Զավեն Բեկյան | … և փրկիր ինձ

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

ՆԻԿՈՂՈՍ ՍԱՐԱՖՅԱՆ

Երկն ի ծովու՞ն ուներ
զկարմրիկն եղեգնիկ –
Աստվա՜ծ գիտե ․․․

Ծովի մարդն՝ անծննդավայր։
Նավախելը՝ ողնուցն իր օրորոցի։
Մայրական ծոցը՝
ո՞վ գիտի՝ ո՞րն էր –
երբ ծնվելիս
իր պորտալարը
Պոսեյդոնի եռաժանուն
փաթաթված գտան ․․․

Նավա՜զը հեռահար կարոտների ․․․
Ներխուժումը ջրանույշների՝
ասես հեռազգացական հղված՝
ցնորքների – առ թախծոտ
ծովածոցը թափառականի հոգու ․․․

Հեռաստանի քա՜ղցը,
հեռաստանի քաղցը սարսափելի ․․․-
Թափառելը
չի՜ հագեցնում, չէ՜,
այլ ծովի աղաջրի պես
առավե՛լս է բորբոքում ծարավը ․․․

Աստանդական տղա՜,
միֆական Յասոնի թո՜ռ,
ու՞ր էր քո ոսկեգեղմը,
որ նավազական
փնտրտուքի մեջ շողք գցելով՝
բառուբան էր դառնում պերճախոս
նավամատյանում քո
քերթողական ․․․

 

ՍԱՀԱՐԱ, ՍԱՀԱՐԱ ․․․

Երեք օր ու գիշեր,
փորձության յոթանասուներկու ժամ,
բեդվինների հետ աղ փնտրեցի
ավազուտներում, որ ըմբռնեմ
աշխարհի համը ․․․

Վերևից
ծաղկատար դեմքով չարախնդում,
հռհռում էր լուսինը նոյեմբերի․․․

Բարխանների բլուրները,
Գեայի մայրական կրծքերի պես լեցուն,
առինքնում էին ինձ իմ թմբիրի մեջ՝
ասես նեկտարային
իրենց ծորաններով։
Արմավենիների բուրյան բացատներով
օազիսներ կային այնտեղ․․․ –
Բայց ասաց՝ չմոտենա՜ս,
դրանք իժերով են լեցուն ․․․

Իսկ վերևից
ծաղկատար դեմքով չարախնդում,
հռհռում էր լուսինը նոյեմբերի ․․․

Նա մոտեցավ պտտվող դերվիշի պես,
ճերմակահուռ իր թևերը փռած
հանց ամպհովանի և հանկարծ
մի ակնթարթում ոսկե պտտահողմ դառնալով,
մեղմ շշնուկով ասաց․
«Հետևի՜ր ինձ»,-
ու ես մտա իր մեջ
ու վերացա՜ անհետ ․․․

Իսկ ներքևում դեռ
ծաղկատար դեմքով չարախնդում,
հռհռում էր լուսինը նոյեմբերի ․․․

 

* * *

ԱՅԲ-ն՝ ի կատա՜ր,
ԲԵՆ-ն՝ ի կատա՜ր ․․․
Աքլորի պես կարմրակատար
ձա՜յնս է շրջում տողամարգում ․․․

Չափի մտրուկն է ժիր վարգում,
ռունգերը՝ գարնան շնչին։
Սիրտս՝ ելման տաղի կարգավ –
ու էլ մահից չի երկնչում։

Պատանու պես յամբը թամբեմ
ու Ծովասա՜ր ելնեմ երգի ․․․
Կարկտաբեր վշտի ամպե՜ր,
հեռու՜ մնացեք հոգուս բերքից։

ԳԻՄ ՝ գնացկա՜ն,
ԴԱ՝ դայլայլու՜ն ․․․ –
առանց ձեզ ինձ աշխարհ չկա,
դպիրն եմ ես ձեր զմայլված ․․․

 

ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻ ԴԵԼՏԱՆ

Դեռևս վաղ պատանության տարիներին
Դիոնիսիոսն այստեղ է ուսանել
իր անվան սկզբնատառի՝ «դելտայի»
վայելչագրությունը քմահաճ ․․․

Աստարտեի նենգ ուղեցույց աստղին հետևելով,
այստեղ է ծանծաղուտում խրվել ու խորտակվել
Մարկ Անտոնիոսի առագաստանավը
(նախքան այդ՝ Կեսարինը, որ դուրս պրծավ մի կերպ ․․․):

Սկսած Սինդբադից, աշխարհի բոլոր նավապետները՝
քարտեզի վրա կռացած՝ այս տեղը գտնում են փակ աչքերով,
մի տարօրինակ մրմունջ՝ իրենց շուրթերին ․․․

Այստեղ մինչև լույս ճողփացել են՝
թեկուզ գլխատվելու պայմանով մինչև լույս թիավարող
պատրիկների ու ջլապինդ նավազների
մակույկները ճապուկ – և ճողփյունից
մեռյալներ են արթնացել Մեռյալների Հովտում,
ներքուստ ցնցելով բուրգերի հիմքերը ․․․

 

* * *

Եվ Խոսքը՝
որքան իջնում,
որքան մերձենում է Երկրին,
երկրայինին՝
այնքան կրքոտ ու
կատաղի է դառնում,
ինչպես գութանի խոփը՝
հերկի մեջ մխրճված,
ինչպես սիրեկանի կտղուցամույն բառը՝
մայիսյան տաք գիշերին,
սիրուհու ականջի մեջ ․․․

Մի՞թե
ավելի կրքոտ,
կատաղի,
շոշափելի իրական
խոսք կա՝ քան հայհոյանքը…
Բայց դա արդեն Խոսքը չի
հարկավ, այլ ՝ եթե խոսք համարենք՝
ապա այն մեկինը,
որ վտարվեց Երկնքից։
Որքան երկրին մերձ՝
այնքան՝ այդ մեկինը։

 

* * *

Ահա ողջը,
որ ուղեղում
մեր պատկերվեց –
երբ գորշ նյութը
գորշ աշխարհին
հարաբերվեց ․․․

Ներխուժեցինք
հանց ասուպի
մի ժապավեն
ու մարեցինք
խավարի մեջ
անապավեն ․․․

Հրո երկրից
արտանետված
մի բռնկու՜մ,
մի դեգերող,
վտարանդի
կայծ ժանգառքում ․․․

Ախ, մեր լույսը
հիշիր այդտեղ,
Լույսերի Մա՜յր,
Հարությու՜ն տուր
նորից մոխրին
մեր մայրաբար ․․․

 

* * *

«Էս մեկը բայաթի է։ Էս մեկը մուխամմազ է՝ Արութինի ասած ․․․ » –
Խե՜ղճ ջրատար
Սայաթ-Նովա ․․․

Էս մեկը գրելիս ձուկ էի
աշխարհիս ակվարիումը նետած –
իսկ ակվարումը նույն բանն է,
ինչ որ՝ փանջարան՝ քեզ ասեմ ․․․

էս մեկը գրելիս էլ
մի շողք էր նետված վերևից,
որ բռնեմ ու դուրս գամ այս
սարդոստայնից գեհենական
ու աշխարհիս իշխան սարդի
ծարաված հայացքից պրծնեմ ․․․

էս մեկը գրելիս տոն էր,
հոգու տո՜ն, սիրտս՝ զվարթուն,
թև առել՝ թեթև էր, ճախրի մեջ,
գույն էի՝ թերթերի մեջ վարդի,
հրեշտակի սրտխփոց մեկընդմեջ
(այդպես շատ քիչ է լինում ․․․ ):

էհ, իմպեսների համար
ապրելը տեղով մեկ վթար է ․․․
Օչով չի կարդում դավթարս –
ծալեմ ու գնա՜մ այս մթարից ․․․

 

ԱՂԵՐՍ

Եվ փրկիր ինձ
անքնության գիշերներին, պատուհանիս տակ
շների հաչոցներից՝ մորզեական
այբուբենով ինչ-որ բան փոխանցող միմյանց,
որ բամբասանք է հավանաբար շնային, և՝
կատուների տռփոտ հիմներից բաքոսական՝
գարնան այս ամիսը ապականող – մինչև լույս ․․․

Եվ փրկիր ինձ
ցերեկային հաչոցներից գաղափարականների,
ջաղացը կորցրած՝ չախչախի հետևից ընկածների,
ԶԼՄ-իկների, որ սև են կամ սպիտակ,
բայց ոչ մեկն իմ տխրության ու մտահոգության
մոխրագույնին չէ ․․․

Եվ փրկիր ինձ
այս ամայությունից, այս անապատից,
ուր Փորձիչի եղջյուրներն են
դուրս ցցվում ամեն քայլափոխի՝ սաքսաուլների
թփերի միջից – իսկ ես այլևս
չեմ ուզում փորձվել ․․․

 

ՌՈՆԴՈ ԿԱՊՐԻՉԻՈԶՈ

Ահա անցավ գնաց,
հեռացավ աշունը։
Երեկո։ Այգում տիրոջը
քաշում տանում է շունը։
Տարեց մարդ է, մեղք է –
քարշ է տալիս շունը ․․․
Հերսից էլ երևի
բարձրանում է ճնշումը։
Ա՛յ մարդ, տո քեզ պե՞տք էր
էդ այլանդակ շունը,
մի կատու՛ պահեիր տեղը՝
կիջեցներ ճնշումդ
( փորձված բան է՝ կատուն
ճնշումը տանում-քշում է )։
Երեկո։ Երկնքում
լուսինը մաշվում է՝
ամպերի արանքը
խցկվում – քաշվում է
երկրային մեր վարքից,
նայելիս խորշում է ․․․
Կորչի՛ թող վերլիբրը –
լավ հանգը շշու՛մ է,
ինձ քարշ է տալիս լիրբը,
ոնց՝ էն բիձու շունը ․․․

 

* * *

Լապտերների դեղին,
դողացող լույսերի տակ՝
ջրափոսեր՝ ապշած
ըստ Պետրոս Դուրյանի։
Դանդաղ տեղացող
անձրև նրանց վրա։
Մշուշ՝ դոնդողի պես։
Մի տիկին՝ շնիկով։
Մի շուն՝ անտիրական։
Մուժ է, լուսին չկա։
Եթե լուսին լիներ՝
ա՛յլ կլիներ փայլը –
անդրադարձնող ասես
հեռավոր հրետակոծմանց
հրախաղերն՝ այստեղ։
Հավատանք, որ վաղը
նորից կյանք կլինի։

 

ՊԵՆԵԼՈՊԵ, Ա՛Յ ՊԵՆԵԼՈՊԵ

Էլի եկել են փեսացուները՝
աներեսները էդ ղզղնած։
Նրանք եկել են քո ձեռքուոտքը խնդրելու, Պենելոպե,
բայց իրենց մտքում Իթակեի կալվածքներն են –
թե չէ՝ աշխարհում էլ կինարմատ չկա՞ր ․․․

Պենելոպե, ա՛յ Պենելոպե,
Փարվանայի էն տիրուհու պես
դրանց ուղարկիր Անմար Կրակը բերելու – գնալները կլինի՝
գալները չի լինի։ – Հո
կրակը չե՞ս ընկել դրանց ձեռից ․․․

Չէ՞ որ դու աղջիկ ես կարգին՝
լիդրը գզո՜ղ, լիդրը մանո՜ղ,
գործող՝ չհավանող, քանդող՝ նորից գործող ․․․

Իսկ Տելեմաքն օրերով տուն չի գալիս –
չի ուզում դրանց սֆաթը տեսնել։
Խորթ հերը նրա ինչի՞ն է ․․․

Իսկ Ոդիսևսը՝ հայհայ է՝ մոտենում է
ու տարիներով կուտակված լիբիդոն՝ մինչև քեզ հասնելը,
դրանց գլխին է թափելու ․․․

 

ՈՒՂԵՐՁ ԴԵՌԵՎՍ ԿՈՒՍԱԿԱՆ ՄՆԱՑԱԾ ԹԱՎՈՒՏՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հավերժահարսեր և հավերժափեսանե՛ր,
ջրահարսեր և ջրափեսանե՛ր,
օդանույշներ և օդակտրիճնե՛ր –
վաղուց աշխարհի սթափ միտքը
պսակազերծել է Պոսեյդոնի ու Պանի,
ինչպես նաև Օդաշերտերի Դիցի և ձեր
միֆը։ Էլ ոչ ոք չի հավատում, ավաղ,
դրանց և ձեր չքնաղ գոյությանը։ Բայց հիմա
միակ անսթափը, տենդահարը միակ՝
պոետը նույնն է, ինչ Հոմերոսի ժամանակ –
նա դեռ տեսնում է ձեզ ու ապրում ձեր տեսիլներով։
Ասեմ, որ կույր Հոմերոսն ավելին էր տեսնում,
քան հիմա՝ հարյուր աստղագետ՝ միասին վերցրած՝
իրենց գերհզոր դիտակներով ու զըռթուփըռթերով ․․․
Պոետը տեսնում է գերբնակեցված մոլորակ,
օդում, ջրում և ցամաքում վխտացող
պրոտեինային գոյացություններ, որոնցից՝
եթե գիշերային ինֆրակարմիր դիտակով նայես,
արարչական ոչի՜նչ չի ճառագում ․․․

 

ՄՂՁԱՎԱՆՋ

Թվում է՝
հենց նոր
Բորխես եմ կարդացել –
և ազդեցության տակ եմ ՝
երազ եմ տեսնում երազում։
Գուցե միայն ի՛մ երազն է
ամեն ինչ –
կարթնանամ և կանցնի։
Միացնում եմ հեռուստացույցը,
հանգամանորեն
շոշափելով պուլտը –
չէ, երազ չէ ոնց որ։
Առավել ևս՝ այս
Մարդանման Մացառախոզի
խռնչյունը էկրանից,
հաստատում է, որ՝
չէ, երազ չէ, ավաղ,
իրականություն է դառն ․․․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *