Ահա երրորդը ճանապարհին։ Ա՜խ, սիրելի՛բարեկամ, մի՞թե դու ես
Կարտուզը հագիդ անկեդան հայացքի առաջ։
Ա․ Բլոկ
Նրանք, որոնց բախտ է վիճակվել 1917 թվականի հոկտեմբերի 24-ին կոկաին քաշել պետրոգրադյան անմարդաբնակ և անմարդկային պողոտաներում, գիտի, որ մարդն ամենևին բնության թագավորը չէ։ Բնության թագավորը հնդկական մուդրա հիշեցնող ձևով չէր ծալի ձեռքը՝ փորձելով խոնավ քամուց պաշտպանել բթամատի եղունգի վրա ձևավորվող փոքրիկ բուրգը։ Բնության թագավորը մյուս ձեռքով չէր պահի ուր որ է աչքերին ընկնող գլխանոցի ծայրը։ Եվ իհարկե, այն, ինչին բնության թագավորը երբեք չէր գնա, կաշվե գարշահոտ սանձերը ատամներով պահելու ստորացուցիչ անհրաժեշտությունն էր՝ ամեն վայրկյան մեծագույն գռեհկություն ակնկալելով հիմար, ռուսական ձիուց, որը Դմիտրի Սերգեևիչ Մերեժկովսկին վաղուց էր կանխատեսել։
-Ոնց էլ չես հոգնում, Յո՛ւրի։ Արդեն հինգերորդ անգամ ես քաշում այսօր, – ասաց Նիկոլայը՝ տխրությամբ գլխի ընկնելով, որ ընկերն այս անգամ էլ չէր հյուրասիրելու։
Յուրին սադափե տուփիկը շինելի գրպանում թաքցրեց, մի վայրկյան մտածեց և հանկարծ կոշիկներով ուժեղ հարվածեց ձիու կողերին։
-Հաա՜ա։ Բրոնզե ձիավորն ամենուրեք հետևում է նրան, – բղավեց նա և դատարկ ու մութ Շպալերնայա փողոցով սլացավ հեռուն՝ ծանր, զրնգուն դղրդյունով։ Այնուհետև ինչ-որ կերպ իր ձիուն համոզելով կանգ առնել և վերադառնալ՝ սլացավ դեպի Նիկոլայը․ ճանապարհին անտեսանելի սուրով կտրեց դեղատան ցուցանակը, նույնիսկ փորձեց ստիպել ձիուն հետևի կճղակների վրա կանգնել, բայց վերջինս պպզեց հետևի ոտքերին և սկսեց ամբողջ փողոցով հետ-հետ գնալ դեպի հրուշակարանի ցուցափեղկը՝ պատված լիմոնադի միանման, դեղին գովազդային պաստառներով․ բեղավոր հերոսը՝ Գեորգիևյան խաչերը կրծքին, կիսով չափ կռացած, որպեսզի խուսափեր քիչ առաջ երկնքում պայթած շրապնելային ռումբի բեկորների տակ ընկնելուց, խմում է մեծ գավաթից՝ երկու մոտավորապես նկարված գեղեցկուհի բուժքույրերի հայացքների ներքո։ Նիկոլայն արդեն ինչ-որ մեկի հետ քննարկել էր այդ պաստառի ապուշությունն ու գռեհկությունը, որն էսեռական և բոլշևիկյան թռուցիկների հետ միասին փակցված էր ամբողջ քաղաքով․ այդ պահին չգիտես ինչու հիշեց Պյոտր Ուսպենսկու ՝ չորրորդ տարածության մասին գրքույկը, որը տպագրվել էր լրագրային անպետք թղթի վրա, և պատկերացրեց ձիու գավակը, որը դուրս էր գալիս դատարկության միջից և խփում գցում էր հոգնած զինվորի ձեռքի լիմոնադը։
Յուրին վերջապես զսպեց ձիուն և փողոցի մեջտեղում մի քանի պիրուետներ անելուց հետո ուղևորվեց դեպի Նիկոլայը։
-Ընդ որում՝ ուշադրությո՛ւն դարձրու, որ, – շարունակեց ընդհատված զրույցը, – ցանկացած մշակույթ այնպիսի իրերի պարադոքսային ամբողջություն է, որոնք առաջին հայացքից ոչ մի կապ չունեն միմյանց հետ։ Իհարկե, կան զուգահեռներ․ պատը, որը օղակաձև շրջապատում է անտիկ քաղաքը, և կլոր մետաղադրամը, կամ հսկայական տարածությունների արագ հաղթահարումը գնացքների, հաուբիցների և հեռագրասարքերի միջոցով։ Եվ այլն։ Բայց գլխավորը, իհարկե, դա չէ, այլ այն, որ ամեն անգամ երևան է գալիս ինչ-որ մի անբաժանելի միասնություն, ինչ-որ մի սկզբունք, որն ինքն իրենով չի կարող ձևավորվել՝ չնայած ծայրահեղ պարզությանը․․․
-Արդեն խոսել ենք դրա մասին, – չոր կերպով ասաց Նիկոլայը, – անորոշելի սկզբունքը, որը նույն ձևով ներկայացվում է մշակույթի բոլոր ֆենոմեններում։
-Դե՜, այո՛։ Եվ այդ սկզբունքը գոյության ինչ-որ ֆիքսված ժամանակամիջոց ունի, մոտավորապես հազար տարի։ Եվ այդ ժամանակամիջոցի ընթացքում անցնում է այն նույն փուլերը, ինչ մարդը․ մշակույթը կարող է երիտասարդ լինել, ծեր և մահացող։ Եվ հե՛նց մահացում է հիմա տեղի ունենում։ Մեզ մոտից առանձապես պարզ է երևում։ Չէ՞ որ սա (Յուրին ցույց տվեց «Ուռա՜, Սահմանադիր ժողովին» գրվածքով վառ կարմիր լայն կտորը, որը ձգվում էր լապտերային երկու սյուների միջև) արդեն հոգեվարք է։ Կամ նույնիսկ տարրալուծման սկիզբ։
Որոշ ժամանակ լուռ էին գնում։ Նիկոլայը շուրջն էր նայում․ փողոցն ասես ամայացած լիներ, և եթե չլինեին մի քանի լուսավորված պատուհանները, կարելի էր կարծել, թե հին մշակույթի հետ անհետացել էին նաև դրա բոլոր կրողները։ Հերթապահության երկրորդ ժամն էր, իսկ անցորդներ ամենևին չէին հանդիպում, ինչի պատճառով բոլորովին հնարավոր չէր կատարել կապիտան Պրիխոդովի հրամանը։
– Շպալերնայայից դեպի Սմոլնի չթողնել ո՛չ մի քաղաքացիական քածի, – ասել էր կապիտանը հերթափոխի ժամանակ՝ խորիմաստորեն նայելով Յուրիին, – պա՞րզ է։
-Ինչպե՞ս կհրամայեք հասկանալ, պարո՛ն կապիտան, – հարցրել էր Յուրին, – ուղիղ իմաստո՞վ։
-Բոլոր իմաստներով, յո՛ւնկեր Պոպովիչ, բոլո՛ր։
Բայց որպեսզի կարողանային թույլ չտալ ինչ-որ մեկին Շպալերնայայից Սմոլնի գնալ, պետք էր, որ բացի հրամանը կատարելու պատրաստ յունկերներից գոյություն ունենար նաև այդ երրորդը, որը կփորձեր անցնել այնտեղ․ իսկ նա չկար, այդ պատճառով առայժմ մարտական հերթապահությունը սահմանափակվում էր Յուրիի՝ ինչ-որ գերմանացու ձեռագրի մասին պատմությամբ, որն ինքը Նիկոլայը չէր կարողանում կարդալ, քանի որ վատ էր տիրապետում լեզվին։
-Անունն ի՞նչ է։ Շպուլլե՞ր։
-Շպենգլեր , – կրկնեց Յուրին։
-Իսկ գրքի վերնագիրն ի՞նչ է։
-Հայտնի չէ։ Ասում եմ չէ՞, դեռ չի հրապարակվել։ Առաջին գլուխների մեքենագրությունն է։ Շվեյցարիայով են բերել։
-Պետք է մտապահել, – փնթփնթաց Նիկոլայն ու նորից միանգամից բոլորովին մոռացավ գերմանական ազգանունը, բայց հաստատուն կերպով մտապահեց միանգամայն անիմաստ «Շպուլլեր» բառը։ Նման բաներ հաճախ էին նրա հետ պատահում․ երբ փորձում էր ինչ-որ բան մտապահել, հենց այդ ինչ-որ բանը դուրս էր թռչում գլխից, իսկ տարբեր օժանդակ կառույցները, որոնք պետք է օգնեին հիշել մտապահվող բանը, մնում էին, ընդ որում՝ բավականին հաստատուն կերպով էին մնում։ Փորձելով վերհիշել գերմանացի մորուքավոր անարխիստի ազգանունը, որով տարված էր նրա գիմնազիստ քույրը՝ դանդաղ պատկերացնում էր Մարկոս Ավրելիոսի արձանը, իսկ ինչ-որ շենքի համարը վերհիշելիս «1825» ամսաթվի և հինգը կիսադեմքերի հետ էր բախվում, որոնք կա՛մ կոնյակի շշերի վրայից էին, կա՛մ ինչ-որ թեոսոֆիական ամսագրի միջից։ Եվս մի անգամ փորձեց վերհիշել գերմանական ազգանունը, բայց «Շպուլլեր» բառից հետո մտքում հայտնվեցին «Զինգեր» և «Պարաբելլում» բառերը․ երկրորդ բառն ընդհանրապես կապ չուներ, իսկ առաջինը չէր կարող անհրաժեշտ ազգանունը լինել, որովհետև «Շ» տառով չէր սկսվում։ Դրա համար Նիկոլայը որոշեց խորամանկ գտնվել և մտապահել«Շպուլլեր» բառը, որը նման էր գլխից դուրս թռած ազգանվանը․ տեսականորեն այն պետք է մոռացության մատնվեր՝ տեղը զիջելով այդ ազգանվանը։
Նիկոլայն արդեն որոշել էր նորից հարցնել ընկերոջը, երբ հանկարծ ինչ-որ մուգ ուրվագիծ նկատեց, որը Լիտեյսկի պողոտայի կողմից գողեգող գնում էր պատի երկայնքով, և քաշեց կողքով գնացող Յուրիի թևքից։ Յուրին ցնցվեց, շուրջը նայեց, տեսավ անցորդին և փորձեց սուլել․ դուրս պրծած ձայնն այնքան էլ սուլոցի նման չէր, բայց բավականին նախազգուշական հնչեց։
Անհայտ պարոնը, հասկանալով որ իրեն նկատել էին, հեռացավ պատից և հայտնվեց լապտերի կլոր լույսի մեջ և լիովին տեսանելի դարձավ։ Առաջին հայացքից թվաց, թե մոտավորապես հիսուն տարեկան էր կամ ավելի մեծ, հագին թավշյա օձիքով մուգ գույնի վերարկու էր, իսկ գլխին՝ կոտելոկ ։ Կիսով չափ չեխովյան մորուքով և լայն այտոսկրերով դեմքը ոչնչով աչքի չէր ընկնի, եթե չլինեին խորամանկորեն կկոցած աչքերը, որոնք ասես հենց նոր էին աչքով արել երկու տարբեր կողմերին և երկու միանգամայն տարբեր պատճառներով։ Աջ ձեռքում ձեռնափայտ կար, որն առաջ-հետ էր անում այն իմաստով, որ ուղղակի անցնում էր այնտեղով, ոչ ոքի ձեռք չէր տալիս և չէր էլ պատրաստվում ձեռք տալ, և առհասարակ ոչինչ չէր ուզում իմանալ շուրջը կատարվող այլանդակությունների մասին։ Փոխաբերականությանը հակված Նիկոլային թվաց, թե պարոնը նման էր բազմահազար վարգաձիերի գողի։
-Բա՛րև, տղե՛ղք, – համարձակորեն և նույնիսկ լկտիաբար ասաց պարոնը, – ո՞նց է ծառայությունը։
-Ո՞ւր եք ուղևորվում, ողորմա՛ծ պարոն, – սառը կերպով հարցրեց Նիկոլայը։
-Ե՞ս։ Իսկ ես զբոսնում եմ։ Զբոսնում եմ այստեղ։ Այսօր ամբողջ օրը սուղճ եմ խմել, եղեկոյին մոտ այնպե՜ս սիղտս սկսեց մղկտալ․․․ Մտածեցի մի քիչ մաքուղ օդ շնչեմ․․․
-Փաստորեն զբոսնո՞ւմ եք, – հարցրեց Նիկոլայը։
-Զբոսնում եմ․․․ Իսկ ի՞նչ է, չի՞ կաղելի։
-Դե՜, ինչու ոչ։ Ուղղակի պետք է խնդրենք Ձեզ, որպեսզի դեպի ուրիշ կողմ զբոսնեք։ Չէ՞ որ տարբերություն չկա, թե որտեղ մաքուր օդ կշնչեք։
-Տաղբեղություն չկա, – պատասխանեց պարոնը և մի տեսակ մռայլվեց, – սակայն ինչ-ող այլանդակություն է։ Սովող եմ Շպալեղնայայով այս ու այն կողմ անել, այս ու այն կողմ․․․
Ձեռնափայտով ցույց տվեց, թե ինչպես։
Յուրին թեթևակի շարժվեց թամբի վրա, և պարոնը ուշադիր հայացքը թեքեց դեպի Յուրին, ինչի պատճառով վերջինս որևէ բան բարձրաձայն ասելու անհրաժեշտություն զգաց։
-Բայց հրաման ունենք, – ասաց նա, – ո՛չ մի քաղաքացիական քածի չթողնել Սմոլնի։
Պարոնը ճարպկորեն վիրավորվեց և վեր բարձրացրեց մորուքը։
-Ո՞նց եք համաղձակվում․․․ Դուք․․․ Ես ձեզ լղագղեղում․․․ «Նող ժամանակում», – սկսեց շաղակրատել նա, ընդ որում՝ միանգամից պարզ դարձավ, որ եթե ինչ-որ կապ էլ ուներ լրագրերի հետ, արդեն, անկասկած, ոչ «Նոր ժամանակի», – ինչպիսի՜ լկտիություն․․․Դուք գիտե՞ք, թե ում հետ եք զղուցում։
Ինչ-որ անհամապատասխանություն կար նրա վրդովված ձայնի և պատրաստակամության մեջ, որով լույսի օղակի միջից սկսեց հետ-հետ գնալ՝ դեպի մթություն․ բառերը ենթադրում էին, որ երկար ու ծանր կռիվ էր սկսվելու, իսկ շարժուձևերը ցույց էին տալիս, որ պատրաստ էր նույնիսկ ոչ թե փախչելու, այլ պուկ տալու։
-Քաղաքում արտակարգ իրավիճակ է, – հետևից գոռաց Նիկոլայը, – մի քանի օր պատուհանի՛ց մաքուր օդ շնչեք։
Պարոնը լուռ և արագ հեռանում էր ու շատ չանցած անհետացավ մթության մեջ։
-Զզվելի տիպ էր, – ասաց Նիկոլայը, – հաստատ գող է։ Իսկ ի՜նչ սուր հայացքներ էր գցում․․․
Յուրին ցրված գլխով արեց։ Յունկերները հասան Լիտեյնի պողոտայի անկյունն ու վերադարձան․ այդ գործընթացը որոշակի ջանքեր պահանջեց Յուրիից։ Ձիու հետ վարվելաձևում նշմարվում էր հմուտ հեծանվորդի ճարպկությունը․ իրարից հեռացնում էր սանձերը, կարծես ձեռքերում ղեկ էր, իսկ երբ անհրաժեշտ էր լինում կանգ առնել, ասպանդակների վրա այնպես էր շարժում ոտքերը, ասես կիսամրցարշավային «Դանլոպի» ոտնակներն էր պտտում։
Զզվելի, մանր անձրև սկսեց մաղել, և Նիկոլայը նույնպես գլխարկի վրա գլխանոց գցեց, ինչից հետո նրան և Նիկոլային անկարելի դարձավ տարբերել։
-Իսկ ի՞նչ ես կարծում, Յո՛ւրա, Կերենսկին երկա՞ր կձգի, – որոշ ժամանակ հետո հարցրեց Նիկոլայը։
-Ոչինչ էլ չեմ կարծում, – պատասխանեց Յուրին, – իսկ ի՞նչ տարբերություն։ Մեկը չլինի, մյուսը կլինի։ Ավելի լավ է ասես, թե ոնց ես քեզ զգում այս ամենի մեջ։
-Այսի՞նքն։
Սկզբում Նիկոլայը կարծեց, թե Յուրին զինվորական համազգեստը նկատի ուներ։
-Տե՛ս, – ասաց Յուրին՝ հեռվում ինչ-որ բան մատնացույց անելով, որը նման էր շարժվող սերմնացանի, – ինչ-որ տեղ պատերազմ է, մարդիկ են մահանում։ Գահընկեց արեցին կայսերը, տակնուվրա անելով՝ ամեն ինչ գրողի ծոցն ուղարկեցին։ Ամեն անկյունում բոլշևիկները հռհռում և արևածաղիկ են խժռում։ Խոհարարուհիները կարմիր վարդակապերով են, նավաստիները՝ հարբած։ Ամեն բան շարժման մեջ է, ասես ինչ-որ ամբարտակ է ճեղքվել։ Եվ ահա դո՛ւ, Նիկոլա՛յ Մուրոմցև, ոգուդ ճահճային կոշիկով կանգնած ես այդ ամբողջ կեղտի կենտրոնում։ Ո՞նց ես ինքդ քեզ ընկալում։
Նիկոլայը մտածմունքների մեջ ընկավ։
-Դե՜, ոչ մի ձևակերպում էլ չեմ տալիս այդ ամենին, – ասաց նա, – ուղղակի ապրում եմ ինձ համար ու վերջ։
-Բայց ինչ-որ առաքելություն ունես, չէ՞։
-Դե՜, ի՞նչ առաքելություն, – պատասխանեց Նիկոլայը և նույնիսկ մի փոքր այլայվեց։ – Աստված քեզ հետ։ Բան ասիր։
Յուրին ձգեց ծռված կարաբինի փոկը, ուսի հետևից երևաց փողի ծայրը՝ նման փոքրիկ, մետաղյա հնդուհավի գլխի, որն ուշադրությամբ ականջ էր դնում նրանց զրույցին։
-Յուրաքանչյուրն իր առաքելությունն ունի, – ասաց Յուրին, – ուղղակի պետք չէ այդպիսի հանդիսավոր կերպով ընկալել այդ բառը։ Ա՜յ, օրինակ՝ Կառլ XII, գիտես չէ՞ այդպիսի շվեդ թագավոր է եղել, ողջ կյանքը պատերազմում էր մեզ հետ և էլի ինչ-որ մեկի հետ, տարբեր շքադրամներ էր հատում իր պատվին, նավեր էր կառուցում, կանանց էր գայթակղում։ Որսի էր գնում, խմում էր։ Իսկ այդ ընթացքում ինչ-որ գյուղում ոմն հովիվիկ էր մեծանում, որի ամենահամարձակ երազանքը նոր տրեխներ ունենալն էր։ Նա, իհարկե, չէր մտածում, որ ինչ-որ առաքելություն ուներ, մտածելը որն է, անգամ այդ բառը չգիտեր։ Հետո զինվոր դարձավ, հրացան ստացավ, մի կերպ կրակել սովորեց։ Գուցե ոչ թե կրակել սովորեց, այլ ընդամենը խրամատից դուրս հանել փողն ու քաշել ձգանը։ Եվ մի անգամ այդպես հանեց փողը, փակեց ականջներն ու քաշեց ձգանը, իսկ այդ պահին գնդակի թռիչքի գծով անցնում էր Կառլ XII՝ հատուկ թագավորական ձի հեծած։ Եվ հենց դդումին․․․
Յուրին այս ու այն կողմ շուռ տվեց ձեռքը՝ պատկերելով սպանված շվեդ թագավորի անկումը սլացող ձիու վրայից։
-Ամենահետաքրքիրն այն է, – շարունակեց նա, – որ հաճախ մարդը նույնիսկ գլխի չի ընկնում, թե ինչում է իր առաքելությունը, և չի իմանում, թե որ պահին կատարեց իր առաքելությունը, որի համար ուղարկվել էր երկիր մոլորակ։ Ասենք, նա կարծում է, թե կոմպոզիտոր է և նրա խնդիրը երաժշտություն գրելն է, բայց իրականում նրա գոյության միակ նպատակը կոնսերվատորիայի ճանապարհին քառանիվ սայլի տակ ընկնելն է։
-Ինչի՞ համար։
-Դե՜, օրինակ, որպեսզի կառքով գնացող տիկինը վախից վիժի, և մարդկությունն ազատվի նոր Չինգիզ խանից։ Կամ որպեսզի պատուհանի մոտ կանգնած ոմն մեկի մոտ նոր միտք ծագի։ Մի՞թե քիչ է։
-Դե՜, եթե այդպիսի դատողություններ անենք, – ասաց Նիկոլայը, – ուրեմն, իհարկե, առաքելություն է։ Ուղղակի դրական կերպով դրա մասին իմանալն անհնար է։
-Դե՜, չէ՜, կան եղանակներ, – ասաց Յուրին և լռեց։
-Ի՞նչ եղանակներ։
-Շվեյցարիայում մի բժիշկ կա՝ Շտայները ․․․ Դե՜, լա՛վ, – ձեռք քաշեց Յուրին, և Նիկոլայը հասկացավ, որ չարժեր այդ պահին հարցախեղդ անել նրան։
Մութ և խորհրդավոր էր Շպալերնայան, մութ և խորհրդավոր, ինչպես Յուրիի՝գերմանացի առեղծվածային բժշկի մասին խոսքերը։ Մառախլապատ էր, Նիկոլայի քունը տանում էր, դրա համար սկսեց դանթել։ Սմբակների երկու հարվածների միջակայքում հասցնում էր քնել և արթնանալ, և ամեն անգամ կարճ երազ էր տեսնում։ Սկզբում այդ երազները քաոսային և անիմաստ էին․ անծանոթ դեմքեր էին դուրս սողոսկում մթության միջից, զարմանքով խեթ-խեթ նայում էին նրա վրա և անհետանում։ Հետո լեռների ծյունածածկ գագաթներին ժամանակ առ ժամանակ սկսեցին ինչ-որ մթագույն պագոդաներ երևալ․ Նիկոլայը հիշեց, որ դրանք վանքեր էին, և նույնիսկ թվաց, թե ինչ-որ բաներ գիտեր դրանց մասին, բայց տեսիլքն անհետացավ։ Այնուհետև նրան թվաց, թե ինքն ու Յուրին գետի բարձրադիր ափով էին գնում և ուշադիր նայում էին արևմուտքից սողացող սև ամպին, որն արդեն ծածկել էր երկնքի կեսը, և նույնիսկ ոչ թե ինքն ու Յուրին էին, այլ ինչ-որ երկու ռազմիկներ․ այդ պահին Նիկոլայը կարծես ինչ-որ բանի մասին էր գլխի ընկել, բայց միանգամից արթնացավ, և շուրջը նորից Շպալերնայան էր։
Շենքերում ընդամենը հինգ-վեց բնակարանի պատուհաններն էին լուսավորված, և դրանք նման էին հենց այն մութ ճեղքվածքի պատերին, որոնց հետևում էր գտնվում, եթե հավատանք վաղեմի բանաստեղծին, դժոխքի մուտքը։ «Ի՜նչ մռայլ քաղաք է, – մտածում էր Նիկոլայը՝ ականջ դնելով ջրատար խողովակներից լսվող քամու սուլոցին, – ո՜նց են մարդիկ այստեղ երեխաներ ծնում, ինչ-որ մեկին ծաղիկներ նվիրում, ծիծաղում․․․ Եվ չէ՞ որ ես այստեղ ապրում եմ․․․»։ Չգիտես ինչու նրան ապշեցրեց այդ միտքը։ Մանր անձրևը դադարեց, բայց փողոցն այդպես էլ հարմարավետ չդարձավ։ Նիկոլայը նորից դանթեց, բայց այս անգամ առանց երազներ տեսնելու։
Մթության միջից լսվող երաժշտությունն արթնացրեց նրան, որը սկզբում անհասկանալի էր, բայց երբ յունկերները մոտեցան աղբյուրին (եռահարկ, շագանակագույն շենքի առաջին հարկի լուսավորված պատուհանին, որի դռան վերևում շեփոր փչող ամուր էր կախված), պարզվեց, որ «Մանջուրիայի բլուրների վրա» վալսն էր՝ սովորական փողավոր նվագակցությամբ։
-Գիշեե՜եր մթություո՜ւուն միայն գաոլյանն է աղմկում։
Գրամոֆոնի խուլ և կամացուկ հնչյունները գրեթե անլսելի էին դառնում տղամարդու ուժեղ ձայնի ներքո, որի տիրոջ ստվերը պարզ ընկնում էր ներկված պատուհանի ապակուն․ գլխարկից դատելով՝ սպա էր։ Կախված վիճակում պահել էր ափսեն և երաժշտության տակտին համընթաց թափահարում էր պատառաքաղը․ լինում էին պահեր, երբ պատառաքաղը լղոզվում էր և վերածվում ինչ-որ հեքիաթային միջատի հսկայական, աղոտ ստվերի։
-Քնեե՜ք ընկերնե՜ր երկիրը մե՜ծ հիշում է ձեզ․․․
Նիկոլայը մտածեց նրա ընկերների մասին։
Տասը քայլ հետո երաժշտությունը լռեց, և Նիկոլայը նորից սկսեց մտորել Յուրիի տարօրինակ խոսքերի մասին։
-Եվ այդ ի՞նչ եղանակներ են, – հարցրեց թամբի վրա տարուբերվող ընկերոջը։
-Ինչի՞ մասին ես խոսում։
-Ինչի մասին քիչ առաջ էինք զրուցում։ Սեփական առաքելությանդ մասին իմանալու։
-Հա՜, հիմարություն է, – Յուրին թափահարեց ձեռքը։ Կանգնեցրեց ձիուն, զգուշորեն ատամներով բռնեց սանձերն ու գրպանից հանեց սադափե տուփիկը։ Նիկոլայը մի փոքր առաջ անցավ, կանգ առավ և ուշադիր նայեց ընկերոջը։
Յուրին փակվեց ձեռքերով, ֆսֆսացրեց քթով և ափի տակից զարմացած նայեց Նիկոլային։ Նիկոլայը քմծիծաղ տվեց և աչքերը ճակատը թռցրեց։ «Մի՞թե սրիկան այս անգամ էլ չի առաջարկի, – մտածեց նա»։
-Կոկաին չե՞ս ուզի, – վերջապես հարցրեց Յուրին։
-Նույնիսկ չգիտեմ, – ծուլորեն պատասխանեց Նիկոլայը, – քոնը լա՞վն է որ։
-Լավն է։
-Կապիտան Պրիխոդովի՞ց ես վերցրել։
-Չէ, – ասաց Յուրին՝ մյուս քթանցքով քաշելով, – էսեռականներից է։ Ահաբեկչական հարձակումից առաջ մարտիկները սրանից են քաշում։
-Օ՜։ Հետաքրքիր է։
Նիկոլայը շինելի գրպանից հանեց մոնոգրամով փոքրիկ, արծաթե գդալը և մեկնեց Յուրիին․ վերջինս գոգավոր մասից բռնեց այն և պտուտակաձև կոթը մտցրեց կոկաինի սադափե տուփիկի մեջ։
«Գծո՜ւծ, – մտածեց Նիկոլայը՝ հեռվից, ասես սրի հարվածի պատրաստվելով՝ ձիու վրայից կռանալով և ձախ քթանցքն ընկերոջ փոքր-ինչ դողդողացող ձեռքին մոտեցնելով (Յուրին գդալը բռնել էր երկու մատով՝ ամուր սեղմելով, ասես նրա ձեռքում ծայրահեղ փոքրիկ և մահացու թունավոր սողուն էր, որի վիզն էր սեղմել)»։
Սովորականի պես կոկաինը այրեց քիթ-կոկորդը։ Նիկոլայը չզգաց, թե ինչով էր այն տարբերվում սովորական տեսակներից, բայց երախտիքից ելնելով՝ սահմաններից դուրս ելնող զգացումների մի ամբողջ փունջ պատկերեց դեմքին։ Չէր շտապում ուղղվել՝ հուսալով, որ Յուրին նրա աջ քթանցքի մասին նույնպես կմտածեր, բայց վերջինս հանկարծ փակեց տուփիկը, արագ գրպանի մեջ պահեց և գլխով դեպի Լիտեյնին արեց։
Նիկոլայն ուղղվեց թամբի վրա։ Պողոտայի կողմից գալիս էր ինչ-որ մեկը, և հեռվից չէր երևում, թե ով էր։ Նիկոլայը կամացուկ հայհոյեց անգլերեն և սլացավ ընդառաջ։
Հաստ քողով գլխարկը հագին մի ճարպակալած կին էր գալիս մայթով՝ դանդաղ և զգուշորեն, ասես վախենալով սայթաքել։ Նիկոլայը քիչ էր մնում ձիով հարվածեր նրան․ հրաշքով կարողացավ վերջին պահին շրջվել։ Վախեցած կինը սեղմվեց շենքի պատին և կամացուկ, հնազանդ ճիչ արձակեց, ինչի պատճառով Նիկոլայն իր տատիկին հիշեց և մի պահ խղճի խայթ զգաց։
-Տիկի՛ն, – բղավեց նա՝ հանելով սուրն ու ողջունելով նրան, – ի՞նչ եք անում այստեղ։ Տեղյա՞կ եք, որ քաղաքում մարտեր են ընթանում։
-Ե՞ս, – խռպոտ ձայնով ասաց կինը։ – Այն էլ ոնց։
-Այդ դեպքում գժվե՞լ եք։ Չէ՞ որ Ձեզ կարող են սպանել, թալանել․․․ Եթե ինչ-որ Պլեխանովի աչքին երևաք, միանգամից, առանց վարանելու զրահամեքենայով կանցնի Ձեզ վրայով։
-Կտեսնենք, թե ով ում վղայով կանցնի, – անսպասելի զայրույթով փնթփնթաց կինը և սեղմեց բավականին մեծ բռունցքները։
-Տիկի՛ն, – հանդարտվելով և պահելով սուրը՝ ասաց Նիկոլայը, – Ձեր ոգու առույգ տրամադրվածությունը ցանկացած տեսակի գովասանքի է արժանի, բայց պետք է հենց հիմա վերադառնաք տուն՝ Ձեր երեխաների և ամուսնու մոտ։ Նստե՛ք բուխարու մոտ, ինչ-որ թեթև բան վերընթերցե՛ք, վերջապես գինի՛ խմեք։ Բայց աղաչում եմ, փողոց դուրս մի՛ եկեք։
-Այնտեղ պետք է գնամ, – կինը, մարտականորեն թափահարելով ձեռնապայուսակը, ցույց տվեց դժոխք տանող ճեղքվածքը, որն այդ ժամանակ արդեն գրավել էր Շպալերնայա փողոցի ծայրը։
-Ինչի՞ համար։
-Ընկեղուհիս է սպասում։ Գողծընկեղուհիս։
-Այդ դեպքում հետո հանդիպեք, – մոտենալով ասաց Յուրին։ – Արդեն պարզ ասվեց, որ առաջ չի կարելի գնալ։ Հետ կարելի է, առաջ՝ ո՛չ։
Կինը գլուխն այս ու այն կողմ թեքեց․ հաստ քողի տակից բոլորովին չէին երևում նրա դիմագծերը և անհնար էր հասկանալ, թե որ ուղղությամբ էր նայում։
-Վերադարձե՛ք, – քնքշորեն ասաց Նիկոլայը, – արդեն համարյա տասն է, շուտով շատ վտանգավոր է լինելու փողոցներում։
-Donnerwetter !, – փնթփնթաց կինը։
Մոտակայքում ինչ-որ շուն ոռնաց․ նրա ոռնոցի մեջ այնքան տխրություն և ատելություն կար, որ Նիկոլայը կուչ եկավ թամբի վրա և հանկարծ զգաց, թե ինչքան խոնավ և ցուրտ էր։ Կինը տարօրինակ կերպով տրորվում էր լապտերի տակ։ Նիկոլայը շրջվեց և հարցական հայացք գցեց Յուրիի վրա։
-Դե՞, հավանեցի՞ր։
-Ինչ-որ ոչինչ չհասկացա։ Չհասցրի մի լավ փորձել, քիչ էր։ Բայց կարծես սովորականներից է։
-Դե՜, չէ՜, – ասաց Յուրին, – խոսքն այս կնոջ մասին էր։ Մի տեսակ տարօրինակ է, դուրս չեկավ։
-Այո՛, ինձ էլ դուր չեկավ, – պատասխանեց Նիկոլայը՝ շրջվելով՝ տեսնելու, թե արդյոք չէր լսում պառավը այդ վիրավորական խոսքերը, – բայց արդեն անհետացավ։
-Ուշադրությո՛ւն դարձրու, – մտածկոտ հավելեց Յուրին, – երկուսն էլ ղատասում են։ Այն մեկը և սա։
-Հետո ի՞նչ։ Շատերն են ղատասում։ Բոլոր ֆրանսիացիներն այդպիսինն են։ Մեկ էլ գերմանացիները։ Իհարկե, վերջիններս մի փոքր այլ կերպ են ղատասում։
-Շտայներն ասում է՝ եթե ինչ-որ իրադարձություն մի քանի անգամ է կրկնվում, ուրեմն գերագույն ուժերի մատը խառն է։
-Ի՞նչ Շտայներ։ Մշակույթների մասին այդ գրքի հեղինա՞կը։
-Ո՛չ։ Գիրքը Շպենգլերն է գրել, նա բժիշկ չէ։ Իսկ բժիշկ Շտայներին Շվեցարիայում եմ հանդիպել։ Նրա դասախոսություններին էի հաճախում։ Արտասովոր մարդ է։ Հենց նա էլ պատմել է ինձ առաքելության մասին․․․
Յուրին լռեց և հոգոց հանեց։
Յունկերները Շպալերնայայից դանդաղ շարժվեցին դեպի Սմոլնի։ Արդեն վաղուց փողոցը մեռած էր թվում, բայց միայն այն իմաստով, որ ամեն րոպեի հետ ավելի դժվար էր կենդանի մարդու պատկերացնել այդ մութ պատուհաններում կամ սայթաքուն մայթերին։ Մյուս՝ անմարդկային իմաստով՝ հակառակը, կենդանանում էր․ ցերեկները միանգամայն աննկատ կարիատիդները այդ պահին էին քարացած թվում, բայց իրականում ներկված աչքերով ուշադիր ճանապարհում էին երկու ընկերներին: Վերնաճակատների արծիվներն ամեն վայրկյան պատրաստեին վեր խոյանալու և վերևից սրընթաց հարձակվելու երկու ձիավորների վրա, իսկ գիպսե շրջանակների միջի մորուքավոր մարտիկների դեմքերը՝ հակառակը, ներողամտաբար քմծիծաղ էին տալիս և հայացքները թեքում։ Նորից ջրատար խողովակներից ոռնոց լսվեց․ ընդ որում՝ փողոցում ամենևին էլ քամոտ չէր։ Վերևում, որտեղ ցերեկը լայնարձակ երկինքն էր, հիմա ո՛չ ամպ էր երևում, ո՛չ աստղ, խոնավ ու սառը խավարը պատել էր շենքերի երկու շարքերը, իսկ մառախուղի քուլաները պատերով ներքև էին սողում։ Մինչև այդ վառվող լապտերներից երկու-երեքը չգիտես ինչու անջատվեցին․ անջատվեց նաև այն առաջին հարկի պատուհանի լույսը, որտեղ քիչ առաջ սպան ողբերգական և հրաշալի վալս էր երգում։
-Իրո՜ք, Յո՛ւրա, կոկաի՛ն տուր․․․, – չդիմացավ Նիկոլայը։ Յուրին, ըստ երևույթին, նույնպես զգում էր հույզերի այդ փոթորկումը․ այնպես գլխով արեց, ասես Նիկոլայը հենց նոր ինչ-որ հիասքանչ ճշմարտություն էր ասել, և ձեռքը տարավ գրպանը։
Այս անգամ ժլատություն չարեց․ գլուխը բարձրացնելով՝ Նիկոլայը զարմանքով նկատեց, որ կախարդանքն անհետացել էր, շուրջը երեկոյան սովորական փողոցն էր, թեկուզև մի քիչ մութ և մռայլ, թեկուզև խիտ մառախուղով պատված, բայց այն փողոցներից էր, որտեղ անցել էին նրա մանկությունն ու պատանեկությունը՝ շենքերի վրայի նույն աղքատիկ զարդարանքներով և թրթռացող, աղոտ լապտերներով։
Հեռվում՝ Լիտեյնու մոտ, հրացանի կրակոց դղրդաց, հետո՝ ևս մեկը, այնուհետև միանգամից լսվեցին ահագնացող սմբակների դոփյունը և հեծելազորային վայրենի ճիչերը։ Նիկոլայը ձգվեց դեպի կարաբինը․ հերթապահության ժամանակ մահանալու միտքը հիասքանչ թվաց նրան՝ զենքը ձեռքին և արյան համը բերանում։ Բայց Յուրին շարունակում էր հանգիստ մնալ։
-Մերոնք են, – ասաց նա։
Եվ իսկապես, մառախուղից դուրս եկած ձիավորները նույն համազգեստներով էին, ինչ Յուրին և Նիկոլայը։ Մի վայրկյան հետո պարզ երևացին նաև նրանց դեմքերը։
Առջևից սպիտակ զամբիկ հեծնած՝ գալիս էր կապիտան Պրիխոդովը․ նրա սև բեղերի ծայրերը դեպի վերև էին ծալված, աչքերն արիաբար փայլում էին, իսկ ձեռքում կայծկլտում էր կովկասյան սուրը։ Նրա հետևից հոծ շարքով սլանում էին տասներկու յունկերները։
-Դե՞։ Ամեն ինչ կարգի՞ն է։
-Գերազա՛նց, պարո՛ն կապիտան, – թամբի վրա ուղղվելով՝ միասին պատասխանեցին Յուրին և Նիկոլայը։
-Լիտեյնու վրա հանցագործներ են, – մտահոգված ասաց կապիտանը, – ահա՛։
Նիկոլայի ափի մեջ հայտնվեց երկար շղթայով մի փայլատ, մետաղյա սկավառակ։ Ժամացույց էր։ Եղունգով բացեց կափարիչը և տեսավ խորը դրոշմված մի գոթական գրվածք․ իմաստը չհասկացավ և ժամացույցը փոխանցեց Յուրիին։
-Գլխավոր․․․ գլխավոր շտաբից, – թարգմանեց վերջինս՝ մթության մեջ դժվարությամբ տարբերակելով մանր տառերը։ – Ըստ երևույթին՝ ռազմավարային է։ Բայց տարօրինակն այն է, պարո՛ն կապիտան, որ շղթան երկաթից է։ Դրանով նույնիսկ դուռ կարելի է կողպել։
Ժամացույցը մեկնեց Նիկոլային․ և իսկապես, չնայած որ շղթան բարակ էր, շատ ամուր էր․ բայց ամենատարօրինակն այն էր, որ ծայրակցատեղեր չկային օղակների վրա, ասես երկաթի մեկ ամբողջական կտորից ողորկված լիներ։
-Բացի այդ՝ կարելի է մարդկանց խեղդել, – ասաց կապիտանը, – Լիտեյնու վրա երեք դի կա։ Երկուսին՝ մի հաշմանդամի և բուժքրոջ հենց անկյունում են խեղդամահ արել և հանվեցրել։ Եվ անհասկանալի է․ կա՛մ այնտեղ բերել ու նետել են նրանց, կա՛մ հենց տեղում էլ սպանել և թալանել են։ Ավելի հավանական է, որ նետել են․ չէ՞ որ բուժքույրը չէր կարող անոտք տղամարդուն իր վրա քարշ տալ․․․ Բայց ինչպիսի՜ վայրենություն։ Նույնիսկ ռազմաճակատում նման բան չեմ տեսել։ Պարզ է, խլել են հաշմանդամի ժամացույցն ու հենց նրա շղթայով էլ․․․ Գիտե՞ք, թե այնտեղ ինչ մեծ լճակ է․․․
Այդ ընթացքում յունկերներից մեկն առանձնացավ խմբից և մոտեցավ Յուրիին։ Վասկա Զիվերսն էր՝ տանկային գործի և չմշկավազքի մեծ սիրահարը․ ուսումնարանում նրան չէին սիրում չափազանցված պեդանտության և ռուսերենի վատ իմացության համար, իսկ գերմաներենին հրաշալի տիրապետող Յուրիի հետ մտերմական հարաբերությունների մեջ էր։
-․․․հարյուր մետր այն կողմ, – սրի տափակ մասով երկարաճիտ կոշիկին հարվածելով՝ ասում էր կապիտանը, – երրորդ դին է․ դարպասատակի տախտակի մոտ էին բռնացրել։ Կինը նույնպես գրեթե մերկ է․․․ և շղթայից մնացած հետքը․․․
Վասկան դիպավ ուշադրությամբ լսող Յուրիի ուսին, վերջինս առանց հայացքը կապիտանից կտրելու հետ պարզեց ափը, որի մեջ Վասկան արագ շատ փոքրիկ կապոց դրեց։ Այդ ամենը կատարվում էր Յուրիի մեջքի հետևում, բայց կապիտանի աչքից չվրիպեց։
-Ի՞նչ է եղել, յո՛ւնկեր Զիվերս, – ինքն իրեն ընդհատեց նա, – այդ ի՞նչ եք անում։
-Պարո՛ն կապիտան, չորս րոպեից պետք է փոխարինենք Նիկոլայևսկի կայարանի հերթապահներին, – պատիվ տալով՝ պատասխանեց Վասկան։
-Արա՜գ, առա՜ջ, – բղավեց կապիտանը։ – Այդ կողմ չէ։ Լիտեյնու։ Սմոլնին արագ չենք անցնի։
Յունկերները շրջվեցին և սլացան դեպի մառախուղ․ կապիտան Պրիխոդովը մի պահ կանգնեցրեց ցատկոտող զամբիկին և բղավեց Նիկոլային ու Յուրիին․
-Միասի՛ն եղեք։ Առանց թույլտվության ոչ ոքի չթողնե՛ք, Լիտեյնի դուրս չգա՛ք, Սմոլնիում նույնպես չերևա՛ք։ Հասկացա՞ք։ Հերթափոխը տասն անց երեսուն է։
Հետո նույնպես անհետացավ մառախուղի մեջ․ դեռ մի քանի վայրկյան լսվում էր սմբակների դոփյունը, իսկ հետո լռություն տիրեց, և արդեն անհավատալի էր, որ քիչ առաջ այդ խոնավ և մութ փողոցում այդքան մարդ կար։
-Գլխավոր շտաբից, – կրկնեց Նիկոլայը՝ ափի մեջ վեր-վեր գցելով արծաթե բլիթը, – շտապելու պատճառով կապիտանը մոռացավ իր սարսափելի գտածոյի մասին։
Ժամացույցը փոքրիկ գաղտնակուրի-խեցու կաղապար ուներ․ թվահարթակին երեք սլաք կար, իսկ կողքից լարելու ակոսավոր հարմարանքներ էին դուրս ցցված՝ սլաքների քանակին համապատասխան։ Նիկոլայը թեթևակի սեղմեց վերևինը և քիչ էր մնում ձեռքից գցեր կամրջի վրա․ ժամացույցը սկսեց նվագել։ Ինչ-որ վերամբարձ գերմանական մեղեդու առաջին նոտաներն էին, որը Նիկոլայը միանգամից ճանաչեց, բայց անվանումը չէր հիշում։
-Ապասսիոնատա, – ասաց Յուրին, – Լյուդվիգ վան Բեթհովեն։ Եղբայրս պատմում էր, որ գերմանացիները հարձակումից առաջ շրթհարմոնով են նվագում այն։ Քայլերգի նման մի բան է։
Բացեց Վասկայի թողած կապոցը, որը գրեթե ամբողջությամբ թղթից էր բաղկացած։ Ներսում հինգ անհարթ զոդված վզիկներով սրվակներ էին։ Յուրին թոթվեց ուսերը։
-Դրա համար էլ Պրիխոդովը շուռ ու մուռ եկավ, – ասաց նա, – մարդկանց էության մեջ է թափանցում։ Միայն թե առանց ներարկիչի ի՞նչ կարելի է անել սրանց հետ․․․ Պեդանտին տես, կոկաինը վերցնում, փոխարենը էֆեդրին է տալիս։ Դու էլ ներարկիչ չունես չէ՞։
-Ինչո՞ւ, ունեմ, – տխուր պատասխանեց Նիկոլայը։ Էֆեդրին չէր ուզում, ուզում էր զորանոց վերադառնալ, չորանոց հանձնել շինելը, պառկել մահճակալին և հայացքը հառել առաստաղի ծանոթ հետքին, որը քնաթաթախ վիճակում մե՛րթ քաղաքի քարտեզի էր վերածվում, մե՛րթ մոնղոլոիդ տեսակի մորուքավոր, գիշատիչ դեմքի, մե՛րթ շրջված անգլուխ արծվի․ Նիկոլայն ամենևին չէր հիշում իր երազները և միայն դրանց արձագանքի հետ էր բախվում։
Կապիտան Պրիխոդովի հեռանալուց հետո փողոցը նորից դժոխք տանող կիրճի վերածվեց։ Տարօրինակ բաներ էին կատարվում․ ինչ-որ մեկը հասցրել էր կողպել շենքերից մեկի բակի մուտքը, կամրջի վրա վառ դեղին պիտակներով դատարկ շշեր էին հայտնվել, իսկ հրուշակարանի պատուհանի վրա փակցված լիմոնադի պաստառի վերևում ծուռ կախված էր հսկայական չափսի մի հայտարարություն, որի՝ խոշոր տառաչափով և բացականչական նշաններով ընդգծված առաջին տողը մտերմավարի առաջարկում էր ապրանքներ փնտրել։ Գրեթե բոլոր լապտերներն արդեն անջատվել էին, վառ էին մնացել միայն երկուսը, որոնք դեմ դիմաց էին․ Նիկոլայը մտածեց, որ «Թափառական շների» ոմն դեկադենտի , ով արդեն ընդունակ չէր իրերն ուղղակի ընկալելու, այդ լապտերները լույս արձակող, խորհրդավոր դարպասներ կթվային, որոնց կողքին պետք է հրեշային գիշատիչ կանգնեցվեր, որը ցանկացած պահի պատրաստ կլիներ դուրս սողալու խավարից և կուլ տալու ողջ աշխարհը։
Ինչ-որ տեղ նորից ոռնացին շները, և Նիկոլայը սկսեց թախծել։ Հանկարծ վրա հասավ սառը քամին, դղրդացրեց երկաթե տանիքները և սրընթաց հեռացավ՝ իրենից հետո տհաճ և տարօրինակ ձայն թողնելով․ ականջ ծակող, հեռավոր ճռռոց էր լսվում Լիտեյնու կողմից։ Ձայնը մե՛րթ անհետանում էր, մե՛րթ նորից հայտնվում և աստիճանաբար մոտենում էր, ասես Շպալերնայան ծածկված էր կոտրված ապակու խիտ շերտով, և ինչ-որ մեկը հսկայական մեխը կամաց-կամաց, դադարներով շարժում էր դրա վրայով՝ աստիճանաբար այն մոտեցնելով վերջին երկու լուսավոր կետերին։
-Ի՞նչ է սա, – հիմարաբար հարցրեց Նիկոլայը։
-Չգիտեմ, – պատասխանեց Յուրին՝ հայացքը հառելով սև մառախուղի քուլաներին, – կերևա։
Ճռռոցը դադարեց, իսկ հետո շատ մոտ լսվեց, և մառախուղի քուլաներից մեկը, ինչ-որ յուրահատուկ սևությամբ լցվելով, անջատվեց շենքերի արանքներում շերտավորվող մուգ մշուշից։ Մոտենալիս աստիճանաբար տարօրինակ արարածի ուրվագծեր էր ձեռք բերում․ վերևամասով (մինչև ուսերը) մարդ էր, իսկ ներքևամասով ինչ-որ տարօրինակ, ծանրաքարշ և շարժվող բան․ հենց ներքևամասից էլ գալիս էր այդ տհաճ, ճռռացող ձայնը։ Այդ տարօրինակ արարածը կամացուկ մրմնջում էր միաժամանակ երկու ձայներով․ տղամարդունը տնքում էր, իսկ կանացին՝ մխիթարում, ընդ որում՝ կանացի ձայնով վերևամասն էր խոսում, իսկ տղամարդու ձայնով՝ ներքևամասը։ Երկու ձայնանի արարածը հազալով մաքրեց կոկորդը, լուսավորված հատված մտավ և կանգ առավ՝ հենց այդ պահին, ինչպես թվաց Նիկոլային, վերջնական կաղապար ստանալով։
Յունկերների առաջ հաշմանդամի սայլակին նստած տղամարդ էր՝ վիրակապերով և մեդալներով առատորեն ծածկված։ Վիրակապված էր նույնիսկ նրա դեմքը․ սպիտակ վիրակապերի արանքներից թեթևակի երևում էին միայն ճաղատ ճակատը և կկոցած կարմիր աչքը։ Ծերուկի ձեռքին հին ոճի կիթառ էր՝ զարդարված գույնզգույն մետաքսե ժապավեններով։
Սայլակի հետևում անգույն մատները թիկնակին դրած՝ կանգնած էր մի տարեց, ճերմակահեր կին՝ անպետք, մաշված կացավեյկա հագին։ Այնպես չէր, որ գեր էր, բայց մի տեսակ տռզած էր, ասես ձավարով պարկ լիներ։ Խելազուրկ և կլոր աչքեր ուներ, որոնք ակնհայտորեն ոչ թե Շպալերնայա փողոցն էին տեսնում, այլ այնպիսի մի բան, որը նույնիսկ չարժեր կռահել, թե ինչ էր։ Գլխին կարմիր խաչով սրածայր գլխարկ էր․ հավանաբար ինչ-որ կերպ ամրացված էր, որովհետև ֆիզիկական օրենքների համաձայն՝ այն վաղուց արդեն պետք է ընկած լիներ։
Մի քանի վայրկյան բոլորը լուռ էին, հետո Յուրին լիզեց չորացած շրթունքները և ասաց․
-Անցաթո՛ւղթը։
Հաշմանդամը շուռումուռ եկավ, հայացքը բուժքրոջ վրա բարձրացրեց և սկսեց բառաչել։ Բուժքույրը դուրս եկավ սայլակի հետևից, շրջվեց յունկերների կողմ և ձեռքերով կռթնեց ծնկներին․ Նիկոլայը չգիտես ինչու զարմացավ՝ ձռմռված, զինվորական երկարաճիտ կոշիկներ տեսնելով նրա հագին, որոնք երևում էին երկնագույն կիսաշրջազգեստի տակից։
-Ամոթ ունե՞ք, թե՞ ընդհանրապես չգիտեք, թե դա ինչ բան է, – կամացուկ ասաց նա՝ հայացքով շամփրելով Յուրիին։ – Գլխից վիրավոր է, քեզ համար է զոհվել։ Որտեղի՞ց անցաթուղթ ունենա։
-Ուրեմն գլխից է վիրավոր, հա՞, – մտածկոտ հարցրեց Յուրին։ – Բայց հիմա իբր բուժվե՞լ է։ Անցաթո՛ւղթը։
Կինը շփոթված շուրջը նայեց։
Հաշմանդամի սայլակին նստած տղամարդը քաշեց կիթառի լարից, և դողդոջուն մի հնչյուն անցավ փողոցով․ ասես առաջ մղեց բուժքրոջը, և վերջինս, նորից կռանալով, սկսեց խոսել․
-Որդի՛ս, մի՛ բարկանա․․․ Մի՛ բարկանա, եթե ինչ-որ բան այն չեմ ասում, ուղղակի անպայման պետք է անցնենք։ Եթե իմանայիր, թե ինչ մարդ է նստած այստեղ։ Հերո՜ս․․․ Պրեոբրաժենսկի գնդի լեյտենանտ Կրիվոտիկինն է։ Բրուսիլովսկու հարձակման հերոսը։ Նրա մարտական ընկերը վաղը ճակատ է մեկնում, կարող է այլևս չվերադառնալ։ Թո՛ղ, պետք է տեսնվեն, հասկանո՞ւմ ես։
-Ուրեմն Պրեոբրաժենսկի գնդի, հա՞։
Հաշմանդամը գլխով արեց, կրծքին սեղմեց կիթառն ու սկսեց նվագել։ Տարօրինակ էր նվագում, ասես շիկացած պղնձե բալալայկա նվագեր (վախվխելով հարվածելով լարերին և արագ հետ քաշելով մատները), բայց Նիկոլայը ճանաչեց մեղեդին․ Պրեոբրաժենսկի գնդի քայլերգն էր։ Մյուս տարօրինակությունն այն էր, որ բոլոր կիթառների ռեզոնատորը կլոր է, իսկ դրանը հնգանիստի տեսք ուներ․ հավանաբար հենց դրանով էլ բացատրվում էր դրա՝ հոգին ալեկոծող ցածր ձայնը։
-Բայց չէ՞ որ Պրեոբրաժենսկի գունդը, – անտարբեր ասաց Յուրին, երբ հաշմանդամը դադարեց նվագել, – չի մասնակցել Բրուսիլովսկու հարձակմանը։
Հաշմանդամն ինչ-որ բան բառաչեց՝ կիթառով բուժքրոջը ցույց տալով, վերջինս շրջվեց դեպի նա՝ փորձելով հասկանալ, թե ինչ էր ուզում․ ոչ մի կերպ չէր կարողանում, մինչև որ հաշմանդամը երաժշտական գործիքով նորից դողդոջուն հնչյուն չհանեց․ այդ պահին հանկարծ հիշեց․
-Որդի՛ս, ի՞նչ է, չե՞ս հավատում, – հանդիմանելով ասաց բուժքույրը և շրջվեց դեպի հաշմանդամը, – պարո՛ն պորուչիկ, դե՜, ցո՛ւյց տվեք նրան․․․
Հաշմանդամը կիտելի գրպանից ինչ-որ բան հանեց և տվեց բուժքրոջը, իսկ վերջինս մեկնեց Յուրիին։ Յուրին առանց նայելու փոխանցեց Նիկոլային, որը բացեց և կարդաց․
«4-րդ գումարտակի 43-րդ Զաամուրյան գնդի Պորուչիկ Կրիվոտիկինին։ Հրամայում եմ հարձակվել թշնամու վրա ռազմաճակատի երկայնքով՝ Օնուտ գյուղից մինչև 265-րդ բարձունքից հյուսիս գտնվող խաչմերուկը՝ հիմնական հարվածը հասցնելով Օնուտ և Չոռնի Պոտոկ գյուղերի միջև՝ 236-րդ բարձունքը, Մոլ. ագարակը և 265 բարձունքի հյուսիսային լանջերը գրավելու նպատակով։
Պ․ Պ․ կորպուսի հրամանատար,
հրետանու գեներալ Բարանցև»։
-Էլ ի՞նչ ցույց կտաք։
Հաշմանդամը նորից մտավ գրպանն ու ժամացույց հանեց, Նիկոլայը մի պահ վատ զգաց իրեն։ Բուժքույրը ժամացույցը փոխանցեց Յուրիին, որը ուսումնասիրեց այն և մեկնեց Նիկոլային։ «Այսպես որ շարունակվի, ժամագործ կդառնաս, – մտածեց Նիկոլայը՝ բացելով ոսկե կափարիչը, – մեկ ժամվա մեջ երկրորդն է»։ Կափարիչի վրա փորագրություն կար․
«Պորուչիկ Կրիվոտիկինին՝ անվախ մարտարշավի համար։
Գեներալ Բարանցև»։
Հաշմանդամը կամացուկ նվագում էր Պրեոբրաժենսկի գնդի քայլերգը և հայացքը հեռուն հառած՝ կկոցում էր աչքը՝ հավանաբար մարտական ընկերների մասին մտորելով։
-Լավ ժամացույց է։ Բայց մենք ձեզ ավելի լավը ցույց կտանք, – ասաց Յուրին՝ գրպանից հանելով արծաթե կակղամորթին, շղթայից բռնած տարուբերեց, հետո բռնեց ափով և սեղմեց կողքի ակոսավոր ելունդը։ Ժամացույցը սկսեց նվագել։
Նիկոլայը նախկինում երբեք չէր տեսել, որ երաժշտությունը (թեկուզև հանճարեղ) այդպիսի արագ և ամենակարևորն ուժեղ տպավորություն գործեր մարդու վրա։ Հաշմանդամը մի պահ ձեռքով փակեց դեմքը՝ ասես ի վիճակի չէր հավատալու, որ այդ երաժշտության հեղինակը կարող էր մարդ լինել, այնուհետև շատ տարօրինակ պահեց իրեն․ վեր թռավ սայլակից և արագ վազեց Լիտեյնու կողմ, զինվորական երկարաճիտ կոշիկներով դոփելով՝ նրա հետևից վազեց բուժքույրը։ Նիկոլայը ուսի հետևից հանեց կարաբինը, սեղմեց ձգանը և օդ կրակեց։
-Կանգնե՛լ։
Վազելու ընթացքում բուժքույրը շրջվեց և մի քանի կրակոց արձակեց, նագանից ռիկոշետներ վնգվնգացին, ասֆալտին ցրիվ եկավ վարսավիրանոցի ցուցափեղկը, որից մի վայրկյան առաջ զարմացած հայացքով աշխարհին էր նայում ապակու վրա ոսկեգույն ներկով նկարված, մոդեռն ոճի աղջիկը։ Նիկոլայն իջեցրեց փողն ու երկու անգամ դեպի մառախուղը կրակեց՝ պատահականության սկզբունքով․ փախստականներն արդեն վաղուց չէին երևում։
-Եվ ինչի՞ համար են Սմոլնի ձգտում, – ասաց Յուրին՝ ջանալով, որպեսզի ձայնը հանգիստ հնչեր։ Չէր հասցրել ոչ մի կրակոց արձակել, իսկ ձեռքում դեռ ժամացույցն էր։
-Չգիտեմ, – պատասխանեց Նիկոլայը։ – Երևի բոլշևիկների մոտ են ուզում գնալ, այնտեղ կարելի է սպիրտ և կոկաին առնել։ Շատ էժան։
-Դո՞ւ էլ ես առել։
-Ո՛չ, – կարաբինը կրկին ուսին գցելով՝ ասաց Նիկոլայը, – լսել եմ։ Աստված նրանց հետ։ Դու առաքելությանդ մասին էիր սկսել պատմել, բժիշկ Շպուլլերի․․․
-Շտայների, – ուղղեց նրան Յուրին․ սուր զգացումները զրուցասեր դարձրին նրան։ – Իրականությունը տեսնող մարդ է։ Երբ Դորնախում էի, նրա դասախոսություններին էի հաճախում։ Մոտ էի նստում, նույնիսկ նշումներ էի անում։ Դասախոսությունից հետո միանգամից շրջապատում էին նրան և մի կողմ էին տանում, այնպես որ հնարավոր չէր լինում զրուցել նրա հետ։ Իսկ ես առանձնապես չէի էլ ձգտում։ Հետո դասախոսությունների ժամանակ սկսեց խեթ-խեթ նայել վրաս։ Խոսում ու խոսում էր, հետո լռում էր ու հայացքը վրաս հառում։ Արդեն չգիտեի ինչ մտածել, երբ մի անգամ մոտեցավ ինձ և ասաց․ «Պետք է զրուցենք, երիտասա՛րդ»։ Միասին ռեստորան գնացինք, նստեցինք։ Զոռով սկսեց գլուխս ինչ-որ տարօրինակ բաներ մտցնել՝ Ապոկալիպսիսի, անտեսանելի աշխարհի և նմանատիպ բաների մասին։ Այնուհետև ասաց, թե ինչ-որ յուրահատուկ նշան կա վրաս, և որ շատ կարևոր դեր եմ ունենալու պատմության մեջ։ Ասաց՝ ինչով էլ որ զբաղվեմ հոգևոր իմաստով միշտ կանգնած եմ լինելու ինչ-որ կետում և պաշտպանելու եմ աշխարհը մի հնագույն դևից, որի հետ ժամանակին արդեն կռվել եմ։
-Այդ ե՞րբ ես հասցրել, – հարցրեց Նիկոլայը։
-Նախկին մարմնավորումներումս։ Նա՝ բժիշկ Շտայները, այլ ոչ թե դևը, ասաց, որ միայն ես եմ ունակ կանգնեցնելու այդ դևին, բայց կկարողանամ արդյոք, թե ոչ, ոչ ոքի հայտնի չէ։ Նույնիսկ նրան։ Շտայները նույնիսկ մի հնագույն գրքի փորագրություն ցույց տվեց ինձ, որտեղ իբր խոսվում էր իմ մասին։ Ոնց որ երկուսն էին այնտեղ՝ երկարամազ, մի ձեռքում՝ նիզակ, մյուսում՝ ավազե ժամացույց, ամբողջովին զրահապատ, և կարծես թե դրանցից մեկը ես էի։
-Եվ դու հավատո՞ւմ ես այդ ամենին։
-Սատանան գիտի, – քմծիծաղ տվեց Յուրին, – դեռևս, ինչպես տեսնում ես, բուժքույրերի հետ փոխհրաձգության մեջ եմ։ Այն էլ ոչ թե ես, այլ դու։ Հը՞ն, ծակվե՞նք։
-Կարելի է, – համաձայնեց Նիկոլայը և շինելի տակ մտավ՝ զինվորական բլուզի կրծքային գրպանը, որտեղ փոքր երկաթե տուփիկի մեջ ներարկիչ էր դրված։
Դրսում քար լռություն էր, քամին այևս չէր ոռնում խողովակներում․ քաղցած շները կարծես թե լքել էին իրենց բակերը և ուրիշ տեղեր էին գնացել։ Անդորրը համակել էր Շպալերնայան, ապակե բարակ վզիկների չրխկոցն էր անգամ պարզ լսվում․
-Երկու սանտիգրամ, – շշուկ լսվեց։
-Իհա՛րկե, – ի պատասխան՝ շշնջաց մյուս ձայնը։
-Հանի՛ր շինելդ, – շշնջաց առաջին ձայնը, – ասեղը կծռես։
-Դատարկ բան է, – արձագանքեց մյուսը։
-Գժվե՞լ ես, – շշնջում էր առաջին ձայնը, – խղճա՛ ձիուն․․․
-Ոչինչ, սովոր է, – շշնջում էր երկրորդը․․․
․․․Նիկոլայը բարձրացրեց գլուխն ու շուրջը նայեց։ Դժվար էր հավատալ, որ պետրոգրադյան աշնանային փողոցը կարող էր այդքան գեղեցիկ լինել։ Ծաղկի խանութից այն կողմ՝ լայնաբերան, կաղնե մեծ տակառի մեջ աճում էին երեք փոքրիկ, մատղաշ սոճիներ, փողոցը մեկուկես մետր բարձրանում էր և լայնանում, վերին հարկերի պատուհանները արտացոլում էին գորշ ամպերի փոքրիկ լուսաշերտի մեջ հայտնված լուսինը, այդ ամենը Ռուսաստանն էր, և այնքան գեղեցիկ էր, որ Նիկոլայի աչքերն արցունքոտվեցին։
-Մենք կպաշտպանենք քեզ, բյուրեղապակյա՛ աշխարհ, – շշնջաց նա և ձեռքը դրեց սրի բռնակին։ Յուրին ուժեղ բռնել էր ձախ ուսից կախված կարաբինի փոկը և առանց հայացքը կտրելու նայում էր ծվատված գորշ ամպի երկայնքով լողացող լուսնին։ Երբ այն թաքնվեց ամպերի հետևում, ոգևորությամբ լի դեմքը դարձրեց դեպի ճամփորդակիցը․
-Զարմանալի բան է էֆեդրինը, – ասաց նա։
Նիկոլայը չպատասխանեց, և հետո, ի՞նչ պետք է պատասխաներ։ Արդեն այլ կերպ էր շունչ քաշում, շուրջն ամեն բան ուրիշ էր թվում, իսկ զզվելի մանրամաղ անձրևն արդեն շոյում էր այտերը։ Հազարավոր մեծ ու փոքր հարցեր, որոնք քիչ առաջ տանջալի և անլուծելի էին թվում, հանկարծ ոչ թե լուծելի դարձան, այլ միանգամայն անկարևոր։ Կյանքի ծանրության կենտրոնը բոլորովին ուրիշ բանում էր, և հենց այդ ուրիշը հանկարծակի բացահայտվեց, պարզվեց, որ այն միշտ շատ մոտ էր, առկա էր ցանկացած օրվա ցանկացած պահին, բայց աննկատելի էր, ինչպես անտեսանելի է դառնում երկար ժամանակ պատից կախված նկարը։
-Ողորմելի ձեռքով սեղմում եմ անթացուպս, – սկսեց ասմունքել Յուրին։ – Ընկերս սիրահարված է լուսնին, ապրում է դրա խաբկանքով։ Ահա երրորդը ճանապարհին․․․
Նիկոլայն արդեն չէր լսում ընկերոջը․ մտածում էր այն մասին, թե ինչպես էր հաջորդ օրը փոխելու կյանքը։ Անկապ մտքեր էին, ժամանակ առ ժամանակ միանգամայն հիմար, բայց շատ հաճելի։ Անպայման պետք էր սկսել առավոտյան հինգն անց կես արթնանալուց և սառը ջրով լոգանքից, իսկ հետագայի հետ կապված այնքան շատ գաղափարներ կային, որ դրանցից որևէ մեկի վրա կանգ առնելը ծայրահեղ դժվար էր, և Նիկոլայը սկսեց լարված ընտրել՝ առանց նկատելու, որ բարձրաձայն փնթփնթում էր և ոգևորվածությունից սեղմում բռունցքները։
․․․-Ցանկապատերն ասես դագաղնե՜ր լինեն: Ամեն ինչ փտում է։ Ամենը, ամենն անիծյալ անմարդկայնության մեջ է թաղված, – ասում էր Յուրին և ազատ ձեռքով սրբում էր ճակատին հայտնվող քրտինքը։
Մի որոշ ժամանակ լուռ էին գնում, հետո Յուրին սկսեց ինչ-որ երգ քթի տակ երգել, իսկ Նիկոլային ինչ-որ տարօրինակ նինջ համակեց։ Տարօրինակն այն էր, որ քնից ծայրահեղ տարբերվող վիճակ էր, ասես մի քանի բաժակ թունդ սուրճ խմած լիներ, բայց երազատեսությունների նման մի բանով էր ուղեկցվում։ Նիկոլայի առաջ Շպալերնայան ծածկելով՝ նշմարվեցին նրա մանկության երկու ուղիները․ գիմնազիան և դրա պատուհաններից այն կողմ ծաղկող խնձորենիները, քաղաքի վրայի ծիածանը, սահադաշտի սև սառույցը և դրա վրայով արագ-արագ սահող չմշկորդները՝ պայծառ էլեկտրական լույսով լուսավորված, տերևաթափ եղող հարյուրամյա լորենիները, որոնք երկու շարքով տանում էին դեպի մի հնագույն տուն, որի մուտքի մոտ սյուներ էին․ այդ ամենը ժամանակին նա իսկապես տեսել էր։ Իսկ հետո սկսեցին հայտնվել միևնույն ժամանակ և՛ շատ ծանոթ, և՛ երբեք չհանդիպած պատկերներ․ հսկայական սպիտակ քաղաք երևաց աչքին՝ պսակավորված հազարավոր եկեղեցական ոսկե գմբեթներով։ Քաղաքն ասես օդի մեջ կախված լիներ՝ ինչ-որ բյուրեղապակյա գնդի ներսում, և այդ քաղաքը (Նիկոլայը համոզված էր) Ռուսաստանն էր, իսկ նա և Յուրին, որը երազում ամենևին էլ Յուրին չէր, դրա սահմաններից դուրս էին և մառախուղի քուլաների միջով ձիերով սլանում էին ինչ-որ հրեշին ընդառաջ, որում ամենասարսափելին դրա ուրվագծերի և չափսերի լիակատար անորոշությունն էր․ այն ասես դատարկության կծիկ լիներ, որից սառցային ցուրտ էր տարածվում։
Նիկոլայը ցնցվեց և լայն բացեց աչքերը։ Նրան համակած երանության մեջ փոքրիկ ճեղքվածք էր հայտնվել, որից ներս էին թափանցում անվստահության և կարոտի մի քանի կաթիլներ։ Ճեղքվածքն աստիճանաբար մեծանում էր, և գալիք առավոտվա (ուղիղ հինգն անց երեսուն) ամբողջ կյանքի և ճակատագրի շրջադարձի մասին միտքը դադարեց հաճույք պատճառելուց։ Իսկ մի քանի րոպե հետո, երբ դեմառդեմ վառվող լապտերները սկսեցին թարթել և ծորել, այդ միտքն աներկբայելի դարձավ և վերածվեց հոգին համակած տանջանքի գլխավոր աղբյուրի։
«Զարթխում , – վերջապես ստիպված եղավ ինքն իրեն խոստովանելու Նիկոլայը»։
Տարօրինակ է․ այդ եզրակացության բացահայտ անկեղծությունն ասես փակեց հոգու ճեղքվածքը, և դրանում եղած տառապանքների քանակությունը դադարեց աճելուց։ Բայց արդեն անհրաժեշտ էր մանրակրկիտ կերպով հետևել սեփական մտքերին, որովհետև դրանցից յուրաքանչյուրը կարող էր վերածվել այն տանջանքների մշտական, բայց դեռևս ցանկալի էր մտածել, որ հեռավոր շերտի, որոնք տրամադրված ծառայությունների դիմաց ամեն անգամ պահանջում էր էֆեդրինը։ Յուրին, անկասկած, նույն վիճակում էր, որովհետև շրջվեց դեպի Նիկոլայը և արագ ու կամացուկ, ասես խնայելով թոքերում առկա օդը՝ ասաց․
-Պետք է կուլ տայինք։
-Չէր հերիքի, – նույն կցկտուր կերպով պատասխանեց Նիկոլայը և ատելություն զգաց ընկերոջ հանդեպ այն բանի համար, որ վերջինս ստիպել էր նրան բացել բերանը։
Ձիու սմբակների տակից լիաձայն և զզվելի ճռթոց լսվեց․ ցուցաղփեղկի ապակու՝ անդրադարձ թռիչքի արդյունքում թափված բեկորներն էին։
«Բյուրեեեեղղղղապակյաաա աշխարհ, – մտածեց Նիկոլայը՝ ինքն իր և ամբողջ աշխարհի հանդեպ զզվանքով լցված»։ Վերջին տեսիլքները հանկարծ այնքան անհեթեթ և ամոթալի թվացին, որ ի պատախան ապակու ճռթոցին՝ ցանկացավ կափկափել ատամները։
Արդեն պարզ էր, թե ինչ էր սպասվում առջևում․ զարթխում։ Սկզբում այն լապտերների մոտակայքում էր, երբ մոտեցան լապտերներին, նահանջեց դեպի Լիտեյնու խաչմերուկի մոտ քուլա-քուլա բարձրացող մառախուղը և շարունակեց սպասել։ Անկասկած, խոնավ ու կեղտոտ Շպալերնայան միակ բանն էր, որ գոյություն ուներ աշխարհում, իսկ անհույս տխրությունն ու տառապանքը միակ բաներն էին, որ կարելի էր սպասել դրանից։
Փողոցով վազելով անցավ մի անհայտ ցեղատեսակի սև շուն՝ վերև ցցած պոչով, գոռաց թամբերին նստած երկու կուզիկ մոխրագույն կապիկների վրա և մտավ դարպասատակի անցքի մեջ, իսկ դրանից հետո Լիտեյնու կողմից հայտնվեց և սկսեց մոտենալ զարթխումը։
Այն միջին տարիքի բեղավոր տղամարդ էր՝ կաշվե կարտուզ և երկարաճիտ փայլուն կոշիկներ հագած․ տիպիկ գիտակից պրոլետար։ Առջևից բրդում էր մի տարողունակ, դեղին սայլ, որի կողքերին գրված էր «Լիմոնադ», իսկ դիմացն այն նույն գովազդային պաստառն էր, որ Նիկոլային հանում էր հունից նույնիսկ այն ժամանակ, երբ լավ տրամադրություն էր ունենում․ իսկ այդ պահին թվաց, թե աշխարհի ամբողջ գարշելիությունը հավաքված էր այդ թղթի կտորի վրա։
-Անցաթո՜ւղթ, – տանջահար կերպով ասաց Յուրին։
-Հասկանում եք, – արձագանքեց պրոլետարը, – ես «Կարլ Լիբկնեխտ և որդիներ» ընկերության աշխատակիցն եմ, և մենք բոլոր պետրոգրադյան պոստերին և պահակատեղերին լիմոնադ մատակարարելու համաձայնություն ունենք։ Կենտրոնական շտաբի միջոցներով։
-Կո՛լյա, – գրեթե շշուկով ասաց Յուրին, – լավությո՛ւն արա, տե՛ս, թե ինչ կա նրա սայլի մեջ։
-Ի՛նքդ նայիր։
-Դե՜, ընդամենը լիմոնադ է, – ուրախ-ուրախ ասաց պրոլետարը և կոշիկով հարվածեց սայլին։ Ներսում դղրդացին շշերը․ սայլը շարժվեց և անցավ լապտերներից այն կողմ։
-Ի՞նչ կենտրոնական շտաբ․․․ Բայց դատարկ բան է։ Անցի՛ր, խմեցրո՛ւ բոլոր պոստերին և պահակատեղերին․․․Միայն թե արա՛գ, սադի՛ստ, արա՛գ։
-Կարող եք չանհանգտանալ, յունկե՛ր պարոնայք։ Ամբո՜ղջ Ռուսաստանին կխմեցնենք։
-Գնա՜ա, – թամբի վրա ուղղվելով՝ ոռնաց Նիկոլայը։
– Գնա՜ա, – մոխրագույն, թաղիքե կծիկի մեջ փաթաթվելով՝ խռխռաց Յուրին։
Պրոլետարն անցաթուղթը դրեց գրպանը, բռնեց սայլի բռնակից և գլորեց դեպի հեռուն․ շատ չանցած անհետացավ, չքացավ մառախուղի մեջ, հետո անիվների տակից լսվեց ապակու ճռթոցը, և լռություն տիրեց։ Մի վայրկյան հետո հեռվում ինչ-որ ժամացույց ազդարարեց, որ ժամը տասն էր։ Յոթերորդ կամ ութերորդ զարկից հետո սպիտակ որորի նման մի հույս ներս ճախրեց Նիկոլայի բորբոքված և ցավահար ուղեղ․
-Յո՛ւրա, Յո՛ւրա․․․ Չէ՞ որ քեզ մոտ դեռ կոկաին է մնացել։
-Աստվա՛ծ իմ, – թեթևացած մրթմրթաց Յուրին՝ ափահարելով գրպանները, – կեցցե՜ս, Կո՛լյա։ Լրիվ մոռացել էի․․․ Ահա՛։
-Մի ամբողջ չափաբաժին կտամ, ազնի՜վ խոսք։
-Ոնց հարմար է։ Սա՛նձը պահիր․․․ Զգո՛ւյշ, հաստագլո՛ւխ, կթափե՛ս ամբողջը։ Այդպե՜ս։ Ներողություն եմ խնդրում հաստագլխի համար։
-Ընդունված է։ Գլխարկով փակի՛ր, քամին չտանի․․․
Շպալերնայան դանդաղ հետ էր սողում, քարացել էր՝ իր պատուհաններով և դարպասատակի անցքերով ականջ դնելով կամրջի հենց կենտրոնում ընթացող բարձրաձայն զրույցին։
-Կարևորը ոչ թե Ստրինդբերգի այսպես կոչված դեմոկրատիզմն է, և նույնիսկ ոչ էլ նրա արվեստը, թեպետ այն իսկապես հանճարեղ է, – խոսելիս ազատ ձեռքով զանազան շարժմունքներ անելով՝ աշխուժորեն ասում էր Յուրին։ – Կարևորն այն է, որ նա մարդու նոր տեսակ է։ Չէ՞ որ այժմյան մշակույթը կործանման եզրին է, և ինչպես յուրաքանչյուր մահացող արարած, ողջ մնալու փորձեր է անում՝ ալքիմիական լաբորատորիաներում ծնունդ տալով տարօրինակ հոմունկուլուսների ոգուն։ Գերմարդը ամենևին էլ այն չէ, ինչ կարծում էր Նիցշեն։ Բնությունն ինքը դեռ չգիտի և փորձեր է անում՝ տարբեր չափաբաժիններով խառնելով առնականությունն ու կանացիությունը․ ուշադրությո՛ւն դարձրու, ուղղակի արականն ու իգականը չէ։ Եթե ուզում ես իմանալ, Ստրինդբերգն ուղղակի աստիճան է, փուլ։ Եվ այստեղ նորից վերադառնում ենք Շպենգլերին․․․
«Գրո՛ղը տանի, – մտածեց Նիկոլայը, – ինչպե՞ս այդ ազգանունը մտապահեմ»։ Բայց ազգանվան փոխարեն ուրիշ բան հարցրեց․
-Լսի՛ր, հիշո՞ւմ ես ինչ-որ բանաստեղծություն էիր ասմունքում։ Որո՞նք էին վերջին տողերը։
Յուրին մի պահ կնճռոտեց ճակատը։
«Եվ շարունակում ենք գնալ։ Եվ տեսնում ենք ճեղքերը շենքերի,
Հնագույն խաղը երեկոյան ցնցումների»։
Թարգմանությունը ռուսերենից` Էլիզա Ստեփանյանի
