Պոլ Էլյուար | Դանդաղահոս օրեր

***
Առավոտը փշրվեց գրկում մոռացումի
Առավոտը այլևս անվերադարձ է:

Մարող ցոլքը շիկահեր մազերի
Պիրկ կրծքերը, քնքուշ ձեռքերը
Դողի մեջ իրենց ընծայաբերած
Ոչինչ չի համեմատվի սիրելու դժբախտության հետ
Ոչինչ չի համեմատվի:

Առաջասլաց փրփուր լռեցրու դատավճիռը
որ մերձենում է շուրթերին
Բարձրանում սիրտը
Եվ փլվում նախաստեղծ
Կուրացնող ծիծաղով:

 

***

Նարնջագույն մազեր տիեզերքի դատարկությունում,
Դատարկությունում լռությամբ ծանրացած ապակիների
Եվ մթության, ուր իմ մերկ ձեռքերը արտացոլանքդ են փնտրում

Քո սիրտի կերպարանքը քիմեռական
Եվ սերը նման իմ անցած կրքերին
Օ հոգոցներ ծաղկաբույր երազանքներ հայացքներ

Բայց դու միշտ չես կողքիս եղել,
Իմ հիշողությունում պատկերն է քո հայտնության
եվ հեռացումի
Ժամանակը սերո պես անկարող է առանց բառերի:

***
Սրտի խորքերում, մեր սրտի խորքերում երկարում է արևային օրը, արևային օրը քո աչքերի: Անդաստաններ, ամառ, ծառեր, գետ: Միայն գետն է կենդանացնում անշարժությունը բարձունքների: Մեր սերը- սերն է առ կյանքը և արհամարանքն առ մահը: Հարատև կրակ, խռովալից, ցավով լեցուն լույս: Քո աչքերում ցերեկ է, միայն ցերեկ, առանց շարժման, առանց մայրամուտի, ավելի պայծառ, քան անցավոր վարդերը կեսօրյա առուներում:
Մեր սրտի խորքերում քո աչքերն անհուն են երկնքից և նրա գիշերային սրտից: Նետեր ուրախության, նրանք սպանում են ժամանակը, սպանում են հույսը և ափսոսանքը, սպանում են բաժանումը:
Կյանքը, միայն կյանքը, մարդկային կյանքի էությունը քո ջինջ աչքերի շուրջ է:

 

***
Օրեր դանդաղահոս, օրեր անձրևային
Օրեր կոտրված հայելիների, կորսված ասեղների
Օրեր ծանրացած կոպերի` ծով-հորիզոնում
Օրեր անդեմ ժամերի, խուլ գերության:

Իմ ոգին, որ դեռ երեկ ճառագում էր
խիտ սաղարթում, այսօր մերկ է, ինչպես սերը
Մոռանալով լուսաբացը` թեքել է գլուխը
Եվ հայում է մարմինն իր հնազանդ օտար:

Սակայն տեսել եմ ես ամենագեղեցիկ աչքերը
Արծաթաշող աստվածների` ձեռքերում շափյուղաներ
Այո, իրական աստվածների, Երկրի թևավոր թռչունների
Եվ վճիտ ջրերի, ես տեսել եմ նրանց, տեսել եմ:

Եվ թևերը նրանց իմն են: Ոչինչ գոյություն չունի
Միայն թռիչքն
որ հեռու է վանում իմ թախիծը
Թռիչքը քարերի, երկրի, մոլորակների և աստղերի
Եվ միտքն իմ կյանքի ու մահվան
Լողում է ալիքներին երկու թևերի:

 

***
Մերկ բնապատկեր
Ուր ինձ տրված է ապրել
Ուր քնքուշ մարգագետիններն են
Քո ջերմության:

Ուր կրծքերի առվում
արտացոլվել է օրը
Եվ ծիծաղն է անցել
Արահետներով շուրթերի:
Ուր վեր են սլացել
Կոպերիդ թռչունները
Եվ անապմ է
Վեհ ճակատը:

Սիրելի աշխարհ
Ուր բնությանը ներդաշնակ
Շնչում է դանդաղ
Քո մերկ մարմինը:

 

***
Քնքշությունը քո հաղթությունը և մեղմ հպարտությունը
Առասպելական աշխարհագրությունը հայացքների և շոյանքների
Երգեհոնային մոգություն
Ձուլումը ձեռքերի և աչքերի
Խոտերի և ձյան
Խոտերի և գարնան
Եվ ծովի անտես սարսուռի երբ հպվում է անձրևին
Ձուլումը լռության և քո մագնիսական պարզության
Եվ քամու, որ հետհամը երիտասարդության հասցնում է շուրթերին
Եվ հեռավոր համբույրների

Քամու ում ձեռքը դու հանկարծ զգում ես զգեստի ներքո:

 

***
Ես մարդ եմ եղել ես ժայռ եմ եղել
Ժայռ մարդու ներսում և մարդ ժայռում
Թռչուն երկնքում և տարածություն թռչնի մեջ
Ծաղիկ սառնամանիքում գետ արևում
Շափյուղա ցողում
Բոլոր եղբայրբերին եղբայր միայնակ և ազատ:

Թարգմանությունը` Սամվելի Թավադյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *