Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյան | «Երրորդ սեռի» չարչարանքները

Հովհաննես ԹեքգյոզյանՄի ժամանակ, շա՜տ կամ երևի քսան տարի առաջ, երբ առաջին անգամ պատմվածքներիցս մեկը տպագրվեց, տարօրինակ, ձգող սարսափ ապրեցի։
Քսանքանի տարեկան էլ չկայի, թանաքը վրան ձեռագիրը վերցրեցի ու հևալով տարա «Գարունի» խմբագրություն։ Խեղճուկրակ էի, աշխատողներից մեկը խղճաց, ասաց կմեքենագրի։ Մեքենագրեց։ Նայեցի մեքենագրած տեքստին ու սարսռեցի. ոնց որ ուրիշ գործ լիներ։ Մեքենագրված տարբերակը պատմվածքս լեգիտիմացրել, նրան «պաշտոնական» տեսք էր տվել։ Հետո տպագրվեց․․․ Ամսագրային տարբերակը ևս տարբեր էր։ Չգիտես ինչու՝ տեքստը անձնագրի խիստ ու զգաստ նկարի էր նմանվել։
Փաստացի իմ էս առաջին փորձն ինձ հուշեց, որ նույն գործը, զգայական իմաստով, արտահայտվելու երեք տարբեր ձև ունի՝ ձեռագիր, մեքենագրված ու տպագիր, ու որպես դաս՝ հասկացա մի կարևոր բան․ էնպես պիտի գրեմ, որ ստեղծագործության տպագիր տարբերակը պասպորտ չդառնա․․․
Հետո երկար տարվեցի թատրոնով։ Հիմա հո գիտեմ ինչու․ ինձ թվում էր, թե մարդկանց վրա «ամենաուղղակի ազդեցություն» ունեցող արվեստի էս տեսակը բոլոր հավակնություններն ունի հասարակության հայելին դառնալու։ Էստեղ էն ասել՝ պաթոսդ փչեմ։ Հետո մի քիչ մեծացա՝ հասկանալու, որ տեքստն ինքնին թատրոնի մահն է, քանի որ թատրոնում ժեստերն ու ինտոնացիաններն են որոշիչ դեր խաղում։ Հասկացա, որ թատրոնը տեքստի հետ ներքին, ուժեղ կապ չունի։ Բայց տեքստը կարող է թատրոնի հետ կապ ունենալ, այսինքն՝ կարող է կրել էս կամ էն թատերական դպրոցին հատուկ խաղարկային էլեմենտներ․․․ Մի խոսքով, գլուխներդ ինչ ցավեցնեմ, գրելով սկսեցի խաղալ կոնկրետ մարդկանց դերեր՝ մտնելով նրանց կաշվի մեջ։ Ընդ որում փորձում էի խաղալ էդ մարդկանց յուրաքանչյուրի տեսակին մոտ թատերային ոճով։
Հիմա էս ամեն ինչից կտրվենք ու խոսենք «Երրորդ սեռի» մասին։ Քիչ ժամանակ է անցել իմ վերջին վեպի տպագրությունից, բայց հասարակական լայն շրջանակներում և սոցիալական ցանցերում տարօրինակ արշավ է սկսվել գրքի դեմ։ Մի կողմ թողնելով իմ անձին ուղղված գերբացասական էպիտետները, եղեղեցիականների բանադրանքները, իմ սեռական կյանքին «բանիմաց» «ազգայնականների» հիստերիաներն ու իրենց թաքուն ցանկությունները, հայհոյանքների տեսքով իմ ու իմ ընտանիքի վզին փաթափելու որոշ մարդկանց տվայտանքները, ինչպես նաև՝ սպառնալիքները՝ ես կցանկանայի խոսել «գրական» պրոցեսից դուրս, սոցիալական էն ստատուսի մասին, որն ակամայից էս ստեղծագործությունը ձեռք բերեց։
Պատմությունը տարօրինակ ուղենիշներ ունի, որոնք արտահայտվում են դարաշրջանի փոփոխությունը կամ շրջադարձը բնորոշող գրքերի ի հայտ գալով։ Ընդ որում էդ գրքերից որոշները, հնարավոր է՝ իրենցից գրական, այսպես ասած, «մեծ» արժեք չներկայացնեն, որոշներն արգելվեն, վառվեն, դարակներում շարվեն, նույնիսկ էդ ժամանակահատվածում սակավ ընթերցվեն կամ առհասարակ չընթերցվեն։ Էդ դեպքում, ո՞րն է նամանատիպ գրքերի ֆենոմենը։ Սոցիալականությունը, պարզ սոցիալականությունը․․․
Ով ինչ ուզում է ասի, նույնիսկ ամենաչկրթված մարդը, գրի նկատմամբ,ժ ենթագիտակցական զգուշություն ունի, նրան թվում է թե սա մի բան է, որը չի անցնում, մնում է։ Սեպագիր արձանագրությո՜ւն․․․ Ու էդ չանցնող «բանի» մեջ ինքը չի ուզում, որ իր վախերն ու թուլություններն երևան։ Իսկ հասարակարգերի շրջադարձային փոփոխությունների արանքում կամ առաջ հայտնվում են տեքստեր, որոնք, ալեհավքների նման, բռնում են հասարակական տրամադրություններն ու անհանգստությունները։ Բռնում ու արձանագում են։ Փաստացի սեփական վախերից սարսափած մարդկանց զանգվածի ու գրքի մեջ ստեղծվում է ուժեղ կապ, ավելի ճիշտ՝ կարճ միացում։ Մարդն ինչ-ինչ ազդակներով զգում է տեքստի «վտանգավորությունը» ու միջոցների մեջ խտրականություն չդնելով՝ փորձում է այն չեզոքացնել։
Իհարկե, իմ կողմից մի տեսակ հիմարություն կլիներ արդարանալ կամ թեկուզ պատմել վեպի կամ վերջինիս վերնագրի ստեղծման երկար-բարակ պատմությունը, մանավանդ, որ խոսք չի վերաբերում «Երրորդ սեռի» գրական վերլուծությանը։ Ինձ համար էս գրքի սոցիալական դառնալու առաջին ցուցիչը դարձավ էն, որ «Երրորդ սեռը», ակնհայտորեն, կրկնեց իր իսկ հերոսուհիների անցած ճանապարհը․ հետաքրիր փաստ, որ կարծում եմ հաճախ չի պատահում։ Ըստ էության հեղինակը, որպես ստեղծող սյուբեկտ (սևագիր), իրական հերոսուհիները և նրանց վերամարմնավորած կամ կրկնամարմնավորած կերպարները, (մեքենագիր տարբերակ) և ցուցափեղկին թուք ու մուր ուտող գիրքը (հրատարակված տարբերակ), մի ընդհանրության մեջ մտնելով, դարձան կատարյալ իդանտիկ, ասել է թե՝ խուսափեցին պասպորտի պաշտոնական նկար լինելուց․․․
Ինչ վերաբերում է վեպի սոցիալական ստատուսին, ապա «Երրորդ սեռը» լակմուսի թղթի նման ցույց տվեց հայկական հասարակությունում առկա բոլոր պրոբլեմներն ու փակուղիները։
Ի՞նչ է հեղափոխությունը։ Մարդը չի ուզում ապրել այս կամ այն ռեժիմի պայմաններում և տապալում է այն։ Տապալում է, ոչ թե փոխում։ Հայկական թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը տեղի ունեցավ փողոցում, փողոցում, բայց ոչ մարդկանց ուղեղներում։ Ավելին՝ մեր հեղափոխությունը եվրոպաներում «վաճառելու» հեղափոխական առաջնորդների նպատակները հօդս ցնդեցին։ Պատճառը պարզ է․ հեղափոխություն ես անում, որ ԴՈՒ լավ, ասել է թե՝ ազատ ապրես և ոչ թե արածդ արևմուտքին, արևելքին, լուսնին, մարսին կամ Զևսին ցույց տալով՝ նրանից լավ ապրելու դիվիդենտներ շահես։ Կոպիտ ասած՝ հեղափոխությունը, մարդկանց կյանքը բարելավելու ակնկալված «գումարը» չհավաքեց։ Բայց խոստացված ռեֆորմները ընթացքի մեջ են չէ՞։ Ուրեմն ուզած-չուզած պիտի վերադառնալ հին մեթոդներին։ Արդյունքում՝ Ամուլսարը էս անգամ հայտնվեց հեղափոխական մշուշի մեջ։ Պլյուս՝ Ստամբուլյան կոնվենցիան, որը պակաս մառախուղ չէ նախկին ռեժիմի կուտը կերած ուղեղների համար․․․
Իհարկե «Երրորդ սեռը» չի խոսում կամ ուղղակիրորեն չի անդրադառնում վերը նշված խնդիրներին, բայց էս գիրքը վեր է հանում մի պատկեր, որը (դատելով արձագանքներից) հիանալիորեն ներկայացնում է հասարակական տրամադրությունը։ Այսօրվա հայաստանյան հասարակության մի ստվար զանգվածի համար ինկվիզիցոն կամ ստալինյա-սովետական ժամանակաշրջանում ապրելը իրական, չքողարկվող ցանկություն է, բաղձալի հեռանկար։ Ու էս տխուր ֆոնին երևում է կարևոր քայլ արած, երկրի ներկայիս վարչապետի անփառունակ ուշացումը։ Ցավոք, Նիկոլ Փաշինյանը այլևս գրեթե ժամանակ չունի հեղափոխության ուղին թեքելու դեպի վերջինիս իրական հունը, իրական արժեքը, դեպի՝ չտեղնացված կրթությունը․․․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *