Թախիծը մայրամուտի վերջին ճեղքից ներս սողաց
ու փակվելով անլույս սենյակում
հիշողության պես սկսեց ծակծկել
մաշկս…
կարոտի մի հուշ, սուզվելով նոտաների արտասուքի մեջ,
մեղմ խոնարհվեց երբեմնի անզորության առաջ…
անբույր օդում տարածվեց մի զգացում,
որն անծանոթ էր ամենազոր մտքին…
ժամասլաքների հարվածներից
ճաքճքելով կոտրվեց թափանցիկ մի հայելի,
որի փշուրները բեկորանալով
մխրճվեցին մարմնիս մեջ…
***
ես հայտնվել եմ իմ թիրախում
ու նետն իմ այլևս չի վրիպում
նշանակետից…
ես անշարժացած եմ այն կետում,
որ շուտով խոցելու է նետն իմ…
նե՞տն է անվրեպ,
թե՞ թիրախն իմ…
***
բոլոր զգացմունքների և աղոթքների փոխարեն
ունեմ մի անուն՝
գաղտնի աշխարհներից…
ունեմ մի անուն՝
որպես մի կյանք,
մի անուն՝
որպես հավիտենություն..
որպես մի երազ՝ իրականության մեջ,
և մի իրականություն՝
որպես երազանք…
երազանք,
որն ունի անուն…
անուն,
որ շոշափում է ժամանակն իր հնչյուններում
ու հանձնում պահին, որը մնում է հավերժության մեջ…