Լիլիթ Կարապետյան | Արվեստի ազատականացման ճիգը

Արդեն երկու դար շարունակվում է միջնադարի աշնան ավարտի սպասումը: Տերևածածկ հողը տրորելիս գիտնականներն անվանում են` անկումային, մարգարեները կանխագուշակում են` վերածնություն, սակայն դեռ խոսք չեն ասել բանաստեղծները:
Ինչպես գրում է կենդանության օրոք իր գրքի տպագրությանը ականատես միակ պատմիչը` Աբբասի աշխարհավարության արդյունքում գետնին հավասարեցրին բազում անառիկ ամրոցներ, բարձր պարիսպներ, այրվեցին հացահատիկի դաշտերը, քանզի Այրարատը չարակամ շահի և վայրագ սուլթանի հաղթահանդեսի թատերաբեմն էր դարձել: Վարար գետի ամենակուլ ալիքների մեջ խորտակվում էին արվեստագետների ու վարպետների անզեն լեգեոնը, նրանց մանկահասակ երեխաների աղեկտուր ճիչերը: Հետագայում պատմության հիշողության ինչ-որ դարակում այս իրադարձությունները պիտի կանվանեն իբրև «մեծ սուրգուն»: Պատմությունը կթերթի իր էջը և Ֆորի «Մեծն Աբբասը» տեղահանված մշակույթը կառնի իր աստվածահաճո հովանու տակ և ծաղկում կապրի նոր քաղաքը` Նոր Ջուղան, որպես բռնագաղթված ճարտարապետության առհավատչյա: Այստեղ են սկուտեղի վրա կնոջը մատուցում Մկրտչի գլուխը, Նոյի հավատի տապանը երերում է ջրհեղեղի ալիքների վրա, որ կրում է աշխարհի բուսական ու կենդանական բարիքները: Նույն կերպ վերջալույսին խարխափում է գեղեցկության կաշկանդված մտատիպարը, արևելքի և արևմուտքի ուղիղ անկյան տակ հատվող խաչմերուկում. տեղ-տեղ հպարտ ու վեհ, նազանքով ու խանդաղատանքով լի, սակայն հաճախ, պարզամիտ կեցվածքով: Արվեստագետը փորձ է անում առճակատման գնալ կաղապարների դեմ, կիսալուսնաձև թրի և հոյակերտ մզկիթի առջև ծնկած քրիստոնեայի հնարավորության սահմանում: Ինչպես մի տառապյալ երկնքում արքայություն ստանալու քարոզ է կարդում: Այդ հարթաքանդակները աղոթք են Աստծուն , ինչպես թմբուկին անմահացած առաքյալները` մահվան ատրիբուտի հետ միասին, որպես չթլպատված արվեստի վկայություններ: Սրբանկարիչը առավել լայն հնարավորություններով նույնպես անմասն չի մնում միջնադարի ոգու արտացոլանքից, շռայլորեն օգտագործում է արևմուտքից ներմուծած նորույթները և բացում արևելքի գունային մեծ ամբարների դռները:
Լուսատուների` երգեհոնին փոխարինող լռության նոտաների ներքո, Նաղաշը, որ հանրահռչակվելու էր նկարիչների գերդաստանի հիմնադիր, ծաղկանկարում է մոմից սևացած պատերի առաստաղը: Աստծո տուն ոտք են դնում առևտրականներ, խրոխտ նավագնացներ, քարկոփիչներ, ճարտարապետներ, գրիչներ, ներկարարներ, բազալտից արվեստ կերտող իմացաբաններ: Գավիթը իր դռներն է բացել հավատացյալ հոտի առջև: Ելևեջ առ ելևեջ վեր է բարձրանում հոծ բազմության առօրեական բաղձանքը ու բաց պատուհաններից, շրջանցելով վեղարը պսակող խաչը, հասնում է աստվածային խոռոչները: Աղոթքներն առավել ուժգին են հնչում մեծ երկրաշարժից հետո, փլուզված եկեղեցիների քարերի տակ մնացած մեռյալ վանականների գարշահոտության լուրը հասնում է կաթողիկոսի նստավայր: Պետականությունը կորցրած ոսկեդարում կաթողիկոսի, այսինքն Աստծո սպասավորի և առևտրականի ճանապարհները հատվում են միմյանց: Չելեպիները` հին թուրքերենով աստվածները, ձևավորում եմ մեկենասների նոր խավ, պարկով ոսկիներ նվիրաբերում ի հիմնադրումն անսասան տաճարների ու զանգակատների:
Չելեպիները ընդարձակում են մշակույթի աշխարհագրությունը չմշակված ակնեղենով, մետաքսով, և տպագիր ճաշոցներով գերծանրաբեռնված նավերը Արևմտյան եվրոպայից նավարկելով հասնում են մինչև հինդուսների բարբարոս ու շքեղ երկիրը: Բարեհամբույր Եվրոպան դռնբաց գտնվեց հայերի նկատմամբ. Տվեց տուն ու եկեղեցի կառուցելու իրավունք, երբեմն կաթոլիկանալու խնդրանք-պահանջ: Իտալիայում Անդրեա Վակկայի հայկական եկեղեցու հրաշագեղ արձանները կորցրել են երկխոսության եզրը երկրի ազգային քանդակի հետ և պահպանում են միայն թեմատիկ վերհուշը:
Նույն Եվրոպան նոր շունչ հաղորդեց Ջուլֆայից ոչ հեռու տարածվող հարթաքանդակներին: Արևմուտքի նորաձևությանը հետևող միջնադարի անանուն դասականը կոր ուրվագծերի վերսլաց խոյանք պարգևեց Սուրբ Ստեփանոս եկեղեցու դիտողին: Քանդակագործի ոգին չհնազանդվեց վասալ մարմնին, որսաց վերածնություն ապրած արևմտյան աշխարհի մարմարի հմայքը և այդ աշխարհը տեղավորեց իր քարի արվեստանոցում:
Հողը պահանջում է ավետել Քրիստոսի երկրորդ գալուստը: Նոր փրկիչը ոչ թե մոնղոլ է, այլ այս անգամ ֆրանկ: Ֆրանկի երկրորդ գալստյան ժամանակ կփլուզվի աշխարհի անարդարությունը ու կստեղծվի այն դրախտը, որ կորցրել են վիշապազուն արքաների օրոք: Աստծո ահեղ աջի շարժումով, ինչպես կործանվեց Բաբելոնյան աշտարակը, ցասման իրեղեն ապացույցները կիջնեն երկիր. ահա վիշապներ խոցող հեծյալներ են անցնում մետաքսի ճանապարհով, մեռնում է Ադամի ու Եվայի գրկախառնության կիրքը, երևում է ճաճանչավոր Աստծո որդին ու մուրճը ձեռքին վերանորոգում փլուզված զանգակատան ռոտոնդայի սյուները:
Ամեն աստծո առավոտ հեռավոր քամիները մոխիրների մեջ` կորուսյալ դրախտի հողին, սերմեր են գցում: Արեգակի շողերի հետ արթնացող ու մութն ընկնելուն պես քուն մտնող հողագործի օջախում պատից կախված է վիշապագորգը: Ի լուր գերդաստանի բարգավաճման գինով լի թասը մոտեցնում է շուրթերին. Խաղողի անմահության համը կորսվում է կրոնից դառնացած բերանում: Ուրուրի փոխարեն երկնքում թևածում է նետահարված սերովբեն, բացում է արյունոտ վեց թևերը, արդարության վերջին թռիչքն է կատարում: Խոր հառաչանք է արձակում մոխրակույտերի վերածած երկրին նայելիս, մինչ գահավորակին նստած Տիրամայրը ոտքը ոտքին է գցում:
Եվս մի քանի դար և արվեստագետի լարված միտքը, խրախճանքի ողկույզներով քարացած, տաճարներ կկառուցի: Մելիքների, հայդուկների հրացանակիրների դատարկ պարկուճները կընկնեն հողին`ռազմիկներ սերմանելով: Կանգնեցվում են բարձր արձաններ ի պատիվ նոր ժամանակների առաջամարտիկների: Իր պայքարի պտուղները քաղում է ճիգ գործադրած քաղաքացին, ու մարդու վաստակած ազատությունը դառնում է այսօրը:

2021 թ. մայիս

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *