Թոնդրակ | Բաբելոնյան տեսարան կամ միջօրեի շրջադարձեր

Լույս է տեսել Թոնդրակի բանաստեղծությունների նոր՝ «Դանդաղ լուսաբաց» ժողովածուն։ Այն հեղինակի երրորդ ժողովածուն է, որտեղ ամփոփված են 2014-2021 թթ. գրված բանաստեղծությունները։
Ստորև ներկայացնում ենք բանաստեղծությունների ժողովածուի վերջում տեղ գտած բանաստեղծություն-էսսեն (էջ 89-91)։
Թոնդրակ, Դանդաղ լուսաբաց։ Բանաստեղծություններ / Թոնդրակ։ – Եր., ակտուալ արվեստ, 2022: – 92 էջ։
Խմբագիր՝ Միհրան Հովհաննիսյան։

 

ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ՏԵՍԱՐԱՆ
կամ միջօրեի շրջադարձեր

եթե պոեզիան ինքնին լեզուն չէ, միայն լեզուն չէ և ավելին է, քան լեզուն, եթե պոեզիան քաոսն է, որ լեզու է առել, եթե «շեմն» այլևս սերտորեն չի միացնում «աշխարհին», եթե քաոսը նրա թե՛ հանգստությունն է, թե՛ ուրիշ հնարավորությունները…

եթե պոեզիան պարզապես խոսքերի և մտածողության կանոնների համադրումն է, որի ներկայությունը չի ներառում բացակայությունը և խոհականությանը չի տալիս խորություն և լույս…

եթե պոեզիան ծնվում է ոչ թե անազատության մեջ, այլ շղթաներով, եթե պոետի խնդիրն արվեստի գործն ազատագրելը չէ, այլ ընդամենը պոեզիա ստեղծելը…

եթե պոեզիան չի փոխակերպում այն, ինչին դիպչում է, որպեսզի այն բացահայտվի այլ կերպ…

եթե պոեզիան տարածության ոչնչացումն է, այլ ոչ տարածության ընդլայնում-խորացումը, եթե պոեզիան ժամանակին պատվաստվելն է, այլ ոչ ժամանակից պոկվելը, և ոչ էլ իրադարձությունների հորիզոնն է, երբ տեսանելի է դառնում անհետանալիս…

եթե պոեզիայի գոյությունն այլևս պայմանավորված չէ զուտ ստեղծագործականությամբ և պետք է նաև շարունակական լինի, եթե այն միշտ էլ անդենականն է, այս իրականությունից դուրս մեկ այլ միություն…

եթե պոեզիան բնավ էլ ինչ-որ գոյություն ունեցողի ներկայացումը չէ և այսրաշխարհային իրականությունից չէ, ոչ էլ արդիության պահանջներից ծագած ինչ-որ բան…

եթե լռությունն էլ չի մաքրում հոգին ամենայն ժանգից և անհավատության հետ նրա կուրացնող կապից և եթե լռությունը խոսքի խորհուրդը չէ, և կարևոր են խոսքերը, այլ ոչ թե լեզուն, որի բացակայության դեպքում խոսքը հարմարվում է ամեն մի ճշմարտության և անգամ բացակայության ճշմարտությանը…

եթե ձայնն այլևս չի տարբերվում արձագանքից, և բավական է մի պտղունց դատարկությունը սվաղել մարմանականությամբ և կրքով…

եթե ո՛չ լռությունը, ո՛չ էլ ձայնը մեր միտքը լուսավորելու, պոեզիայի հացը մեզ հետ կիսելու միջոցներ չեն…

եթե ոչ մի մանրուք ինքնուրույն չէ ո՛չ լեզվի մեջ, ո՛չ էլ պատմության, և պոեզիան ուղղակի գրվածքն է և զուրկ է ընթերցողի (ունկնդրի) մտքում բառերի հնչյունների և իմաստների համակցվող արձագանքից…

եթե «մաքուր արվեստը» փոխարինվել է «մաքուր զվարճանքով», գեղագիտական ցնցումը՝ քարոզչականությամբ և գովազդներով՝ վերածվելով հույժ քաղաքականի, եթե ամեն ինչ ապրանքայնանում է, ընդհուպ պոետները, և կիզակետում մնում է գինը, բայց ոչ արժեքը…

եթե թափառումներն ու շեղումները չեն խրախուսվում՝ հանուն ինչ-որ հաստատուն հավատարմության, և բոլոր ճամփորդությունները սկսվում և ավարտվում են նույն տեղում…

եթե գիրը խուսանավում է անցյալից, բայց և չի կարողանում տեղավորվել ապագայի մեջ և ի վիճակի չէ երբևէ հասնել անմիջականության և ներկայության, եթե այն չի կարող արտահայտվել և լսելի դառնալ ճանապարհին, շրջագայության ժամանակավոր ընդարձակման և չկատարման մեջ…

եթե տարբերությունը չի բխում խոսքից, որն իր մեջ կրում է լեզվի լինելիությունը, և ճանապարհը չէ, որ փրկությունից կտաներ ինքնավստահություն, ոչուրեք, եթե խոսքերը չեն գալիս լռությունից, և կարևորը նմանարկումն է, որ զուրկ է լեզվից …

եթե խոսքն այնպիսի սկիզբ չէ, որը թույլ կտար կերպափոխել այն ամենը, որ եղել է նախկինում, կամ էլ ազատվելու միջոց չէ միօրինակությունից, որը զրկում է ծագումից և խլում նորարարությունը…

եթե իմաստը չասվածի մեջ չէ, որը պահում է այն՝ կպչուն, հանց պտուղը չհաս, և հոգևոր դատարկությունից փախչելը պահանջում է փախչել վերացականությունից…

եթե իմաստները չեն հավաքվում տարբերության մեջ և չեն դիմադրում իրականացման բոլոր հնարամտություններին, իրականության բոլոր վերագրումներին ու տարբեր, հույժ զանազան ընդհանրացնող ու ընդհանրական ժեստերին…

եթե գոյությունը իմաստազուրկ անդունդ է, որը չի իմաստավորվում ստեղծագործականությամբ, եթե մարմնավոր է պոեզիան և վարժված չէ խորհրդածությանը և մնում է թաղված մարմնական ցանկությունների ցեխի մեջ՝  անզոր նայելու և տեսնելու հոգևոր լույսը…

եթե իրականությունը զոհաբերվում է հանունիմաստի, և իմաստը չի ազատագրվում իրականությունից, իսկ ես-ը մնում է դեմ-հանդիման ինքն իրեն, ընդդեմ իրականության…

եթե ներկայությունը ո՛չ անմեղ է, ո՛չ էլ անխառն և չի սահմանվում բացակայի հետ իր հարաբերմամբ…

եթե ամենուր սպանում են պոեզիան, որպեսզի բոլորը դառնան պոետ, սպանում են բառի երկիմաստությունը՝ հանուն պարզեցման-պարզունակացման՝ մինչ առօրեականություն, և լեզվի իրականությունը փնտրում բառարաններում…

եթե գրում են պոեզիա, որ հայտնվեն դասագրքերում…

12 դեկտեմբերի / 2022 / Լուսագյուղ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *