Գիրք ասեմ՝ կարդա | Կատերինա Փոլդյանի «Այստեղ առյուծներ կան» վեպը

Օրերս կարդացի-ավարտեցի Կատերինա Փոլադյանի Կատերինա Փոլադյանը ծագումով հայ, գերմանագիր գրող է: Վեպը լույս է տեսել Գայանե Գինոյանի թարգմանությամբ: «Այստեղ առյուծներ կան» վեպը նորովի, թարմ հայացքով աշխարհին պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Արժանացել է Նելի Զասի մրցանակին, որը տրվում է այն գրական գործերին, որոնք նպաստում են ազգերի միջև փոխըմբռնման հաստատմանը:
Վեպը կառուցված է զուգահեռ երկու պատումների համադրմամբ. պատումի պատմական կոնտեքստում Հրանդն ու Անահիդն են՝ երկու երեխաներ, որոնք փախչում են Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող ջարդերից՝ իրենց հետ ունենալով ձեռագիր մի Աստվածաշունչ: Հրանդի ու Անահիդի պատումի միջոցով հեղինակը ներկայացնում է արևմտահայերի տեղահանությունն ու կոտորածները, Ցեղասպանության գիծը, նրանց ապրումներն ու տեսած արհավիրքները: Անկեղծ լինեմ՝ մեկումեջ ընդմիջվող այս տեսարանները երբեմն այնքան ծանր ու ազդեցիկ են, որ շունչ ես քաշում, երբ ավարտվում է հերթական՝ վերհուշ-պատումային գլուխը:
Զուգահեռ պատումի մեջ գերմանացի ձեռագրեր վերականգնող Հելեն Մազավյան է, որը ծագումով կիսահայ է (հեղինակի կերպարն է, Կատերինայի հայրը հայ է, մայրը՝ լեհ): Նա գալիս է Հայաստան՝ Մատենադարանում վերականգնելու ինչ-որ ձեռագիր Աստվածաշունչ, որն էլ հենց դառնում է զուգահեռ պատումների հանդիպման վայրը. երկու սյուժեներ զուգահեռվում են: Պետք է նշեմ, որ, իրոք, ուշագրավ տարբերակ է ընտրել հեղինակը՝ անդրադառնալու Հայոց ցեղասպանության թեմային. Մատենադարան, հին գրքերի ուսումնասիրություն և դրանց հետ կապված բացահայտումներ: Մյուս կեսով Հելենը ժամանակակից մարդ է, որ Եղեռնից մազապուրծ ծնողների ժառանգ է և սեփական ինքնափնտրտուքի մեջ է՝ որպես պատմական հիշողության կրող, ժամանակակից կին, որը կարծես մոլորվել է սեփական կյանքի ոլորաններում և փորձում է իր արմատներին վերադառնալով՝ գտնել ինքն իրեն, իր իրական ինքնությունը:
Ժամանելով Հայաստան՝ Հելենը ծանոթանում է Մատենադարանի աշխատակցուհի Էլմիրայի և նրա ամուսնու հետ և անգամ սիրահարվում նրանց որդուն՝ Լևոնին: Լևոնը մասնագիտությամբ երաժիշտ է, ազատ երեկոներին նվագում է ջազ-ակումբում , սակայն որպես սպա՝ ծառայում է հայոց բանակում: Մի դրվագում Լևոնն ասում է, որ ճիշտ է, իր մայրը կնախընտրեր, որ ինքը շարունակեր աշխատել իր մասնագիտությամբ, բայց ինքը գտնում է, որ այս պահին հայրենիքը ավելի շատ ունի իր կարիքը: Ինչ-որ առումով Լևոնը ժամանակակից Հայաստանի մարմնավորումն է՝ իրական, զգացմունքային ու միևնույն ժամանակ՝ հակասական ու կոպիտ: Եվ, բնականաբար, այս էքսցենտրիկ կերպարին էլ հենց սիրահարվում է Հելենը, մի պահ անգամ թվում է՝ ուր որ է հերոսուհին ամեն ինչ կթողնի ու կհաստատվի Հայաստանում, բայց՝ ոչ, Կատերինա Փոլադյանի հերոսուհին չի եկել այստեղ ապրելու, նրա առաքելությունն է՝ պատմել Հայոց ցեղասպանության ու արհավիրքների մասին: Իսկ թե ինչ է լինում Լևոնի հետ, կիմանաք՝ կարդալով վեպը:
Վեպը գրված է շատ զուպս լեզվով, սերը, հայրենասիրությունը, խաղաղության դիսկուրսը, ամեն ինչ ներկայացված են գերմանական զսպվածությամբ. չկան ավելորդ պաթետիկ բառեր, էմոցիաների գունազարդում, բայց միևնույն ժամանակ՝ ամենուր խտացված էմոցիաներ են, որ լսվում են դռան հետևից լսվող խոսակցությունների, ձայների ու պատմությունների միջակայքում: Նաև հետաքրքրական է դրսից՝ մեր ապրած ամենօրյա կյանքին գցած հեղինակի հայացքը, որն օգնում է ավելի ուրիշ կողմից դիտարկելու մեր կյանքը, ավելի լավ ճանաչելու մեզ:
Վեպում շատ ազդեցիկ տեսարաններ կան Արևմտյան Հայաստան Հելենի այցելության հետ կապված դրվագներում, կրոնափոխ եղած հայերի պատմություններում, որոնց մի ծայրն էլ հենց փորձում է հպանցիկ լույս սփռել, թե որտեղից է գալիս Հելենի վերականգնած Աստվածաշունչը: Հետաքրքրաշարժ են նաև գիրք վերականգնելու, հին ձեռագրերի հետ աշխատելու տեխնիկական նկարագրությունները:
Կարծում եմ, որ վեպն իրոք արժանի է ուշադրության և ընթերցվելու, ինքս շատ-շատ եմ հավանել գործը. ամեն օր չէ, որ գերմանալեզու մեծ լսարանի համար նման կարևոր թեմայով վեպ է գրվում:

Հասմիկ Հակոբյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *