Լիլիթ Բաղդասարյան | Դեպերսոնալիզացիա. ռեցիդիվներ

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Իրականության անբավարարության սինդրոմը վերածվում է քրոնիկ գործընթացի՝ ավելի ու ավելի հաճախ հանդիպող սրացումներով, կարճատև ռեմիսիաներով և արագ պրոգրեսիայով, որ ստիպում է ավելի մոտ կանգնել արվեստին, ընկալել գոյության այլաձևումները, ընդունել անհնարի գոյությունն ու բացել թափանցիկ վարագույները՝ անհաղորդ մնալով օբյեկտիվության մարդկային պատկերացումներին։
Սեփական դրամաներն արդեն հասցրել են խցանել բոլոր պողոտաների, բոլոր շենքերի, բոլոր բնակարանների շնչուղիները։
Սևի ու կարմրի մեջ ապրելու, նկարչի բոլոր ոսկորները հաշվելու և նախացնոր վիճակներով տարվելու մոլուցքը լցրել է կարոտի անցողիկ խոռոչները։ Զգալու ցանկությունը փակում է գիտակցության աչքերն ու մերկացնում երևակայությանը։ Հավատը պարտվում է չզգալու սովորությանը։ Երևակայությունը մթության մեջ չի ամաչում սեփական մերկությունից, կենտրոնացնում է բանականությունը պլաստիկ շարժումների վրա։ Չպատկանելու որոշումը բալետի պարուհու թեթևությամբ ցատկում է պարընկերոջ բացակայության գիրկն ու վնասում ոտքերը, վերականգնվում, ցատկում նորից, նորից, նորից…
Անավարտ թողնելով բոլոր կտավները, չգտնելով համապատասխան երաժշտությունը, մոռանալով բոլոր բառերը, վերափոխվելով անլրջության, հիմարության, անվստահության և հետզհետե հոգնելով սեփական անիմաստությունից՝ պտտվում է վարագույրների մեջ, զգում մարմնի տաքությունը, մատների մեջ ծփացող անոթները, սրտի ռիթմն ու անհնարի իրողությունը։
Ցատկի բարձրությունն ու կոտրված ոտքերը։
Բայց սա այլ պատմություն է: Իսկ եթե ավելի հստակ` նախկին պատմություն:
Կիսատ…
Աշխարհն իր գոյության հերթական շրջանը կատարելիս իմ գիտակցության համար ինչ-որ պահի հասկանալի է դարձրել, որ իր հավերժությունը կրկնության մեջ է, իմը` կրկնության միջոցով` այսպես ցույց տալով իմ համեստ, կարևոր, անցողիկ և անփոխարինելի տեղն իր շրջապտույտի մեջ, որը շարունակում եմ խզել կիսատ պատմություններով:
Հասկանում եք, ապագան սահմանափակում է անցյալի հնարավորությունները, բայց ոչ մարդունն, ով սահմանել է դրանք։ Մարդու համար ցանկացած լուծում թաքնված է արդեն կատարվածի մեջ, իսկ արդեն կատարվածը կարելի է
գտնել սեփական ընթացքում։ Առհասարակ ամեն ինչ կարելի է գտնել արդեն կատարվածի մեջ, բայց կատարվելիքի գայթակղությունն անհամեմատ մեծ է, ու դա ամենևին էլ գիտակցական որոշում չէ, այլ ի սկզբանե դրված ներքին մղում` անհաղորդ վերլուծություններին և որոշումներին:
Էվոլյուցիան սահմանել է մի բան` ասելով, թե օնտոգենեզը (անհատական զարգացումը) ֆիլոգենեզի (պատմական զարգացման) համառոտ կրկնությունն է, որ տալիս է բոլոր լուծումների կծիկը։ Վերջինս բնության հանճարին թողել է միակ խնդիր. ձգտումը կատարելության։ Իսկ կատարելությունն անխուսափելի վախճան է. մի կետ, որից այն կողմ շարունակությունը բացակայում է։
Չնայած դրա գիտակցմանն, ավելին ստեղծելու հնարավորությունը (ինչպես բնության, այնպես էլ մարդու մեջ) ցանկացած անկատար օղակ դարձնում է գայթակղություն, որն ուղորդվում է դեպի այդ կետը՝ հենարանում ունենալով նախորդող փորձ։
Վերջինս հաղթում է ինքն իրեն՝ սկսվելով նորից:
Այսպես ամեն ինչ սկսվեց նրանից…ներողություն: Այսօր ամեն ինչ սկսվեց նրանից, որ մոտ երեսուն րոպե մեքենան կայանելու տեղ չգտա: Շրջանցեցի դասը` քունս շրջանցելու թեթևությամբ: Փոխարենը բանաստեղծ ընկերս ինձ սուրճ հյուրասիրեց: Ինչպես միշտ: Մտքերիս խառնությունը սև դառը սուրճի համ և անխնա բառերի հիշողություն ունի: Պիտի գրեմ: Խոստացել եմ մեկին, ով անդժգոհ լսեց ինձ: Եվ ուրեմն պիտի գրել «հոգեդարձ» եղած ծննդկանի մասին, կամ մի կնոջ, ում մայրը զգեստների մեջ հատուկ թաքստոց էր կարել հակաէպիլեպտիկ դեղերի համար, որպեսզի վերջինիս ամուսինը չիմանա հիվանդության մասին: Բայց մինչև անգամ ամենահետաքրքիր սցենարներն այնքան վաղուց են ձանձրացրել ինձ, որ դժվարանում եմ նույնիսկ շրջադարձ կատարել սեփական պատմությանս:
Ներեցեք, չներկայացա: Ես գրեթե բժիշկ եմ, համարյա վիրաբույժ, ում ինչ-որ Մեկը դեռ վաղուց պոետեսա է անվանել ու թողել երկնքի ու երկրի մեջտեղում: Ոչ մի արտասովոր բան, բոլոր մարդիկ էլ երկրի վրա և երկնքի տակ են ապրում, ուղղակի ես մի քիչ առաձգականացել եմ. մինչ ոտքերս ծանրակշիռ քայլեր են անում ճանապարհների վրա, գլխիս մեջ քամին ամպերն այս ու այնկողմ է շարժում, որի հետևանքով էլ երբեմն անտանելի խուտուտ եմ զգում: Ինչևէ: Ընկերս պնդում է, որ հետաքրքիր են բժշկական պատմությունները: Բայց այդ մասին չէ, որ ուզում եմ գրել: Վստահ չեմ, որ առհասարակ ուզում եմ ինչ-որ բանի մասին գրել: Միայն թե կարծես խնդիր ունեմ «գիտակցական մաղիս» հետ, և այս մտահոսքն ինձ պարբերաբար հասցնում է մի սահմանի մոտ, որ հազիվ թե կա, բայց անցնել կարելի է միայն եթե հոգեմետ դեղեր ես օգտագործել, կամ էլ հոգեբուժարանում արդեն ծանոթ բժիշկներ ունես, ովքեր կհամոզեն քեզ իրականության և եղելության տարբերության մեջ շեշտը դնել իրականության վրա: Այսպես, նախ պետք է տարբերակել ցնորքները պատրանքներից: Վերջիններս իրականության հետ կապը դեռ չեն կտրել, իսկ այ ցնորքները… Իսկ այ ես: Նախապես ասացի, որ ոտքերս ծանրակշիռ քայլեր են անում երկրի վրա, ուրեմն հազիվ թե հնարավոր լինի ինձ առանձնացնել մյուսներից: Բացի այդ ես երևակայության և իրականության թեորետիկ սահմանը, որն, ինչպես ցույց տվեց պրակտիկան` չկա, բավականին վստահ եմ գծում թղթի վրա: Երբ նայում եմ դիմացի պատին կախված նկարին ու միաժամանակ տեսնում ինձանից աջ դրված հեռուստացույցն ու ձախ ձեռքիս կողքին դրված վահանակը, պատի նկարը վահանակով փոխելու մասին չէ, որ մտածում եմ, ոչ էլ հեռուստացույցի աղմուկն է խանգարում տարբերակել ժամացույցի վայրկյանների ճշտապահությունը: Չի կարելի օծանելիքի և ճաշի բույրը միաժամանակ սիրել: Բայց և չի կարելի չտեսնել, ինչպես հիվանդանոցի տարբեր մուտքերի մոտ միաժամանակ երկու մեքենա կանգնեցին, ու ծննդկանի ձայնն ավելի բարձր չէր, քան ծերունու հևոցները: Միևնույն ժամին գրեթե զուգահեռ սենյակներում ծնունդ և մահ գրանցվեցին, նույն կառույցի ուղղանկյունու կողմերը մի կողմից անհամբեր երջանկության, մյուս կողմից անհույս սպասումի հայացքներ էին կիսում: Այստեղ առնվազն հիմարություն կլինի չտեսնել ցիկլի մեջ խցանված մարդկությանը, որ անգիտակցորեն շարունակում է մի սկիզբ, որի իմաստն ուղղակի լինելն է: Բայց շղթան միշտ անկատար է, որտեղից էլ սկսվում է գործողության պոտենցիալը:
Շղթայի մեջ խցանված անհատները. ամբողջ շարունակությունը նրանց մեջ է:
Մեծամասամբ նրանք մարդիկ են, ովքեր որսում են պահն ու ստեղծում մի բան, որն ինձ ամենից շատն է ոգևորում homo sapiens-ի պատմության մեջ. արվեստը: Ոչ թե արվեստի զգացողությունը, այլ այն, ինչին ենթակա է ամբողջ զարգացումը` ներկայից առաջ և ներկայից հետո:
Անկախանալով ժամանակի և տարածության կոնցեպցիաների մասին ունեցած պատկերացումներիցս, պետք է նշեմ, որ փոփոխությունների մեջ ստատիկ ժամանակն անկախ է տարածությունից և իմաստավորված է միայն կենդանի գոյության համար: Թերևս այսօր:
Գրողը տանի, չեմ կարողանում կանգ առնել, ներեցեք ինձ:
Լավ, այսպես, գիտե՞ք ինչպես բժիշկն ապացուցեց, որ աղջկա մոտ, որն ամուսնու ներկայությամբ էպիլեպտիկ նոպայի մեջ էր ընկել և պնդում էր, որ դա առաջին անգամ է, մինչ այդ եղել են նաև նախորդողները. նոպայի ժամանակ լեզուն կծելու հետևանքով մնացած սպիերով, և գիտե՞ք ինչ եղավ. ամուսինները բաժանվեցին: Ինձ համար ավելի դժվար է դիֆերենցել բժիշկի ճիշտ կամ սխալ լինելը, և արդյոք ամուսինների բաժանման պատճառը սուտն էր, թե «հիվանդ» կինը: Բայց կարող եք հարցնել սիրո մասին, որն այս ամուսինների հետ կապ չուներ: Հարցրեք ինձ սիրո մասին, և եթե իմ հայացքը ձեզ ոչինչ չասի, ուղղակի շրջանցեք ինձ: Հարցրեք ինձ սիրո մասին, և կտեսնեք այն ճեղքը, որտեղից ամեն ինչ շարունակաբար լցվում է իմ մեջ:
Հարցրեք ինձ սիրո մասին, և կտեսնեք ինչպես ստեղծվեց արվեստը:
Բայց մի՜ հարցրեք ինձ սիրո մասին:
Այլապես ես ստիպված կլինեմ խոստովանել իմ ապրելու իրական իմաստը: Ես չունեմ ասելիք: Միայն բառեր, որ պահպանվի իրականության և իրողության կապը, որ հասկանալի դարձնի Ռոթկոյի* ինքնասպանության պատճառը, որ հույս տա շարունակությանն այնտեղ, ուր նա, ով արվեստ է ստեղծում, ընդհատում է կյանքը:
Չէ որ կյանքն ընդգրկումն է սիրո, որի մեջ տեղավորված է կյանքը: Բայց այս երկու բառերը հակացուցված են մեկ ընթացքի մեջ: Բուլգակովը դա գիտեր, երբ սպանեց Վարպետին և Մարգարիտային: Հասկանո՞ւմ եք` սերեր կան, որ աշխարհի համար չեն, բայց ամբողջ աշխարհը հենց այդ սերերի հաշվարկով է կառուցված: Հենց այս խզումից էլ ստեղծվում է իրական արվեստը: Չէ՞ որ առանց սիրո մարդը կարող է հավերժ խելացի լինել, բայց իմաստուն` միայն երբ սերը կա: Իսկ խելագարությունը… խելագարությունը սիրո բացակայությունն է այնտեղ, ուր իմացությունը գերազանցում է մարդու տարածությունը:
Չեմ ուզում խճճել ձեզ իմ կծիկի մեջ: Ամենաբարդ խնդիրները պարզ լուծումներ ունեն: Ուղղակի պարզ հարցերը երբեմն ստիպում են լողալ մինչև օվկիանոսի խորքերը, որտեղ խորտակված նավերի մեջ ծանրացած հարցերը քո նավն էլ են սկսում ջրով լցնել, մինչ պարզ պատասխանները լողում են մակերեսներին, որտեղ հասնելու համար արդեն պիտի տարածություն անցնես և ուժ գործադրես:
Իսկ մարդկային բնությունը շրջանցելը դժվարին խնդիր է:
Ջրի բանաձևն անկախ է վերջինիս պարունակությունից, բայց մարդուն, գրո՜ղը տանի, լճից հետո ծովն էլ չի բավարարում, երբ գիտի օվկիանոսի գոյության մասին: Իսկ ամեն ինչ ավելի պարզ է. պետք է ունենալ կաթիլ, որը կհերիքի օվկիանոսը ճանաչելու համար:
Ամեն ինչ ավելի պարզ է:
Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է:

Մարկ Ռոթկո*- ռուս-հրեական ծագումով ամերիկյան հետպատերազմյան ամենահայտնի նկարիչներից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *