Լիլիթ Բաղդասարյան | Աշնանային էլեգիա


1
ամեն ինչ չորանում է՝
անձրևաջրերը մայթերին,
արցունքներն այտերին
մառախուղի մեջ են՝
մարդիկ՝
փողոցներում, արագաքայլ ու զբաղված,
ուղեղի ծալքերը՝
մտքերով
ծանրացող
էլ ավելի
ծանր են
կանաչ հիշողությունները
այս եղանակին
ծառերի համար ծանր են.
դեղնում են
ընկնում մայթերին
անձրևաջրերի մեջ
ոտքերի տակ
թրջվում
չորանում

բայց համառ մի տերև
դեղին ու մի քանի աշուն չոր
չի լքում օրագիրս

 

2
աշունը նորից լցվում է իմ մեջ
շուտով տերևներն ավարտված պատմությունների պես կհավաքվեն մայթեզրերին
ես բառ եմ ինչ-որ մեկի բանաստեղծության մեջ,
ես բանաստեղծություն եմ մեկ ուրիշի գրքում
գրքեր, որոնց տեղը գրապահարանների մութ դարակներն են
հիշողություններ, որ աշնան տերևների պես հավաքվում են կյանքի մայթեզրերում

 

3
ժամանակի խորքից սառը քամի է փչում
երեխայի ստվերը ծերանում է հեռվում
դեպի քարանձավ լույսը մեկ կողմից է լցվում
գոյության շերտերի ամենախորքում
կասկածելի մի լույս մարմին է փնտրում

 

4
խավարը ծածկվում է լույսով
ձեռքը սավան է փնտրում մարմնի համար
մարմինը կուչ է գալիս ինքն իր մեջ
բացակայությունից
հոգու
ուրացած բառերի գոլորշին է ամպում գլխավերևում
չի անձրևում

 

5
երկիր առանց երկնքի
երկինք առանց երկրի
կյանք որ ձգվում է այս երկուսի մեջտեղում
արդեն շատ վաղուց
այս աշխարհը վերջանում է պատերազմների մեջ
համառորեն շարունակվում առանց սիրո
մյուս աշխարհում անհիշելի ժամանակներից
անավարտ մի պար է պտտվում
կապույտ սավանի տակ
խոսքերից հեռու բառերի հոսքում
երաժշտություն
որ ամեն աշնան հետ լցվում է իմ մեջ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *