Ֆորուղ Ֆարրոխզադ | Սիրուց

Այս գիշեր երկնքից քո հայացքի,
Աստղ է անձրևում վրան քերթվածիս,
Լռության մեջ սպիտակ թղթերի 1 ,
Կայծեր են ցանում մատներն իմ,
Քերթվածս՝ խենթացած հուր-տենդից,
Ամոթահար՝ տենչերի ակոսներից,
Նրա մարմինն այրում է նորեն
Անանց ծարավը կրակների:
Այո, սիրո սկիզբն է սա,
Թեև չի երևում վերջը ճամփի,
Այլևս չեմ մտածում վերջի մասին,
Քանզի հենց այս սերն է չքնաղ։
Ինչու՞ փախչել խավարից,
Գիշերը լի է կաթիլներով ալմաստի,
Ինչ մնում է գիշերից,
Հարբեցնող բույրն է հասմիկ ծաղկի,
Ա՜խ, թող՝ քեզանում կորչեմ,
Որ ոչ ոք այլևս հետքն իմ չգտնի,
Քո այրվող հոգին ու հառաչը թաց
Իմ երգի մարմնի վրա թող շնչեն,
Ա՜խ, թող՝ պատուհանից այս բաց
Երազների մետաքսում քնած
Ճամփա ընկնեմ թևով լույսի,
Անցնեմ աշխարհների պարսպից անդին,
Գիտես՝ կյանքից ի՞նչ կցանկամ,
Ես լինեմ դու, ոտքից գլուխ` դու,
Կյանքը թե հազար անգամ ապրեմ,
Նորեն անգամ՝ դու, նորեն անգամ՝ դու։
Ծով է այն, որ թաքուն է իմ միջում,
Ինչպե՞ս կարող էի այն պահել թաքուն,
Քեզ հետ – այս ահեղ փոթորկից –
Երանի կորով ունենայի խոսելու,
Այնքան լի եմ քեզանով, որ կցանկամ
Գնալ միջումն անապատների,
Գլուխս շփել քարերին լեռների,
Մարմինս տալ ալիքին ծովերի,
Այնքան լի եմ քեզանով, որ կցանկամ
Փոշու պես ինձանից թափվել,
Գլուխս ոտքերիդ տակ խաղաղ դնել,
Ու քո ստվերի նման կախ ընկնել,
Այո, սիրո սկիզբն է սա,
Թեև չի երևում վերջը ճամփի,
Այլևս չեմ մտածում վերջի մասին,
Քանզի հենց այս սերն է չքնաղ։

1. Որոշ աղբյուրներում հանդիպում ենք այս տողի در زمستان دشت کاغذها տարբերակին, այսինքն՝ «թղթերի դաշտի ձմեռվա
միջում»։

Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Սիսակյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *