Զգայական տիեզերքում հնչող երաժշտությունն արդյունք է այն երաժշտության, որ գոյություն ունի այդ տիեզերքից առաջ:
Պլոտինիոս
Ռայներ Մարիա Ռիլկե
Երաժշտություն
Երաժշտոություն
դու շնչառությունն ես արձանների:
Գուցեև,
լռությունը պատկերի:
Դու արտահայտում ես այն,
ինչ լեզուն անկարող է արտահայտել:
Դու ժամանակն ես,
որը ուղղահայաց կանգ է առել
անցական սրտերի ճանապարհին:
Զգացմունքնե՞րը: Փոխակերպու՞մ ես…
Հնչե՜ղ բնանկարի:
Դու` օտարություն ես, երաժշտություն,
առանձնացված տարածությունը սրտերի:
Այն նվիրականը, որ հաղթահարումն է
մեր սահմանների:
Սուրբ հեռացում:
Հոգին մեզ շրջառում է –
ինչպես ծանոթ հեռուն,
ինչպես հակառակ կողմը երկնակամարի:
Մաքուր,
անսահման,
այլևս անբնակելի:
Պոլ Էլյուար
Երաժիշտը
Հազիվ լսվում է նվագարանի ձայնը
Անմեղ գիտակցության մեջ ծնվում է
Երաժշտությունը
Մերկ շուրթերի մեղեդին
Այն լցնում է տարածությունը
Երկրային ծանոթ եզերքներից
Մինչև եզերքները անճանաչելի…
Նայիր նրան
Նա այլ աշխարհից է
Իսկ ձեռքերը երկրային
Նուրբ գեղեցիկ:
Խորխե Լուիս Բորխես
Երաժշտական գզրոց
Ճապոնական երաժշտություն։
Կլեպսիդրայից դանդաղ հոսում են
Կաթիլները մեղրի և անտեսանելի ոսկու…
Եվ ժամանակի հոսքում
Կրկնում են պատմությունը նույն`
Հավերժական և փխրուն, խորհրդավոր և ակներև։
Սարսափում եմ, որ ամեն կաթիլ կարող է վերջինը լինել։
Նրանք – երեկվա օրն են վերադարձնում:
Ո՞ր տաճարն է: Լեռան վրա ո՞ր այգին:
Ու՞մ արթնությունն է անհայտ ծովի ափին,
Ո՞ր անեղծ մելամաղձության,
Մոռացված և փրկված օրերն են
Հոսում առ իրենց ապագան։
Ես չգիտեմ։ Այլևս կարևոր չէ։ Ես երաժշտության
Մեջ եմ։ Եվ արնահոսում եմ։
Պանտելիս Բուկալաս
Միսեն
Հեկտորի ճամբարում եմ եղել ես,
թե ճամբարում Ոդիսևսի –
ի՞նչ տարբերություն:
Չունի Քարոնը հայրենիք և նա դեմոկրատ է:
Բացի այդ ես ամենևին էլ չեմ կռվել.
ես միայն շեփորն եմ լարել
և հնչյուններով նրա
մարդկանց` զենքերով շառաչ` մարտի նետել:
Եվ որքան ոգեշնչող էր նվագն իմ,
այնքան շատ դիակներ էին շուրջս փռվում:
Արյունն ինձ մթագնել էր
և սակայն, կարո՞ղ էի ես արվեստը դավաճանել
և ռիթմն, որ ներսումս էր,
այլափոխել:
Մինչ` վշտից, ինձ թվում է, թե ցասումից,
հազիվ թե հպարտություից ,
ես չեմ պարծեցել,
որ մակհանացու և մահացու երաժշտություն իմ
ստվերել է շեփորները աստվածների:
Լսեց ինձ Տրիտոնն,
ինքը` ծովային, շեփորն իր` ծովային,
մոլեգնեց.
աստվածներին նախանձն է շարժում:
Եվ ինձ ջրախեղդ արեց:
Մինչև իսկ մրցության ուրախությունն ինձ չտրվեց,
մինչև իսկ ուրախությունը պարտության:
Եվ ես օրհնում եմ Մարսիասին,
նա եկել է մրցման և պարտվել,
նրա սրինգը
Ապոլոնը ոչ թե քնարով է հաղթել,
այլ խորամանկությամբ:
Աստվախներին խորամանկությունն է շարժում:
Աստված կախել է նրան և կաշին քերթել,
բայց նրան գոնե մրցություն է
տրվել:
Աննա Ախմատովա
Երաժշտությանը
Դարձել եմ այն տարիների նման անքուն,
Գիշեր – ցերեկ չունեն սահման,
Մի՞թե քո խորքերում անհուն
Չունես սփոփանք ինձ համար:
Ես ինքս կեսդարյա սփոփանք եմ եղել,
Կարող էիր իմ օրինակին հետևել:
***
Եվ երաժշտության խորքերում ես չգտա պատասխան:
Եվ կրկին լռություն… և կրկին ուրվականը ամռան:
Ալեքսանդր Կոչետկով
Որտեղի՞ց է երաժշտությունը
Որտեղի՞ց է երաժշտությունը:
– Ես Չգիտեմ։
Մթնշաղին նստել եմ ու խորհել.
Ի՜նչ հրաշալի է ապրելը, որ (այնուհանդերձ) սերը
մահվանից հզոր է, որ ծաղիկները գեղեցիկ են
(և անգամ զանգակները),
որ աշխատանքը բյուրեղացնում է հոգին,
որ քարի մեջ կենդանի սիրտ է բաբախում։
Իսկ հարևանս այդ ընթացքում կիթառն էր լարում:
Հետո նիրհեցի ակամա
Եվ երբ արթնացա… երաժշտությունը լռեց։
Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի