Մարիամ Կարապետյան | Բնակություն

 

Լույս է տեսել Մարիամ Կարապետյանի բանաստեղծությունների երրորդ՝ «Բնակություն» ժողովածուն։ Այն առանց շարքերի է, սակայն «Գրանիշի» համար հեղինակը կազմել է տրամադրությամբ նման բանաստեղծությունների մի շարք՝ գրքի տրամադրությունների շերտերից։

 

Բարեկամություն վաճառողուհու հետ

Վաճառողուհիները
երկար հերթերի վերջում զարմացնում են
բոլոր օրերին, երբ պատահում ենք իրար,
տոներին՝ զգաստ։

Վաճառողուհիները՝
ինչպես որ ներկա են լինում ամենից ծանոթ
մարդիկ։

Մտերմությունը վաճառողուհու հետ բանավոր,
մորաքրոջ սեր․․․ Տալիս են,
գնալու տեղ է մնում։

Տասը տարվա ծանոթներս՝ Նանսենի այգու
երկայնքով․ ամենից ավելի է
բացվում։

Ողջ ժամը մոտիկից։ Միջնորդություն։

 

 

Շապիկի ձևավորումը` Մ.Մաթևոսյանի։ Ձևավորման համար հիմք է հանդիսացել Ալեքսիս Փոլի «Ծակոտաժապավեններ» աշխատանքը։

Կրկնություն

1․
Շագանակագույն, փոքր, վանդակավոր, կարմիր եզրերով
ծածկոցը՝ մանուշակագույն, մեծ ծածկոցին․
մի մարդ այստեղ երկու անգամ է քնել․․․
Համարակալման դեղին նշանը շան ականջին՝
այնպես քնքշորեն ծալված, երբ քնած է․․․
Այսօր առավոտից երկու անգամ սուրճս հոգացին․․․

2․
Երեկ նորակառույց էր հնարավոր, որ ընտելացնելու էր,
այսօր կես պատուհանն եմ բացում, գնալու տեղ չունեմ։
Ամեն օր սովորաբար գորգի նախշերով անցնում եմ, երբ բազմոցին եմ,
անցած ամառվա չորս նկարում ուրիշ մարդկանց եմ պատասխանել․․․

Եվ այդուամենայնիվ, ազատ տեղ պատրաստել սիրում եմ,
թեկուզ լուսամուտները պատով մեկ չլինեն․․․
Ես, ահա, տեր եմ կանգնել իմ այսօրվա տեսքին, երբ հայելուն
երկրորդ անգամ եմ նայել․․․

 

Սեր

Ցանցկեն աշուն։ Մարզասարքի ոտնակները՝
զույգ ագռավներ։ Օդի մեջ քայլելու փորձառությունը

փառավո՜ր․․․

Բառեր հորինել մի մեռնող լեզվի համար, իբր
քչից շատն ես դուրս բերում․․․

Սիրելի՜ ազատությունը, թեև աշունը բոլորինն է․․․

 

Հին շունը

Թաղամասն այս անգամ
ինձ մոտ շան հետ եկավ՝ սպիտակ
և նախորդ այցիցս մնացած․․․
Շնային թեթև հայա՜ցքը, երբ
հաց էիր տալիս․․․ Առիթնե՜րը՝
մինչև շենքերի վերջը․․․

Շան ամբողջ պատի՜վը
կատուներ չսիրողների թաղամասում․․․

Երեխաներս նրան
մեր նախորդ այցից սիրել էին։
Ծնողներս նրան այս նոր այցիս
պատվով շուն կոչեցին․․․

 

Թերեզ

Ինձ նեղացնում է
արցունքների նկատմամբ վերաբերմունքդ։
Թերեզը, քո գյուղի Թերեզը
կեղծ էր լաց լինում։

Թերե՜զ, Թերե՜զ,
քո պատճառով նա արցունքներին չի հավատում։

Ի՞նչ պիտի եղած լիներ, որ չի եղել,
Թերե՛զ,
քիչ ավելի ցածր և մոտ․․․

 

***
Մեկ անձեռոցիկի խոնավություն սենյակում,
որ չորանալու չափ թորվում է,
թեթև ներկայությունը նրա, որ հիմա գնալու է,

հին իրերը, որ թույլ են տալիս չլինել նուրբ․․․

Ազատությունը նրանց,
որ թույլ են տալիս հետաձգել խնամքը,
որ հարմար են հետաձգելիս։ Համադրվում են․․․
Ինձ, ինչպես իրենց,
արդարացնում են․․․

Մնացածը՝ ինչպես կարող է հարմար լինել․․․

 

Էլի գորգը՝

որտեղ որ, ինչպես որ, մինչև որ․․․

Օրհնության նման գեղեցիկ:

Համարյա անտեսում է,
ինչ թափթփված է։

Թաղամասի դարձերեսին։
Ոչ մի ցամաք տեսարան եզրերում։

Ոլորանը։ Նյութի վիճակները՝

կռահածը, պատմածը, կամեցածը․․․

 

Ինձ տներն են գրավում

Մի տեղ՝ մոտավոր վայրերից դուրս՝
ճամփեզրին, իջնել։
Տուն՝ քամու շղթայից դուրս․ իմ կողմում
ինչ-որ հանդիպում է կորել․․․․

Վերջաբանը ոչ մեկին հետ չի բերում․
ծերացածները՝ հողերին հավասար․․․
Քամիներն իրար դեմ առնում են։
Տներն ազատ են թողել իրար․․․

 

Թել

Այն փողոցները, որտեղ
հենց այս վերարկուովս եմ ուզում քայլել
համեմատաբար թեթև երթևեկելի ժամերին․․․
Կողմերի մասին հիշողությունները, որտեղ էլ չեմ գնում
և որոնց տեղն էլ աղոտ եմ հիշում․․․
Նրանք, ում վրա որ սիրտս տաք չէ, բայց ովքեր
իբրև նորություն են հայտնվում․․․

Փայլ, կարծես ինչ-որ բան միացված է։

Ահա և սեր այն մարդկանց նկատմամբ,
որոնց երբեմն մոտիկից եմ տեսնում․․․

Տաք են ծանոթ ուղղությունները
և անմիջապես գալիս են, ինչպես այն օրերին,
երբ առաջին բառն եմ գրում․․․

Ինչպես որ սկսում եմ, այնպես էլ մինչև վերջ եմ
հասնում։ Սա սիրով հիշելու պահ է։
Այսպես բոլոր պատմողներին եմ
պատահում․․․

 

Գրապահարանը

Պահարանի մտերմությունը, հատկապես կոր եզրերի։
Քանի՜ անգամ կրկնվում են․․․
Կամայական տեղում՝ փակագիծ․․․

Ինչպե՜ս են հավաքվում, երբ պատմում են,
ինչպե՜ս են ողջ իմացածը պատմում…

․․․ Հորինում եմ դանդաղ, առաջ չեմ անցնում։

Գրված խոսքերին եմ դիմում։ Ես կամաց-կամաց
կազմարարների կո՜ղմն եմ թեքվում…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *