Անի Հովնան | Էքզիստենցիալիզմ. Ուղղություն, թե՞ աշխարհայացք

էքզիստենցիալիզմ

Էքզիստենցիալիզմը թերևս ժամանակակից տեսությունների մեջ ամենից շատ քննվող ու հոլովվող եզրույթներից մեկն է, որի մասին ահռելի գրականություն կա թե՛ գրականագիտության, թե՛ փիլիսոփայության ուսումնասիրություններում: Ու չնայած դրան՝ դեռևս շարունակվում են էքզիստենցիալիզմի մասին ուսումնասիրությունները: Դրա վկայությունն է այն, որ Լութց Ֆոն Վերդերը, Փարիզում ստեղծված փիլիսոփայական սրճարանի համաբանությամբ, Գերմանիայում հիմնում է «Էքզիստենցիալիզմը հիմա» նախագիծը, որը տևել է մի քանի տարի՝ 1995-2012 թթ.: Այդ ընթացքում հավաքվել են արդի էքզիստենցիալիստական մտքի տարբեր դրսևորումները և ներկայացվել միասնական գրքով [1]:

Բավական դիպուկ է նկատում ուսումնասիրող Լեգան, որ «Էքզիստենցիալիզմը ամբողջական ուղղություն է, որն անգամ դժվար է դպրոց անվանել: Եթե փորձենք բնութագրել այս ուղղությունը որպես ընդհանուր մի բան, գուցե և հաջողվի այդ փորձը: Կարելի է գտնել ինչ-որ ընդհանուր ձևակերպումներ, բայց դրանք շուտով ի հայտ կբերեն ավելի շատ բացառություններ, քան կանոններ» [2]:

Ուսումնասիրողները էքզիստենցիալիզմի պատմական հիմքը համարում են Երկրորդ համաշխարհային պատերազմը: Պատահական չէ, որ էքզիստենցիալիզմի, այսպես ասած, երեք կենտրոն է առանձնացվում. ռուսական էքզիստենցիալիզմը, որը, որպես հիմնարար ակունք ունենալով Դոստոևսկուն, այնուհանդերձ բուն էքզիստենցիալիստական շրջանը սկսում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ Բերդյաև, Շեստով, որոնք սակայն էքզիստենցիալիզմին իրենց հայացքն ուղղեցին հատկապես Ֆրանսիա արտագաղթելուց հետո. ուշարժան է հատկապես Շեստովի «Կիերկեգորը և էքզիստենցիալ փիլիսոփայությունը» աշխատությունը:

Մյուս կենտրոնը համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրած Գերմանիան, որտեղ հիմնականում ձևավորվեց էքզիստենցիալիզմը որպես փիլիսոփայություն՝ Հայդեգեր (նա առաջինն առաջ քաշեց տրանսցենդենտալիզմի գաղափարը), Հուսեռլ (ֆենոմենոլոգիայի դիրքերից տրված բնորոշում), Մարտին Բուբեր: Իսկ արդեն ֆրանսիական էքզիստենցիալիզմը՝ Կամյու, Սարտր, Սիմոն դը Բովուար, Բորիս Վիան, ձևավորվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում, իսկ Ամերիկայում հիմքը դրվեց Վիետնամի պատերազմից հետո՝ Պաուլ Տիլլիխ, Վիկտոր Ֆրանկլ և այլք: Ուշարժան է, որ Ամերիկայում առավելապես զարգացավ էքզիստենցիալ հոգեբանությունը, քան փիլիսոփայությունը կամ գեղարվեստական արձակը:

20-րդ դարի եվրոպական արձակը, հիմքում ունենալով էքզիստենցիալ փիլիսոփաների հայացքները, այնպիսի հրաշալի դրսևորումներ ունեցավ, ինչպիսին էր մեր հայրենակից Անրի Թրուայայի գեղարվեստական արձակը, Վահե Քաչայի յուրօրինակ գրականությունը, Սիմոն դը Բովուարի, Ալբեր Կամյուի, Ժան-Պոլ Սարտրի գրականությունը: Նրանցից երկուսը՝ Կամյուն և Սարտրը, վավերացրին իրենց գրական ընտրությունը համապատասխանաբար «Սիզիփոսի առասպելը» և «Էքզիստենցիալիզմը հումանիզմ է» աշխատություններում, որոնք, կարելի է ասել, մանիֆեստի արժեք ունեն էքզիստենցիալիզմի գրականությամբ զբաղվող տեսաբանների ու ուսումնասիրողների համար:

Ա) Որպես փիլիսոփայություն

Էքզիստենցիալիզմը՝ որպես գոյաբանության փիլիսոփայություն, ի հայտ է եկել շատ ավելի վաղ, քան դրա գրական դրսևորումները: Ուսումնասիրողների մեծ մասը էքզիստենցիալիզմի փիլիսոփայական հիմքերը իրավացիորեն տեսնում են 19-րդ դարում՝ Կիերկեգորի և Նիցշեի փիլիսոփայական հայացքներում, որոնցից առաջինը հայտնի էր դեպի Աստված ունեցած իր «մոլեգին հավատով» [3], մյուսը՝ լակոնիկ ու սուր հնչեցրած իր «Աստված չկա»-ով, որով հիմք դրվեց էքզիստենցիալիզմի երկու հիմնական ուղղություններին՝ աթեիստական և քրիստոնեական էքզիստենցիալիզմներին:

Բայց որոշ ուսումնասիրողներ գոյաբանական փիլիսոփայության սաղմերը փնտրում են շատ ավելի հեռավոր անցյալում՝ մասնավորապես Բլեզ Պասկալի հայացքներում (1623-1662): Նա առաջինն էր, որ, Դեկարտին շարունակելով, այնուհանդերձ պնդեց, որ աշխարհի ճանաչողության միայն մեկ՝ ռացիոնալ ձև չէ, որ գոյություն ունի, այլ կա նաև սրտով և ինտուիցիայով աշխարհը ճանաչելու կերպը: Սա էլ դարձավ էքզիստենցիալիզմի հիմնական դրույթներից մեկը և էքզիստենցիալ աշխարհայացքի կարևոր դրույթներից մեկը: «Նրան (Պասկալին) հետաքրքրում են ոչ այնքան Աստծո գոյաբանական հատկությունները, որքան Աստծո և մարդու էքզիստենցիալ հարաբերությունները։ Աստված մարդու փրկության երաշխիքն է, բայց մարդը պետք է հիմք նախապատրաստի այդ փրկության համար» [4]:

Ու հենց այն փաստը, որ Պասկալը ոչ թե գոյության լինելիության, այլ զուտ մարդու գոյության հարցերն է քննում, թույլ է տալիս տեսաբանին այն նուրբ դիտարկումն անել, որ «պետք է տարբերել փիլիսոփա-էքզիստենցիալիստներին և էքզիստենցիալ փիլիսոփաներին: Փիլիսոփա-էքզիստենցիալիստը այս ուղղությանը ուղղակիորեն պատկանող փիլիսոփան է, իսկ էքզիստենցիալ փիլիսոփան կամ մտածողը (Պասկալ, Կիերկեգորը կամ Դոստոևսկին) փիլիսոփաներ են, որոնք պարզապես մարդկային գոյության խնդրով են հետաքրքրվել և փնտրել են ոչ թե գոյության լինելիության, այլ մարդկային գոյության հարցերի պատասխանը: Եվ այդ իմաստով Պասկալը որպես փիլիսոփա և աստվածաբան բոլորովին չի տեղավորվում 17-րդ դարի շրջանակներում» [5]:

Իսկ որպես հենց էքզիստենցիալիստ փիլիսոփաներ առանձնացվում են․

  1. Աթեիստ էքզիստենցիալիստները, որոնցից ամենահայտնիները թերևս Հայդեգերը, Կամյուն և Սարտրն են, որոնք նաև գեղարվեստորեն յուրացրին իրենց տեսությունը: Թե՛ Հայդեգերի, թե՛ Կամյուի, թե՛ Սարտրի հիմնական մտքերը քննվելու են Գուրգեն Խանջյանի գրականության հետ կապված, ուստի հարկ չենք համարում կրկնության դիմել, պարզապես նշենք, որ եթե Սարտրին և Հայդեգերին հետաքրքրում է գոյությունը ինքնին՝ Dasein, որպես առանձին ինդիվիդում, որը մյուսների հետ համակեցության չի գնում, որովհետև «դժոխքն ուրիշներն են» (Սարտր), ապա Կամյուն արդեն ոչ թե զուտ գոյության, այլ գոյության իմաստավորման խնդիր ունի. եթե Սիզիփոսը ամեն օր բարձրացնում է նույն քարը և իջեցնում, և դրանում արդյունք չկա, ո՞րն է նույն գործողությունը կատարելու իմաստը:
  2. Եթե աթեիստ էքզիստենցիալիստի համար գոյությունը տրված է որպես մի բան, որից ինքը պետք է կերտի իրեն (աթեիստ էքզիստենցիալիստը, լինելով պատասխանատու ինքն իր համար միայն, դրանով պատասխանատու է նաև ուրիշների համար (Սարտր «Էքզիստենցիալիզմը հումանիզմ է»)), ապա քրիստոնեական էքզիստենցիալիզմի համար երեք գաղափար կա՝ անհատականությունը, սերը և Աստված [6]: Ի տարբերություն աթեիստների՝ քրիստոնյա էքզիստենցիալիստը առավելապես կրավորական դիրք ունի: Ըստ Բուբերի, «մենք չենք, որ ապրում ենք մեր զգացմունքները, այդ մեր զգացմունքներն են ապրեցնում մեզ» [7]: Իսկ ահա Գաբրիել Մարսելը, որ հրաժարվում էր իրեն էքզիստենցիալիստ անվանել, պնդում է, որ «ինքը՝ գոյությունը, եզակի է, որում չկա ես-ոչ ես, օբյեկտ-սուբյեկտ, այն գոյություն ունի, որքան գոյություն ունի Աստված: Եվ նա, ով կարողանում է հաղթահարել օբյեկտն ու սուբյեկտը, նրան հայտնություն է տրվում: Աստված հայտնում է Իրեն որպես այնպիսի Գոյություն, որում չկան հակադրություններ և այս գոյությունն է դառնում մարդու էքզիստենցը» [8]: Ու թերևս Աստծո գոյությունը իր մեջ կրելու միտումով է, որ քրիստոնեական էքզիստենցիալիզմը, ըստ որի՝ պետք է հաղթահարվի այստեղ-ի և այնտեղ-ի սահմանը, ուղղվում է դեպի մահը: Բայց քրիստոնեական էքզիստենցիալիզմը, հանձին Պաուլ Տիլլիխի, ևս մեկ քայլ է գնում առաջ՝ սահմանում է էքզիստենցիալիզմը որպես «ընդհանուրի մասը լինելու քաջություն» [9]: Եվ այդ լինելիությունը ոչ թե այնտեղային է, ինչպես Մարսելի դեպքում, այլ այստեղ՝ մարդկանց մեջ, բաց էքզիստենցիա ունենալու, համակեցությամբ ապրելու քաջություն:
  3. Եթե քրիստոնեական էքզիստենցիալիզմի դեպքում գոյությունը արտահայտվում է միայն Աստծո գոյության մեջ, ապա ըստ ֆենոմենոլոգիական էքզիստենցիալիզմի՝ էքզիստենցն արտահայտվում է ֆենոմենների մեջ: Օրինակ՝ կենդանու կրկնակի էությունը արտահայտվում է երկու կյանք սպառող խոզի կաշվից ճամպրուկի մեջ (Ենոքի աչքը), իսկ ըստ Հայդեգերի՝ լեզվի մեջ:

Բ) Որպես հոգեբանություն

Եթե էքզիստենցիալիզմի փիլիսոփայական ընկալումները առավելապես կապված են գոյության խնդիրների պարզաբանման հետ, ապա էքզիստենցիալ հոգեբանության մեջ արդեն՝ զուտ ինքնության խնդիրների: Հիմնվելով էքզիստենցիալիզմի փիլիսոփայության այն հիմնական դրույթի վրա, որ մարդուն տրված է իրեն կերտելու բացառիկ հնարավորություն, 20-րդ դարում ստեղծվեցին էքզիստենցիալ հոգեթերապիայի տեսակներ, ինչպես Լոգոթերապիան և Գեշտալտթերապիան:

Հոգեբանական վերլուծությունները կարդալիս պարզ է դառնում, որ էքզիստենցիալ հոգեբանության հիմնական առանցքում մարդկային կյանքի իմաստի և սեփական ինքնության վերագտնման խնդիրներ են: Հոգեթերապիան օգնում է, որ մարդը դուրս գա էքզիստենցիալ վակուումից և վերագտնի կյանքի իմաստը: Էքզիստենցիալ հոգեթերապիան արդիական է նաև այսօր, ինչը նշանակում է, որ արդի մարդու մտահոգությունների շրջանակն էլ պտտվում է էքզիստենցիալ հարցադրումների շուրջ։

Էքզիստենցիալիզմի մասին ամենահայտնի աշխատություններում՝ Ժ.-Պ. Սարտրի «Էքզիստենցիալիզմը հումանիզմ է» էսսեում հղում է արվում աստվածաշնչյան սյուժեներից մեկին՝ Աբրահամի և Իսահակի պատմությանը՝ հիմք դնելով գրականության մեջ «Աբրահամի տագնապ» հասկացությանը [10], իսկ արդեն Կամյուի «Սիզիփոսի առասպելը» [11] էսսեն անմիջական հղում է համանուն առասպելին: Այսինքն՝ բուն երևույթի՝ մարդու ընտրության, մահվան, մեղքի, տագնապի հարցերը, որ սահմանային անվանումն են ստացել, նոր չեն: Այլ նոր են դրանց մեկնաբանությունները: Էքզիստենցիալ մեկնաբանության մեջ դրանք` մահը, տառապանքը, գոյության համար պայքարը՝
Ա) Երևույթներ են, որ անանցանելի են ու անխուսափելի.
Բ) Գոյության համար տրվող պայքար են, որի մեջ բացահայտվում է մարդու էությունը:

Էքզիստենցիալիզմը, ինչպես հուշում է իր արմատը՝ էքզիստենց (գոյություն ունենալ), առաջին հերթին գոյաբանական կարևորագույն խնդրի՝ կյանքի և մահվան սահմանների մասին է: Փաստորեն, եթե մահը, տառապանքը, մեղքը, տագնապը հավերժական են, պարզ հարց է առաջանում՝ ինչո՞վ է էքզիստենցիալիզմի գրականության մեջ սահմանային իրավիճակի պատկերումը հիմնական հատկանիշներից մեկը: Պատասխանը թերևս մեկն է՝ իր ունեցած գործառույթով: Որտե՞ղ է էլ ավելի երևում մարդու իրական ինքնությունն ու ես-ը, քան սահմանային իրավիճակներում: Նման իրավիճակներում (սահմանային) ես-ի ի հայտ գալը նախ և առաջ էքզիստենցիալ դիրքորոշում է [12]:

Եթե ընդունում ենք, որ էքզիստենցիալիզմը նախ և առաջ ինդիվիդումի բացահայտումն է, ապա իրավիճակները դառնում են արդեն միջոց՝ գոյաբանական այս կամ այն հարցը պարզաբանելու: Էքզիստենցիալ գրականության, հոգեբանության և փիլիսոփայության առանցքային հարցերից մեկն է օտարացումը: Ժամանակակից մարդը ասես ներփակված է սեփական պատյանի մեջ՝ անտարբեր ու օտար շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: «Օտարացման խնդիրը էքզիստենցիալիզմում կարելի է ներկայացնել երեք հայեցակետերով. Ա) գոյաբանական, երբ մարդն օտարված է ինքն իրենից և աշխարհից, Բ) սոցիալական՝ օտարացում մյուս մարդկանցից և հանրությունից, Գ) գնոսեոլոգիական՝ օտարացում աշխարհի օբյեկտիվ ճանաչողությունից» – գրում է Տրիխինան:

1960-ականներին էքզիստենցիալիզմն իր առաջացման բնօրրանում՝ Եվրոպայում, անկում էր ապրում՝ տեղը զիջելով պոստմոդեռնիզմին: Էքզիստենցիալիստները և նրանց գաղափարախոսությունը դարձել էին զվարճապատումների և անեկդոտների նյութ. պոստմոդեռնիստական ծաղրը չէր շրջանցել նաև էքզիստենցիալիզմը: Հետագայում էքզիստենցիալիստական ճգնաժամը կապվեց սպառողական մշակույթի հետ: Բրետ Իսթոն Էլիսի «Ամերիկյան հոգեգարը» (American Psycho, 1991) պատկերում է Պատրիկ Բեյթմենին, ում ճգնաժամի արմատները գերսպառողական հասարակության դատարկության մեջ են:

1990-ականներին Հայաստանում ի հայտ եկող էքզիստենցիալիզմը այլ պատճառներ ուներ: Քննադատները, ընդհանրացնող կամ մասնավոր խնդիրների առնչվելիս, մեծավ մասամբ նշում են, որ պատմական ժամանակի պահանջն էր էքզիստենցիալիստական գրականությունը՝ դրանում հիմնական տեսնելով երկու պատճառ.
Ա) Ազատության հետ եկող գրական նոր ուղղությունների ազդեցությունը։
Բ) Պատերազմից, երկրաշարժից ու Խորհրդային միության փլուզումից հետո հայ մարդու շփոթված ու անորոշ վիճակը, որ առիթ էր տվել տրամադրության, ճգնաժամի և երազների փլուզման:

Հայաստանում պատմական առումով նույն պայմաններն էին, ինչ Եվրոպայում և Ամերիկայում՝ էքզիստենցիալիզմի առաջացման շրջանում: Մարդկային մահերը, պատերազմը, համակարգերի փլուզումը, մեզանում նաև երկրաշարժը ստիպեցին մարդկանց էլ ավելի հայացքը դարձնել մարդուն, նրա կեցությանը: Բայց եթե ուղղության սկզբնավորման պատճառները միայն պատմական իրադարձությունները լինեին, բնաջնջման վտանգի առաջ կանգնած Հայաստանում էքզիստենցիալիզմի խնդիրները պետք է գրականության նյութ դառնային դեռ 1915 թվականից հետո: Բայց երբ հայացք ենք գցում այդ շրջանում գրված գրականությանը, ակնհայտ է դառնում, որ 1915-20-ականների գրական հերոսը իր կյանքը պահպանելու խնդիր ունի ոչ միայն ինքն իր համար, այլև բոլորի: Նրանց բոլորին նույն մտահոգություններն են տանջում:

Իսկ էքզիստենցիալիզմը առաջին հերթին մարդուն որպես միայնակ անհատ՝ ինդիվիդում է դիտում: Էքզիստենցիալիզմին առնչվող բոլոր հարցերը՝ ազատություն, ընտրություն, գոյություն, պեսիմիզմն ու հուսահատությունը, հասարակական կյանքից փախուստը, սեփական հոգեբանության զննումը՝ հանրույթից անջատ, ինքնաբավարարման պայմանների որոնումը, ինքն իրեն որոնելը մի աշխարհում, որը թվում է թշնամական ու անհասկանալի, կապվում են մարդկային ինքնության խնդրին: Իսկ արդեն ժամանակակից մեկնաբանության մեջ՝ Լութց Ֆոն Վերդերի «Էքզիստենցիալիզմը հիմա» գրքում, ինքնության հարցերը ի հայտ են գալիս «Ես-ը էքզիստենցիալիզմի ճանապարհին» և «Ես-ը ապստամբության մեջ» գլուխներում, որտեղ Լութց Ֆոն Վերդերը քննում է թույլ և ուժեղ ես-երը, ես-ի ապստամբությունը և այլն: Այսինքն՝ նորօրյա էքզիստենցիալիստներին ևս հետաքրքիր է մարդու ինքնությունը:

Եթե դարակեսի հայ գրական հերոսը ազգային գոյության պահպանման խնդիր ունի, ապա դարավերջից արդեն գործ ունենք ինքնության գիտակցման խնդրի հետ: Ընդ որում, ազգային ինքնության խնդիրները վերհանվեցին 60-ականներին, իսկ անհատի ինքնության խնդիրները՝ ավելի ուշ: Իննսունականներին և դրան մոտակա նախորդող և հաջորդող տարիներին գրական կերպարները ոչ միայն կոլեկտիվի, այլև ազգի անդամ չեն գիտակցվում հաճախ: Պատահական չէ, որ մարդու մենակության, օտարացման, գոյության և ինքնության պահպանման խնդիրները գրականություն մտան ժամանակ, երբ սկսվեց արդեն Ղարաբաղյան պատերազմը և քանդվեց Խորհրդային միությունը:

Անդրեյ Աստվածատուրովն իր «Ֆրանց Կաֆկա. մարդը և իշխանությունը» բանավոր դասախոսության մեջ, խոսելով Կաֆկայի վերագնահատման և հետխորհրդային հասարակարգում նրա հայտնիության և ֆենոմենի մասին, նկատում է, որ նրա գրական հերոսը՝ որպես տոտալիտար ռեժիմում ճնշված կերպար, մարգարեական էր մեր ժամանակների համար: Աբսուրդի և անելանելիության մեջ հայտնված հետխորհրդային մարդու վիճակը ըստ ամենայնի արտահայտվում էր հենց կաֆկայական մետաֆորով: Իսկ այն ոչ այլ ինչ էր, քան տոտալիտար ռեժիմի մետաֆոր. այս ռեժիմում մարդը դատապարտված է կա՛մ ինքնությունը կորցնելու, կա՛մ ոչնչանալու: Իսկ տոտալիտար ռեժիմի մետաֆոր հանդիսացող վեպի կենսունակությունը որոշակի ժամանակահատվածում (որոշակի տեղային նկատի է առնվում հետխորհրդային երկրների գրականությունը) մշակույթի մեջ պատահական չէր կարող լինել:

Էքզիստենցիալիզմը նոր շրջանում

Էքզիստենցիալիզմի հարցերի վերակենդանացման մեկ այլ փուլ էր մերձավորարևելյան ճգնաժամը: Ռեեմա Հասանը նշում է, որ սա մի կետ էր, որտեղ իրաքյան գրականությունը կտրուկ շրջադարձ կատարեց։ Երբ Սադամ Հուսեյնի ռեժիմը փլուզվեց, իրաքցի գրողները, որոնք տասնամյակներ շարունակ լռել էին գրաքննության պատճառով, հանկարծ հայտնվեցին բացարձակ ազատության, բայց նաև՝ տոտալ քաոսի մեջ։

Հասանի հոդվածում առաջ է քաշվում «նեկրոպոլիտիկա» (necropolitics) հասկացությունը, որը հղացել է Աշիլ Մբեմբեն։ Եթե Ֆուկոն խոսում էր կենսաքաղաքականության (biopolitics) մասին, որտեղ պետությունը կառավարում է կյանքը, ապա Մբեմբեն Իրաքի օրինակով ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում ինքնիշխանության բարձրագույն դրսևորումը սպանելու իրավունքն է։ Մարդիկ այստեղ ապրում են «մահվան աշխարհներում» (death-worlds), որտեղ նրանց կարգավիճակը կարելի է բնորոշել որպես «կենդանի մեռյալներ»։ Սա հենց այն սահմանային իրավիճակն է, որի մասին խոսում էին էքզիստենցիալիստները, բայց արդեն ոչ թե որպես անհատական ընտրություն, այլ որպես համատարած քաղաքական իրականություն։ Իրաքյան նոր վեպը (օրինակ՝ Ահմադ Սաադավիի «Ֆրանկենշտեյնը Բաղդադում» կամ Սինան Անթունի «Դիակ լվացողը») փորձում է պատկերել այս տրավման։ Այս գրողները հասկացան, որ սովորական ռեալիզմը այլևս քիչ է այս սարսափը նկարագրելու համար և դիմեցին «կրիտիկական իրեալիզմին» կամ «ոչ ռեալիստական էսթետիկային»։

Էքզիստենցիալիզմի ուսումնասիրությունները աշխարհում նոր լույսի ներքո սկսեցին ուսումնասիրվել արդեն 2019-2020 թվականների կորոնավիրուսի ճգնաժամից հետո: Համավարակի առաջին իսկ օրերին Ալբեր Կամյուի «Ժանտախտը» վեպը դարձավ համաշխարհային բեսթսելլեր։ Գրականագետները (օրինակ՝ Ալեն դը Բոտոնը) նկատեցին, որ Կամյուի մետաֆորը՝ ժանտախտը որպես աբսուրդի և անիմաստ մահվան խորհրդանիշ, դարձավ մեր իրականությունը։ Գրականության մեջ սկսվեց մի նոր միտում՝ «պանդեմիկ էքզիստենցիալիզմ», որտեղ հիմնական հարցը ոչ թե այն էր, թե ինչու է սա կատարվում, այլ թե ինչպես պետք է ապրել սրա մեջ։ Ռիեի կերպարը՝ որպես իր պարտքը կատարող բժշկի, դարձավ էքզիստենցիալ հերոսի նոր տիպար՝ մարդ, որը գիտի, որ պարտվելու է մահվանը, բայց շարունակում է պայքարել հանուն մարդկայնության։

Հետաքրքիր է, որ 2020-ի սկզբում հայկական մամուլի երկու նախագծերը՝ «Գրողուցավ» գրական կայքի «Կորոնաֆուտբոլ» նախագիծը և «Զանգակ» հրատարակչության «Նամակներ պարետին» կորոնավիրուսի մասին պատմվածքները ավելի շատ ունեին զվարճացնելու, զվարթությունը պահելու գործառույթ: Կորոնավիրուսի թեման հետաքրքիր է, որ մի կողմից մարդկանց ուշադրությունը բևեռում է նախկինում ստեղծված էքզիստենցիալ գրականության վրա, մյուս կողմից՝ սոցիալական մեդիայում զվարճապատումների լայն տարածք է բացում:

Ըստ հեղինակավոր ամսագրերից մեկում տպագրված ուսումնասիրության՝ արդյունքները ցույց են տալիս, որ հումորը գործում է որպես հաղթահարման միջոց՝ օգնելով մարդկանց կողմնորոշվել համավարակի բերած դժվարությունների և անորոշությունների պայմաններում՝ այդպիսով նպաստելով հոգեբանական բարեկեցությանը։ Միաժամանակ հումորը հզոր գործիք էր՝ քննադատելու կառավարության գործողությունները, բացահայտելու անարդյունավետություններն ու ձևավորելու հանրային դիսկուրսը։ Լեզվական միջոցները՝ ներառյալ բառախաղը, հեգնանքը, սատիրան և պարոդիան, կարևոր դեր են խաղում համավարակին առնչվող հաղորդագրությունների ու զգացմունքների փոխանցման մեջ։ Սակայն ակնարկը նաև ընդգծում է, որ հումորը կարող է նպաստել վնասակար ստերեոտիպերի տարածմանը և խտրականության խորացմանը։ [13]։

Հայ իրականության մեջ էքզիստենցիալ նոր փուլ էր 2023 թվականը, երբ արցախցիները մնացել էին 8-ամսյա շրջափակման մեջ: Էքզիստենցիալ ճգնաժամին ավելանում էին սոցիալական պարզ խնդիրները: Մեկուսացումը այլևս զուտ փիլիսոփայական գաղափար կամ կամովի ընտրություն չէր, այլ պարտադրանք: Եթե Վահե Քաչան իր «Գիշատիչների խնջույքը» վեպում այլասերել է իրականությունը՝ մեկ սենյակում տեղավորելով բոլոր հերոսներին, ապա Արցախյան շրջափակման մեջ հայտնված մարդու կյանքի մեկ դրվագի խիստ ռեալիստական պատկերումը, ինչպիսին Սոնա Համբարձումյանի «Մեկ ու կես հաց» պատմվածքն էր, իրենով իսկ էքզիստենցիալ էր: Բլոկադան էքզիստենցիալ ճգնաժամ էր ինքնին և դրա պատկերումը երբեմն աբսուրդ գրականության հորինվածքներից էլ ավելի աբսուրդ է թվում:

Այսպիսով՝ տեսնում ենք, որ թեև Էքզիստենցիալիզմը որպես ուղղություն առաջացել է որոշակի պայմաններում ու ժամանակաշրջանում, սակայն դրա տարրերը գրականություն, արվեստ և մեդիա են մտնում էքզիստենցիալ ճգնաժամերի՝ պատերազմների, համաճարակի ու շրջափակման պայմաններում:

Ծանոթագրություններ.

  1. Տե՛ս Lutz von Werder: Existenzialismus jetzt! Eine Philosophie der Hoffnung, Schibri-Verlag Berlin / Milow / Strasburg, 2012.
  2. Лега, Современная западная философия. Экзистенциализм, https://www.sedmitza.ru/lib/text/431838/
  3. Բնութագրումը Ալեն Ռոբ-Գրիյեինն է: Ներածություն գրողի կյանքի, Երևան, 2005:
  4. Տե՛ս Զաքարյան Հ., Փիլիսոփայության պատմություն, Երևան, 2000 թ, էջ 196:
  5. В. П. Лега, նույն տեղում:
  6. Նույն տեղում:
  7. М. Бубер, Два образа веры, М., 1995.
  8. Лега, նշված հոդվածը:
  9. П. Тиллих, Избранное, М., 1995.
  10. Ж.-П. Сартр, Экзистенциализм – это гуманизм, кն.: Сумерки богов, Москва, 1989, c. 319-344.
  11. Կամյու Ա., «Սիզիփոսի առասպելը», Գարուն հանդես, 1992, թ. 3: Քաղվածքները բերվում են ըստ grapaharan.org կայքի:
  12. Տե՛ս Пауль Тиллих, Избранное: Теология культуры, Москва, 1995.
  13. Cogent Arts & Humanities, Volume 11, 2024 – Issue 1.

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *