Հովիկ Մխիթարյան | Անթրաշ, հյուծված դեմքով մարդը


Անթրաշ, հյուծված դեմքով մարդը նայեց սեղանի վրա թույլ-թույլ կախ ընկած, մազոտ, ուռուցիկ երակներներով ձեռքերին, ավելի պինդ բռնեց գարեջրի գավաթը, դանդաղ մոտեցրեց շուրթերին, մինչև խմելը փչեց փրփուրը, զգաց գավաթի սառնությունը և առաջին կումն արեց։
«Ի՞նչ ենք թողնում անցյալում,- մտածեց նա,-մանկություն, երիտասարդություն, հիմա էլ՝ ծերության նման մի բան․․․գրողի ծոցն այս ամենը»։
Կոշտ տաշվածքով սեղանի մոտ միայնակ նստած մարդը մի անգամ էլ շուրթերին մոտեցրեց գավաթը, ըմպեց վայելքով։ Նրա աչքերը փայլեցին ու մի ոգեշունչ «ուխա՜յ» ակամա դուրս հորդեց։ Զգաց, որ ինքն այս պահին ամուր է կառչել կյանքից. ահա գարեջուրը, մեծ տուտուզով մատուցողն ու անցորդները, ծառը, կողքի կոպիտ, հետաքրքրության համար դրված փայտե հին կառքը, իրեն սպասող թանով ապուրն ու հոգում միշտ կենդանի տղան։
Նա թարմ վերնաշապիկով էր, թևերը ծալած մինչև արմունկները, «ծիծակ», սուր քթով կոշիկներով, բայց անթրաշ էր, որի համար միշտ մեղավորություն ու պատասխանատվություն էր զգում։ Հյուծված ու գունատ տեսք ուներ, ինչը մի տեսակ ավելի էր ընդգծում հին օրերի մեջ խրված մտավորականի պատկերը, իսկ իրականում դպրոցին վաղուց հրաժեշտ տված մի ուսուցիչ, աշխարհի հին ու նոր, նույն իրադարձությունները հավերժ կրկնելուց հոգնած ու ձանձրացող մեկն էր․․․
«Հիշում եմ,- մտորում էր նա,- ոնց էինք հաշիվներ մաքրում տղաներով, աղջիկների համար կռվում միջանցքներում, ուսուցչի աթոռին ասեղ դնում. չգիտես ինչու, ուրիշի ցավն ու անհարմարության զգացումը անսահման զավեշտալի էր։ Կավճի փոխարեն շաքար էինք դնում ու վերջում էլ մի լավ ծեծ ուտում»։ Նա մեղմ ժպտաց` հիշելով, թե ինչպես տղաներով հանեցին աթոռի պտուտակները, և ուսուցչուհին անհաջող վայր ընկավ` մերկացնելով մարմնամասերը։ Մի անգամ շաքար-կավիճի պահով երկրաչափության ուսուցիչը մի լավ դաս տվեց իրեն. ճարպիկ հնարքով, իբր, պառկեցնում էր գետնին, հետո արագ բարձրացնում և այդպես շարունակ. նվաստացնող էր։ Ամեն անգամ մեղմ ու հումորիկ հարցնում էր՝ իսկ դու այս հնարքը գիտե՞ս, տղա՛ս։ Չէ, չգիտեր այդ հնարքը։ Դա շատ զվարճալի էր դասարանի համար, և նրանք պայծառ ծղրտում էին բավականությունից․․․ Այդպես մեծացավ, դարձավ ուսուցիչ, որ ինքն էլ հնարքներ անի, ծեծի ու նման բաներ, բայց հենց դարձավ ուսուցիչ, անցան էդ ավանդույթները, էլ ինչ շաքար, ասեղ ու մեխ։
Մարդը կարոտած աչքերով նայեց կողքին տարածված փայտե հինավուրց սայլակին` մեջը հին կճուճներ, փոցխ, գերանդի ու անցյալ հարյուրամյակի այլ բաներ։ Հնությունն ու պատմությունը կարծես հարվածեցին նրա զգայարաններին, և նա սարսուռ զգաց մեջքին, ասես մի երկու տասնյակ դարեր մրջյունների նման վազեցին մեջքն ի վար. իր մահն էր գուժում պատմությունը։
Այստեղ` «Գևոյի մոտ», ուրիշ է` մտածեց նա։ Օբյեկտը հսկա ծառի տակ է, մեկ-մեկ թրթուրներ են ընկնում գլխին, բայց ամռանը ծառը պաշտպանում է արևի ճառագայթներից, իսկ ձմռանը ձյունից։ Այ թե սրա տակ էլ մահանամ, անցավ մտքով ու թեթև ժպտաց` հասկանալով, որ դա պատմության վերջին կատակը, թե ապտակը կլինի։
Նա սկսեց ուշք գցել խանութներից բեռնավորված իջնող–բաձրացողներին․․․ Տղամարդիկ, չգիտես ինչու, ավելի թեթև տոպրակներով էին, իսկ կանայք ավելի ծանր։ Վերջիններս դուրս էին ցցում գավակները և ավելի ամուր բռնում պայուսակները, ոտքները պինդ դնում գետնին։ Նրանք ամուր էին ապրում իրենց կյանքը, ոչ իր նման՝ «Գևոյի մոտ»` գարեջրասրահում սպանելով օրերը, մեկ-երկու գավաթ գարեջուր ըմպելով, երեկոյան թանով ապուրն ուտելով, փիսոյի բաժինը գրկելով ու դանդաղ տուն վերադառնալով։ Այն տունը, որի միակ բնակիչը փիսոն էր ու ինքը։ Իսկ պատից իրեն էր նայում խոհուն, համակերպված հայացքով զինվորը։
Նա մի պահ նայեց երկնքին, ապա հայացքն արագ հառեց հեռախոսին` իրեն զգալով 22-րդ դարում, բայց աչքը տուն վերադարձողներին էր, երանելի մարդկանց, որ տուն ու իրենց սպասողներ ունեն։ Երեխանե՞րը` տնքաց նա` հետո հիշելով բազկաթոռի տակ ծվարած փիսոյին, մի փոքր խաղաղվեց։ Ինքն էլ սպասող ունի, ու լայնաբերան ժպտաց` հանկարծ գիտակցելով, որ ամեն մարդ մի բան պետք է ունենա աշխարհում։
Կանայք անցնում էին առանց իր կողմը նայելու։ Ամաչում էին նայել գարեջուր խմող տղամարդկանց․իրենք, որպես թե, վատ մարդիկ են, բայց հետո՞ ինչ, մի՞թե գարեջուր խմելը կապ ունի բնավորության հետ։ Ինքն, օրինակ, ուղղակի կախվածություն ունի, համարյա հարբեցող է, բայց բնավորությունը՝ դե ոչինչ, հենց այնպես չի նեղացնի ոչ մեկին։ Կնոջը երբեք չի հարվածել։ Սիրում է նստել ծառի տակ, նայել օրորվող, երազներ տեղափոխող հսկա կատարին, թաքնված թրթուրներին, մատուցողի ճոճվող տուտուզին, առանց որևէ հետին մտքի․հայացքը մի տեղ պիտի կանգ առնի․․․Համ էլ տարիքն առնելու հետ անհայտ զսպանակներ են թուլացել ներսում, լուրջ չի ընդունում շատ բան։ Նա տխրեց ու գավաթն արագ մոտեցնելով շուրթերին,-փրփուր այլևս չկար-, մի հսկայական կում արեց։ Երազեց, թե ինչպես է կտրում ծառն ու տուն տանում, նրա ստվերի տակ ապահով քուն մտնում։
Հայացքն ուղղեց դրամատան հազիվ երևացող գրասենյակի պահապանին. իր նման նիհար-միհար տղա է, կարող է գնալ ու մի կողմ հրել, մի քանի տասնյակ միլիոն դրամ վերցնել․․. Ոչ թե գողանա, այլ պարզապես վերցնի (երկիր մոլորակի մի չնչին մասն էլ իրեն է պատկանում, իր հասանելիքն է) ու չքվի հեռուներում, ասենք, հունական, իսպանական ծովափերում։ Հետո՞, մի քանի գեղեցկուհիներ, զարմանահրաշ երեկոներ, գարեջուրն այլ համի. պարտադիր չէ ավելի լավը․․․ Հետո՞․․․ սկսեց պրպտել միտքն ու մի առանձնահատուկ բան չգտավ, որի համար արժեր մի կողմ հրել էն նիհար տղային, որ ամսական մի հարյուր հազար դրամի համար ամբողջ օրը կանգնում է նույն տեղում։
Լավ, մտածեց ու հայացքը հառեց մոտակա շենքերի արանքում ֆուտբոլ խաղացող երեխաներին, որ քրտնամխած գնդակ էին չլում,-ես ձեր ցավը տանեմ,- հուզված խառնվեց իրար, իսկ ինքը ո՜նց էր խաղում, ինչ պաշտպանություն ուներ, ոչ մի հարձակվող չէր անցնում իր մոտով, ծայրահեղ դեպքում կփռեր գետնին, ինքնասիրության հարց էր․․․Իր տղան էլ էր այսպես խաղում, նա հարձակվող էր, միշտ առաջ էր մղվում, ու դա կործանեց նրան։
Հաջորդը ծանր տոպրակը հազիվհազ քարշ տվող ծերունին էր, հոգնած-մահացած, բայց դեռ ուտել էր ուզում․․․ հիմա, օրինակի համար, ինքը կարող է ձեռքից վերցնել տոպրակն ու տուն հասցնել։ Այ, էս ծերունուն կտար աշխարհի դրամատնից վերցրած, իրեն հասանելիք գումարների մի մասը, թեև շատ բան չի փոխվելու աշխարհում, միայն անիմաստ հույս, մի քանի համով բաներ մանկությունից եկող, ով գիտի էլ ինչ․․․ ոչ կյանքի օրերն է երկարացնելու, ոչ էլ բազկի ուժը։ Բայց ծերունու հետ մի փոքր տղա էլ կար՝ թոռն էր՝ վերջին հույսը։
Նա շտկեց ուսերը, հայացքով հետևեց սեփական պոչի հետևից վազող շանը. մի քանի ոսկոր էլ այս շանը կնվիրաբերի ունեցած-չունեցած փողով։ Իսկ արևն այրում է ծառի ստվերից այն կողմ գտնվողներին, նրանք քրտնում են արևից ու հոգսերից, ապուշությունից ու խելագարների կողքին ապրելուց։ Լավ է, որ գոնե տանը սպասող ունի՝ փափկամազիկը. ես քո ցավը տանեմ, միայն քո ցավն է մնացել։ Տղա՞ն․ երկնային խորհրդի մեջ է։
Նա ուժեղ քորեց թևատակերը, նայեց այլևս չհետաքրքրող անցորդներին ու նորից աչքն ընկավ մատուցող կնոջ տուտուզին. մի տեղ պետք է ընկնի հայացքը։ Կինը զգաց ու թեք նայեց.
-Հը՛, բա՞ն է պետք։
-Չէ՛, -ասաց թուքն արագ կուլ տալով, – բան չեմ ուզում։
Հետո մի քանի կում էլ արեց, ցանկացավ պետքարան գնալ, բայց չգիտեր ոնց անցնի կնոջ կողքով, առանց բզելու։ Եթե չբզեր, կինը կարող էր վիրավորվել կամ չվիրավորվել, բայց մի հատ կհասցներ արմունկով։ Որոշեց անաղմուկ, գողեգող անցնել մոտով, ինչպես իր փիսոն։
Մթնում էր։ Գարեջրի սրահի կապույտ լույսերը ուրիշ ցոլքեր էին գցում շուրջբոլորը, հրդեհում ներսը, ձուլում շրջապատին, փոշուն ու քարերին, ծառերին, փայտե հինավուրց կժերին ու մյուս կարասիներին․․․ լաց լինելու անզուսպ ցանկություն զգաց, շատ ավելի ուժեղ, քան մնացած բոլոր զգացումները միասին, իր տղա՜ն, որտե՞ղ է նա հիմա, ո՞ր երկնքում։ Նա բնազդաբար նայեց վերև, ո՞ր աստղի վրա է իր տղան։ Բավարարվեց վերնաշապիկի թևքով աչքերը սրբելով. լավ, ինչո՞ւ մանուկ չլինես, ուզածիդ չափ լաց լինես, ուզածիդ պես ապրես, ուզածդ էլ ի՜նչ մեծ բան էր․․․ելակ ու նուգա կոնֆետ, թանով ապուր ու հեծանիվ։ Մեկ-մեկ էլ համընդհանուր հռհռոցի ներքո հանկարծակի բարձրացներ դասարանցի աղջիկների փեշերը ։ Դա վաղ անցյալում էր, հիմա պատմությունը կարծես կանգ է առել, հրելու կարիք ունի․․․
Մթնում էր ու թանով ապուրի ժամն էր։ Նա անմեղ հայացքով նայեց մատուցող կնոջը։
-Ժամանա՞կն է, – հայացքով հարցրեց կինը։
-Հա, – պատասխանեց աչքերով, – բե՛ր։ Կանաչին առատ, մանավանդ կանաչ սոխը ու մեկ էլ շատ թթվասեր, համով է լինում։
-Գիտե՜մ, – ասաց կինը, – մի՛ կրկնիր, բայց հետը մի սննդարար բան կեր, մի քեզ նայիր, գրող ու ցավ ես դառել, հատած–հանգած մժեղ, ոնց որ պատի տակի լղար կատու լինես։
-Եթե ես երիտասարդ լինեի, գիտե՞ս քեզ ինչ կանեի։
-Օրինակ ի՞նչ, – հեգնեց կինը։
-Հեչ, փիսոյիս բաժինը չմոռանաս, թթվասերն առատ․․․
Հետո զգաց, որ սա հրահրում է իրեն, որ ի՞նչ, կյանքս քի՞չ է կերել։ Հիմա կյանքն իմն է՝ էս սայլն ու կժերը, խոտերը, գերանդին, ծառի կատարն ու աստղերը։ Կարող եմ նստել այս սայլն ու թռչել տիեզերք։ Ի՞նչ կասես՝ մտքով դիմեց կնոջը, միասին քի՞չ ենք սավառնել երկինքներում․․․ իրենն է աշխարհի մի փոքրիկ անկյունը, որտեղ իրեն չեն խանգարում ու իր մտքերի հետ է։ Չի խանգարում անգամ գարեջրի սրահի տերը, առաջ ցցված փորով ու միշտ ամբարտավան․․․ որ ինչ։
Նա ֆսֆսացրեց, քիթը կոխեց հեռախոսի մեջ, ինչպես ներկա օրերի երիտասարդները, և ներքին ուրախություն զգաց։ Բայց հայացքն արագ հեռացրեց հեռախոսից. ոչ մի հետաքրքիր բան չկա աշխարհում, սովորական գժանոց է տարբեր պրոֆիլի հիվադասենյակներով։ Երբ տեսնում ենք աշխարհն ու չենք գժվում, ուրեմն անմեղսունակներ ենք․․․
Նա չզգաց էլ, որ այտերով արցունքներ հոսեցին․․․աղջամո՜ւղջը, կապույտի բոլոր երանգներով երեկոն, խենթ ստվերներ տարածող ծառը, խորհրդավոր մտքեր ու երազներ․․․ չզգաց ինչպես անցավ կյանքը, հայտնվեց ու անհետացավ տղան, ինչպես երազ, որից հավերժության քաղցրություն է բուրում․․․ իր տղան` այս մեծ տուտուզով կնոջից․․․ Նա վերնաշապիկի թևքով սրբեց քիթը, ուժեղ մաքրեց` զգալով կնոջ հայացքը. տղա՞ն` հարցրեց հայացքով, ինչին ի պատասխան` ինքն ավելի ուժեղ մաքրեց քիթը։
Նա նայեց շենքի հետևում կառուցվող խանութի շինարար բանվորին՝ հսկա փորով. ո՞նց է աշխատում այս մեծ փորով։ Դանդաղ հագնվում է ու պատրաստվում տուն գնալ, հավաքեց գործիքները, ջուր շրմփացրեց երեսին, դանդաղ քայլեց կյանքի հոսանքն ի վար։ Մարդը գիտի իր անելիքը՝ տուն է գնում, որտեղ սպասում են օրավարձու բանվոր հայրիկին։ Իսկ ինքը՞. պարզ չէ՞․․․երբ շքամուտքում մարդ չի տեսնում, թխկթխկացնում է դուռը, բացող չկա, ավելի ուժեղ՝ պատասխան չկա, բացող չկա։ Մի անգամ էլ ուրիշ կերպ կլինի՝ թխկթխկոցներ, բացող չկա, կանչում են հարևաններին. չէ, չեն տեսել ու բան չեն լսել, իր համար քաշված մարդ էր, հարբեցողի մեկը, ով իմանա որտեղ է․․․ մի քանի օր նույնը՝ ձայն չկա․լսեք, հո չի մեռել էս թշվառը։ Լավ, ջարդենք դուռը, եկավ ոստիկանությունը, թե 911–ը, ջարդեցին դուռը. փռված է հատակին, անտեր մեռել…Ինչ մեծ բան է որ. մի մարդ ավել-պակաս էս խելագարների աշխարհում․․․ գոնե կհասկանա ինչ եղավ տղայի հետ, որտեղ է, հնարավոր է և հանդիպի, մի փոքր համբերել է պետք․․․ Նա ցնցվեց` հազիվ զսպելով հոգու անդունդից բարձրացող ճիչը, հայացքն անշարժացավ կնոջ տուտուզին. մի միտք աննկատ սողոսկեց ուղեղը, կի՞նը․․․
Կինը նորից բռնեց հայացքը-, թաքնվել չկա էս ջադուից,- անցավ մտքով․․․
-Թանովդ շուտով կլինի, –ասաց կինը, – մի պինդ բան կեր, էդ ինչ է հալդ, կատուն քեզանից գեր է։
-Կատուն տեր ունի, ես` ոչ, – մրթմրթաց ինքն իրեն։
-Քեզ հավաքի, – ասաց կինը, – էսօր- էգուց մեռնելու ես, հետո՞, որ ի՞նչ։ Էդքան մի՛ խմի։
-Ջհանդամը, – ասաց անթրաշ, հյուծված դեմքով մարդը։
Նա մի քանի կում արեց գարեջրից, լիզեց շրթունքները, հայացքով շոյեց աղջամուղջը, հալվեց-ձուլվեց նրա մեջ,– հեռվում առկայծել սկսող աստղե՜րը, –անբացատրելի ապահովություն զգաց․․․ի՞նչ կա էն կողմերում, Աստված գիտի… Նստեր սայլն ու հեռո՜ւ–հեռո՜ւ գնար իր մտքերից, չհիշեր ու չիմանար ոչինչ, ջնջվեին հիշողությունները, լիներ ծիտ, կաչաղակ, ագռավ, արծիվ կամ քամի, ու ոչինչ չհասկանար, գրողի ծոցը գնային բոլորը, հետ գար մանկությունը կամ ընդհանրապես չծնվեր։
-Թթվասերը շատ կանես, – բղավեց, մի բան ասած լինելու համար։ Հանկարծ հիշեց, թե ինչքան քիչ է գրկել տղային, դրա փոխարեն 41 տարի նույն դռնով մտել ու դուրս է եկել, որ ի՞նչ, որ պատմության մասին թութակի՞, առանց մի բառ իրենից ասելու, իրեն ի՞նչ Վաթեռլոոն կամ Կուլիկովոն, հերոսները, վախկոտներն ու դավաճանները, էդքան թվականները։ Աշխարհը ոչ մի պատմություն էլ չունի՝ մենք ենք հորինել մի բան արած լինելու համար, որ, իբր, բան ենք հասկանում։ Ոչ մեկն էլ չգիտի ու չհասկանում պատմությունը, բայց իմաստակի կերպարանք է ընդունում․․․
Երբ նա սկսեց ցնցել սեղանը, կինը վախվորած նայեց նրան․
-Մի՛ սկսիր, խնդրում եմ, – ասաց` արագորեն բերելով մեծ ափսեով թանապուրը։ – Քեզ մի՛ կորցնիր․․․
Մարդը կոկորդային ձայներ հանեց, չգիտես հեծկլտոց էր, թե թուքը կուլ տալու կլլոց, մռլտոց, թե հայհոյանք, կամ բոլորը միասին․․․
Նա թափեց մնացած գարեջուրը, մի կողմ հրեց գավաթը, նախ հոտոտեց ճաշը, ապա գդալը թափով խրեց գոլորշի արձակող ապուրի մեջ… Նույն ճաշն է, նույն հիշողությունները, երբ հազար տարի առաջ մայրն իր հետ տրիկոտաժի ֆաբրիկա էր տարել իրեն։ Ուրիշ տեղ չկար, որ իրեն պահեն, իսկ մորը աշխատել պետք էր։ Ընդմիջմանը գնացին ճաշարան, հրաշալի էր թանով ապուրը, ջրալի, կանաչ սոխը առատ, ինքը՝ սոված։ Մնաց մի թանկ հիշողություն` կանացի ժխորի, մեծ, անպաշտպան կրծքերի, համեղ թանովի ու անցնող օրվա տխրության։
Նա արագ կուլ էր տալիս ապուրը։ Մթնել էր։ Ավտոմեքենաների հոսքը չէր դադարում այդ մեծ թաղամասում։ Խանութից պայծառ լույսերի հեղեղ էր տարածվում շուրջբոլորը, ու մարդիկ դրանից ավելի կախարդական ու անգո էին թվում։ Շատերը, պարզ բան է, տուն էին գնում, ջահելները բարձրանում էին մոտակա զբոսայգին, ցուցադրում ինչ միայն կարողանում էին։ Ահա վերջապես անցավ հնդիկների ընտանիքը։ Առջևից գնում էր ընտանքի հայրը` գնումների տոպրակը ձեռքին, հետո ընտանիքի մայրը՝ երեխան գրկին, կողքից՝ աղջիկը, մի տեսակ հոգնած։ Նրանք աշխատանքից էին վերադառնում այս օտար երկրում,– արդեն հարազա՞տ էր դարձել,– գնումներով էին տուն գնում ու հոգնած։ Նա ձեռքով արեց, ինչպես միշտ, ընտանիքը ժպտաց օտար երկրի մարդուն․․․պատմության դասագրքերում այսպիսի մի արտահայտություն են լղոզում՝ ազգերի բարեկամություն։
Ճաշը նույնն էր, այս կինը գիտե՜ր ինչպես եփել․նա նայեց կնոջը, որ արդեն հավաքում էր սեղանները։ Խնամքով վերցրեց ափսեներն ու գարեջրի գավաթները, փալասով սրբեց սեղանները,– գեղեցիկ մատներ ուներ -, խնամքով, ուղղեց աղամանները, ապա կարգավորեց աթոռները։ Ինքը միևնույն է, դեռ երկար կճաշակի թանով ապուրը մթնշաղի աղմուկի ու հոգու մահվան մեջ։ Այս կյանքը, դանդաղ, միապաղաղ․․․ հիշեց, այսօր չի նայել դեղատան ապակե լայն պատուհաններից։ Մի ծառ հավերժորեն խանգարում է մինչև վերջ տեսնելու շիկահեր ու բարեկազմ, ժպիտը խնամով թաքցրած աշխատակցուհուն։
Համարյա ամեն օր մտնում է, որ տեսնի նրան, մի բան հարցնի, կեղծ, անիմաստ առևտուր անի,- տանը լիքը անպետք իրեր ունի գնած,-պատասխանի ժպիտին ու դուրս փախչի։ «Թովիչ ժպիտ». հիշեց վաղ պատանեկան տարիներից կարդացած մի բանաստեղծություն՝ իր հավանած միտքը, այ հենց այսպիսին է աշխատակցուհու ժպիտը։ Մտնի՞ այսօր դեղատուն, թե ոչ, այսօ՞ր ինչ գնի, թե՞ պարզապես մի բան հարցնի ու դուրս փախչի` զգալով բարեկազմ շիկահերի հեգնական ծիծաղն իր հետևից։ Կանցնի, կնայի ապակե պատուհաններից ներս ու վերջ։ Իսկ երբ խրոնիկական հիվանդություններ ձեռք բերի, այն ժամանակ էլ համարձակ կմտնի ու վստահորեն դեղեր կգնի։
Նա նորից փորձեց գտնել շիկահերին, բայց ծառն այս դիրքից շատ էր խանգարում։ Վիզը ծռվեց, իսկ ճաշը թափվում էր ծնոտին։ Նա նյարդայնացած ուղղվեց․․․
Երբ ավարտում էր ճաշը, զգաց, որ լայն կոնքերով ու մեծ տուտուզով կինը երբեմն իրեն է նայում։ Մի պահ գաղտնի, նուրբ բատիստե թաշկինակով սրբեց աչքերի ծայրին կախված արցունքները ու մինչ նա նորից կդներ գոգնոցի գրպանը, հասկացավ, թե ինչ պետք է ասի։ Ասե՞լ, թե ոչ․․․թե ոտքի կանգնել ու դանդաղ քայլել փոսերով ու անհարթություններով լի մայթով։
Անթրաշ ու հյուծված դեմքով մարդու ձայնը համարյա չպոկվեց շուրթերից․
-Արի մի անգամ էլ ամուսնանանք, գնանք մեր տուն, այնտեղ մեր տղայի զինվորական նկարն է պատին` զենքը ձեռքին, անուշ ժպիտով․․․տանը փիսիկ ունենք մեզ սպասող, գիտե՞ս ինչքան կուրախանա․․․ առանց կնոջ․․․
-Չունենամ քեզ,- արագ պատասխանեց մեծ տուտուզով կինը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *