Դամասո Ալոնսո | Աստղեր հաշվողները

Դամասո Ալոնսո

Դամասո Ալոնսո ի Ֆերնանդես դե լաս Ռեդոնդաս (1895 թվ. Հոկտեմբերի 22, 1990 թվ. Հունվարի 25)` իսպանացի բանասեր, գրականագետ: Իսպանական «Թագավորական ակադեմիայի» տնօրեն: 1978 թվ. արժանացել է Միգել դե Սերվանտեսի անվան մեդալի:

 

 

Գիշերային քամի

Քամին անտեր շուն է,
որ լիզում է գիշերը  հսկայական:
Գիշերը քուն չունի
Եվ մարդը` քնի մեջ, մտածում է:
Եվ մարդը երազ է տեսնում` քնած,
որ քամին մի անտեր շուն է,
որ ոռնում է իր ոտքերի մոտ կապած`
իր երազը լիզելու համար:
Բայց դեռևս ժամը չի հասել:
Գիշերը քուն չունի.
արթուն է, մյուսների քունն է հսկում:

 

Կյանք

Ձեռքիս մեջ վերցրի
մի բուռ հող:
Քամին քշեց հողը.
հողը վերադարձավ հողի մոտ:
Ձեռքերիդ մեջ պահում ես ինձ
հող եմ ես:
Քամին չորացնում է
տարիների հետ երկարած
մատներդ:
Եվ մի բուռ ավազը`
հատիկ-հատիկ,
հատիկ-հատիկ,
ուժեղ քամին իր հետ քշում-տանում է:

 

***
Հպվելու հաճույք.
կենդանի եմ և հպվում եմ:
Հպվում եմ, հպվում, հպվում,
ո՛չ, խենթ չեմ ես:
Մա՛րդ, հպվի՛ր, հպվի՛ր,
այն ամենին, ինչ քեզ հրահրում է`
լինի կուրծք, գրիչ, թե ժայռ,
քանի որ վաղը, ճիշտ որ
արդեն մեռած կլինես`
կարծրացած, ուռած, քարացած:
Հպվի՛ր, հպվի՛ր, հպվի՛ր,
ինչպիսի՜ խենթ ուրախություն.
հպվի՛ր, հպվի՛ր, հպվի՛ր:

 

Գոյությո՞ւն ունես, գոյությո՞ւն չունես:

Կաս: Չկաս: Չգիտեմ, այո, չգիտեմ:
Թող որ լինես, ես սաստիկ ուզում եմ:
Դրա համար խնդրում եմ, աղոթում եմ: Ու˚մ: Չգիտեմ,
Ո՞ւմ: Ո՞ւմ: Անվերջանալի խնդիր:
Քե՞զ: Բայց ինչպե՞ս, եթե դու գոյություն չունես:
Չիմանալով սիրում եմ քեզ:
Ես պարզապես աղոթում եմ քեզ,
և միայն մտքովս մի բան է անցնում. «Ոչ մի անհեթեթ բան»:
Բայց եթե դու «դու» չես, ի˚նչ կարող ես ասել ինձ,
ա՜խ, ինձ մնում է միայն չիմանալու տալ, որ չկա լուսավոր օր,
հարցը ժառանգաբար անցնում է` գիշերից գիշեր
իմ երազանքը ցանկանալն է` առանց ոչնչի փնտրելը:
Ես ինքս ինձ եմ աղոթում. փնտրում, փնտրում:
Զուր պատրանք է փնտրել քո մեծ գեղեցկությունը:
Միշտ հիմարություն` ուղեղիս հավատալը.
մտքիս այլ բան չի գալիս, եթե ոչ կասկածը:
Իսկ գուցե դու տեսանե՞լի ես: Կամ գուցե միայն
տեսանելի կլինես ինքնակալ անսահմանությա՞նը…
Ես կգտնեմ քո գոյությունը, եթե ապշած փորձեմ,
իմ ձևով քեզ կգտնեմ գուցե հեռուներու՞մ…

 

 

Փոքրիկ կաթիլ, իմ ցավ

Փոքրիկ կաթիլ, իմ ցավ:
Քեզ կնետեմ ծովը:
Ծովի խորքը:
Հետո ինքս ինձ ասացի.
«Կարող ես նավարկել, ինչպես սիրտդ կուզի»:
Հետո մի քիչ ու հավատս կորցրի
Հավա՜տս:
Ալիքի և ամպի միջև նավաբեկեցի:
Եվ ծովը հսկայական ցավ դարձավ:

 

 

Աստղեր հաշվողները

Ես հոգնած եմ,
նայում եմ
այս քաղաքին,
ցանկացած քաղաքացու նման,
որտեղ ապրում եմ արդեն քսան տարի:
Ամեն ինչ նույնն է.
մի մանչուկ
հարևան սենյակում
զուր հաշվում է աստղերը:
Ես նույնպես սկսում եմ հաշվել…
Բայց նա ավելի արագ հաշվում, ես չեմ հասցնում…
Մեկ,
երկու,
երեք,
չորս,
հինգ…
Չեմ կարողանում
հասնել նրան.
մեկ,
երկու…
երեք…
չորս…
հինգ…

 

Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *