ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ | Ընդհանուր պլան

© Աննա Դավթյան

Փոքր երկիր` քոռ խլուրդի փորած ծակ ու ծակից քթով հանած քարոտ կավահող, բայց ափսոս համեմի փոքր բոստանին, որ ընկել է այստեղ` իրարից բաժանելու բավական վատ բաներ: Ես փակել եմ աչքերս, ու նա հողոտ մատներով փորփրում է արյունոտ վերքը, ավելուկի ցողունը ճղել է սրունքը, ցցվել մսի մեջ, բայց պառավի կնճիռների մեջ ցավ չկա. ինչու՞ չեն մեռնում ծերերը: Ես բացում եմ աչքերս, նա հավաքում է համեմի սերմը, ոտքը կապել է:  Դեմքին ութանասուն տարվա եռանդ կա, բամբասելու սովորություն, շալակած պարկերի քանակ, անմարդ ապրած տարիներ, սով, աստվածավախություն, կորցրած երեխա:  Ես նայում եմ նրան, ու նրա ձեռքերի անսեր գործածվածությունից սղոցվում է ստամոքսս, ատում եմ նրա սև երակները` տարիների տառապանք, նախնիներ բառը, ավանդույթը, հայրենիքը, օջախը, սերունդը, որովհետև ամեն ինչ շարունակվելու է գեների ծուռտիկ ճամփեքով, որովհետև ես նման եմ նրան, ես նա եմ, որովհետև իմ արյան մեջ արդեն քթքթում է նրա պապենական դժգոհությունը, իմ դեմքին արդեն դարսվում են նրա, հոր, պապի, պապի մոր կնճիռները, ես արդեն քարոզում եմ: Եվ նրա հայրական օջախը` որպես հայկական փիլիսոփայական մտքի բարձրագույն դրսևորում (ինչպես ասում է ընկերոջս հայրը) ինձ պատկերանում է իր ամբողջ նողկալիությամբ. կովի ու թրիքի արանքում ապրող մի նախիր ընտանիք, դժվարությամբ փակվող օրերի մեջ խլնքոտ երեխաներն են, ու նա քաղաքում մոր թխած հացն է ծախում, որովհետև հայրն ասել է դու որ գնաս քաղաքներում սովորես- լավ զգաս, հինգ քրոջդ ու մի որդուս ո՞վ պահի: Հայրիկ ջան, ի՜նչ մարդ էր: Բայց սրանց մեջ մեկը, տեսնես ո՞վ էր, ո՞ր Նեսոն` իրենց մեջ միշտ ուրիշը, որ տառապելուց ավելի երգելն էր սիրում ու բացակա նստում էր թմբին, գարնան գլխին գնաց արտը, եզը չէր բանում, հորովել հորինեց, երգն եկավ-ընկավ գյուղի ականջը, բերանացի արին, հարևան օջախներում, գյուղերում երգեցին` ժողովրդական երգ: Սրա համար Մարալը սիրեց Նեսոյին, վախեցավ մորն ասի, Նեսոն Գյուլնազին առավ: Տանը մարդ չկար, Գյուլնազի մտքին սեքս կար (շատ կոպիտ բառ օջախի կողքին), Նեսոն բակում նստել էր թմբին: Գյուլնազն ամաչելու ձևով ջուր տարավ, Նեսոյի գլխում հորովելն էր, Գյուլնազին չտեսավ: Բայց, միևնույն է, տարիների մեջ օջախը լցվեց երեխաներով, Նեսոն էլ հորովել չգրեց: Ափսոս Նեսոյին, որ ընկել էր այնտեղ` իրարից բաժանելու բավական անհամ բաներ` որպես համեմի հուսահատ բոստան:

Տատս հավաքում է համեմի սերմը, մյուս տարի էլ չի մեռնի, նույն տեղում կցանի սերմը, անդադար գնա-կգա-կհետևի, համեմի հետ մի քանի թուփ մաղադանոս է աճել, կհավաքի, առանձին կչորացնի, երեսին դուրս տված քրտինքից կնեղվի ու կհիշի հորնումորը, չի պատկերացնի, որ իր պես անսեր էին, արած գործը երեխաների, կյանքի, իրենց համար չէր, գործ էր, պիտի արվեր: Էն  է, Աֆերիստի Կարոն մի սուտկվա մեջ արդեն…

–  Խոտն դառուցեք, է, տղա´, անձրևն կալն ավիրեց: Տեսնան, ի՞նչ կըսին:

Թոռները, առանց նրա ասելու էլ, մի քանի անգամ արևի տակ շուռ են տվել խոտը, բայց տատիս հոռետեսությունից, անդադար աղոթքներից ու գործից պրծում չկա, տատիցս պրծում չկա. նա հիմա մորս մեջ է, և վայ իմ խեղճ չծնված երեխեք, որ կտեսնեք, թե ինչպես է տատս անհամություններ մոգոնում իմ մեջ:

Նրան մի հայտնի տեղում հանդիպեցի: Նույն բանից է բողոքում, չի սիրում հայրենիքը բերանում ծամծմելու շահութաբեր  մոլուցքը, փշաքաղվում է նոր թխված-փքված դաշնակներից: Հիմա որ սուրճս փետանոցում խմում եմ, նրա մասին եմ մտածում, համով հոտ է գալիս, ու կարոտում եմ նրան:  Բայց չէ, փայտի հոտից նրան չեմ կարոտում, մյուսին եմ կարոտում` միամիտին, ինձ ահավոր շատ սիրողին, երեխայի պեսին: Նա փափուկ շրթունքներ ունի, որ քսում է մաշկիս, ու թևերի վրա փշաքաղվում է իր մաշկը: Հետո նրա աչքերում երազներ են լինում, բիբերի մեջ լայնանում է սերը, ու ծանր է շնչում: Ես նրա համար սրտի դող ունեմ, որովհետև հայտնի տեղում հանդիպածիս մասին գիտի, բայց, միևնույն է, սիրում է, ինչպես որ հայտնի տեղում հանդիպածս գիտի նրա մասին ու, միևնույն է, սիրում է: Ես խմում եմ սուրճս ու մտածում նրանց երկուսի մասին:  Ես զգում եմ` նրանց միասին իմ կյանքի մեջ տեղավորելն անհարմար է ու անապահով, բայց հիմա ես հանգստանալու կարիք ունեմ ու պիտի շնչեմ փայտի ու կավե կարասների հոտը: Ես փակում եմ աչքերս ու մտածում, թե ինչից եմ այսքան հոգնել: Ինչքան բաներ կան:

Ստակի Սաշան տատիս ընկերն է, ամիսը մի քանի անգամ տը´նկ, տնկվում է տատիս ակնոցի առաջ: Փոքր-մոքր մարդ է` մանր, կանաչը դեպի մոխրագույնը գնացող աչքերով: Ռուս Նինային Չիտայից է բերել, հարցնում եմ հայերեն լավ խոսու՞մ է, Սաշայի աչքերը փայլում են` հայերեն բաժակ կիշե: Տղաներից փոքրն էլ խոպան գնաց: Հազար դոլար էր տվել բանակից մեկ տարով հետ գցելու համար, չնայած ծառայության ենթակա չէր` փորը խաչի պես բացել էին տրաքած կույրաղիքի վիրահատության ժամանակ: Մի ամիս մալ-բան թողած` նստել էին կողքին` գավառական փոքրիկ հիվանդանոցում, ամեն մի բժիշկ իր նշանակումն էր արել, կովն արդեն ծախել էին, ձեռքերը կար, փողը փոխվելու տարիներն էին, բոլոր բժիշկներին ու բուժքույրերին տասհազարական ռուբլի փող տվեց, էլի էդ փողի պոչը չէր երևում, շատ ծանր կով էր: Մինչև Սաշան սեղանի բոլոր փշրանքները մեկ-մեկ հավաքեց, ու կոպերի տակ աչքերը թաքցնելով` պատմեց, տատս արդեն բերել էր փչացած արդուկը, կոտրված ակնոցն ու գործիքները: Սաշան նստեց լույսի տակ` սարքելու: Տատս հազար դրամ է ման գալիս` Արմե’ն, հազար դրամ ունի՞ս, հինգհազարանոց է, Մարգարի’տ, հազար դրամ, հացամանի տակն մեկմ ունեի, ի՞նչ եղավ: Տատս շատ բարձր է խոսում, որովհետև լավ չի լսում: Երկրորդ հարկից գոռում է թոռներին: Սաշան արդեն լույսի տակ քրտնել է, բերանի մեջ խանգարում է շուշականֆետը, սարքել-պրծել է, բայց ձեռքերի մեջ անհանգիստ տնտղում է ակնոցը, մինչև տատս փողն առաջարկի, ու ինքն ասի` չէ, ինքն ամաչի, որ իրեն փող են առաջարկում, ինքն ամաչի, որ իրեն վատ վիճակի մեջ են դնում, ինքը մերժելուց վատ զգա ու չիմանա ինչ պատասխանել տատիս հոխորտանքներին: Տատս չճարեր հազար դրամը, բայց ճարեց: Ես հանել եմ ֆոտոապարատս` Սաշային լուսանկարելու, հարցրեց` էդ ի՞նչ է, տատս ասաց` սեբերատոր:  Ռուս Նինան ասում է` Սառա´ն, ավել տաս, տուն ավլես, բեռես: (Ավլելն ավելն պոլին քսելն չէ): Հազար դրամով ավել կառնեն, երկու հատ էլ կառնեն:

Ուղիղ կտուրով տան հարսը բաժանվում է: Նա վերցրել երեխաներին, գնացել է հոր տուն, որովհետև թեթևսիրտ մոր աղջիկ է, հանգիստ կյանք է ուզում, սկեսուրը  հաշմանդամ է, մարդը` հարբեցող: Թեթև է, լավ չի պատկերացնում հարևանի աչքն ինչ է` տատիս աչքը, իր հանգիստ ապրելն է ուզում, ինքն իր բախտին քար է գցում, հազար աղջիկ հազար թախտի վրա անմարդ նստած սպասում է, ինքը խանում է, խալխի երեխին քաշեց, առավ-գնաց, ո՞վ չի ուզում լավ կյանք: Հերն է անխելք, չընդուներ, կիմանար` մնալու տեղ չունի, դուրսը չէր մնա, հետ կգար մարդու մոտ: Տատս տեղը չի գտնում, ձավարը բակում է մաքրում, անցող-դարձող պատահի, սրտանց արտահայտի իր վրդովմունքը, Արևը լուսամուտից կտեսնի, խոհանոցում հարսի կիսատ թողած  փակոցն է անում:

Ես տատիս ասում եմ` երկու սիրած ունեմ, ուզում եմ երկուսին էլ առնեմ, հաստ ակնոցի տակից ճպճպացնում է աչքերը, մաքրածը խառնվում է չմաքրած ձավարին, հարցնում է` իրանք համաձա՞յն են, ասում եմ` եսի՞մ, հեռվից մարդ է գալիս, Արևը նայում է լուսամուտից, տատս ձավարն այսուայնկողմ է անում, չտեսնող աչքի վրա քրտնել է ակնոցը:

Դժվա՞ր է տաշտի մեջ կիլո-կիլո լողանալը, հետո ջուրը թափելը, սառած հատակի վրա սղղալը, ամեն երեք օրը մեկ, զզվելը: Ասում եմ` դժվար է հեշտությամբ տաշտի վրա թքել-հեռանալը: Նա համբուրում է բազմաթիվ տաշտերի արանքում տանջահար եղած մարմինս, ես մտածում եմ` նորից լողանալ է պետք:

Միամիտը պատկերացնում է ինձ լողացնելը: Ինչ-որ տեղ (երևի Կուտզեի մոտ) կարդացել է, թե ինչպես է գլխավոր հերոսը լողացնում աղջկան, պատկերացրել է իրեն. փափուկ փրփուրոտ սպունգը քսում է թաց գվվացող մարմնին, ուսերից ներքև փշոտվում է մաշկը, մազերից սառը կաթիլներն իջնում են դնչի, կզակի, խալերի վրայով, երակների երկայնքով գլորվում է ջուրը, լցվում ոտքերին, ծնկները սառել են: Նա շշմած է, նրա վրա համբուրելու հալ չկա, կռանա` ոտքերը դողում են, թաթերն անզգայացել են, ապակիներին տաք հպվում է գոլորշին:

Շատ է սիրում, շատ, աշխարհի չափ, ամպերի չափ, բայց լողացողն իրենը չէ, ուրիշինն էլ չէ, բայց իրենը չէ, մարմնից այնկողմ իրենը չէ, հոգուց այնկողմ իրենը չէ, նրա աչքերի մեջ երբեմն սեռը չկա, սարսափում է, կինը չկա, ուրեմն ոչինչ չկա, տղամարդը չի զգում ինքն իրեն, նրա անսեռ աչքերում սպանվում է տղամարդը, և հասկանում է, որ ինքը միակ սպանվողը չէ, ուրեմն կարելի է, որ ինքը երկրորդն է, կամ նույնիսկ երրորդը, բայց մխիթարանք` առաջինն այս դեպքում առաջինը չէ, անսեռ կինը ոչ մեկինը չէ, աչքերի մեջ կա` ոչ մեկինը չի կարող լինել, որովհետև այստեղ չէ, ինքն իր ներկայության մեջ չէ, նրա համար ամեն ինչ հնարավոր է, այդ պատճառով` ահավոր անհնար, նա տեսնում է ամեն ինչի գոյությունը և բաժանում է իրեն ամեն մի գոյության մեջ, նա չկա, բայց ինքն անտանելի սիրում է նրան, որովհետև ամեն ինչ տվել է նրան, բայց նա չի եղել, ինքն իր մեջ չի եղել:

Ամեն առավոտ լույսը մետր-մետր իջնում է` փոշու նման նստելու գյուղի կենտրոնում խճճված գազի խողովակներին, ու գետնի վրա` խողովակներին զուգահեռ, արևագույն վազում է առվակներով մեզը: Նախիրը բարձրանում է գյուղի միջով, հատող փողոցներից միանում են կովեր, կովեր, կովեր, ու փողոցների ծայրին կանգնած մնում են քնահարամ կանայք` կծկված մարմիններով, ձեռքներին ճիպոտներ ու դույլեր:  Սենյակներում հանդարտ սառում են նրանց տաք անկողինները, իսկ տղամարդիկ ռուսական որևէ քաղաքում երևի արդեն սկսել են իրենց առավոտը` հայկական էժանագին կոնյակով, ցեխի դույլերով ու մի քանի ռուսերեն բառով: Նախիրն հասնում է հին գերեզմանին, ու Մարգարիտը հետ է դառնում` գոմն ավլելու ու վազելու դպրոց: Ուսմասվար է: Պիտի թրիքը լցնի դույլի մեջ, բերի, շուռ տա մեծ կույտի վրա, նախաճաշի համար ձվածեղի հավկիթը դնի գրպանը, օղերը գրպանում են, Փարիզից էր բերել, մի ձեռքով հագնի, մյուսով կաթը լցնի բաքի մեջ: Տղաներն արդեն ոտքի են: Տասներեք տարեկանը գնում է դպրոց, տասնհինգը շինարարության վրա բանվոր է: Էսօր սկեսրոջ ծնունդն է, հինգ պառաված քույրերն ու չորս պառավ աղջիկները կգան: Օֆ:

Հայկական օջախ` վիրտուալ տարածություն, անիմանալի մատրիցա, որտեղ դատարկության մեջ թվերի փոխարեն շրջում են կանաչ բառերը` երգելով գոյություն չունեցող երջանկության ու սիրո մասին, որտեղ ամեն մի բաժակից կորզվում է հասանելիք կենացը` բարեկեցության տնազ-իմիտացիա: Մերս չկոտորեր ինքն իրեն, չուզեր օջախի մայր լինել` տատիս պես օրինակելի, կարող է և բաժանվեր, լիներ երջանիկ կին ուրիշ տղամարդու համար, ունենար երջանիկ երեխաներ: Օջախը երկիրը պետություն պահեց, օջախը երջանկության քողի տակ երկինք թողեց պարտականությունների ծուխը, սերն ու ցանկությունը պատվիրանների բեռան տակ սատկեցին, օջախը հասավ ինձ,  ուզում է հերս անիծել, որ երկիրս ապրի:

Ես քսանհինգ տարեկան եմ, նա` քսանչորս: Երբ հանդիպեցինք, ես քսաներկուս էի: Նա կարգին տղա է, բայց ինձ շատ է սիրում: Երեք տարի է ինձ շատ է սիրում: Չգիտեմ` այսպես ուր կհասնենք: Ինչ է մտածում: Նա հաստատ ուզում է ինձ ցավ պատճառել, այդպես սիրելու համար ուրիշ պատճառ չկա: Կամ կա: Նա մի անգամ ականջներիս օղեր կախեց, նրան շատ դուր եկավ: Հիմա շատ է ասում` սիրուն ես, օրիգինալ ես դեպի գեղեցիկը, մեկ էլ ասում է` գեղեցիկ է, երբ չես վախենում տգեղ լինել, արդեն գեղեցիկ է: Նա հույս ունի, որ կամուսնանանք, երեխաներ կունենանք, ես հույս ունեմ, որ եթե վատ լինի, կբաժանվենք:

Մենք գերեզմանում ենք: Տատիս ամբողջ ազգուտակն այստեղ է` փոքրումեծ քարերի տակ, վաղուց ջնջված անուններով: Տատս հիշում է, որ հերնումերը Սանասարի ու Վաչոյի կողքին էին, Սանասարը չոբան էր, քարի վրա նախիր է քանդակած: Տոնին ընկել է առաջ, շատ հուզված է, ոտքը բարձրացնում, միզում է քարերի վրա, հետո հետևի ոտքերով ցուցադրաբար հող է շաղ տալիս ու փնտրում նախիրներով դրվագված քարը: Տատս հերթով կանգնում է խամրած կույտերի մոտ` վաաայ, Նազո ջան, ընձի համար բարեխոս էղի, Նազո՜ս: Է՜, Անուշավան, մուխաննաթ Անուշավան: Իյա՜, քեռի ջա՜ն, իմայի՞ս, մեռնի´մ:  Սպիտակ խխունջները, տները շալակած, բարձրացել են բարալիկ ցողունների վրայով երկնքին մոտ, ավելի մոտ, ու խոտը չդիմացած` շուռ է եկել, ավելի հաստերը դեռ կանգնած են ու շատ սիրուն: Ես գերեզմանոցի մեջտեղում տանջամահ եմ լինում` ֆոկուսը խխունջի վրա բռնելու ու մի կարգին բան նկարելու, բայց ապարատս համն հանում է, որովհետև ֆոկուս բռնելը նրա ամենաուժեղ կողմը չէ: Տատս ու մերս արդեն գտել են տատիս մոր գերեզմանը, ու տատս սպասում է լուսանկարվելուն: Ես խխունջներ եմ նկարում, իսկ նա անդադար փոխում է դիրքը, դեմքի արտահայտությունը ողբերգական է, մորս լալու հրահանգներ է տալիս: Տոնին նստել է դպրոցի դիրեկտորի քարի վրա, լեզուն դուրս գցած հանգստանում է:  Տոնին ինձ շատ հարազատ է: Ես ընտրում ու լուսանկարում եմ ամենահետաքրքիր գերեզմանաքարերը` ընծայական քառյակներով, վախճանները ներկայացնող պատկերներով. 10000 վոլտ` կայծակը թվի գլխին, «Ծաղիկ հասակում հեռացա կյանքից,/Ծնողներիս թողեցի խոր վիշտ ու կսկիծ»: Լավ լուսանկարներ անելու համար գերեզմանոցը հարմար տեղ է: Տատս հերթական անգամ համոզվել է, որ ծնողները վերջնականապես չեն լսում իրեն ու հրաժարվելով նրանց մոտ կանչված լինելու մասին որևէ նորություն իմանալու մտքից` թևաթափ ու անգո անցնում է քարերի նեղլիկ միջանցքներով, ու մացառներն արագորեն կպցնում են իրենց պատրաստակամ սերմերը նրա հուսահատ փեշերին: Տոնին քարշ տալով բերում է նրա ձեռնափայտը: Ես կանգնում եմ վերջին գերեզմանաքարի վրա` ընդհանուր պլանով նկարելու:

© Աննա Դավթյան, 2009

Share Button

9 Կարծիք

  • haso says:

    Anna!!!!shat lav er grvaccccc!!!!gyughn ir parzutyamb,,,maqrutyaam,,ankeeghcutyaaamb,,,VEHUTYAAAAMB!!!

  • viator says:

    Shat tpavorich e: Vortex kareli e kardal dzer mius gorcery?

  • Անի Ազատյան says:

    Հասո ջան, չեմ կարծում, թե այս պատմվածը գյուղի պարզության, անկեղծության ու վեհության մասին ա: Ես կասեի սերունդների միջև եղած հավերժական պայքարի շատ յուրօրինակ մեկնաբանություն ա, շատ խորքային, որվհետև կարդալուց հետո դու էլ ես զգում, թե ոնց են մեջդ խլվլում քո մահացած տատը, նրա տատը, նրա տատի տատը, ու թե ինչքան բարդ ա էդ ամեն ինչը, երբ մի կողմից դու քեզ անհատականույթուն էս համարում, մյուս կողմից ամեն քայլիդ զգում ես նրանց հետապնդող առկայույթունը գենետիկ մակարդակում:

  • Hasmik says:

    … eskan xohakan u sirun ban inchkan jamank er chei kardarsel… shat havanetsi …Annayin kareli a menak shnorhavorel vor etkan xor a zgum u sirun grum zgatsatsy)

  • ARMEN APOYAN says:

    ANNA JAN MEC HAVANUTYUN EM TALIS,XOSQ CHKA UXAKI…….,QEZ CANKANUM EM STEXCAGORCAKAN LAYN CHANAPAR, CER GORCERI JOXOVACUN ARANCIN GRQOV HRATARAKVAC UNEQ,KA GRAXANUTNERUM?

  • Lavates says:

    Հրաշալի ես գրում Աննա: Կեցցես:

  • Lusine Haroyan says:

    տատիցս պրծում չկա. նա հիմա մորս մեջ է, և վայ իմ խեղճ չծնված երեխեք, որ կտեսնեք, թե ինչպես է տատս անհամություններ մոգոնում իմ մեջ…

    Inch lav es asel An jan. Sirum em ardzakd…

  • Flora Asryan says:

    Սիրաշաղախ, կարոտաշաղախ իրավիճակ: Արյանդ մեջ քթքթացող անցանկալիի հանդեպ ատելության փնտրտուքը դատապարտված է անհուսության: Հոգնած ու պարտված`խոստովանում ես ինքդ քեզ կամ գիտակցում, որ անցանկալիի հանդեպ սերն ու կարոտը նույնքան հին են ու նոր, որքան աշխարհաստեղծման ժամանակից սկիզբ առած` ամեն մի օրվա սկիզբն ու ավարտը: Եվ դա բացարձակ ճշմարտություն է, որի դեմ անզոր ես այնպես, ինչպես անզոր ես գեների հաղթարշավի դեմ: Գիտակցում ես, որ դա կյանքի խորհուրդն է, և որ այդ խորհուրդը ամփոփված է յուրաքանչյուրիս մեջ և, այսպես թե այնպես, յուրաքանչյուրս էլ դատապարտված ենք թևաթափ ու անգո` հուսահատ փեշերով անցնել քարերի այն նեղլիկ միջանցքներով… անցնել այն նեղլիկ միջանցներով ու…մեր թիկունքին զգալ ատելություն ձևացող սիրո ու կարոտի անչափելի էներգիան…

  • Lyov says:

    shat shat imastalic baner kan. es mas@ aravel mtacelu texiq tvox. Շատ է սիրում, շատ, աշխարհի չափ, ամպերի չափ, բայց լողացողն իրենը չէ, ուրիշինն էլ չէ, բայց իրենը չէ, մարմնից այնկողմ իրենը չէ, հոգուց այնկողմ իրենը չէ, նրա աչքերի մեջ երբեմն սեռը չկա, սարսափում է, կինը չկա, ուրեմն ոչինչ չկա, տղամարդը չի զգում ինքն իրեն, նրա անսեռ աչքերում սպանվում է տղամարդը, և հասկանում է, որ ինքը միակ սպանվողը չէ, ուրեմն կարելի է, որ ինքը երկրորդն է, կամ նույնիսկ երրորդը, բայց մխիթարանք` առաջինն այս դեպքում առաջինը չէ, անսեռ կինը ոչ մեկինը չէ, աչքերի մեջ կա` ոչ մեկինը չի կարող լինել, որովհետև այստեղ չէ, ինքն իր ներկայության մեջ չէ, նրա համար ամեն ինչ հնարավոր է, այդ պատճառով` ահավոր անհնար, նա տեսնում է ամեն ինչի գոյությունը և բաժանում է իրեն ամեն մի գոյության մեջ, նա չկա, բայց ինքն անտանելի սիրում է նրան, որովհետև ամեն ինչ տվել է նրան, բայց նա չի եղել, ինքն իր մեջ չի եղել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *