ՆԱԽԵՐԳԱՆՔ
… Եվ կան ժամեր, կան ժամեր, որ երբ կոպերս եմ փակում,
Իմ ցավի մեջ ու հույսի կապույտ աստղեր են կաթում։
Կապույտի մեջ ու լույսի մեր այն տունն է` հնօրյան,
Որի դռնակն էր բուրում որպես աղոթք ու ցորյան։
Մեր բարդիները բոլոր արշալույսներ են հագել,
Զրնգում են օդի մեջ լեցուն ու տաք փեթակներ։
Արածանին անեծքի շառաչյունը մոռացել
Եվ ծայրեծայր օրհնություն ու շարական է դարձել։
Մեր լեռնաշխարհն է փռված մինչեւ Սասուն, մինչեւ Վան,
Որպես հայացքն աստըծո` կապույտ երկինքը վրան։
Ծուխ է ելնում շեներից … Ու ծխի մեջ արեւոտ
Անուշ բուրմունք կա հացի ու կա մի սուրբ խղճի հոտ։
Ֆիդայինները բոլոր լեռներից տուն են դարձել,
Եվ ափերի մեջ նրանց մաճն է նորից քաղցրացել։
Հորովելն է երկարում ճառագայթի պես բարի,
Խիղճը աստված է նորից ու խոփն է տերն աշխարհի։
… Եվ կան ժամեր, կան ժամեր, որ երբ կոպերս եմ փակում
Այդ աստղային պատրանքից ցավիս մեջ ցավ է կաթում։
ԾՆՆԴԱՎԱՅՐ
Առաջին անգամ աշխարհում տեսած
Իմ առավոտն է այնտեղ մնացել,
Նա, որ բուրում էր իբրեւ ցորեն հաց
Եվ բուրում իբրեւ գարնան հող ու ցել …
Եվ մնացել է առաջին անգամ
Աշխարհում տեսած իմ աղբյուրն այն ջինջ,
Որից զրնգուն ու անապական
Եվ որից պայծառ չտեսա ոչինչ։
Եվ մնացել է լուսեղեն մի ամպ,
Եվ մնացել է այնպիսի մի ձյուն,
Որ իր բարությամբ ու արդարությամբ
Նման էր այնպես մանկության աստծուն։
Առաջին անգամ աշխարհում տեսած
Իմ առավոտն է այնտեղ մնացել,
Երկինք ու բարդի, ճառագայթ ու լաց,
Իմ հողի հոտն է այնտեղ մնացել …
ԿԱՆՉ
Ու ես ասում եմ. – Կանգնիր, առավո’տ,
Ես էլ եմ գալիս,
Այնպես է թվում, թե հեռու-հեռվից
Ինձ ձայն են տալիս։
Ու ես չգիտեմ, դա անլսելի
Զնգո՞ցն է քարի,
Շշո՞ւկը հողի, թե՞ սոսափյունը
Սոսյաց անտառի։
Ու ես չգիտեմ անդնդում կորած
Գե՞տն է տվայտող,
Թե՞ հին խաչքարից ինձ ձայն է տալիս
Մամռոտած մի տող։
Լռությո՞ւնն է դա ճգնակեցությամբ
Ապրող անձավի,
Թե՞ կաթիլ-կաթիլ մորմոքն է քամվում
Հնամյա ցավի։
Գուցե լեռներում վարգում է մի որբ,
Տխուր հովատակ,
Եվ կապույտի մեջ փշրվում է խուլ
Վրնջոցը տաք։
Կամ գուցե, գուցե դա դարեր առաջ
Ինձանից զատված
Իմ իսկ ղողանջն է, որ ետ է դառնում
Մաքուր ու զտված։
Այդ կանչերի մեջ մի կորած, հեռու
Աշխարհ է լալիս։
Ու ես ասում եմ. – Կանգնիր, առավո՞տ,
Ես էլ եմ գալիս։
ԱՌԱՋԻՆ ՀՈՒՇ
Առաջին տեսիլ, առաջին երազ,
Առաջին իմ հուշ …
… Մի կավե կտուր, մի չթե վերմակ,
Ու գիշեր է ուշ։
Ինչ-որ խուլ ցավից արթնացել եմ ես,
Լալիս եմ աղի,
Արցունքներիս մեջ դողում են բարդին
Ու աստղը ծավի։
Տատիկս ելել, չոքել լուսնի դեմ,
Աղոթք է անում
Եվ աղերսում է նա ինչ-որ մեկին,
Չգիտեմ, թե ում …
Արցունքիս միջով նայում եմ լուսնին,
Կեսն ամպի տակ է,
Իմ տատի դեմքն էլ այդպես ամպամած
Ու սպիտակ է։
Լուսնի դեմ չոքել, աղոթք է անում
Ձեռքերը սրտին,
Սակայն ոչ մի կերպ ես չեմ հասկանում
Խոսքերն իր խրթին։
Ախ, գիտեմ, գիտեմ, որ չի հասկանում
Եվ աստված ինքը,
Թե չէ ինչպե՞ս է, որ մեզ չի տանում
Իր մոտ` երկինքը …
Ասում են այնտեղ, փափուկ է այնպես,
Փափուկ է ու տաք,
Ցավ չկա այնտեղ, կա միայն արեւ,
Ամպ ու հրեշտակ։
Բայց գուցե սուտ է … Տես, մի աստղ ընկավ,
Որ հեռվում մարի,
Երեւի այնտեղ, ախ, նրա ոտքն էլ
Առել է քարի։
Ու քար գլորվեց … Մթին ձորերով
Այծամարդն անցավ …
… Մի կավե կտուր, մի չթե վերմակ,
Ինչ-որ խուլ մի ցավ։
ՎԻՐԱՎՈՐ ԿՌՈՒՆԿԸ
Գարնան առավոտ …
Կանաչ է ուռին …
Մի կռունկ իջավ
Մեր տան կտուրին։
Օրը զնգում է,
Օրը վրնջում,
Բայց տատիս երգը
Տխուր է հնչում։
«Ձնից ճերմակ է
Քո թեւը, կռո’ւնկ,
Սիրտդ ամպի պես,
Ախ, սեւ է, կռո’ւնկ,
Դու զույգ գնացիր,
Մենակ ես գալիս,
Ո՞ւր է, ախ, ո՞ւր է
Քո սերը, կռո’ւնկ»։
Երամից զատված
Իջել կտուրին,
Կտուցով թեւն է
Շոյում նա լռին։
Մղկտում է նա,
Վիրավոր լալիս
Ու հետո նորից
Թեւին է տալիս։
«Հարավա քամին
Թեթեւ է, կռո’ւնկ,
Բայց ա~խ, ջարդել են
Քո թեւը, կռո’ւնկ,
Դու էլ չես հասնի
Չված երամիդ,
Կարմիրդ անցավ,
Քո սեւն է, կռո’ւնկ» …
ՁԱՅՆԵՐ
… Ու գիտեմ հաստատ,
Որ երբ գիշերն է իջնում աշխարհին,
Երբ քարափներից լուսինը թել-թել ցնորք է կախում,
Երբ քարաքոսը գայլի մորթու պես ցոլանք է տալիս,
Եվ հովն է զնգում քարանձավների մթին երախում,
Այնտեղ`
Ճամփեքին ու ամայացած հովիտներն ի վեր,
Այնտեղ`
Լեռներում ու շեների մեջ այն ավերակված
Զարթնում են հանկարծ վաղեմի ձայներ,
Արձագանքներ են արթնանում հանկարծ։
Զարթնում են ձայներ,
Որ իրիկնային ղողանջ են եղել,
Եղել հորովել` հովերի մեջ տաք,
Քարափի գլխից մանկանը կանչող մոր կանչ են եղել
Ու ջրվորի տաղ` լուսնկայի տակ …
Որ վարդավառի ուրախ ու տխուր զնգոց են եղել
Ու եղել հառաչ ու եղել են սուգ,
Ձայներ, որ թաքուն ու գոց են եղել,
Եղել են հեռվից պանդուխտին կանչող,
Հարսի լի կուծքը գիշերով տանջող,
Տանջող, ախ, տանջող տաք ու խուլ շշուկ։
Ու ձայներ, ձայներ` աստծո հետ խոսող,
Ձայներ ծնկաչոք, ձայներ աղերսող,
Ձայներ խնկահոտ ու հողոտ ձայներ,
Ձայներ արեւոտ ու շողոտ ձայներ …
Արթնանում հանկարծ, իրար են գալիս,
Լուսնկայի տակ ծիծաղում, լալիս,
Զրնգում են զիլ,
Տվայտում են խուլ
Եվ լուսաբացին պապանձվում նորից,
Քար ու փշի մեջ ննջում են տխուր։
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐ
Եվ ես այդ գիշեր քնեցի մեր տան
Կավե կտուրին,
Եվ ես այդ գիշեր իմ մանկության հետ
Մնացի մենակ,
Եվ ես այդ գիշեր մանկան խոսքերով
