Հրաչյա Սարիբեկյան | Աստվածաշնչի ու էպոսի միջակայքում

Ռուսագիր հայ հեղինակները քիչ չեն, նրանցից մի քանիսը շատ հանրահայտ են, նույնիսկ արդի ռուս արձակի ամենից ճանաչված ու ընթերցվող գրողներից են: Գրականության մեջ, սակայն, միշտ չէ, որ տադանդն իր արժանի ճանաչումն է ստանում. այդպես Զառա Բաբայանի արձակը, վստահաբար, ավելի լայն ճանաչման էր արժանի, և հուսամ նրա՝ հայերեն առաջին անգամ թարգմանվող ու «Օտար գիր» մատենաշարով լույս տեսնող «Կրկին ծնվածները» վիպակը կամ կարճ վեպը դեռ կընթերցվի, կսիրվի, կընկալվի, արժանվույնս կգնահատվի ու կարճ ժամանակ անց կվերահրատարակվի «Անտարես» հրատարակչության «Պարտադիր ընթերցություն» մատենաշարով: Այս ստեղծագործության ընթերցումը հիրավի յուրաքանչյուր հայի համար պարտադիր է ոչ զուտ այն պատճառով, որ մեր անցյալի ամենաողբերգական ու տակավին չհասկացված իրադարձության մասին է – հայ և համաշխարհային գրականության մեջ Ցեղասպանությանը նվիրված վեպերը քիչ չեն – և ոչ էլ անգամ պատճառով, որ Ցեղասպանության մասին գրված վեպ-վիպակների մեջ, չեմ վարանելու ասել, լավագույններից է, ու գնահատման իմ չափանիշը գեղարվեստական հյուսվածքի անուրանալի արժանիքները, տեխնիկական հնարքները կամ ոճը չեն բնավ, որ շատերն այս կամ այն ստեղծագործությունն արժևորելիս կարևորում են ստեղծագործության բովանդակությունն ու խորքը անտեսելու հաշվին. մոլորություն, որ ոճապաշտ Նաբոկովին, օրինակ, թույլ չտվեց հասկանալ ու գնահատել Դոստևոսկու հանճարը: Մինչև Զառա Բաբայանի վիպակն ընթերցելը մտքովս հաճախ է անցել, որ Ցեղասպանության մասին վիպական երկ ստեղծելու համար գեղարվեստական հորինվածքը թերևս մեղանչում կլիներ փաստագրության դեմ, ու որ չեմ հանդիպել այնպիսի իրական պատմության, որի միջոցով հնարավոր կլիներ գեղարվեստական նշանակալից ընդհանրացման հասնել, այնպիսի պատմության, որ հնարավորություն կընձեռեր վերհանել ողբերգական այդ իրադարձության թաքնված խորհուրդը. չէ՞ որ հետաքրքրական, լարված սյուժեով, հերոսական կամ ողբերգական դրվագներով թեմայի պատումներ կարելի է ստեղծել անվերջ՝ չմոտենալով թեմայի էությանն ու խորքին: Եվ ահա «Կրկին ծնվածների» հենքը, ինչպես հեղինակն է հուշում, իրական պատմություն է, ավելացնեմ՝ այնպիսի իրական պատմություն, որ կգերազանցեր ցանկացած հորինվածք: Գրականությունն իր հենքը հանդիսացող պատմության ընտրությունից է հենց սկսվում, իսկ գրողի մեծությունն, ըստ իս, չափվում այդ պատմության թաքնված էությունը բացելու վարպետությամբ: Լյուկ Բեսոնի «Երկնագույն անդունդ» ֆիլմի սուզակների մրցավեճը, թե ով ավելի խորը կսուզվի ծովում: Այդպես է նաև գրականության մեջ, միայն թե առանց գրամոլության տանող մրցակցության վեճի. մարգարիտներ են դուրս բերում նրանք, ովքեր ավելի խորն են սուզվում: Այս վիպակի հենքն ինքնին երևույթի խորքը մինչև վերջ բացելու հնարավորություն ընձեռող պատմություն է՝ որքան անհավատալի, նույնքան հավատարժան, որքան իրական, նույնքան հրաշալի, իսկ Զառա Բաբայանն այդ պատմության խորքից մարգարիտներ է հանում, պարզապես ուշադիր է պետք լինել դրանք նկատելու համար, նկատելու դեպքում էլ հարկավոր է պարզել արևին ու տեսնել դրանց փայլը: Այս փոքրիկ վեպը կարդալուց հետո ինձ մոտ չի անհետանում տպավորությունը, թե Ցեղասպանության մասին այս կերպ պիտի գրվեր, միայն ու միայն այս կերպ, այս աստիճան սպառիչ, եթե գեղարվեստական գրականության վերաբերյալ սպառիչ բառը գործածելի է իհարկե, որ այս տեքստն անպայմանորեն երկու սրբազան պատումների՝ Աստվածաշնչի ու մեր էպոսի զուլալ ակունքներից կարող էր բխել միայն, առանց որոնց հնարավոր չէ ընկալել Զառա Բաբայանի հստակ ու զուլալ պատումը, քանզի ստեղծվել է մի տեքստ, որ կամրջում է նաև այդ երկու սրբազան տեքստերը: Ուշադրություն դարձրեք վիպակի կոմպոզիցիային, որ սկսվում է ամանաառինքնող կերպարներից մեկի՝ Հովհաննեսի ծնունդով (ուշադրություն է պետք դարձնել նաև հերոսների անուններին, ինչպես Պավել Ֆլորենսկին է սովորեցնում) և ավարտվում այդ հերոսի՝ ճգնավորների քարանձավ մտնելու կամ քարանձավում փակվելու պատմությամբ: Կոմպոզիցիայից սկսած մինչև ամենափոքր դետալ վիպակը կանխամտածված է ու հղկված, այն աստիճան, որ ուշադրություն էլ չի գրավում: Արևը վիպակում արև է, օձը՝ օձ, և այլն, բայց նաև սիմվոլներ են դրանք, Զառա Բաբայանը սիմվոլներ ոչ թե կերտում կամ հորինում է, այլ հուշում, վկայում, որ Աստծու ստեղծած հիասքանչ աշխարհում սիմվոլ է ամեն ինչ: Այս իմաստով անկրկնելի, հրաշալի է օձերի հետ կապված պատմությունն, ըստ որի օձի (Մահվան թագուհու) խայթոցից փոքրիկ Մովսեսը փոխվում է, դառնում լռակյաց, այսինքն իմաստնացած (ժողովրդական «օձի կծած» դարձվածն իր գործածական, բացասական իմաստից բացի նշանակում է նաև իմաստուն), այսինքն ներքուստ մահացած ու հարություն առած, և դրանով է հենց բացատրվում, որ Մովսեսն ունակ է դառնում վերստին ծնվածների զարմ աշխարհ բերել, որովհետև հատուկ նշան ունի, ինչպես և հայ ազգը: Իմ խնդիրը չէ բացել վիպակի սիմվոլները, բնա՛վ, բայց ուզում եմ հուշել, որ ոչ մի պատկեր, ոչ մի համեմատություն, ոչ մի մետաֆոր պատահական չէ, որ իրերի ու երևույթների ճանաչողությունն է այստեղ դառնում խոսք, որ երևակայականը Զառա Բաբայանի արձակում հասնում է ճշգրտության, այնպես, ինչպես լատինական Ամերիկայի՝ ինկերի, ացտեկների ու մայաների միֆական աշխարհընկալումը ժառանգած գրողներից շատերի գործերում, որոնց տեսաբանները մոգական կամ կախարդական իրապաշտություն անունն են տալիս, իսկ գրողներն իրենք չեն ընդունում այդ պիտակավորումը, որովհետև գրում են իրենց շրջապատող, իրենց համար սովորական, առտնին իրականության մասին, որ արտասովոր ու մոգական է ուրիշների համար: Այդպիսին է և Զառա Բաբայանի վիպակը: Կախարդական իրապաշտության հնարքներից մեկն է, երբ հրաշք թվացող երևույթն աստիճանաբար պատմողի կերպարի միջոցով ստանում է առտնին բացատրություն՝ դույզն ինչ չկորցնելով մոգականի, հեքիաթայինի հմայքը, ցույց տալով երևույթների հրաշալի էությունը, այդպես է և «Կրկին ծնվածները» վիպակում. ահա և գրականության ևս մեկ խնդիր՝ բացահայտել, ցույց տալ իրողությունների հրաշալիքը, իրականության հրաշալի էությունը, այնպես, ինչպես այն ընթերցողին է մատուցում վիպակի պատմողը: Իսկապես. «Մի՞թե էս ամենը հրաշք չի: Ասենք, մեր ամբողջ կյանքը հրաշք է: Այնպիսի հրաշք, որ եթե դրա մասին գրքում գրես, ոչ մեկը չի հավատա»: Այսպես իրականությունը դառնում է հրաշապատում հեքիաթ կամ պրիտչա, այսպես է ահա ճշմարիտ գրականությունը, իբրև գեղարվեստական պատկեր, դառնում իրականության ընկալման անփոխարինելի միջոց:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *