Հնում գոյություն ուներ հավատալիք, ըստ որի Դանուբի գետաբերանում գտնվում էր Մեռյալների կղզին կամ Հադեսը, այսինքն՝ անցյալի մարդու դժոխքը։ Այդ կղզում թափառում էին մահացածների ստվերներն ու փոքրիկ հայելիներում կրում իրենց մոռացված արտացոլանքները՝ որպես հիշողության այս աշխարհի մասին։ Նրանց կղզի էր բերում Քարոնը, իսկ հսկում էր Ցերբեր շունը՝ արյունոտ կողերով ու կիսով չափ կուրացած, քանզի արդեն քսան հազար տարի պոչով խփում էր աչքերին։ Ավելի վաղ, մոտավորապես երկու հազար տարի առաջ, կամ դրանից քիչ ավելի ուշ, գոյացավ մի այլ հավատալիք, ըստ որի Դանուբը մեկն էր այն չորս գետերից, որոնք սկիզբ էին առնում դրախտից։ Այն քրիստոնեական դրախտից, որտեղից վտարվել էին Ադամն ու Եվան։ Ակնհայտ է, որ Դանուբի գետաբերանն անհամեմատ ավելի շուտ է հայտնաբերվել, քան ակունքը, ինչը բոլորովին զարմանալի չէ: Դանուբը հոսում է դրախտի ու դժոխքի միջև, ու դժոխք ընկնելու համար հարկավոր է ուղղակի տրվել հոսանքին, իսկ դրախտ հասնելու համար հարկավոր է լողալ հոսանքին հակառակ՝ վստահ չլինելով, թե ինչով դա կավարտվի։ Այսպիսով՝ Դանուբի օրինակն ակնհայտ է դարձնում, որ մարդիկ նախ դժոխքի գոյության մասին են իմացել ու հետո միայն, երբ վտարվել են այնտեղից, հայտնաբերել են, որ գոյություն ունի դրախտը։ Նրանք երբեք չեն կարողացել հավասարապես ազատ շրջագայել թե՛ դրախտով, թե՛ այս աշխարհով, թե՛ դժոխքով, այս երեք հնարավորություններից մեկը նրանց համար միշտ անհասանելի է մնացել։ Ինչևէ, կարելի է ասել, որ ժամանակի գետն ու Դանուբն իրենց ջրերը տանում են տարբեր ուղղություններով, ժամանակը հոսում է արևելքից արևմուտք՝ Դանուբի հոսանքին հակառակ, որովհետև Դանուբը հոսում է քրիստոնեական չորս դրախտներից մեկից դեպի անտիկ Հադեսը, ասել է, թե՛ ժամանակի հոսքին հակառակ, մեր ժամանակից դեպի դարերի խորքը, ողջերին դրախտից վտարող Միքայել հրեշտակապետից դեպի Ոդիսևսը, որն իջնում է մահացածների մոտ ու նրանցից պաշտպանվում իր թրով։ Այդ պատճառով էլ Դանուբի հոսանքով իջնող նավերը ընթանում են ժամանակի հոսքին հակառակ, իսկ այդ գետով վեր լողացող ձուկը երբեք չի ծերանում: Այդպես էլ մեր ապագան մշտապես լողում է արևելքից արևմուտք` սփռվելով Սև ծովի ու Սև անտառի* միջև, ճիշտ այնպես, ինչպես մեր պատմությունն է սփռված ի սկզբանե՝ ջրի, իսկ վերջում՝ ցամաքի միջև։
Քրիստոնեական չորս դրախտներից մեկը կամ դրախտի չորրորդ մասն, ինչպես հայտնի է, գտնվում է Սև անտառում: Ես այցելել եմ այդ դրախտը կամ դրախտի այդ հատվածը, որն զգալիորեն հեռացած է մյուս երեք մասերից։ Այն գտնվում է Շվարցվալդում, ուր արտասովոր ծնունդ է առել Դանուբը։ Բանն այն է, որ իրականում գոյություն ունեն երկու Դանուբներ՝ Շվարցվալդի երկու զավակները։ Ըստ որում, ապօրինի խառնածինը ոչնչով չի զիջում մյուսին՝ օրինականին, որի ակունքից սկսած՝ աշխարհագրագետներն ու իրավաբանները հաշվում են Դանուբի երկարությունը։ Շվարցվալդի այդ առաջին ապօրինի զավակին բախտի քմահաճույքին են թողել սարերում, ուր նա մեծացել է վայրենու նման։ Երկրորդին՝ օրինականին, որդեգրել է մի գերմանացի կոմս կամ ավելի ճիշտ՝ գողացել մոտակա անտառից, տարել իր տիրույթը, լողացրել, տեսքի բերել ու իր պալատի դիմաց նրա համար քարե կլոր օրորոց է սարքել, ուր դրամներ են նետել երեխային շնորհ անելու համար։ Ամեն ինչ հրաշալի էր, և շուտով այդ երեխան դարձավ չքնաղ կապուտաչյա մի աղջնակ, նա ճանապարհվեց աշխարհ տեսնելու և, իջնել-հասնելով հարազատ եզերքին՝ կորցրեց կուսությանը Դին անունով մի պատանու հետ։ Բայց, ինչպես գիտենք, կապուտաչյա աղջկա մասին հեքիաթը դրանով չի ավարտվում: Աղջիկը թափառում է աշխարհով ու ինչ-որ տեղ Հունգարիայամ կորցնում նաև սեռը. չէ՞ որ Դանուբ անվանումն այդ հրկրում սեռ չունի։ Բայց հենց որ գետն իջնում, հասնում է սլավոններին, վերագտնում է սեռը, ճիշտ է՝ արդեն արական, քանզի Դանուբ անվանումն արական սեռի է, մինչդեռ նրան գայթակղած Դինն այստեղ ստանում է իգական սեռ և իգական անուն՝ Ռեյնա (Ռեյն– ծնթ. Ա. Խ), այնպես որ, կուսությունը կորցրած գետի մասին շվարցվալդյան ամբողջ հեքիաթը Պանոնիայում** կորցնում է ցանկացած հիմնավորում և դառնում խիստ կասկածելի։ Եվ հակառակը, այն, որ Շվարցվալդի թիկունքում Դանուբը, գաղտնի, իր ջրերը Ոեյնին է տալիս, հիշեցնում է Ռեյնի բեղմնավորումը, համենայն դեպս՝ այդ ամենն այդպես է պատկերանում, երբ վերևից նայում ես հարթավայրերին։ Ինչևէ, Դանուբը շատ արագ մեծանում ու լայնանում է։ Հատկապես այն ժամանակներից սկսած, երբ նրա ափերին հայտնվում են «Բ» տառով սկսվող մայրաքաղաքներ (Բրատիսլավա, Բուդապեշտ, Բելգրադ, Բուխարեստ)։ Բելգրադի մերձակայքում նա բոլորում է մեկուկես ամիսը, իսկ երբ Սև ծովում կորցնում է իր անունը, արդեն երկու ամսական է լինում։ Ահա այդքան է տևում նրա կյաևքը. ճիշտ է, ասում են` ծովում էլ նա դեռ մի լրիվ օր հոսում է սեփական ձկներով, բայց առանց սեփական անվան։ Եթե ակունքում մի ընկույզ նետեն ջուրը, այն երեք անգամ կփոխի սեռն ու կապրի վաթսուն գիշեր, ու միայն հետո, Դանուբի դելտայի կղզիներից մեկում այն կուտեն մեռյալները։ Ահա այսպես է ինձ պատկերանում Դանուբի մասին հեքիաթը։ Նրա անվան կյանքում վերջին ժամանակներս ինչ-որ բան փոխվել է։ Արական անունն աստիճանաբար հոսանքով վեր է բարձրանում իգակաև անվանը հանդիման, և հիմա Դոնաուեշինգենի*** ժամացույցի գործարանում այնքան հարավսլավացիներ են աշխատում, որ այդտեղ՝ գետի ակունքում, ժամանակի գետաբերանում արական անունը նույնքան հաճախ է լսվում, որքան սկզբնական՝ աղջկական անունը։
Այս պատմությունը կարող է պատկերազարդել հայտնի բացիկը։ Այնտեղ պատկերված է Դանուբի պարսպով շրջափակված ակունքը՝ վերոհիշյալ կոմսի տիրույթում։ Այդ կոմսն այսօր էլ ապրում է Դոնաուեշինգենում, և պալատը, և Դանուբը նախկինի պես նրան են պատկանում, բայց հիմա նա զբաղվում է գարեջրի արտադրությամբ։ Դանուբը գողացած մարդը ջուր չի խմում։
*Սև անտառ – Շվարցվալդ, հայտնի տեղանուն Գերմանիայում։
*”Պանոնիա – մարզ Սերբիայում։
“** Դոնաուեշինգեն – քաղաք Գերմանիայում՝ Դանուբի ակունքում։
Սերբերենից թարգմանեց ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Mer Araqsy gone mayr e…aysinqn ser u gortcaruytner uni, isk Danubn yst Pavichi jamanaki u taratcutyan mej poxvum e….
Դանուբը գողացած մարդը ջուր չի խմում։
——————————————————-
Է՜հ, Պավիչ ջան, գրողս խմեն էդ թուրուդիները, երևի դա լավ է որ դրանք ջուր չեն խմում, մեկել տեսար չորացան դարձան չիր: