խորհրդավոր ընթրիք
Եւ նա (Յովհաննես)
անկեալ զլանջաւքն Յիսուսի,
ասէ ցնա. Տէ՛ր` ո՞վ է:
Յովհաննես 13:25
առաքյալներ ենք բոլորս
ու սեղան գցած
սպասում ենք
_ով է ընտրյալը
հացն ու գինին չեն օրհնվում
առանց մատնիչի
Փրկիչին ոչ ոք չի ճանաչում
վիճակ են գցում
հին փառքից հոգնած
առաքյալները
_ով է ընտրյալը
հուդա
օդի հետ
մահացու բառեր են
աղմուկով թափվում
մեր թոքերի մեջ
և նոր երակներվ են շղթայվում
մեր մարմինները
ներսից
ու մենք
ծառերի տակ
ստախոս ու խաբված
երազողներ ենք դառնում՝
անհաղորդ աչքերի մեջ
տարեգրության՝
ավարտված և անավարտ
դարերի
որ գալիս ենք ողբալու
արժեզրկումը
ամեն մեկն իր բաժին արծաթի
ուրացում
Դարձաւ Տէր` եւ հայեցաւ ի Պետրոս…
Ղուկաս 22:61
մեր ժպիտներից բեկվում է
մարգարեական տխրությունը
մեր հայացքի
կեսգիշերն անց լռությունն
էլի աղոթք կկոչենք
միայն բախտախաղը մոլի
կզատի մեզնից զղջացողին
ով առաջինը
կթաքցնի աչքերն
ու կհեկեկա աքլորահանչին
պիղատոս
մինչ խաղաղության մասին
ոսկեձույլ բառեր են
սողեսող հրճվում
կրակների տակ
և արյան մեջ
մինչ խոցված ու անպաշտպան
տաճարի վրեժն է
թափառում
հպարտ ու պաշտպանված
տաճարներում,_
նայի՛ր,
ինչ-որ տեղ
պիղատոսն ընկնում է
բարաբբա՛յի ձեռքով
որ պարսպապատ տաճարները
սարսափած տեսնեն
չեղարկո՛ւմը
վաղուց արդեն ծանոթ
Գողգոթայի
բարաբբա
Մի՛ զդա, այլ Բարաբբա
Յովհաննէս18:40
փողոցներից բարձրացած
բառակարկուտն է թափվում
սպասումի տանիքներին
էկրաններից
ու փողոցից փողոց
բառեր են ցատկոտում
լուսացույցը
հետհաշվարկն է տալիս
հաղթակն երթի
մրցակից չունի
մրցակից չունի
բարաբբա՛ն
ԳԱՌՆ ԱՍՏՈՒԾՈ
Agnus Dei
Ահաւասիկ Գա՛ռն Աստուծոյ`
որ բառնայ զմեղս աշխարհի:
Յովհաննէս 1:29
որդիք հաղթության
տանում են
Գառն Աստուծո՝
զոհելու
պատեհության ակնթարթին
Գառն Աստուծո
գնում է
մեռյալների հաղթության
ավերակներից
գոյության երջանկությունը
փրկելու
խաչելություն
բառերը գամեր դարձած
կախվել են շուրթերից ամբոխի
լուսամուտներից մինչև լուսին
սարդոստայնի պես
բծեր են ձգվում
մաքուր ու թափանցիկ լույսի վրա
մրուրով լցված երակներ են հոսում
կիսամութ և կիսալույս
շքամուտքերում
և ձգվում մինչև
կեսգիշերվա մեջ
Քավությունից անտեղյակ սրտեր
…աքաղաղի կանչից առաջ
աքաղաղի կանչից հետո
Խաչյալը դեռ ներում է
երկրի և դժոխքի միջև…
…լունահաչը չի վերջանում
Dies irae
…զի անկավ բանսարկուն առ ձեզ…
Հայտնութիւն 12։12
1
…և նա կընկնի երկրի վրա
և նա կընկնի երկրի վրա
և հասկանալով որ քիչ ժամանակ ունի
նա կշտապի
և նրա վազքին կհավատան
և կործանվող դրախտները
մեր բջիջներում
ապակե շեղբերի պես երակների միջով
կհոսեն դեպի սրտերը մեր
մենք մեռնելու չափ վիրավոր կլինենք
բայց ցավին կնայենք հեշտանքի աչքերով
քանզի շտապող վազքի մեջ
կործանումից առաջ ցավի տագնապը
կխլանա դեղահաբերով
և մարգարեական ցավը կլինի ինչ-որ տեղ
ուրիշի մարմնում
և ցավից կամ երջանկությունից կչարախնդան
շտապող ընտրյալները հաղթանակի
որ քիչ ժամանակ ունեն
և խրախճանքն ամբոխի
կազդարարի ատելությամբ դարավոր
ժամանակն ուշացած մարգարեների
2
մինչև օր երրորդ
անկարելի է սիրել
առանց մեռնելու
ուրացած ու մոռացված
մեղքերի համար
և լեգիոններն ամբոխների
_որպես Բարաբբա_
համրաքայլ կիջնեն
կառափնարանից
_մինչև օր երրորդ_
ծառերից արդեն
իմաստազուրկ հաղթանահներ
կճոճվեն
կախվա՛ծ
և գերեզմանոցն
անարժան կուռքերի
երբեք չի մնա թափուր
lacrimosa
մենք շարունակում ենք ժպտալ՝
սփոփանքի մասին
իմաստություններ կրկնելով
և բառերը հոսում են
կուտակվում մեր սրտում
իբրև լռություն
…ու մենք սկսում ենք արտասվել
ուրիշ ցավից՝
որ չխոստովանենք
քավության համար ափսոսած
մեր արցունքները
Ricordate
1
աղե արձաններ
ծծումբով այրվող հիշողության մեջ
խրախճանքը մոլի
գալարվող օձի
աչքերով դեղին դեռ պարում է
շիկացած դժոխքը կարոտի
կրակ է թքում երկինքն ի վեր`
ըմբոստության գոռոզ պատառիկներ
_կփախչեն
կփախչեն անվերադարձ
գերիներն օձակերպ երջանկության
_կփնտրեն լռությունը
նախաստեղծ փրկության
և ավարտի
…ու հետո պոետներ կգան
իմաստուն պոետներ,
որ գտնում են անվերջ
փախուստի և փրկության միջև
աղե արձաններ
2
մագդաղենացի
Եւ ո՛չ ես դատապարտեմ զքեզ
Յովհաննես 8:11
սրբապատկերներ պաշտամունքի
հառնում են
ծիսական կուռքերի պես
մարգարեները լռում են
պարսաքարերի տակ
քաջության և սարսափի միջև
ապագայից անցյալ վերադարձած սրբերը
հիասթափված նայում են
արդարությունից ոչինչ չհասկացող
Վարդապետին
3
մի նշան տուր մեզ
Ազգ չար եւ շնացող նշան խնդրէ
Մատթեոս 12:39
բախտախաղի նշանագրեր
_ինչպես մահարձաններ
մոռացված կուռքերի_
երջանկության և աղետի
կիսաճամփին
հսկում են ավերակները
բանականության
անզգայացած փողոցներ
փրկչական դիմակների առջև_
պատվանդանից պատվանդան
աղերսում են գոց աչքերով.
_մի նշան տուր մեզ
4
ջրերի վրա
ինչ-որ ընթացքում
կամ ավարտի հետ շփոթված
սկզբի մեջ
Մեկն ինձ սովորեցնում է
քայլել ջրերի վրա
տխրության և սփոփանքի միջև
Մեկն ինձ սովորեցնում է
որ հրաշքը
_ջրերի վրա քայլելիս_
_ավարտի հետ շփոթված
սկզբի մեջ_
արձագանքող
ծիծաղն է քո
5
ավերված տաճարներ
Բայց նա ասէր վասն տաճարի
մարմնոյ իւրոյ։
Յովհաննես 2:21
ժամանակը ճահճանում է
մեր հավատքից մնացած
քարակույտի ճեղքերում
և նրանք
որ տաճար քանդեցին
զվարճանքի և տառապանքի
փողոցներում,
սուտ հավատքի համար
սփոփանք են մուրում
մահացու կրքերից
ավերված տաճարի
փոշոտ վերքերը նիրհում են
մեր բանականության եզրագծին՝
լռության սպիներով
6
իբրև Պետրոս
Երրորդ անգամ (Հիսուս)
նրան ասաց. «Սիմո՛ն,
որդի՛ Հովնանի,
սիրո՞ւմ ես ինձ»։
Հովհաննես 21:17
կարծրացած հողակույտն իմ
քայլում է ջրերի վրա_
քարից կավ
քավության միջև
լուսաբացի դռների մոտ
մենությունն իմ
զղջման գիշեր է՝
աքաղաղի կանչից առաջ
…միայն թե
Երջանկությունը
չհապաղի
ու քամի ինձնից
վերջին կաթիլները
կոկորդիս մեջ
խեղդված Քո Սիրո_
Քո լռության մեջ՝
այս գլխիվայր փրկության
իմ խաչից առաջ
Հարություն
անցնում են օրերդ
իբրև մաշված վայրկյաններ՝
գրպաններում պահած
անցյալ դարձող
տառապանքը…
և դու արթնանում ես արդեն՝
քո Խաչյալի վերքերով
որպես Հարության լուսաբացի
շողն առաջին
անանձնական,
օտար մի ցավի մեջ
անհիշաչար
իբրև Սամարացին
…քանզի
առանց հրաշքի
պարզապես չափազանցված
ողբերգություն ենք մենք
թողություն
——-
սրտիս մեջ ցավն ապշած
լսում է երգը հրեշտակների
և հալվում է խաղաղ մոռացումի մեջ
ու հոսում եդեմական գետակների նման
երակներիս միջով
և մաշկիս տակ հոսող
համբերանքի ջրերի մեջ
հիշողությունը լռության ծեսով
լվանում է հայացքն իր
և արձակում իր մեջ բանտված ժամանակը՝
անմնացորդ ու թեթև՝
որպես խոնարհ
և չլինելու չափ թափանցիկ
հավերժություն