Աղոթում լռին,
Օրհնում էի քեզ, հայրենի տնակ։
Եվ մանկության պես հովն էր փաթաթվում
Բարդու սոսափին,
Եվ մանկության պես աստղը շեկլիկ էր,
Շողուն էր ու տաք,
Ու ես մանկորեն գլուխս նորից
Դրել իմ ափին,
Սուզվում էի լուռ ամպերում ճերմակ։
Եվ հետո քամին դաղձի բուրմունք էր
Խառնում երազիս,
Եվ բարձիս վրա կալի մղեղը
Ցնորք էր ցրում,
Դաշտից մեր գյուղի ամենասիրուն
Աղջիկն էր գալիս,
Ու կակաչի պես շորն էր թրթռում …
Աստղի ճաճանչն էր հսկումի կանգնել
Կոպերին իմ փակ,
Հովը հեւում էր, մայրական ձեռքը
Ճակատիս պահած,
Թաթի ծայրին էր ընթանում ասես
Առուն մեր հստակ,
Որ չխռովի իմ քունը խաղաղ։
Եվ հոգնությունս թեթեւ էր այնպես
Ու քունս` դյուրին,
Բարդու սոսափ էր, աստղի շշուկ էր,
Խշշոց էր արտի,
Ես երազիս մեջ խոնարհվում էի
Մեր կաթնաղբյուրին,
Եվ շուրթիս հա’մն էր մայրական կաթի …
ԱՌԱՎՈՏԸ
Եվ առավոտյան զարմանքով տեսա,
Որ թռչունները
Ինձնից շուտ զարթնել,
Արեւի բոցից,
Թոնրի բուրմունքից
Ու ծլվլոցից
Ինչ-որ մի ծանոթ նվագ էր հյուսում,
Որ փռեն բոբիկ ներբաններիս տակ …
Ու տեսա նաեւ,
Որ ծաղիկները
Նույնպես ինձանից կանուխ են զարթնել
Եվ իրենց մանրիկ,
Փխրուն ձեռքերով
Մի-մի ցող առել,
Թեքվել են խոնարհ,
Որ ցողով օծեն ոտքերն իմ բոբիկ …
ԾՈՒԽԸ
Եվ խաղաղորեն ծուխ էր բարձրանում
Ակութներն ի վեր,
Եվ խաղաղորեն իրար խառնված,
Թրթռում էին տերեւ ու թռչուն,
Լույսը դաշտերով ու քարափներով
Սուրում անստվեր,
Շեկ զամբիկի պես
Դոփում էր անձայն, անձայն վրնջում։
Օրը նայում էր կապույտ աչքերով
Ու տեսնում հանկարծ,
Որ իր գիշերվա
Ոսկե երազն է աշխարհին թառել,
Իրար գիրկ ընկած կարկաչում էին
Ջուր ու ճառագայթ,
Եվ թռչունները թեւերի վրա
Գերեվար տանում մի հսկա արեւ։
Եվ առավոտը`
Որձաքարի պես կապույտ ու առողջ,
Ինքն իր խորքերից
Զրնգում էր մեղմ ու անլսելի,
Սաղարթ ու տերեւ
Զրուցում էին մի պարզ բարբառով,
Եվ ծաղիկները զրուցում էին
Քամիների հետ ու թռչունների։
Եվ որոնում կար,
Մեղուն ծաղիկ էր որոնում անհագ,
Ճառագայթը` ցող,
Հայացքը` աստված,
Ջրի երգը` հուն …
Եվ առավոտն այդ որոնումի մեջ
Ուզում էր դառնալ
Հողի,
Ջրերի
Եվ աստվածների
Ներդաշնակություն։
ԱՄՌԱՆ ՕՐ
Այստեղ տո’ն է եղել, հող ու ջրի հանդես,
Աստվածներն են այստեղ խրախճանել հարբած,
Եվ ամառն իր խարտյաշ գիսակները քանդել,
Նրանց համար այստեղ պարել է մերկ ու բաց։
Ծղրիդները ոսկե սրինգներ են սուլել,
Ու բամբիռ են զարկել առուները արծաթ,
Ընթացել են ճերմակ, կորովաբիթ ցուլեր,
Եղջյուրների վրա հողի փառքը բարձած։
Անցել դանդաղորեն, անցել ծանրակճղակ,
Երակների մեջ հորդ մի արարիչ մոլուծք,
Եվ ռունգներով ամռան արեգակը շնչած,
Բառաչել են երկար արեւի դեմ ցոլուն։
Մկանների եռքից մի տաք դող է առել
Ու թրթիռ է առել նրանց մեջքը ողորկ,
Ընթացել են նրանք առողջ, որպես տարերք,
Եվ գեղեցիկ, որպես խոյահարող բողոք։
Ու տարել են նրանք արեգակը արդար
Ճակատների րա ու աչքերում թախծոտ,
Եվ բառաչից նրանց` երինջները մատաղ
Բռնկվել են հեռվում երանելի քաղցով։
Բառաչի դեմ` բառաչ … Ձգվել երկար ու ձիգ,
Սաստկացել է արյան մի արարիչ կարոտ …
Ամռան օր է եղել, եղել արեւ ու կիրք,
Եղել կարմի’ր, կանա’չ, անծայրածի’ր արոտ …
ՏԵՍԻԼՔ
Ես լույսերի մեջ թափառում լռին
Եվ ամենուրեք փնտրում եմ նրան …
Աղբյուրի ճամփին կամ տան կտուրին
Չի՞ ծփա արդյոք շորը հուրհրան։
Սիրտս մարում է ամեն մի կանչից
Եվ սկսում է տխուր երազել,
Մեր հին թզենին թեքվում ականջիս,
Ուզում է, կարծես, նրա տեղն ասել։
Եվ առուն, գի’ժը, ձեռքիցս բռնած,
Նրանց տան ճամփով քաշում է ինձ վար …
… Բայց մռնչում է մի փայտե դռնակ,
Եվ ինքն է ահա` շփոթ ու շվար։
Կաս-կարմիր շորը ցոլքին է տալիս,
Բոցի պես թեթեւ թռչում առվակով։
Գալիս է մեր տուն … Երեւի գալիս
Կրակ տանելու հին պատրվակով։
Քանի’ տարի է իրար չենք տեսել …
Ու համրանում ենք ինչ-որ ցավերից։
Նույն իրանն է ճոճ, նույն մազերը սեւ,
Միայն աչքերն են խոնարհ ավելի։
Միայն հայացքը ավելի տխուր,
Եվ շորն ավելի մատնիչ է դարձել,
Իսկ շրթունքներին կայծկլտում են լուռ
Այրվող շշուկներ ու թաքուն հարցեր։
… Տեր իմ, թող գիշեր լինի կապուտակ,
Թող պոկվի հեռվից քնքուշ մի հայրեն,
Ու ծածկաբերան մեր թզենու տակ
Թող ստինքները շապիկս այրեն։
Թող արեւ բուրի նրա վարսերից,
Եվ աչքերի մեջ արտասուք ցոլա,
Թող հին թզենին օրհնի մեզ վերից,
Ու մեր սրտի մեջ թող գաղտնիքը լա …
Նայում ենք իրար … Աչքերի մեջ տաք
Մի խաժ ամառ է, գույներ են կալի,
Եվ ինչ-որ բան կա քնքուշ ու հստակ,
Եվ ինչ-որ բան կա անհասկանալի։
ԱՆԿԵԶ ՄՈՐԵՆԻ
Այրվում է, այրվում … Եվ բոցը բոսոր,
Կապույտ է ու հիր,
Այրվում է, այրվում … Եվ բոցը մորմոք,
Կարոտ է ու կանչ,
Անկեզ մորենին այրվում է, այրվում
Եվ չկա մոխիր,
Չկա սպառում եւ չկա վախճան …
Եվ բոցերի մեջ հուրհրատում է
Աշխարհ մի հեռու,
Եվ բոցերի մեջ տեսիլք է վառվում
Կապույտ ու կանաչ,
Արեւածագ է բռնկվել, ասես
Ձյունոտ լեռներում,
Եվ հովիտն ի վար ցոլանք է ցանած։
Եվ հովիտն ի վար ծփում է խաղաղ,
Արեւոտ մի ծուխ,
Մի մայր արագիլ ճաճանչն ուզում է
կտուցին առնել,
Բոցերի նման կարմիր ձիերն են
Այստեղ արածում,
Եվ արածում են սպիտակ գառներ։
Եվ բոցը դողում, գալարվում է բոցն
Ու ողջը ջնջում,
Եվ բոցը նորից դառնում է մորմոք
Ու անշեջ կրակ,
Եվ բոցի միջից մի զարմանալի
Բարբառ է հնչում,
Եվ ծավալվում է մի սուրբ պատարագ։
Ծավալվում է նա, իջնում ամայի
Դաշտին ու հանդին,
Ծավալվում է նա, խունկի պես օծում
Մասունք ու` աճյուն,
Ծավալվում է նա այրված ու ծարավ
Այն անապատին,
Որ իր հրեղեն ողբն է հառաչում։
Եվ այրվում է նա … Եվ բոցը բոսոր,
Կապույտ է ու հիր,
Այրվում է, այրվում … Եվ բոցը մորմոք,
Կարոտ է ու կանչ,
Անկեզ մորենին այրվում է, այրվում
Եվ չկա մոխիր,
Չկա սպառում եւ չկա վախճան …
1969-1971
ՆՈՒՌԸ
Եվ նո~ւռը, նո~ւռը …
Կողերի վրա արշալույսը ալ
Եվ ամառային միջօրեների
Շոգը իր ներսում,
Հասուն կրծքի պես սկսում է եռալ
Ու մի առնական ձեռք էր աղերսում։
-Ե’կ, մենք քեզ համար
Լցվեցինք այսպես միջօրեներով,
Լցվեցինք բոսոր
Ու արեւահամ հյութերով հողի,
Ե’կ, մենք քեզ համար նյութեցինք մի տաք,
Մի քաղցր գորով,
Որից ճագում է
Մաշկը մեր կողի …
Ե’կ, առ սիրտը մեր
Ու քո բռունցքի առնությամբ զորեղ
Քամիր շուրթերիդ
Ու քամիր քիմքիդ ծարավին անհագ,
Եվ քո արյան մեջ մենք կզրնգանք
Իբրեւ միջօրե,
Իբրեւ բերկրության կարմիր աղաղակ …
ԿԱԼԸ
Ես կալ եմ գնում … Մղեղը դեղին
Իր ցոլցլանքն է փռել աջ ու ձախ,
Ու թվում է թե արար աշխարհին
Ծուփ ծավալել է անձայն մի ծիծաղ։
Բարդին շոգի մեջ կարկամել շվար
Ու որոնում է ստվերն իր կապույտ,
Թուխ արտույտները թեւում վեր ու վար
Եվ թեւիկներից օրհնանք են թափում։
Ամեն ինչ այնպես պայծառ է ու պարզ,
Եվ ամեն ինչից զնգոց է ելնում …
Մի ոտաբոբիկ, թխորակ մի հարս
Կալի մեջ կանգնել, ցորեն է էրնում։
Լեփ-լեցուն մաղը պարզում է երկինք,
Ու մաղից թել-թել արեւ է ծորում,
Ամեն շարժումից ստինքները գիրկ
Ծոցի մեջ մի տաք դող են օրորում։
Մազերին ոսկե մղեղ է իջել`
Լուսապսակ է ու լուսե կամար,
Ասես երկնքի ու հողի միջեւ
Կանգնել է խարտյաշ մի աստվածամայր։
Մանուկը թռչում, կանգնում է կամին,
Եվ քայլ են անում եզներն սպիտակ …
Բացում է հանկարծ թափառիկ քամին
Այդ աստվածամոր ծնկածալը տաք։
Արեւի մեջ է նա ոտից գլուխ,
Արեւի մեջ է աշխարհը արար,
Խաղաղությո~ւն քեզ, հայրենի իմ գյուղ,
Խաղաղությո~ւն քեզ, իմ ծննդավայր …
ՎԱՅՐԻ ՄԵՂՐ
Եվ շեկ ժայռերի խոռոչների մեջ
Բույր կար ու բզզյուն,
Եվ շեկ ժայռերի խոռոչների մեջ
Շեկ մեղուները մեղր էին նյութում,
Որ ծանր լույս էր
Ու լույծ արեգակ։
Եվ մեղրի բույրն էր
Տոթի պես կանգնել ժայռերի միջեւ,
Այդպես շեկ հողն է
Բուրում ամառվա անձրեւից հետո,
Այդպես է բուրում ծաղիկը խարտյաշ,
Բուրում է հացը,
Մարմինը կնոջ …
Եվ շեկ ժայռերից
Մինչեւ շեկ հովտի ծաղիկները շեկ
Ձգվում էր բարակ, մեղրոտ մի ճամփա,
Մի աներեւույթ, ոսկեղեն մի լար,
Որ զրնգում էր
Ինքնաբաշխումի խաղաղ բերկրությամբ։
Եվ շեկ ժայռերի
Խոռոչներն ի վար կախվում էր մեղրը,
Որ ծանր լույս էր
Ու լույծ արեգակ …