ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ | Լեզվական իրացումները արդի հայ պոեզիայում

Աշխարhաստեղծման կարգերի տարաբնույթ­ությու­նը, թեմատիկ-կառուցողական տարրերի, առաջադիր խնդիրների լուծման բազմազանությունը ժամանակակից պոեզիան դարձնում են տարաշերտ ու բազմանշանակ: Պոեզիայի յուրաքանչյուր տեսակ առաջադրում է աշխարհաստեղծման իր կարգն ու լեզվամտածողությունը: Բառերը դառնում են իրականության նշանային վերարտադրիչները:
Այս համատեքստում ծագում են մի շարք հարցեր` ո՞րն է, արդյոք, բանաստեղծական իրականությունը, պոեզիան ո՞ր իրականության վերարտադրողն է, ի վերջո, ի՞նչ գործառույթ է վերապահված բանաստեղծական խոսքին: Տարբեր բանաստեղծական ուղղություններ տարբեր կերպ են արձագանքում այս հարցադրումներին:
Բանաստեղծական լեզվաշերտերի, ոճավորումների ամենաառանցքային պատասխանատուն, անշուշտ, աշխարհայացքային դիտանկյունի` օբյեկտիվ ռեալականության ու բանաստեղծական աշխարհների սահմանաբաժանի որոշակիացումն է:
1980-ական թթ. հայ գրականության մեջ ի հայտ եկած, գրական շրջանակներում «լեզվապաշտ» անվանումը ստացած ուղղության հետևորդների համար (Աշոտ Ավդալյան, Հակոբ Մովսես, Զավեն Բեկյան, Հրաչյա Բեյլերյան, հետագայում նաև` Գագիկ Կիլիկյան) բանաստեղծության ամենակարևոր էատարրը լեզուն է: Լեզու, որը արտահայտում է մարդկային կյանքի ոչ թե սոցիալական, կենցաղային տարեգրությունը, այլ ամրագրում հոգու շարժման, ներաշխարհի դեգերումների պատմությունը: Իր հարցազրույցներից մեկում Հակոբ Մովսեսը, արտահայտելով բանաստեղծական լեզվի հանդեպ իր մտահոգությունները, գրում է. «Լեզուն բանաստեղծության մեջ դառնում է ածանցյալ, երկրորդական մի բան, հաղորդակցության միջոց, լավագույն դեպքում` հաղորդագրություն… Լեզուն անհետանում է բանաստեղծությունից, հնչյունը` երաժշտությունից, գույնը` նկարչությունից. գիտությունը դառնում է տեխնոլոգիա, բանաստեղծությունը դառնում է մի տեսակ լրագրողական տարեգ­րություն»1:
Աշոտ Ավդալյանի մահից հետո Հակոբ Մովսեսը բանաստեղծական այս ուղղության հանդեպ ամենահետևողական սկզբունքայնությունն է ցուցաբերում: Հակոբ Մովսեսի պոեզիան ամբողջովին լեզվական ծես է, ինքն իրենով սկսվող ու ամբողջացող ինքնաբավ կառույց` ամենամաքուր լեզվաշերտերով, միջնադարյան տաղերգության բառաշերտերի օգտագործմամբ: Ջորջ Ագամբենը իր «Արվեստն ան-գործություն է» փիլիսոփայական հոդվածում լեզվի գործառական, խոսակցական էությունից առանձնացնում է բանաստեղծական լեզուն. «Ինչ է արդյոք իրականում պոեզիան, եթե ոչ լեզվական այնպիսի մի գործառույթ, որի էությունը կայանում է նրանում, որ լեզուն դարձնի ան-գործառույթ, դադարեցնի նրա հաղորդակցական և տեղեկատվական ֆունկցիան, որպեսզի բացահայտի նրան նոր գործածության համար»2: Հակոբ Մովսեսի և´ պոեզիան, և´ տեսական հիմնավորումները լեզվի հենց նմանատիպ գործառույթ են ենթադրում:
Տարբեր բանաստեղծական հայեցակարգերով, սակայն նույն` Միջնաշխարհային դիտանկյունից իրենց բանաստեղծական խոսքն են կառուցում Հենրիկ Էդոյանն ու Հրաչյա Թամրազյանը: Հարցազրույցներից մեկում Հենրիկ Էդոյանն ասում է. «Ի վերջո, կյանքը պոեզիա չէ, ոչ էլ պոեզիան է կյանք, բայց նրանք մի միջին տարածություն ունեն, որտեղ հանդիպում են իրար, բանաստեղծության տեքստը հենց այդ միջին տարածություն է»3: Բանաստեղծությունն Էդոյանի միջնաշխարհային հանդիպումն է, տարաժամանակյա կետերի ամբողջացումը մի «լուսային բռնկման շուրջ».

Պոեզիան մեր վերջին հայացքն է օդում,
պոեզիան առաջին արձագանքն է մեր…4

Կյանքի ընթացքի, կեցության, հոգևոր խնդիրների մասին Էդոյանը մտային, սառը, բազմակողմ դիտարկումներ է կատարում, գործածում որոշակի լեզվաշերտ, որը բանաստեղծության մեջ խոսքի կառուցման միջոցից առավել լայն նշանակություն է ձեռք բերում` դառնալով կյանքի ամբողջ լայնարձակությունը լրացնող էատարր: Սրճարանը, փողոցը, բնակարանը իրականություն արտահայտող պատահական բառեր չեն, նրանց խորքում եղած կենսականությունն է, որ դուրս գալով արտաքին շերտ` լցվում է բանաստեղծության երկայնքով: Պոեզիայում Էդոյանը երկշերտ բառօգտագործման է դիմում: «Կիրակի» բանաստեղծության օրինակով կարող ենք դիտարկել կենցաղային երևույթի առավել ընդգրկուն կեցության հիմնախնդիր ուղղորդվելու և դրան համապատասխան բառամթերքի փոփոխությանը ենթարկվելու գործընթացները:

Կիրակի: Ամառ: Կեսօրից հետո:
Բակերից գալիս է վառվող մսի հոտ:
Պատշգամբներից լսվում է չխչխկոց
շշերի, ափսեների, պատառաքաղների:
Նստել մտածել ունայնությա՞ն մասին:
Եռանդուն քայլերով փողոցն է կտրում
շիկահեր մի կին և անհետանում
շքամուտքի մեջ: Ու՞ր ենք մենք գնում:
Ու՞ր է մեզ տանում քո տված Կիրակին…
(«Հետգրություն», Էջ 234)

Հրաչյա Թամրազյանն իր «Միջնաշխարհ» կոչվող հոդվածում, վերլուծելով պոեզիայի ու իրականության հատման սահմանը, այսպես է գրում. «Կյանքի արտաքին կեղևը շոշափելով` զգում ես միայն նրա մակերեսը, մինչդեռ երևույթը զգալու համար այն պետք է դիտել անվերջ մոտեցող ու հեռացող հոգևոր խոսքի մեջ, ժամանակի ու տարածության կենդանի պարունակներում, որը և Միջնաշխարհն է»5:
Միջնաշխարհում կանգնած մարդը բառերի ու արտաքին աշխարհի հետ կապված է բազմաթիվ «հարասություններով», որոնք մի կողմից` իրար հետ ամբողջական կյանքի ընթացք են դառնում, սակայն առանձին դիտանկյուններից մեկնելիս` տարբեր մեկնաբանություններ ստանում: Թամրազյանի լեզվաշերտերը արտաքինից խաղաղ, միատարր են, սակայն ներքին անվերջանալի պայթյուններ են ապրում.

Այս փողոցներում` խավար ու մթին,
Ուր բոլոր բառերն իրար են հյուսված,
Դու միացած ես այս հոլովույթին,
Անմիանալի մի հարասությամբ…
(«Հարասություններ», էջ 42)

Բառերի գործառույթն իրականության, երևույթների ու հարաբերությունների անվանակոչություն է, սակայն բառերը հաճախ իրենց ընդդիմություն են ցուցաբերում. անվերջանալի ապրումներից ընտրել եզակին, հասնել այն կետին, որտեղ իրը կամ երևույթն արդեն անկարող են թաքցնել իրենց լռությունը, պայթում են հնչյունի մեջ ու դառնում ձայն: Ահա հենց այս աներևույթ ու անկայուն սահմանագծին է, որ ծնվում է բառը, բանաստեղծությունը և հաջորդ պահին ինքն իրեն կասկածի տակ դնում` իսկ միգուցե դեռ չէր հասունացել լռությունից անվանակոչության անցման պահը: Այս առիթով Ռոլան Բարտը գրում է. «Բառերն անկարող են բացատրել աշխարհը, իսկ եթե ինչ-որ պահի անգամ բացատրում են, առավել ուշ աշխարհը կրկին դառնում է ոչ միանշանակ: Ցանկացած բացատրություն, որ օգտագործվում է ստեղծագործության մեջ, նույն պահին դառնում է երկիմաստ»6: Այսպես` «Երբ բառերը մերկ են, // Երևում են մեխերը //, Ես ուզում եմ խոսել, // բայց չեմ կարողանում» (Մարինե Պետրոսյան), «Ես պարզապես հեղափոխում եմ բառը // և փորձում կարդալ նրա // աննյութական, // դեռևս չբացահատյված իմաստը» (Վարդան Հակոբյան), «Ամեն բառ մի կադր է քո լռության աղոտ // Էկրանի վրա» (Հենրիկ Էդոյան), «Բառը դողում է մոտալուտ ձայնից. // – Քո մեջ, քեզնից դուրս, ու քեզնով կրկին» (Հրաչյա Թամրազյան):
Բանաստեղծական լեզվի ամենամեծ նորացումները հստակորեն կապված են սոցիալական, հրապարակախոսական, առօրյա-կենցաղային նկարագրություններով «փոքր մարդու» խնդիրը քննող, «անտիպոետիկ» համարվող բանաստեղծության տեսակների ի հայտ գալու հետ: Պոեզիայի այս տեսակների համար սկզբունքային փոփոխության է ենթարկվում բանաստեղծական նյութի կառուցման առանցքն ու հենց բանաստեղծության էությունն առհասարակ: Առաջին հայացքից` իրողության փաստը պոեզիան կարծես ամբողջովին իջեցնում է երկրային մակերևույթ, ընդհուպ մինչև առօրյա ու կենցաղ: Սակայն, մյուս կողմից, մերօրյա բանաստեղծության հերոսն առավելապես քաղաքաբնակ, տարբեր հարաբերություններով առօրյայի, կենցաղի ու սոցիալական միջավայրի հետ կապված անհատն է. «Մեր լեզուն անդադար վերափոխվում է, նյութեղեն փոփոխությունների ճնշման տակ բազմաշերտ վերձևման է ենթարկվում մեր ապրելակերպը. և եթե մեր շրջապատում չլինեն այն մի քանի անհատները, որոնց առանձնահատուկ զգայունակությունը կայանում է բառերի վրա ունեցած իրենց առանձնահատուկ իշխանությամբ, ապա անկում կապրի մեր ոչ միայն նոր բան արտահայտելու, այլև մի նոր զգացողություն վերապրելու կարողությունը»7,- «Պոեզիայի սոցիալական էությունը» հոդվածում գրում է Թոմաս Էլիոթը:
Սոցիալական պոեզիայի որպես առավել մասնավոր դրսևորում կարելի է առանձնացնել հրապարակախոսական, քաղաքական բանաստեղծությունը: Մեր իրականության մեջ ընդգծված քաղաքական պոեզիա ստեղծողներ են Արտեմ Հարությունյանն ու Դավիթ Հովհաննեսը, ովքեր, հասարաքաղաքական իրադարձությունները դարձնելով պոեզիայի կառուցման առանցք, բանաստեղծության տարածք են ներմուծում լրագրային լեզվաշերտեր (պերեստրոյկա, լճացման շրջան, շրջափակում, կուսակցախաղ, դեպուտատ…), պոեզիան մոտեցնում փաստացի տարեգրությանը.

Իսկ Աստաֆյան փողոցում
Ինֆլացիան,
թեթև, աննկատ սահքով
դուրս է քաշում շենքերից
ցրտահար ժողովրդին փողոց,
որ համտեսել է արդեն անտես դեմոկրատիայի
պոչն ու սմբակը,
գնդակն ու «գցող բանկերի»
(42-ը` անխտիր) փախուստ թալանը…8

Ա. Հարությունյանի վերջին գրքում հրապարակախոսական լեզուն ու կառույցներն այնքան մեծ տեղ են գրավում, որ գերակշիռ ծանրությամբ բանաստեղծությունից դուրս են մղում լիրիկական ապրումներն (լիրիզմը ամենափոքր չափաբաժնով է ներկա միայն) ու այդ լիրիկականությունը մեկնաբանող բոլոր բառաշերտերը: Բանաստեղծության առանցքն ի սպառ տեղաշարժվում է փաստացի տարեգրության սահման, և դարի պոետիկան դառնում է ոչ բանաստեղծականը: «Սա բոլորովին բանաստեղծությունների դար չէ, ոչ էլ պոեզիայի երկրում ենք ապրում…»,- գրում է Դ. Հովհաննեսը` կարծես ապահովագրելով իր բանաստեղծության տեսակի գոյությունը:
Սակայն սոցիալական պոեզիան առավել ընդգրկուն հասկացություն է, երբ մակերևույթից վերանալով` դիտարկում ենք մարդ-սոցիում հարաբերությունների լայնաշերտությունը: Հովհաննես Գրիգորյանի, Վիոլետ Գրիգորյանի (առավելապես առաջին ժողովածուն` «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում»), Էդվարդ Միլիտոնյանի, Վառլեն Ալեքսանյանի պոեզիայի առանցքային հերոսը առօրյա-կենցաղային հարաբերությունների մեջ ապրող, սոցիալական միջավայրի ծնունդ մարդն է` պարզ, հասարակ, մարդկային փոքր ձգտումներով: Առօրյա պատկերների նկարագրությունը` համապատասխան բառապաշարով (սառնարան, հեռուստացույց, հացի հերթ, տոմսարկղ, բնակարան, լրագիր, հեռախոս) հակադրության այն նժարն է, որը ծանրաբեռնելով` բանաստեղծը ստեղծում է մի մեծ անկյունագիծ` առօրյա իրականության ու հոգևոր զգացողությունների միջև:
Ժամանակակից պոեզիայի լեզվական հատույթում տիրող վիճակը շատ ու շատ գծերով կապված է պոստմոդեռնիստական փիլիսոփայության հետ: Խոսքի կանոնիկ դասավորություններն առավել ու առավել շատ իրենց տեղը սկսում են զիջել խախտված լեզվական կաղապարներին, գնում դեպի քաոսայնություն, իրենց կառույցի մեջ ներառելով խաղը, պարոդիան, ֆարսը, ինտերտեքստային հղումները, կայական կառույցների կազմաքանդումը: «Տեսաբաններից ոմանք վաղուց չեն բավարարվում գրականությունը խոսքի արվեստ կոչելու բացատրությամբ և կարևորելով հանդերձ խոսքի նշանակությունը` ընդգծում են խաղի պահը: Պոեզիան ծնվել է խաղից և խաղի մեջ էլ իրեն զգում է ինչպես տանը»9, – իր հոդվածում նշում է Ժենյա Քալանթարյանը: Իսկ խաղն իր հերթին պոեզիայի տարածք է ներբերում ինքնատիպ բանաստեղծական կառույցներ, ստեղծում նոր լեզու:
Հովհաննես Գրիգորյանն իր բանաստեղծություններից մեկում` «Ոստիկանական լրատու», կիրառելով ոստիկանական զեկուցագրի ձևաչափն ու բառամթերքը, նոր խաղարկուն կառույց է ստանում.

Ուշադրություն,
ևս մի հետաքրքիր տեղեկություն,
20-րդ դարի վերջին, ժամը 16-ն անց 15 րոպեին,
հայ ժողովուրդը դուրս է եկել իր հայրենիքից
և այլևս չի վերադարձել…
Արտաքին նշանները` բազմադարյան, բազմաչարչար,
տաղանդավոր, աշխատասեր, համբերատար,
աչքերի մեջ անսահման թախիծ
սիրտը կոտրված մի քանի տեղից…
Տեսնողներին խնդրում ենք
շտապ հայտնել պառլամենտ,
որին մի քանի օրով ժողովուրդ է հարկավոր
նոր ընտրությունների համար…10

Նմանօրինակ կառույցների կիրառումը բավականին տարածված երևույթ է ժամանակակից պոեզիայում. «Սահմանադրություն», «Հայտարարություններ» բանաստեղծությունները` իրենց վերնագրերին բնորոշ խաղարկումներով, հանդիպում ենք կրկին Հովհաննես Գրիգորյանի մոտ, խաչբառային կառույցը բանաստեղծություն է դարձնում Սամվել Կոսյանը` 1. Անտիպոետ, որ ցորենի գույն ունի, // 2. Կապիկի նախորդը 3. Արջ, որին փաղաքշում ես, որ քո սահմանները չքանդի. // 4.Վարսակի պես տարածվող դեմքի տեսակ, Ազգային ժողովի գրանցման կանոնակարգը` Դավիթ Հովհաննեսը` «Ուշադրությու´ն: Գրանցում: // Մեծարգո պ. նախագահ: Լևոն Տեր», ստատիկ կառույցները` Վահրամ Մարտիրոսյանը` «Համեմատություններ կյանքի ու մահվան մասին» («Կյանքը նման է անընդհատ իր մասին սրամիտ մարդու համբավ ստեղծել ջանացող տափակ մեկին…») և Տիգրան Պասկևիչյանը` «Ձանձրույթ» բանաստեղծություններում:
Համանման ստանդարտ կառույցները նպաստավոր միջավայր են կազմաքանդող «անտիպոեզիայի» համար. կանոնակարգ դասավորությունն ու խիստ որոշակի բառամթերքը հեշտորեն խաղարկվում են ու արդյունքում ստեղծվում է նոր նյութ, նոր լեզու: Կառույցի ու լեզվի կազմաքանդման համանման սկզբունքով են կատարվում նաև կանոնակարգ բանաստեղծության փլուզումները.
Արմեն Շեկոյան` «Արդի պոեզիա»`

Փոքրիկ տղան «Շիսոտ» տեսավ,
տեսավ «Շիսոտ» մայլի միջին,
«Շիսոտ» տեսավ ուրախացավ,
մոտիկ վազեց սիրուն մաշնին:11

Ժամանակակից բանաստեղծության մեջ մեծ դեր են կատարում ինտերտեքստային հղումներն ու ալուզիանների կիրառումը, որոնք կախված ներբերվող տեքստի տեսակից` համապատասխան ոճավորում ու լեզվաշերտեր են ապահովում: Հետաքրքիր է, որ եթե Վիոլետ Գրիգորյանն, ասենք, «Տաղ անձնական», «Լինեի հեքիաթի գեղեցկուհի» բանաստեղծություններում սեփական խոսքը կառուցում է ներբերվող տեքստային հատվածների փլվածքների վրա, ապա, ասենք, Ներսես Աթաբեկյանը` «Վեցերորդ եղանակը» (նախահիմքը Պարույր Սևակի հայտնի «Հինգերորդ եղանակը» բանաստեղծությունն է) բանաստեղծության մեջ նոր տեքստը կառուցում է համակցումով` առանց ներբերվող տեքստի կոտրման: Առհասարակ, Ներսես Աթաբեկյանն այն եզակի հեղինակներից է, ով ոչ միայն հրաշալի խաղարկում է արտատեքստային հղումները, այլև դրանց հիման վրա նոր տեքստ կառուցում սեփական բանաստեղծության մեջ` «Տվեք ինձ հենման կետ,- կարծեմ Արքիմեդն է ասել մի խմած ժամանակ,- տվեք ինձ հենման կետ` տուն հասնեմ, այսինքն` գնամ»: Նաև ակնհայտ է Աթաբեկյանի հստակ լեզվախաղը` ասոնանս-դիսոնանսային (Աշու´ն, դու շուն ես դեղնակարմիր, տխուրաչյա շուն ես մինչև ձմեռ…), միտումնավոր հանգաստեղծ (Ես ու դու պարզապես վարկած ենք, անիմաստ արկած է եղածը) կանոնավոր լեզվական կառույցներով:
Բոլորովին նոր լեզվի կառուցման մի փորձ ձեռնարկեց Վիոլետ Գրիգորյանը «Քաղաք» ժողովածուում, «Կեսգիշեր», «Հարեմի վարդ», «Սեր» ստեղծագործություններում` միմյանց համակցելով հայկական էպոսային տաղաչափությանը բնորոշ ռիթմիկան, իկ-ուկ փաղաքշական մասնիկները, որոշ վուլգարային բառաշերտեր, ֆարսի ու խաղի որոշակի միջամտություններ:

Ես յոթ տարի չեմ ծիծաղել,
Ես յոթ տարի թել եմ մանել,
ես յոթ տարի կտոր եմ գործել,
ես յոթ տարի շապիկ եմ կարել,
բայց ոչ մի կարապ եղբայր չդարձավ,
իսկ արքայազնը ինձ չի ճանաչում,
աչքերիս չի նայում, մազերիս չի նայում,
միայն կոշիկիս չափն է ստուգում…12

ժամանակակից բանաստեղծության բոլոր բաղադրիչները` ներառյալ լեզուն, ամեն կերպ խուսափում են բարձր ոգեղեն, պաթետիկ ու վեհաշուք բառաշերտերից, անընդհատ բանաստեղծական խոսքն իջեցնելով առավել բնական, առօրյա-կենցաղային աստիճան` համարյա ինչպես Արմեն Շեկոյանի ձևակերպման պես` «Ես շարունակ փորձում եմ գրավոր խոսքս հասցնել բանավորի մակարդակին, բայց շարունակ ինչ-որ բան խանգարում է»:
Առօրյա-խոսակցական լեզվի մտերմիկությունը նպատակ ունի ընթերցողի հետ առավել արագ երկխոսություն սկսելու, խոսքը բնականության մեջ պահելու: Պարոդիան ու ծիծաղն էլ իրենց հերթին միանալով ազատ խոսքին` ցրում են «մեծ» բաների` Աստծո, աշխարհի վերջի հանդեպ վախը: Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծության հերոսն իրեն թույլ է տալիս հումորով խոսել Աստծու հետ. «Քանի դեռ ուշ չէ, ներիր նրա մեղքերը, Տեր, // ու եթե հնարավոր է` պետպատվերով ընդունիր նրա հոգին // եթե ոչ դրախտ, ապա գոնե քավարան // և ոչ մի դեպքում դժոխք, որովհետև այնտեղ նա իսկույն կհայտնվի յուրայինների գրկում… և անմիջապես աննախադեպ ծաղկում կապրի կաշառակերությունը…» («Գիշերահավասար», էջ 26): Սոնա Վանի «Քրիստոսը խոհանոցում» բանաստեղծության հերոսուհին մտերմիկ հեռախոսազրույց է ունենում Քրիստոսի հետ, Էդվարդ Միլիտոնյանը Փոքր Մհերին հոգատար հոր պես խորհուրդներ է տալիս. «Դուրս արի, բալա, ախր պաղ քարանձավում // էլ հոդացավ, էլ ռադիկուլիտ, էլ չգիտեմ ինչ կվաստակես, // Քարը փեշիցդ թափի, դուրս արի, բալա..»13:
Նորօրյա պոեզիային բնորոշ է նաև բանաստեղծական տողում մարդկանց, հեղինակների ամբողջական անուն-ազգանունների հայտնությունը: Մի կողմից` երևույթը հղումային դաշտից եկող արձագանք է. որոշակի անհատի անունն իր հետ սեփական ենթադրվող տեքստ է ներբերում` «Ագռավն Էդգար Պոյի կարոտներն է կռում» (Ն. Աթաբեկյան), «Երբեմն արևը չի տաքացնում // հնարավորին չափ, թեև Ջորդանո Բրունոն շարունակում է // խորովվել բենգալյան կրակի վրա, թեև երկրագունդը // վաղուց դադարել է պտտվելուց» (Հովհ. Գրիգորյան), մյուս կողմից` համահավասարեցնում բանաստեղծի ու բանաստեղծության քնարական հերոսի միջև ընկած տարածությունը, խիստ որոշակիացվում է դիտարկվող ես-ը. «Մարինե, ուզում եմ գոռալ, Մարինե // Բայց ոչ մի ձայն չկա» (Մ. Պետրոսյան), «Այնտեղ, ուր ապրում է Արմեն Մարտիրոսյանը….» (Ա. Մարտիրոսյան):
Հարցն ամբողջությամբ անտիպոետիկ կազմաքանդման ոլորտ է տանում Արմեն Շեկոյանն իր հանրահայտ «Երևան հյուրանոց» պոեմով, որն, ըստ էության, ամբողջովին անունների թվարկում է. բոլոր բանաստեղծական տարրերը դուրս են թողնված. ակնկալվող պոեզիան սեփական անվան փնտրտուք է:
Ավելի ու ավելի շատ ստեղծագործողները սեփական ապրումները բացահայտելու համար դիմում են արտաքին ազդակներին. գովազդային տեքստերի, բառերի հայտնությունը պոեզիայի մեջ դրա վառ ապացույցն է` «Նոյն, «Արարատ» կոնյակով հարբած» (Ն. Աթաբեկյան) «պալեռմոյից զեղչ գնված կոշիկներով» (Վ. Արսեն): Գովազդային վահանակի տեքստի բանաստեղծական ներհոգեկանացման հրաշալի օրինակ է կատարում Վահե Արսենը.

Թաքնվելն անհնար է
Samsung-ի հրավառ գովազդից,
Հատկապես` երբ ձյուն է իջնում,
իսկ դու մենակ ես
ներսում …14…

Վերջին տարիներին հատկապես երիտասարդական պոեզիայում սկսել է ի հայտ գալ տագնապահարույց մի միտում. բառերի մի որոշակի խումբ կարծես հագուստի նորաձևության պես սկսում են հնաոճ համարվել. «Բանաստեղծները վախենում են հասարակ, կանխատեսելի երևալուց և ձեռք են առնում միջոցներ: Առաջին այդ վախից «մահանում են» պարզ բառերը, որոնք մեծ սիմվոլներ դառնալու հնարավորություն ունեն: Բանաստեղծն այլևս չի հավատում, որ այդ բառերի հետևում հնչյունական կաղապարներից բացի իրականություն կա»15,- գրում է Ինգա Կուզնեցովան: Փոխարենը նորարարական շնչով բանաստեղծության իմիտացիա են ուզում ստեղծել, ասենք` բջջային հեռախոս, կինո, ֆոտո, ինտերնետային բառամթերքի ամբողջ ընտրանին (չատ, մեյլ, շեր) բանաստեղծություն ներբերելով, և խնդիրն այդտեղ բառերի մեջ չէ, այլ մակերեսային նորարարության: Վուլգարիզմները, փողոցային խոսակցական լեզվատարրերը (տանձիս չի, ժխշվում, խի ա կյանքը սենց, լռված, վռազ, ոռի, աբիժնիկ, գանյատ), անկանոն շարադասությունը, «մոդայիկ» բառերն ու արտահայտություններն ինքնին կեղծ նորարարություններ են. բանաստեղծությունը հեռու է փողոցում լսած բառերի սոսկական հաջորդականությունը լինելուց: Հետաքրքրական են լեզվական այն խախտումները, որոնց միտումնավոր շեղման հիմքում նոր բառ, նոր կառույց ստանալու ցանկություն է. եթե չլինեին լեզվական նորարարությունները, լեզուն երբեք աճ չէր ապրի, սակայն մյուս կողմից` շատ դժվար է հասնել կատարյալ «անկանոնության»:
Կենդանի արտահայտություններին ու կենդանի խոսքին պոեզիայի շնչառություն հաղորդելու համարձակությունը երիտասարդական պոեզիայի ամենամեծ խիզախությունն է, որը, սակայն, շատ հազվադեպ է հաղթահարում զուտ բառային նորարարության աստիճանը: Ամենահամարձակ երիտասարդ լեզվաստեղծը անտարակույս Կարեն Անտաշյանն է, գործածվող պարոդիան ու ֆարսը թույլ են տալիս խաղարկել և´ կայուն իմաստային (ինչպես աստվածաշնչյան վերնագրերով այս բանաստեղծությունները` «Խորհրդավոր նախաճաշ», «Իմ (առայժմ) Ցավը կամ մի´ Շնանար», «Ծննդոց»), և´ լեզվական կաղապարներն ու խոսակցական արտահայտությունները (մենք հեչ… բա երեխե՞քը…, էէէհ, գլուխդ չգնաց էդ զըռ կարմիր երկնքից…. հա´, ի՞նչ կա որ).

Վերջում դիմեցի դասական հնարքի.
-Փախչե´նք…
սեթևեթ ժպտացիր և աչքի ծայրով
նայեցիր ժամացույցին, հասկացա,
հնաոճ եմ,
և վրայիցս շան հոտ է գալիս
(լավ իմաստով).
Ծանր եմ տանում Տիրոջս փոխելու միտքը16:

Լեզվական մի յուրատեսակ կառույց է փորձում ստեղծել Հասմիկ Սիմոնյանը` կրկնվող բառ-արտահայտություններով` այգի առ այգի, աշուն առ աշուն, մի քիչ կանացի փնթփնթանությամբ, արտասովոր համեմատություներով`

որոնեմ զքեզ, տող
ու ջուրը գցեմ
արած լավության պես
ունենամ քեզ շատ աշխատավարձի նման
և խանութներում լքեմ գների տարափից չհուզված
հագնեմ քեզ նոր կոշիկի պես
ու մաշեմ ընթերցողի աչքը քո վրա…17

Հայերենի համար իրոք մեծ խնդիր է դարձել բանավոր և գրական լեզուների միջև հետզհետե առաջացող անջրպետը: Հավասարաչափ ընդունելին են հնչում և´ ստեղծագործող անհատների բողոքն այն մասին, որ քերականորեն ճիշտ որոշ կառույցներ այսօր արհեստականություն են հաղորդում տեքստին, և´ ուղղախոսների բողոքն` ընդդեմ սխալ քերականական կառույցների: Բանաստեղծական խոսքում խնդրահարույց են համարվում օժանդակ բայերի է-ա, այս, այդ, այն-Էս, էդ, էն, ոչ բայական ծագում ունեցող ժխտական ձևերի` չէ-չի (ոչ մեկը մեր բակեցի չի, ինձ անկողին պետք չի, ինձ սեր պետք չի) փոխարինելու ամենատարածված միտումները: Իմ կարծիքով, երևույթն առավելապես հնչողության հետ է կապված և ոչ լուրջ լեզվական հեղափոխության. «Օրս սկսվում ա // օրս սկսվում ա չոբանի շան ձագի աչքերին նայելով» (Ա. Հայրապետյան), «Էդ օրն իմ ծնունդն ա, էդ օրն ինձ սիրում են ու հաճելի է» (Հ. Սիմոնյան), «երբ էն աշխարհում աչքերս բացեցի» (Կ. Անտաշյան):
Հատկապես նկատելի ու առանձնահատուկ փաստ է Մարինե Պետրոսյանի վերջին շրջանի ա-աբանությունը. միաբառ, կտրուկ բանաստեղծական կառույցներում ա-ն կարծես կրակոցի դեր է կատարում` իր կտրուկ հնչողությամբ տարբերվելով ընդհանուր ֆոնից:

Գարուն ա
ձյունը գալիս դառնում ա ցեխ
իրաքը հեռու ա
իսկ մոտերքում մեկը հայհոյում ա էս կյանքը
քսան օր ա գարուն ա
….
իսկ առջևում դեռ ամառ ա….18

Բոլոր այս քերականական կառույցների փոխություները գալիս են բանավոր խոսքից. «Լեզվի մեջ մշտապես տեղի են ունենում փոփոխություններ: Նրանք միշտ սկսվում են նորմայից այն կողմ. հասարակաբանությունների, ժարգոնների, լեզվական խաղերի միջոցով. խախտելով լեզվական նորման հարուցում են հասարակության գրագետ հատվածի դժգոհությունը… բոլոր լեզվական փոփոխություներն սկսվում են խոսակցական սխալից: Լեզվական խաղերն ու պրովոկացիաները մեզ հնարավորություն են տալիս դիտել համակարգի ու նորմայի միջև եղած բազմաթիվ կոնֆլիկտներ»,-գրում է Լյուդմիլա Զուբովան1:
Ընդհանուր գծերով` այսպիսին է ժամանակակից հայ պոեզիայի լեզվական իրացումների հատույթը. պոեզիայի կառուցման առանցքի, իրականության բանաստեղծական սահմանների որոշակիացման հարցը համարյա մշտապես զուգահեռվում է որոշակի լեզվաշխարհային թելադրանքների հետ: Մենք փորձել ենք միայն ընդհանուր գծերով ներկայացնել ամենահիմնական միտումները. հեռու ենք այն մտքից, որ մի հոդվածի շրջանակներում հնարավոր էր սպառիչ ու ամբողջական հետազոտություն կատարել. առավել մասնավոր լեզվաշերտերն ու կառույցները դեռևս սպասում են ուսումնասիրությունների իրենց հերթին:

Ծանոթագրություններ

1. Հակոբ Մովսես, Օվսաննա, օվսաննա, ձայն է բարձրանում, «Գարուն», 2006, թիվ 7-8:
2. Агамбен Дж. Искусство, без-деятельность, Социологическое обозрение. — 2007, том 6. — № 1:
3. «Գարուն», 2005, թիվ 9, էջ 13:
4. Հենրիկ էդոյան, Հետգրություն, Երևան, 2001, էջ 107:
5. Հրաչյա Թամրազյան, Հարասություններ, Երևան, 2003, էջ 453:
6. Ролан Барт, Избранные работы, Москва,1989, с. 35.
7. Писатели США о литературе, Москва, 1990, с.166.
8. Արտեմ Հարությունյան, Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից, Երևան, 2010, էջ 239:
9. «Նորք», 2007, թիվ 3, էջ 141:
10. Հովհաննես Գրիգորյան, Գիշերահավասար, Երևան, 2005, էջ 212:
11. Արմեն Շեկոյան, Անտիպոեզիա, Երևան, 2000, էջ129:
12. «Գրական թերթ», 1995, հավելված:
13. Էդվարդ Միլիտոնյան, Այս պահին, Երևան, 2003, էջ 24:
14. Վահե Արսեն, Կանաչ աստվածների վերադարձը, Երևան, 2007, էջ 66:
15. «Орион», Москва, 2003, н.1.
16. Կարեն Անտաշյան, Անտաշատ.պոեզիա 78%, Երևան, 2009, էջ 26:
17. Հասմիկ Սիմոնյան, Թափթված սենյակներ, Երևան, 2010, էջ 95:
18. Մարինե Պետրոսյան, Հայաստանի ծովափին, Երևան, 2006, էջ107:
19. Зубова Л.В., Критика и защита языка в современной поэзии, տես` այստեղ:

Գրանիշ գրական հանդես [01]

Share Button

6 Կարծիք

  • Ara Aloyan says:

    Ապրես Հասմիկ…մեկ շնչով ընթերցեցի ու հագուրդվեցի` որպես ամառվա տապին պարպված սառն ու ախորժելի գարեջուր:

  • Սամվել Խալաթյան says:

    Հասմիկ, հարգելիս, շատ ապրես: Հաճախ գրիր: Ամեն սերնդի ստեղծագործություն նրա հոգևոր դեմքն է.գենետիկորեն մի քիչ նման հորը, պապին…քեռուն,ու նաև`յուրօրինակ-նոր-աննախադեպ: Նրան շատերն են նայում, տեսնում, բայց նկատում, պեղում են գիտնականները: Մեզ այսօր շատ-շատ են պետք նմանօրինակ գրագետ հոդվածներ: Հաճախ գրիր:

  • Հասմիկ Հակոբյան,այսօր մենք էլի ենք հանդիպել???

  • Հասմիկ Հակոբյան says:

    Գուցե և այո, ես այսօր հնարավորինս շատ տեղերում եմ եղել….

  • Armine says:

    Յուրօրինակ ու գրագետ,ձեռքը միշտ զարկերակի վրա…Միշտ հիանում եմ Ձեր խոսքի վարպետությամբ, ու թեև չպատասխանեցիք առաջարկիս ու չտվեցիք Ձեր էլ. հասցեն, բայց միևնույն է, Դուք մնում եք ինձ համար որպես իմ ճանաչած թիվ մեկ գրականագետ’ չնայած ինքս էլ եմ գրում գրականագիտական հոդ?վածներ, վերջերս էլ սկսել եմ գրել գրական գործեր, որոնք շատ կուզեի ներկայացնել Ձեր դատին:

  • Երթուղային տաքսու մեջ`մոռացա նշել,եթե հանդիպել ենք,ուրեմն երթուղային տաքսու մեջ ենք հանդիպել:
    Ես շատ տեղերում չեմ եղել:
    Մեկ էլ այստեղ կամ,եթե կանչեք`կգամ….
    http://www.hasmik-ajamyan.do.am
    poezia, mankakan…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *