Խոսե Մարիա Սոնտա | Ձևի հիշողությունը

Լուսանկարը՝ Անդրեա Սեմպլիչիի

Բանաստեղծ Խոսե Մարիա Սոնտան ծնվել է 1961թ․ Կոստա Ռիկայում։ Մասնագիտությամբ իրավաբան և լրագրող, սկսել է ստեղծագործել 14 տարեկանից։ Շուրջ 17 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, որոնց մեծ մասը արժանացել է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի տարբեր երկրների, ինչպես նաև Իտալիայի և Իսպանիայի գրական մրցանակների։

 

Թոթ [1]

Սեր բառը շուրջս է հնչում, ցածրաձայն,
երբեք ինձ չի ասվում։ Ծածանվում է առջևս։
Սեր բառը մեր ծովից դուրս գալու և քայլել սովորելու տեսությունն է։
Չի արտաբերվում հանգուցյալների ներկայությամբ։
Սեր բառը բողբոջ է, չգիտենք ինչպես կբացվի։
Չխճճվես՝ միայն մի բառի մասին ենք խոսում,
այլ ոչ թե այն անդունդի, ուր նետվում ես թռչել սովորելու կրքով։
Սեր բառը այն փաստաբանն է, որին, եթե քո տեղը լինեի, կվարձեի։
Այդ բառը մի՛ ասա գիշերը, կեսգիշերին կամ այգաբացին։
Սեր բառը կռվի դաշտում պայթող հրթիռների միջակայքում է,
սվիններին է դիպչում։ Հրանոթի միս է, կրակի ցախ։
Եթերային յուղերի լուծիչն է։
Նստած ես սեր բառի վրա՝
սպասելով որ պայթի ուժանակի տակառի պես։
Սեր բառը առաջին եկողն է և վերջին հեռացողը։
Տեսնո՞ւմ ես այրվող տունը։ Ծուխը՝ սեր բառն է։
Սեր բառը մեռնում է քո ներսում հետո իմ մեջ վերածնվում։
Սեր բառը չի հանձնվում․ պիտի դնես բերանդ,
ծամես, կուլ տաս,
կույրաղիքի է վերածվում ու կառավարում մարսողությունդ։
Վագրի փայ դառնալուց մի վայրկյան առաջ մտածում եմ․
իմ տեղը սեր բառն ի՞նչ կաներ։
Սեր բառը քո մերսողն ու մատնահարդարն է,
քո խոցելիությունն է ու քո զրահը։
Սեր բառը գիծ է
____________________________:
Սեր բառի հետ լավ չեն վարվել աղջիկ ժամանակ։
Սեր բառը քեզ քամահրանքով չի նայում
քանի որ փղից էլ ուժեղ է։
Մեր միջև, մահճակալի մեջտեղում,
արևի նման է ծագում
սեր բառը։

[1] Թոթ – հին Եգիպտոսում իմաստության և գիտության աստված։

 

 

Բուխարեստ

Բուխարեստը այլմոլորակայինների նավից է իջել 1459 թ․ օգոստոսի 23-ին։
Քանի որ աշունը դեռ հնարված չէր, նավի անձնակազմը չհասկացավ ցուրտն ինչ է։
Որոշեցին որ անհարմար է ի ցույց դնել դակերի, գոթերի, հոների [1] առջև
օպտիկական մալուխը, լազերը, անկշռությունը կամ արագացուցիչը։
Որոշեցինք չգաղութացնել։
Հնարավորինս քիչ միջամտեցինք․ միայն երբ մահափորձ արեցիր Հիտլերի դեմ,
երբ խմբագրեցիր 1986-ի Կետորսական միջազգային հանձնաժողովի
որսադադարը,
երբ փրկեցիր վերացումից չինական կայմանին,
կամ Կարել Ռաշկային [2] հուշեցիր ծաղկախտի բուժումը։
Մարդկային հիվանդությունների առջև անպաշտպան մեռնում էինք,
ու մնացինք ես ու դու։ Նորից աշուն է։ Աստղերին ենք նայում։
1910-ին քեզ մատանի նվիրեցի՝ Հալլեյի գիսաստղի հետքից,
ու որոշեցինք չվերադառնալ Ալդեբարան [3]
ցանկացած գալակտիկայում միասին՝ մենք տանն ենք։

[1] Դակեր՝ Դակիայի (Ռումինիայի նախկին անվանումը) բնակիչներ։ Գոթեր՝ հին գերմանական ցեղերից մեկը։ Հոներ՝ ասիական ծագումով թափառական ցեղեր, որոնք 4-րդ դարում ներխուժեցին Եվրոպա:

[2] Կարել Ռաշկա (1909-1987) – չեխ բժիշկ, համաճարակաբան, 1960-ականներին ղեկավարել է ծաղկախտի վերացմանն ուղղված միջազգային աշխատանքները։

[3] Ալդեբարան – Ցուլի համաստեղության աստղ, կարմիր հսկա:

 

Տայ չի [1]

Վերջին անգամ ինձ տեսար, երբ դպրոցիդ նախաճաշիկը դրեցի՝
չորս տարի առաջ էր։ Հարցնում ես իմ մասին, իհարկե։
Քեզ ասում են, որ հիմա ավելի նիհար եմ,
որ զբոսայգում մասնակցում եմ
Տայ չիի անվճար պարապմունքներին,
որ իմ սնունդը՝ ամենօրյա մի շիշ գինին է։
Քեզ ասում են, որ սիրում եմ կերակուր պատրաստել։
Տայ չիի դասերի համար Քաղաքապետարանը ճերմակ հագուստ է պահանջում,
Դա է պատճառը, որ ինձ ձյան վրա չես տեսնում։

[1] Տայ չի կամ՝ տայ ծի ցուան (Tai chi) – վարժությունների չինական համակարգ։

 

Ձևի հիշողությունը

Պոեզիան հիշում է ձևը։
Եթե ժամանակին ծաղիկ էր՝ էլի կբուրի,
եթե գետ էր՝ կհոսի դեպի ծով,
եթե Հիրոսիմա էր՝ փլատակներից կհառնի,
եթե հոկտեմբեր էր՝ կդառնա հունվար։
Պոեզիան կապրի առանց բանաստեղծության ու բանաստեղծների։
Բայց չի կարող ապրել առանց ջազի։
Եթե Մոցարտ է եղել՝ կդառնա Շագալ։
Եթե Բուխարեստ է եղել՝ քեզ կվերածվի։

 

Վան Դամ [1]

Կոստանցայից մեկնում եմ մի նպատակաով՝
Ծանոթանալ Ժան-Կլոդ Վան Դամի հետ։
1958 կիլոմետր 58 մետր է մինչև Բրյուսել։
Ոտքով եմ գնում։
Առանց կողքից մակդիրների կին լինելը կյանք է բարդացնում․
չեմ կարող կարմիր խնձոր ուտել, սնվում եմ դժգույն խնձորներով։
Առանց ժամանակի մակբայների կին լինելը տեղատարափ անձրևներ
ու փոթորիկներ է ծնում,
քանզի հիմա կայծակ չեմ օգտագործում,
այսօր անձրևում է, ամպերն են անվերջ գոռգոռում,
շատ վաղուց մի կախարդի են այրել այս վայրում։
Ռումինական սահմանը մերկ եմ հատում,
որ ինձ չխուզարկեն
ու աստղեր փնտրելով՝ կրծքերս չշոշափեն։
Սուանյեի անտառը [2] հատելիս ուզում եմ ես ես լինեմ,
որ ինձ տեսնելով՝ չճանաչես,
որ լինեմ այն մեկը որին սիրում էիր՝ չիմանալով։
Մի սկյուռի հետևից եմ գնում, որը նույնպես ուզում է Ժան-Կլոդին ճանաչել։
Երեխաները փուչիկների են վերածվում ընդմիշտ։
Հատում եմ նախաքրիստոնեական մի քաղաքակրթություն, որն ինձ չի այրում։
Անցնում եմ մի հայելու միջով ու ինձ չեմ ճանաչում։
Մի աղջիկ՝ իմ ձայնով, բայց ուրիշ դեմքով, կառաոկեում
«Լա վի ան ռոզ» [3] է երգում։
Անցնում եմ մի քաղաքով, որտեղ չի հասկացվում․ մենք իրակա՞ն ենք:
Եվրոպան բաժան-բաժան է լինում լողափերում
ու փորձում է նորից խմբվել գյուղերում։
Ես ինչ-որ երկրի հարավում եմ՝ առանց լուսնի, արևի,
խաղողի այգին էլ մի աստղ է փնտրում, որը վրաս կիշխի։
Լսելով ռումինական խոսվածքս բարում նստած տղամարդիկ
գինս են հարցնում,
գին ունեմ, անշուշտ, բայց չեմ վաճառվում։
Տեսնում եմ Ժան-Կլոդին Դ’Էգմոն այգում շան հետ զբոսնելիս։
Մոտենում եմ, 58 մետր է մնում։
Շունն իր գործն է անում ու Ժան-Կլոդը տոպրակով կղանքն է հավաքում։
Այդժամ քեզ նայում եմ առաջին անգամ,
Գարսիա Լորկա ես կարդում։
Ժան-Կլոդը ինքնագիրն է տալիս, ու ցատկահարվածով
Բեթմենին է տապալում։
Շրջում ես էջը։ Ես թեքվում եմ ու նայում ես ինձ։

[1] Այս բանաստեղծությունը կարդալով, Ժան-Կլոդ Վան Դամը բանաստեղծուհու լավ ընկերն է դառնում, անգամ՝ իր չորրորդ դստեր անունը Ռալուկա է դնում։

[2] Բրյուսելի հարավային մասում գտնվող խոշոր գեղատեսիլ լճերով անտառ։

[3] La vie en rose – Էդիթ Պիաֆի հայտնի երգերից է, բառերը՝ Պիաֆի, երաժշտությունը՝ Լուի Գուգլիեմի։

 

 

Ես մի մարդ եմ որ հակում ունի սկաֆանդր հագնելու

կենդանաբանական այգում վանդակներ բացելու
թույլ տալու որ ինձ ջախջախեն կակաչները
մոտոցիկլներից ընկնելու
մրսելու
դեկոլտեներում փնտրելու մի բան
որը չեմ կորցրել
տեղեկագրեր գրելու
ինքս ինձ լուսանկարելու ուրիշի դեմքով
ուզածս պահին զանգեր խփելու
քո ուշադրությունը գրավելու համար
կրծքիս ազգանուններ գրելու
ձեռքերիդ տաքությունից վեր թռնելու
նարնջի հյութով աչքերս լվանալու
ու բալասաններ խմելու

մի խոսքով

սիրելու թրթուրներ
որոնք անկարող են թիթեռ դառնալու:

 

Սեր իմ

Մեզ բաժին է ընկել
հագուստի դարաշրջանը
ահռելի էկրաններից
գովազդվող փոքրհոգության ժամանակը

դեպ արև տանող ճանապարհներին
մեզ համար շաղ են տվել թունավորած կարամելներ

դժվար է ընդունել որ բան չի փոխվել
Քարե դարից մինչև Սարաևո

մեր ընկերներն այնտեղ դրսում մրսում են
ու նրանց երեխաները ի հեճուկս քամու են մեծանում

մեզ պատմել են լավերի ու
շատ վատերի մասին ասքը
բայց մենք չենք պատկանում այդ խմբերից և ոչ մեկին

սեր ենք անում մեր իսկությունն
առանց փաստաթուղթ հաստատելու

լուսանկարից դուրս գալու
ապագան տեսնելու
աստղից մի կտոր պոկելու համար

պարոնայք այս կինը սեր է անում
մթնոլորտը բուժելու
ծովը մաքրելու
հոգուս անձավները լուսավորելու համար

ամեն օր մի լամպ եմ վառում
ի պատիվ ձեռները միայն սիրելու համար
գործի դնող մարդկանց

ինձ զսպում եմ
տարածվում եմ
դառնում եմ տարրը հետագա թքի

երեխաները վախեցած
կախվել են կյանքի
բազրիքից
եկեք ոտքերի տակ սապոն չդնենք

տեսնում ես սերս
մեզ բաժին է ընկել բուրավետ քնքշության շրջանը
քաջալերված
կողքից ուղղորդված

այնպես որ վարագույրը քաշիր
ու տուր ինձ նորից
քո մարմնի ամաչկոտ լույսը

 

Մարդ դուրս է գալիս գործից

համեմատաբար երջանիկ
աչքերը հոգնած
ու բաժակներ է գնում
պատահականորեն երկուսը։
Վճարում է հարկերը
վատ լուրեր ստանում ու դիմակայում հիվանդություններին։
Մարդ հայհոյում է մտքում
հայհոյանքը զսպելու համար,
էդպես էլ չի հասկանում
երիտասարդության ու մահվան սերտ կապը։
Մարդ փիլիսոփայություն է սովորում
քանզի գլխի է որ կյանքը տրամվայ է,
դաս է ստանում բայց չի հասկանում,
մարդ լրիվ ազատ է անելու ուզածը
վանդակի ներսում։
Մարդ բղավում է, սիրել է ուզում,
գարեջուր է խմում,
չի բարձրացնում Աստծո նետած ձեռնոցը։
Գիշերը փաթաթում է միայնության թղթերի մեջ
ու տեղավորվում որևէ երգի եզրին։
Մարդ էդպես է վարվում ու կարծում է թե դա է կյանքը,
բայց ինքն իրեն խաբում է սուսուփուս։
Մինչև որ մի կին նրան նայում է
նրան հանգստացնում, նրան գերում է
ու կյանքը նրա աչքն է մտցնում։
Այդժամ մարդ ինքն իր վրա ծիծաղում է
սկսում է վերահսկել ծախսերը
կատուներին էլ չի նախանձում
ու սեր է սփռում։

 

Քեզ սիրելու լավություն կանեմ ինձ

ես
որ երբեք ինքս իմ հանդեպ բարի չեմ եղել
երբեք չեմ բողոքել ոտքս սեղմող կոշիկից
ոչ էլ միլիոնավոր սառած նախաճաշերից

այս պահից սկսած
ինձ կպարգևեմ քեզ համբուրելու քաղցր նվերը

գուցե դա չնաշանակի
որ պակաս կխոցեն ցավեցնող բառերը

կամ որ հոգիս չեմ կտրի սափրվելիս

կարևոր չէ

հերիք կլինեն ինձ հասանելի լավությունները
ուսիդ դրած ձեռքս
անձրևին վրաս եղած վերարկուն
ու այդ ձևով կներկայանամ մարդկանց

առանց կառավարության օգնության
բայց ծաղիկների քաջալերանքով
ինքս ինձ լավություն կանեմ
գնացքից իջնելու
կրակը վառելու
ու քեզ սիրելու:

 

Զբոսաշրջիկի պես մի՛ մտիր

կնոջ սիրտը
լուսանկարներ անելով
գարեջրի շշեր թողնելով
փնտրելով միայն ահռելի տաճարներ
և թափանցիկ քանդակներ

քարտեզներով լեցուն ուսապարկերով
արագ պատրաստվող կերակուրներով

մի երկիր
յոթ քաղաք
մի լեռնաշղթա ու մի ձմեռ
կա կնոջ սրտում

այնտեղ ընդամենը մի բաժակ ծով մի՛ խմիր

օդանավ մի՛ նստիր
կեսգիշերվա գնացքը նստի՛ր

այնտեղ մեկ ժամում լուսանկարներ մի՛ երևակիր

եթե շատ ցուրտ չլինի
մերկ մտիր

հովանոց մի՛ վերցրու

ու հատկապես կնոջ սրտում
ծառեր մի՛ էտիր

սովորություն չունեն նորից աճելու։

 

Թարգմանությունը իսպաներենից՝ Ալիս Տեր-Ղևոնդյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *