հասնող սփռոցի տակ և քարացավ։ Կցկտուր բառեր լսեց․ կրկին գերմանացիներն էին։ Դրանց․․․
Բնակարան վազեցին ևս մի քանի մարդիկ։ Կրակոցներ լսվեցին․ մի քանի հրացաններ և ատրճանակներ, համարյա դիմահար են կրակում, ինչ-որ մեկը թխկոցով ընկավ հատակին։ Մայան բերանքսիվայր պառկել էր հատակին՝ քիթը սեղմած սեղանի փայտե, կլոր ոտքին։ Ոտքը հաստ էր, շատ ավելի հաստ քան դռները։ Եթե փամփուշտը դիպչի դրան, մի՞թե ամբողջությամբ կծա․․․ Մի քանի մարդ արդեն սենյակում էր։ Սփռոցի ծոպերի արանքից տեսավ երեք զույգ ոտքեր։ Կրակելով պաշտպանվում էին։
Սեղանածածկը ցնցվեց, ասես մեխեին․ փամփուշտ։ Ինչպիսի տարօրինակ միտք․ երբեք շրթունքներս չեմ ներկել մայրիկի կարմիր շրթներկով։ Բազմիցս ցանկացել եմ, բայց չեմ փորձել․․․ Սեղանածածկը ևս մեկ անգամ ցնցվեց․երկրորդ փամփուշտը։ Հանկարծ (Oh, Schande[14]!) ինչ-որ մեկի ծանրաքաշ մարմինը կարճատև ճիչով ընկավ սեղանի ոտքերի մոտ։ Հայտնվեց գրեթե Մայայի դեմքի կողքին․ գեր, կապտելու աստիճան սափրված այտերը դոնդողի պես տարուբերվում էին։ Գերմանացու աչքերը բաց էին, բայց նա արդեն չէր տեսնում Մայային։
Մյուս երկուսը շարունակում էին փոխհրաձգությունը։ Նրանցից մեկի փամփուշտներն ավարտվում էին, մի կողմ շպրտեց ատրճանակը և նետվեց մահացած ընկերոջ մոտ։ Մայան լսեց, ծնկների վրա ցատկեց իր թաքստոցում։ Գերմանացին ծնկների իջավ դիակի կողքին, մահացածի դյուրաթեք ձեռքերից պոկեց Վալտերը։ Աչքի պոչով շարժում նկատեց սեղանի տակ։ Կռացավ, հենց նոր ձեռք բերված Վալտերով բարձրացրեց սփռոցի ծայրը։ Մայայի հետ հանդիպեցին հայացքներով․ տեսավ խոշոր, սև բիբերով դեղնաշագանակագույն աչքերը։ Բիբերը սեղմվում էին՝ վերածվելով վագրի աչքերի, սեղմեց ձգանը։ Փուստ տվեց: Քաշքշեց փակաղակը։ Մայան ձեռքերով զգաց հրացանի սառնությունը, ահա թե ինչի համար էր ամբողջ օրն այն քարշ տվել իր հետ։ Բայց հրացանը բարձրացնելու և կրակելու համար արդեն ուշ էր։ Ինչպիսի՜ հիմարություն ստացվեց․․․
Հանկարծ գերմանացին ցնցվեց ամբողջ մարմնով (ասես ինչ-որ բան հրում էր նրան հետևից (փամփո՜ւշտ)) և սկսեց բերանքսիվայր ընկնել։ Ընկնելու ընթացքում հասցրեց շրջվել և մեջքի վրա հայտնվեց հատակին՝ ևս մի քանի կրակոց արձակելով։ Այնուհետև հանդարտվեց։ Մայան դա չտեսավ․ ծնկների վրա դուրս պրծավ սեղանի տակից և շտապեց հարևան սենյակ։ Դա վերջին մարգարտահատն էր․ այնտեղից ելք չկար։ Միայն պատշգամբ։
Մայան դուրս թռավ պատշգամբ։ Մեջքով հենվեց պատին, իսկ դեմքով՝ դեպի փողոց։ Պատշգամբի դուռը բաց էր, չէր հասցրել փակել։
Մի՞թե գլխի կընկնի վերջին գերմանացին, որ ինքն այնտեղ է։ Թե՞ մինչև այդ դրսից նշանառության կառնեն նրան։
Լսեց, թե ինչպես էր սենյակ մտնում։ Թեթև քայլով էր առաջանում․ սրիկա՜։ Մի քանի քայլ էր անում, կանգ առնում։ Պատշգամբին չէր մոտենում։ Չէ՞ որ տեսնում էր, որ դուռը կողպված չէր․ խաղո՞ւմ էր հետը։ Նշան էր բռնել և սպասում էր, որ նյարդերը տեղի՞ կտային։ Շա՜ն տղա։ Կսպանեմ։
Մայան սահուն կերպով բացեց փակաղակը․ պահունակում փամփուշտնե՜ր կային։ Անձայն փակեց։ Մեջքը պոկեց պատից և փողով հրեց պատշգամբի դուռը, որն անձայն լայն բացվեց։ Տարածքը լցվեց արևային լույսով, Մայայի՝ առաջ թեքված հրացանով ստվերն ընկավ սենյակի երկայնքով։ Մայան տեսավ գերմանացուն։ Թեթևակի ծալված ոտքերով կանգնած էր սենյակի կենտրոնում՝ կողքով դեպի Մայան․ միջին հասակի անձնավորություն՝ շագանակագույն հագուստով։ Առաջ պարզած լարված ձեռքում սև Լուգեր էր։ Մայան կրակեց, կոթը ցավոտ կերպով հարվածեց ուսին։ Փամփուշտի հարվածից գերմանացին ընկավ տիրի երկաթե արձանիկի նման։ Լուգերը մի կողմ թռավ և հարվածեց պատին։ Վիրավորը շրջեց գլուխը, հայացքով գտավ Մայային և սկսեց ցնցվող ծնկներով դանդաղ պպզել։
Մայրի՜կ ջան, ախր նա լրիվ երեխա է․․․ Մայային էին նայում մեծ, սարսափով լի, ցնցվող թարթիչներով մոխրագույն աչքեր, բիբերն ասես մետաղադրամներ լինեին։ Դեմքը սպիտակ էր, քթանցքներն՝ ավելի։ Կզակը ցնցվում էր, լարվածությունից բերանի անկյունները լայնացել էին, ասես թելերով ձգած լինեին։ Արագ-արագ և ընդհատումներով էր շնչում, ինչպես փախչող լակոտը, միայն թե ատամներով։ Փայլփլուն, արծաթագույն գանգով պիլոտկան իջել էր ծոծրակին։ Մի ականջն ավելի ծռված էր, քան մյուսը։ Կարճ շալվարի տակից երևում էին բարձրասրունք, երկար ոտքերը։
Տղան ընկավ հատակին՝ կոճերը իր տակ դնելով, դեմքով դեպի վերև։ Կատարյալ լռություն էր տիրում։ Կրծքավանդակի աջ մասում մուգ գույնի հետք էր․ թաց, ծորում էր, ընդարձակվում։ Լուրջ վերք էր։ Նման վերքով միանգամից վիրահատական սեղանին․․․
Իսկ հետո՞։ Մայան կանգնած էր նրա առաջ՝ բարձրահասակ, խոշոր, հրացանն առջևում բռնած։ Արևն անխնա կերպով այրում էր ծոծրակը։ Քայլ արեց դեպի տղան․ ողջ էր, աչքերը բաց էին, առաստաղին էր նայում, շրթունքներն անձայն ինչ-որ բան էին շշնջում։ Քանի՞ տարեկան է․ տասներե՞ք, տասնչո՞րս։
Ա՜խ, ինչպե՞ս չնկատեցի։ Իսկ եթե նկատեի, մի՞թե չէի կրակելու։ Միանշանակ կրակելու էի։ Իսկ հիմա վերջը տա՞մ։ Հենց այսպե՞ս, վերևից ներքև դեմքին նայելո՞վ։ Սառը շիթը հոսում էր ողնաշարի վրայով։
Մայան զգում էր, որ մատները մղկտում էին ցավից․ այնքան երկար էին սեղմել հրացանը, որ քարացել էին։ Տեսնում էր, թե ինչպես էին սպիտակել տղայի ձեռքերի ոսկորները, եղունգներով ճանկռել էր հատակը։ Ա՜յ, անփո՜րձ, խա՜կ։
Բայց իսկապես, մի՞թե վերջը պետք է տա․․․Եվս մի քայլ արեց դեպի տղան՝ առանց հրացանն իջեցնելու։ Վերջինս շլում էր աչքերը․ տեսավ Մայային։ Գեղեցիկ աչքեր էին, ասես ներկված լինեին։ Հոնքերը կամարաձև էին։
– Du hast die Haare, wie Mama[15], – շշնջում էր տղան։
Մայան իջեցրեց զենքը։ Ո՛չ չեմ կարող։
Ոչ ոք չէր իմանա, որ ողջ էր թողել նրան։ Գուցե նույնիսկ նրա յուրայինները գտնեին նրան։
Հայացքը նրանից չկտրելով՝ Մայան պատի երկայնքով շարժվում էր դեպի ելքը։ Տղան հայացքով ճանապարհում էր նրան։ Դեմքը թարմ էր, մաշկը՝ նուրբ․ հավանաբար դեռ ոչ մի անգամ չէր սափրվել։ Վիզը բարակ էր, ադամախնձորը դեռ ցայտուն կերպով չէր երևում։ Մազերն ասես սոճու տաշեղներ լինեին։ Մտքովս անցավ, թե որքան նման են իմ․․․
– Hilf mir[16], – հազիվ լսելի արտաբերեց տղան, երբ Մայան արդեն դռան մոտ էր։ Օգնությո՞ւն է խնդրում։
Մայան դուրս եկավ սենյակից, մեջքով հենվեց դռան կողափայտին։ Գուցե գոնե տասնչո՞րս է։ Ներքևում նորից սկսեցին կրակել։ Պետք է արագ հեռանալ այստեղից։ Հենց հիմա։ Անմիջապես վազի՛ր ներքև, եթե ուզում ես ողջ մնալ․․․
Մայան վերադարձավ սենյակ, ծնկի իջավ տղայի կողքին, շտապ-շտապ վիրակապեց վերջինիս կրծքավանդակը, նրա ձեռքը գցեց իր ուսին․ վզի՛ցս բռնիր, ամո՛ւր։
Ոտքերը հենելով և ծնկներն ուղղելով՝ կանգնեց՝ բռնվելով թուլացած օտար մարմնից․ մի ձեռքով բռնվելով նրա վզից՝ տղան կախված էր նրա ձախ ուսից։ Աջին տարուբերվում էր Մաուզերը։ Ի՜նչ թեթև է։ Ինձանից թեթև։ Դե՜, առա՜ջ։
Ծանր էր քայլում․ ոտքերը չէին պահում։ Սև, փայլուն կաշվից և հաստ ներբաններով կոշիկները (տարբերվո՜ւմ են իմ կիրզայի կոշիկներից) կառչում էին հատակից։ Մայան գրեթե քարշ էր տալիս տղային։ Նրա մի ձեռքը Մայայի ուսին էր, իսկ մյուսը փակում էր սև հետքը, որն աստիճանաբար տարածվում էր ամբողջ կրծքավանդակով։
Հասան մյուս սենյակ, քարշ գալով՝ անցան սպանվածների կողքով։ Ահա կապույտ այտերով գիրուկը, որը շարունակում էր պառկած մնալ սեղանի մոտ, իսկ կողքին վագրի աչքերովն էր՝ մինչև հիմա ատրճանակը ձեռքում սեղմած․․․ Ահա և այն դռները, որոնց հետևում թաքնվում էր։ Դռնակները ծածկվել էին փամփուշտներից բացված անցքերով։ Ապակիները փշուր-փշուր էին եղած։ Դրանից հետո միջանցքի մթությունն էր։ Աշխատացրո՛ւ ոտքերդ, տղա՛, մի՛ թուլացրու քեզ։
Նրա մաշկից վառոդի ծխի հոտ էր գալիս, նաև թեթևակի զգացվում էր կաթով սուրճի բույրը։ Մայան պարզ հիշում էր այդ բույրը, միշտ չորեքշաբթի օրերին էին տալիս դպրոցում։ Սկսում էր ավելի հաճախակի շունչ քաշել։ Արտաշնչում էր հենց Մայայի ականջի մեջ․ Romm. Ich heiße August Romm[17]։ Հիմա՛ր, ժամանակ է գտել զրուցելու։
Ահա մուտքի դուռը։ Լավ էր, որ կոտրված էր, սողնակը շոշափելով փնտրելու կարիք չկար։ Կողքով ենք առաջանում, կողքով․․․
Հիմա ամենաբարդը՝ սանդուղքը։ Այստեղ չենք կարող թաքնվել։ Վազեվազ կգնանք։ Արագ-արագ իջնում ենք չորրորդ հարկ, այնտեղ՝ դռների մոտ հանգստանում ենք։ Իսկ հետո՝ երրորդ։ Եվ այդպես մինչև ներքև։ Հասկացա՞ր։
– Ich bin vierzehn[18], – տղան համառորեն շարունակում էր շնչել նրա ականջի մեջ։
Շշուկը խեղդված էր, գրեթե խռխռոց էր։ Ի՜նչ շատախոս է։ Խնայի՛ր ուժերդ։
Իջան սանդուղքով․ արա՛գ, արա՛գ։ Միայն թե գնդահոլի պես չգլորվեն․․․
Հասան չորրորդ հարկ, հենվեցին պատին, մի քանի վայրկյան հանգստի համար․․․ Տղան ծանր էր շնչում, ժամանակ առ ժամանակ տնքում էր։ Մայան ափով փակեց նրա բերանը․ սո՜ւս։
Դրսի փոխհրաձգությունն ահագնանում էր։ Իսկ եթե ինչ-որ մեկը շքամուտք մտնե՞ր։ Սկսեր սանդուղքով բարձրանա՞լ։ Ինչպե՞ս կռահել յուրային էր, թե՞ ֆրից։ Մայան վճռեց, որ չէր սպասելու, ուղղակի բնակարաններից ինչ-որ մեկն էր քարշ տալու տղային։ Եթե բաց դուռ գտներ։
Դեպի երրորդ հա՛րկ, նե՛րքև․ քայլով մա՛րշ։ Աշխատացրո՛ւ փոցխերդ, տղո՛ւկ, աշխատացրո՛ւ։ Ահա և Մայայի հին ծանոթները՝ գրկախառնված չորս դիակները։ Տղան չկարողացավ անցնել՝ նրանց վրայով քայլ անելով, պպզեց հատակին, ստիպված սկսեց քարշ տալ նրան՝ թևատակերից բռնելով։ Քարշ տալով տեղափոխեց, բայց այդպես էլ չկարողացավ բռնել ձեռքերը, և հենց այդպես էլ քարշ տվեց մինչև երրորդ հարկ՝ մեջքով դեպի առաջ։ Նրա կոշիկները հաճախակի բախվում էին աստիճաններին։ Այնպիսի՜ աղմուկ էր։
Հենվեցին բնակարանների դռներին։ Տղան վատ էր կանգնած, ոտքերը ծալվում էին։ Ձեռքը, որով սեղմում էր վերքը, վառ կարմիր գույն էր դարձել։ Ահա և քո արյունը նույնպես պայուսակիս վրա է․ տասնհինգերորդ․․․ Ճանապարհի կեսն անցել ենք, տղա՛, դիմացի՛ր։
– Ich hatte drei Brüder. Alle im Krieg gefallen[19], – արտաշնչելով արտաբերում էր տղան, բայց բառերը գրեթե անհնար էր տարբերակել։ Ա՜յ, շատախո՜ս։ Վա՜յ քեզ։ Ասացի չէ՞, խնայի՛ր ուժերդ։
Երկար էին իջնում երկրորդ հարկ։ Սանդղավանդակի բաց տարածության մեջտեղում պարզ դարձավ, որ տղան այլևս չէր կարող գնալ, և Մայան շալակը գցեց նրան։ Վաղուց էր պետք գլխի ընկնել։ Այդքա՜ն ժամանակ կորցրին։
Երկրորդ հարկ։ Դիմացի՛ր, տասնհինգերո՛րդ, գրեթե հասանք։ Մայան նստեցրեց նրան՝ մեջքը հենելով պատին, ուղղեց ուսի հրացանը։ Հիմա կհաղթահարենք վերջին հարկն ու․․․
– Sich zerstreu’n[20]!, – առաջին հարկից լսվող դոփյունն ու ձայներն արդեն շատ մոտ էին։ – Die erste Gruppe — nach links! Die zweite — nach rechts[21]!։
Գրո՛ղը տանի։ Մայան բռնեց մոտակա դռներից մեկի բռնակը․բա՜ց է։
Շրջվեց դեպի տղան։ Վերջինս նստած էր պատի մոտ՝ բոլորովին ծռված, ասես քրջե տիկնիկ լիներ, և երկու ափերը կրծքին դրած։ Ուշադիր նայում էր նրան։ Փորձո՞ւմ է մտապահել։ Ներքևից լսվող դոփյունն ահագնանում էր։ Գերմանացիները շատ էին։ Ձերոնք են, լսո՞ւմ ես։ Շուտով կգտնեն քեզ։ Գուցե նույնիսկ ողջ մնաս, եթե բախտդ բերի։ Մայան թարթեց, տղան թարթեց՝ ի պատասխան։ Սողոսկեց դռան ճեղքից՝ զգուշորեն բռնելով հրացանը։ Պետք է դուրս գալ այս շենքից։ Չգիտեմ ինչպես, բայց շատ շտապ։ Ծածուկ մտավ սենյակները։ Բնակարանի պատուհանները նայում էին փողոցի այն հատվածին, որտեղ յուրայիններն էին։ Մայան կամացուկ անցավ պատուհանների երկայնքով՝ փնտրելով հրշեջային սանդուղքը։ Սովորաբար շենքերում մի՜շտ լինում են հրշեջային սանդուղքներ։ Կռացած անցավ պատուհանների մոտով․ մնում էր, որ յուրայինները գնդակահարեին նրան։ Երկրորդ պատուհանը, հինգերորդ, յոթերորդ․․․
Ասում էի, չէ՜։ Ահա՜ այն․ թանկագի՜ն, թանկագի՜ն։ Մայան բարձրացավ պատուհանագոգին և մի ցատկով մարմինը տեղափոխեց աջ, որտեղ սևանում էին ժանգոտած սանդուղքի մետաղաձողերը, և մատներով կառչեց դրանցից։ Սանդուղքը խուլ ճռռաց և ցնցվեց՝ խփվելով պատի աղյուսներին։ Մայան ոտքերը հերթով սահուն կերպով բարձրացնում ու դնում էր սանդուղքին, ժանգից քայքայված աստիճաններով արագ իջնում էր ներքև։ Միայն թե յուրայինները նշանառության տակ չառնեին նրան։ Հրացանը հարվածում էր թիակներին։
Հերթական աստիճանը կոտրվեց ոտքի տակ, այնուհետև՝ ևս մեկը, հետո՝ մեկ ուրիշը, և Մայան սլացավ ներքև՝ ժանգոտած մետաղով քերթելով ափերը և արմունկները։ Պատռվող կտորի ձայն․ գիմնաստյորկայի մի հատվածը մնաց սանդուղքի վրա։ Մայան ընկավ մեջքի վրա, ուժեղ հարվածեց ծոծրակը։ Շրջվեց փորի վրա։ Աշխատում էր արմունկներով և ծնկներով․ շենքից հեռո՜ւ։ Նկատեց, որ Մաուզերը մեջքին չէր։ Շրջվեց․ հրացանը կառչել էր սանդուղքից և կախվել էր կոտրված աստիճաններից մեկից, տարուբերվում էր։ Ասես ճոճանակ լիներ։ Ափսոս էր հրացանը, մտերմացել էր նրա հետ։
Ինչ արած։ Մայան շարունակեց սողալ․ ավելի՜ արագ։ Պատի մոտից դեպի ցանկապատ, ցանկապատից՝ ծառեր, ծառերից՝ փողոցի հակառակ կողմում գտնվող հեռավոր շենք, որտեղ այրված մեքենա էր ընկած՝ ածուխ դարձած անիվներով դեպի վերև։ Սալարկուղում ծխի հոտ էր գալիս։ Ամբողջությամբ պատված էր դեղին պարկուճներով, որոնք զրնգում էին միմյանց դիպչելիս։ Դրսում մի շունչ անգամ չկար։ Լռություն էր։ Վերևում՝ հեռվում, լսվում էր ինքնաթիռների հազիվ նշմարելի դղրդյունը։ Հավանաբար վաղուց նկատել էին նրան, հրացանի նշանոցի միջոցով հետևում էին․ մեկ երկու, տասը․․․ Սպասում են, որպեսզի ավելի մոտ սողամ։ Ընկերնե՜ր, յուրային եմ, ձերոնքական։
Ինքնաթիռների դղրդյունը մոտենում էր՝ կտրուկ, անսպասելի։ Իսկ փողոցը չէր ավարտվում։ Միայն թե ո՜չ ֆրիցները։ Չէ՞ որ այնտեղ նա միանգամայն պարզ երևում էր։ Հիմա կկրակեին նրա վրա, ինչպես հրաձգարանում թիրախին՝ խնամքով, ուղիղ կենտրոնին։ Հակառակ կողմում գտնվող շենքը ավելի ու ավելի մոտ էր։ Հասցրե՞ց։
Ինքնաթիռներն անմիջապես ծոծրակի վերևում էին ոռնում։
-Ի՞նչ ես անում այդտեղ, – շուռ եկած ավտոմեքենայի հետևից դուրս եկավ ծոծրակին իջած գլխարկով ինչ-որ անծանոթ կապիտանի ծռմռված դեմք, աչքերը չռված էին։ – Այստե՛ղ, քո՛ մերը։
Ձեռքի կտրուկ շարժում կատարելով՝ պարզեց ձեռքերը, Մայան ոչինչ չհասկացավ, ցատկեց և կառչեց դրանցից։ Ձեռքերը քարշ տվին նրան ավտոմեքենայի մյուս կողմ, Մայան ցավոտ կերպով թրմփաց գետնին։ Կապիտանն անմիջապես պառկեց վերևից՝ իր մարմնով ծածկելով նրան։
-Հրամանը չե՞ս լսել, հիմարի՜կ, – ֆշշացնում էր Մայայի ականջին։ – Հիմա այս ամբողջ փողոցը գրողի ծոցը․․․
Չհասցրեց ավարտել խոսքը։ Երկնքում ծորուն, բարձր ոռնոց լսվեց, մոտեցավ, թափվեց նրանց վրա, դղրդյունը համակեց նրանց վերմակի նման։ Գետինը ցնցվեց և կրծքից, կողերից, փորից հրեց Մայային։ Այնուհետև՝ նորից։ Հետո՝ ևս մեկ անգամ։ Եվ էլի շատ անգամներ։
Ռմբակոծությունն ավարտվեց հանկարծակի։ Վրա հասած լռության մեջ պարզ լսվում էր հեռացող ինքնաթիռնորի դղրդյունը։ Գետինն այլևս չէր հրում Մայային։ Դուրս սողոսկեց կապիտանի տակից, մազերի միջից աղբ և քարեր էին թափվում։ Գետնին նստեց և նայեց հետ ՝ շենքերին։
Իսկ փողոցում շենքեր չկային։ Տասներկուսից ոչ մեկը։ Փոշու և ծխի հսկայական պատ էր վեր խոյանում։ Դրա միջից հազիվ տեսանելի էին պատերի մնացորդները պատուհանների անցքերի մեջ, որոնք ասես ժանյակազարդ լինեին։ Այնուհետև փոշին սկսեց աստիճանաբար նստել գետնին։ Փոշու հետ միասին վերևից սկսեցին ամեն տեսակ անպետք բաներ թափվել․ լրագրերի պատառներ, թղթի ծվեններ, քրջեր, տաշեղներ․․․
-Ասում էի, չէ՞․․․ Գրողի ծոցը, – կոկորդը հազալով մաքրեց կապիտանը՝ոտքի կանգնելով և թափ տալով՝ մաքրելով հագուստը, այնուհետև ժպտաց՝ հեռավոր դղրդյունին նայելով, օդում հաղթանակած թափահարեց սեղմած բռունցքը։
Մայան շարունակում էր գետնին նստած մնալ։ Նրան թվում էր, թե փոշու և ծխի մեջ նախկինի նման երևում էին այն նույն պատը, այն նույն սանդուղքը, այն նույն աստիճանը, որի վրա անխոնջ ճոճանակի պես տարուբերվում էր նրա թողած հրացանը։
Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի
[1] Գերմանացի ֆաշիստ զինվոր։
[2] Ավելի՛ արագ։ Արի՛, արի՛։ Այնտե՜ղ։
[3] Այնտեղ ինչ-որ մեկը կա։ Վերևում։
[4] Այստեղ նայե՞լ եք։
[5] Դեռ ո՛չ, փոխգնդապե՛տ։
[6] Ամեն տեղ նայե՛ք։
[7] Տխմարնե՜ր։
[8] Կա՛նգ առեք։
[9] Եվս երկու րոպե։
[10] Մեկ րոպե
[11] Երեսուն վայրկյան… Հիմա։
[12] Ի՞նչ օր է այսօր։
[13] Կիրակի։
[14] Օ՜, ամո՜թ։
[15] Մազերդ նման մորս մազերին։
[16] Օգնի՛ր ինձ։
[17] Ռոմմ։ Անունս Ավգուստ Ռոմմ է։
[18] Տասնչորս տարեկան եմ։
[19] Ես երեք եղբայր ունեի։ Նրանք բոլորը զոհվեցին պատերազմում։
[20] Ցրվե՛ք։
[21] – Առաջին խումբը՝ ձախ կողմ։ Երկրորդը՝ աջ։

