Ուսուցչի մեկ ամսվա աշխատավարձով Swarovski ականջօղեր գնեցի և ուրախ-ուրախ եկա տուն: Աչքս վաղուց էր վրան: Հայելու առաջ սքանչացա ինձնով ու նոր օղերովս:
Երեկո է. աղջիկս սովորել է վաղվա դասերը և ականջակալներով նոր մոդայի երգեր է լսում, տղաս սովորել է վաղվա դասերը և լեգոներով ավտոմեքենա է հավաքում, տան մեծերը հեռուստացույցի առջև ննջում են, հայրիկին աշխատանքի է, ես մտածում եմ ականջօղերիս մասին և մանր-մունր գործերս անում: Եթե կորոնավիրուսն ու նրա մասին լուրերը չլինեին, աշխարհն այնքան գեղեցիկ ու ներդաշնակ կլիներ…
Փաշինյանը հայտարարում է` վաղվանից փակվում են դպրոցները, ուսումնական հաստատությունները, սրճարանները առևտրի ու ժամանցի կենտրոնները:
Երկրում արտակարգ դրություն է, տնային կալանք:
Վարակվածների թիվն աճում է օր օրի, ժամ առ ժամ: Դարանակալ անտես թշնամին ամենուր է` դռան բռնակների, մատների ու մատանիների, ցելոֆանե տոպրակների, տարբեր նշանակության ապրանքների վրա: Ռադիոն, հեռուստատեսությունն ու համացանցը աղաղակում են միայն թվեր, թվեր, թվեր…
Մեկ ամիս է` ես և երեխաներս առցանց դասեր ենք պարապում, մեծերը հետևում են ռադիոյին, հեռուստատեսությանն ու համացանցին, որոնք աղաղակում են միայն թվեր, թվեր, թվեր…
Հարազատներս ու ընկերներս միշտ կատակով ինձ ասում են, որ ոչ մի հիվանդության հանդեպ անտարբեր չեմ. սիրում եմ բոլոր հիվանդություններին մոտիկից ծանոթանալ: Էնքան հիվանդությունների անուններ գիտեմ, ոնց որ բժշկականի ուսանող լինեմ: Ես` արդեն տասը տարվա դիաբետիկս, ծանր թոքաբորբ, երիկամի ավազանաբորբ, կեսարյան և այլ վիրահատություններ տարածս, բոլոր նախադրյալներն ունեմ կորոնավիրուսից մեռնելու: Հենց հեռուստացույցով հայտնում են, որ մահացած պացիենտն ունեցել է ուղեկցող հիվանդություն` ի մասնավորի շաքարային դիաբետ, ընտանիքս մեկ աչք դարձած ահաբեկված ինձ է նայում: Ես` արդեն տասը տարվա դիաբետիկս, ծանր թոքաբորբ, երիկամի ավազանաբորբ, կեսարյան և այլ վիրահատություններ տարածս, բոլոր նախադրյալներն ունեմ կորոնավիրուսի ջարդը տալու: Սակայն կորոնավիրուսը մեր տուն չի մտնի, սպիրտով շփում եմ դռան բռնակներն ու մտածում, քանի որ մանրակրկիտ ախտահանում ենք հնարավոր ամեն բան. լվանում, հատուկ սրբիչով չորացնում խանութից տուն մտած ցանկացած իր` ուտելիք, թե տնտեսական, հետո սրբիչը լվանում եռման ջրով: Ամուսինս փռշտաց. էդքան էլ` ճիշտ:
Հաջորդ առավոտ եռամսյա կալանքի մեջ առաջին անգամ խելքիս փչեց այցելել ծնողներիս: Մեկ էլ ամուսինս զանգեց, թե գնում է թեստ հանձնելու: Թեստի պատասխանը դրական եղավ, և նույն երեկոյան իրեն մեկուսացրին «Պրեզիդենտ» հյուրանոցում: Պարետի որոշմամբ ես և երեխաներս մնացինք իմ հայրական տանը` խստացված տասնչորսօրյա կարանտինի մեջ: Իմ դարդը մեր երկու մայրիկներն ու երկու հայրիկներն են, որովհետև վաթսունն անց են, իրենց դարդը` ես:
Մեկ էլ զգում եմ, որ կերածս սպագետին մի տեսակ անհամ է: Վախեցած ու թաքուն հոտոտում եմ մորս զարդասեղանի օծանելիքները: Բացում եմ կափարիչները, խրում քթանցքերիս մեջ: Ո՛չ Շանելը հոտ ունի, ո՛չ տեսակ-տեսակ սրվակների միջինները: Պառկում եմ քնելու և արթնանում միայն չորս ժամ անց` փլատակների տակ գտնվածի պես մարմնիս ցավերով: Հարբուխ ունեմ, համ ու հոտ չեմ զգում, մարմինս ջարդվում է, ջերմությունս ցածր է` 35,5, չնայած ասում են` կորոնավիրուսի ժամանակ բարձր ջերմություն են ունենում: Անդադար քնել եմ ուզում: Նույն գանգատներն է պատմում նաև ամուսինս և կորոնավիրուսով վարակված ամեն մարդ: Պարետատունը, ԱՆ աշխատակիցներն ու տեղամասային բժիշկը, իմ ծանոթ-հարազատ բոլոր բժիշկները, ամուսինս ու ով ասես վախվորած հետևում են վիճակիս` հեռախոսով: Փակված ննջարանում, ձեռքիս` Աստվածաշունչ, գլյուկոմետր, որ չափեմ շաքարս երկու ժամը մեկ, ջերմաչափ և սատուրացիան ստուգող սարք, որպեսզի չնչին շեղումների ժամանակ` հայդա՛ հիվանդանոց: Կալանավայր-սենյակ միայն անահ ներսուդուրս է անում հարսս`եղբորս կինը: Մարդը ոչ նախազգուշացումներից է վախենում, ոչ` վարակվելուց:
Կամաց-կամաց ոտքի կանգնեցի: Քառասուներեք օր հետո զգացի, թե ինչ գունագեղ է կյանքը, երբ զգում ես ուտելիքի, խոտի, օճառի, երեխայիդ մաշկի բույրը, երբ կարողանում ես բերանիդ մեջ տարբերել հացի համը լոլիկի համից, երբ օրվա մեծ մասը արթուն ես, երբ նույն մարդն ես` քո դիաբետով և բոլորից տարբերվող քո հոգսերով:
– Շան օր քաշեցինք քո ձեռքը,- ամեն անգամվա նման ասում է մայրս:
Հիմա տանն ենք բոլորս` ապաքինված ու երևի ապահովված վարակվելու վտանգից:
Զարդատուփիս մեջ անտեղյակ ու անտարբեր դրված է մի զույգ ականջօղ: Տեսնես` երբ եմ դրանք կախելու:
Սեպտեմբերի 1֊ին կկրես օղերդ մորքուր ջան💋
Արմինե ջան, քեզ մոտ COVID_ն էլ համ ու հոտ ունի։
Այնպես նկարագրեցիր, որ ով չի կպել՝ ուզում է գնալ մի հատ ականջօղ առնի, իհարկե՝ սվորովսկու քարերով ու գա հիվանդանա։
Լավն էր, իրականություն առանց տրագեդիայի։
Աստված իրեն հավատացողների հետ է և Աստված մեծ է….
Ամենահետաքրքիրը Swarovki-ու պահն էր: