Գրացիա Դելեդդա | Հանուն երեխայի

Գրացիա Դելեդդան ծնվել է 1875 թ. Նուորոյում (Սարդինիա), հողատիրոջ ընտանիքում: Նա ավարտել է միայն տարրական դպրոցը:
Իր ինքնակենսագրական վիպակում, որը կոչվում է «Կոզիմա», նա պատմում է իր մանկության և պատանեկության մասին, այն մասին, թե ինչպես էր զբաղվում ինքնակրթությամբ և ինչպես է սկսել ստեղծագործել: Զարմանալին այն է, որ իր առաջին պատմվածքը տպագրել է մոդայի ամսագրում (“L’ultima moda”): Սկզբում նա հանդես է գալիս որպես գավառական գրող:
1898 թ. Դելեդդան տեղափոխվում է Հռոմ, որտեղ և դառնում է «Նոր հատընտիր» ամսագրի մշտական աշխատակիցը` մինչև իր կյանքի ավարտը:
1926 թ. նա ստանում է Նոբելյան մրցանակ «պոետական ստեղծագործությունների համար, որոնցում վառ կերպով նկարագրել է հայրենի կղզու կյանքը, խոր մոտեցում է ցուցաբերել մարդկային խնդիրների հանդեպ` ամբողջությամբ վերցրած»: Մրցանակը ստանալուց հետո նա ավելի շատ և ոգևորված է գրում:
Լավատեսական երանգով ներշնչված պատմվածքների ժողովածուներում նա վեր է հանում Սարդինիայի պատկերը, շերտավորումը գյուղում, մարդկանց ծանր ու ճնշող առօրյան, աղքատ գեղջուկների ատելությունը մեծահարուստների նկատմամբ: Դրա հետ մեկտեղ, ընթերցողը վկան է դառնում բնաշխարհի ողջ գեղեցկության, սարդինացիների վառ երևակայության, պարզամտության, նրանց հոգեբանության և կենցաղի (“La casa del poeta” 1930; “Sole d’estate” 1933):
Դելեդդայի «Մոխիր» վեպի հիման վրա համր ֆիլմ է նկարահանվել Արտուրո Ամբրոզիոյի կողմից:
Գրացիա Դելեդդան մահացել է 1936 թ.:
Ստորև ներկայացնում եմ «Հանուն երեխայի» նովելը՝ վերցրած 1905 թ. լույս տեսած «Կյանքի կատակները» ժողովածուից:

Հնչեց դռան զանգը: Փոքրամարմին տիկին Վ-ն, որը խոհանոցում գլխարկն էր կարգի բերում կամ ավելի ճիշտ ձմեռային գլխարկը զարդարում էր փետուրներով և ամառային գլխարկի ժապավենով, փութով վեր կացավ, հանեց գոգնոցն ու գնաց բացելու: Մուտքի և աստիճանների մթության մեջ լավ չտարբերեց զանգողի սեռը` կին էր, թե տղամարդ, բայց լսեց կոկորդային մի ձայն, որն իրեն էր հարցնում:
Տեսավ սև վերարկու, սև մորթի, սև, մեծ գլխարկ` քաշած աչքերին և ակնոցներ: Տիկնոջը թվաց, թե եկվորը տղամարդ էր կանացի հագուստով, և վախեցավ: Բայց իսկույն էլ ժպտաց ինքն իրեն: Գո՞ղ: Իր տանը շատ քիչ բան կար գողանալու, նույնիսկ չկար այն գանձը, որ կոչվում է սպասուհի:
-Համեցե՛ք,- ասաց սրտաբաց՝ բացելով դուռը մինչև վերջ այն պարզ անկեղծությամբ, որը չունևորների հարստությունն է:
Միայն ճաշասենյակում, որը ծառայում էր նաև որպես հյուրասենյակ, տիկին Վ-ն նկատեց, որ այցելուն կին էր, և ո՛չ տգեղ, ո՛չ էլ ծեր:
-Ես եմ տիկին Վ-ն, համեցե´ք:
-Կուզեի խոսել Ձեզ հետ,- ասաց օտարերկրուհին և չնայած սենյակում չէր շոգի, բայց հանեց վերարկուն՝ նետելով այն աթոռի թիկնակին: Վերարկուի շագանակագույն մետաքսի ֆոնի վրա նա շատ էլեգանտ էր, անգլիական անթերի հագուստի մեջ, թեև ոչ շատ երիտասարդ:
Փոքրիկ ձեռքեր ուներ, սեղմված կաշվե մոխրագույն ձեռնոցների մեջ, ադամանդներ` ականջներին և հազվագյուտ մի թռչունի երկար պոչիկ` գլխարկին: Իսկ փոքրիկ բերանը` խիստ և վրդովմունքով լի, վկայում էր մեծ տիկնոջ մասին, որը սովոր էր հրամայելու:
Տիկին Վ-ն, որը, պետք է նշեմ, դեռ քսան տարեկան էլ չկար, նրան էր նայում հիացմունքով, ապշած, որ նման տիկինն իր տանն էր գտնվում:
Այցելուհին զննում էր խղճուկ սենյակը, գրեթե թափանցիկ, անգույն դեմքով ջահել կնոջը, նրա կարմիր ձեռքերը և ասես իրեն միանգամայն բավարարված էր զգում:
-Լսեք,- ասաց կոկորդային ձայնով և վանկերը կոկորդում կլկլացնելով,- եկել եմ, որպեսզի նորություններ հաղորդեմ ձեր երեխայի մասին:
Տիկին Վ-ն թափով բարձրացրեց գլուխը, կարմրատակեց և ապա ավելի գունատվեց, քան առաջ էր:
-Մի´վախեցեք, լավ նորություններ են: Ամբողջ ձմռան ընթացքում ես Ալբանոյում եմ եղել: Ձեր դստրիկի դայակն իմ պարտիզպանի աղջիկն է:
-Ա՜խ,- բացականչեց տիկին Վ-ն…
Ինչպիսի՜ քնքշանք, ուրախություն, քաղցրություն ու սեր թրթռացին այդ կանչի մեջ: Նա կհամբուրեր օտարազգի տիկնոջ վերարկուի փեշը, միայն այն բանի համար, որ տիկնոջ պարտիզպանն էր դայակի հայրը:
Եվ օտարերկրացի տիկինը սկսեց մի տեսակի հարցաքննություն:
-Վաղո՞ւց է, որ երեխային չեք տեսել:
-Արդեն երկու ամիս:
-Ինչու՞ Դուք չեք կերակրում:
-Կերակրում էի, բայց սակավարյունության պատճառով ստիպված էի դադարեցնել:
-Իսկ ինչո՞ւ ստնտուին չեք վերցնում ձեր տուն:
Երիտասարդ կինը նայեց տիկնոջը իր մոխրագույն, տխուր, լայն բացված խոշոր աչքերով, ասես ուզում էր ասել. «Է՜հ, ձեզ համար, որ նման վերարկու ունեք…վերարկու, որը գնելու համար ամուսնուս մեկ տարվա աշխատավարձն էլ չէր բավականացնի…ձեզ համար ամեն ինչ հեշտ է, իսկ մեզ համար` եթե՜ իմանայիք»:
-Ստնտուներն այստեղ թանկ արժեն: Մենք հարուստ չենք, նրան վճարելու համար ենք ազատել սպասուհուն:
-Իսկ ինչպե՞ս եք անում առանց սպասուհու:
-Մի կին կա, որն իմ գնումներն է կատարում, մնացածը` ինքս եմ անում:
-Ձեր ամուսինը ծառայո՞ղ է:
-Դե, այո´: Փոստի ծառայող է, ստանում է ամսեկան 113 ու 93: Ուրիշ ի՞նչ կցանկանայիք իմանալ: Գուցե ձեզ հետաքրքրում է նաև այսօրվա ճաշացա՞նկը:
Այժմ արդեն տիկին Վ-ն սկսում էր ձանձրանալ օտարազգի կնոջ աննրբանկատ հետաքրքրասիրությունից: Վերջապես հյուրը որոշեց հայտնել իր անունը. անհասկանալի, օտար մի անուն, որը տիկին Վ-ն չկարողացավ կրկնել:
-Շա՞տ եք սիրում ձեր մանկիկին,- շարունակեց այցելուն:
Տխուր, մոխրագույն աչքերն էլ ավելի չռվեցին ու դարձան երկու խոշոր հարցականներ:
-Իսկ Դուք երեխաներ ունե՞ք,- հարցրեց կոպտորեն տանտիրուհին:
-Ո՛չ:
Արդեն հասկանալի էր այդ տարօրինակ հարցը:
-Իհարկե շատ եմ սիրում: Ախր դա հնարավոր չէ նկարագրել, սիրելի տիկին: Հնարավոր չէ նկարագրել: Հնարավոր չէ… Դա սե´ր է, սեր զավակների հանդեպ, որը գերազանցում է ամեն բան, ամեն խոսք:
Տիկինը սեղմեց փոքրիկ, բարկացկոտ բերանը, և թվաց դժգոհ, ոչ այնքան բառերից, որքան երիտասարդ մոր հուզված տոնից, և ասաց.
-Իրավացի եք, բայց Ձեր դստրիկն այնքա՜ն լավիկն է: Ես նրան ամեն օր եմ տեսնում. դայակը նրան զբոսնելու է բերում իմ պարտեզ: Իսկ փոքրիկն ինձ ճանաչում է և երբ տեսնում է, ճիչեր է արձակում: Ես մատս դնում եմ նրա վարդագույն դնչիկի փոսիկին, նա էլ ժպտում է: Ասես թռչնակ լինի:
-Օ՜յ, տե՜ր Աստված, տե՜ր Աստված,- ասաց մայրը զմայլված:
-Իսկ Ձեր ամուսինը նրան սիրո՞ւմ է:
-Ո՞ւմ, աղջկա՞ս: Նրա համար խենթանում է: Երևի թե սկզբում նրան չէր ուզում. կյանքն առանց այդ էլ դժվար է, երբ երկուսով ենք, բայց հետո՜, բայց հետո՜: Ոչ մի երջանկություն չի կարող համեմատվել զավակ ունենալու հետ, զավակ, որի մասին կարելի է ասել` ի´մը, նրա´նը, մե´րը: Ա՜խ, իմ տիկին:
-Ի՞նչ կանեիք ձեր աղջկա համար:
-Դե՜…ո՞վ գիտե: Դեռ այնքա՜ն փոքր է: Թեև փոքր-ինչ տարօրինակ մտահղացում ունեմ:
-Լսում եմ:
-Որ նա պետք է դառնա մեծ երգչուհի… չգիտեմ ինչու, բայց այդպես եմ կարծում: Ամեն դեպքում որևէ արհեստ կամ արվեստ կսովորեցնենք: Այսօր արդեն կինը, որ ոչինչ չգիտի անել, արժեք չունի:
Լռություն տիրեց: Եկվորն ասես մտորում էր հնչած աքսիոմայի վերաբերյալ: Երիտասարդ մայրը մտածում էր իր դստեր ճակատագրի մասին:
Վերջապես հյուրն ուղղեց ակնոցները, բարձրացրեց գլուխն էգ առյուծի նման և հայտնեց իր այցելության նպատակը: Ահա ամենը. նա ցանկանում էր որդեգրել տիկին Վ-ի երեխային. այդպիսով աղջնակը կդառնար հարուստ ու երջանիկ: Իսկ ծնողները, քանի որ նրան չափազանց շատ էին սիրում, պետք է զիջեին առանց վարանելու:
Իսկ տիկին Վ-ն չէր էլ խոսում, ուղղակի նա անակնկալի էր եկել, ավելին, կարկամել էր միայն այն մտքից, որ պետք է զիջեր իր մանկիկին:
Իր մանկի՜կը, իր թռչնա՜կը, իր կյա՜նքը, իր տիեզե՜րքը, իր փոքրի՜կը:
Իսկ այդ օտարերկրուհին խենթ էր, մոլեգին խելագար:
Տիկին Վ-ն… նրան ուշադիր զննեց, ապա հիշեց, որ վերջինս զավակներ չուներ, և հասկացավ, թե ինչպես էին արվում նման առաջարկները:
-Այդ մասին կխոսեմ ամուսնուս հետ,- պատասխանեց՝ ինչ-որ բան ասած լինելու համար: Ապա ուղեկցեց հյուրին մինչև աստիճանները, մտքում ցանկանալով, որ իջնելիս նա խճճվեր վերարկուի մեջ և գլորվեր մինչև խորքը:
Հետո ետ դարձավ, բայց այլևս չհիշեց խոհանոցը, սալօջախը, կաթսան, գլխարկը, միայն մեխանիկաբար հագավ գոգնոցը և մտավ սենյակ, ծնկի եկավ մեծ, սպիտակ մահճակալի առջև ու սկսեց հեկեկալ:
Մութն ընկավ. լուսնի թախծոտ մի շող թեքությամբ թափանցեց պատուհանից ներս, և մահճակալը, որի վրա վարագույրների արաբանախշ, ճերմականկար ստվերն էր, ամբողջովին ծածկվեց ոսկեգույն թույլ լուսապսակով: Երիտասարդ մայրը կրկին տեսավ իրեն հենց այդ անկողնու վրա, իր փոքրիկ դստեր կողքին: Մանուկն առաջին անգամ էր ժպտում ինքն իրեն, ժպիտ, որը պետք է որ հրեշտակներին հատուկ լիներ:
Մարդկային գեղեցկության ոչ մի այլ դրսևորում, գարնանային ոչ մի արշալույս, ոչ ծովերին ծագող արևը, ոչ լուսնի մայրամուտը լեռների վրա, այնքան գեղեցիկ չեն, որքան նորածին մանկիկի ժպիտը, որն ասես կյանքի այգաբացը լինի:
Պարոն Վ՝ երիտասարդ, շիկահեր և նիհար, վերադառնալով գրասենյակից, կնոջը գտավ հեկեկալիս՝ գլուխը հենած մահճակալին:
-Ի՞նչ է պատահել,- գոռաց վախեցած,- ինչո՞ւ ես այստեղ մթության մեջ, ինչո՞ւ ես լալիս:
Կինը վեր կացավ:
-Լսի´ր, մի կին էր եկել, շատ հարուստ, օտարերկրացի տիկին: Մեր երեխային է ուզում, նրան որդեգրելու է: Մենք պետք է համաձայնվենք:
Ամուսինը ծիծաղեց:
-Դու խելագար ես, նա նույնպես:
-Ո´չ, ոչ, ոչ, – դառը լացեց կինը,- մենք խելագար չենք, դա ճշմարտություն է: Տիկինը միշտ տեսնում է մեր երեխային, որովհետև դայակը նրա պարտիզպանի դուստրն է, ապրում է Ալբանոյում և ճանաչում է նրան, ասես թռչնակ լինի…
-Ի՞նչ, ի՞նչ, – բղավեց ամուսինը ապուշ կտրած,- տիկի՞նն է նման թռչնակի, թե՞ պարտիզպանը…
-Ո´չ, ո´չ, ո´չ, – ընդհատեց կինը, – մեր դստրիկը, մեր թռչնակը:
Եվ շարունակելով լաց լինել՝ բացատրեց ամեն ինչ և եզրափակեց՝ ասելով, որ հանուն երեխայի պետք է համաձայնվել:
Այդ ժամանակ ամուսինը լրջորեն կատաղեց.
-Տալ նրա՞ն,- բղավեց,- ինչպես մի պարկ ածո՞ւխը կամ մի զույգ ճտքակոշի՞կը: Բայց դու իրոք խելքից պակաս ես: Չէի կարծում, որ դու այդքան ցնորված ես:
Ու շարունակեց գոռալ, անպատվել կնոջը՝ ասելով, որ նա ուզում է վաճառել իր իսկ երեխային, որպեսզի մի օր էլ նրանից օգուտ քաղի, ապա ավելացրեց.
-Երբ վերադառնա այդ ծեր վհուկը, ես նրան ցած կնետեմ աստիճաններից, կխփեմ նրան բռունցքներո´վ, բռունցքներո´վ, բռունցքներո´վ…
Ապա դուրս գնաց` շրխկացնելով դուռը:
Կինը, չնայած ամուսնու անխնա և անարդարացի վիրավորանքներին, դադարեց հեկեկալ, վառեց լամպը, անցավ խոհանոց: Նրան թվաց, թե կենդանացավ. այնքա՜ն երջանիկ էր:
Շուտով վերադարձավ ամուսինը: Նա տագնապած վեր թռավ: Ամուսինն այնքան մռայլ էր, խոժոռ, տանջահար:
-Լսի´ր,- ասաց,- դու իրավացի ես: Հարկավոր չէ եսասեր լինել, երեխայի բարօրության համար պետք է հանձնենք նրան (ասաց հենց այդ սոսկալի բառը): Մենք կունենանք մեկ ուրիշը: Եվ ծիծաղեց, սակայն նրա ծիծաղը նման էր կմախքի ծիծաղի:
-Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել,- հարցրեց ամուսինը, մինչ կինը դողդողալով արթնանում էր,- ինչու՞ էիր ծիծաղում: Ի՞նչ էիր տեսնում երազում:
-Ա՜խ, տեր Աստված, – ասաց կինը՝ բացելով խոշոր, մոխրագույն ու տխուր աչքերը, – սոսկալի երազ էի տեսնում: Հիմա կպատմեմ:
Եվ պատմեց տեսած երազը բոլոր մանրամասներով: Հետո արեց սովորական մի արտահայտություն.
-Ասա´, ինչքա՜ն լավ է արթնանալ չարաբաստիկ երազից հետո:
Տղամարդը ժպտաց, ապա հարցրեց.
-Բայց եթե իրականում նման բան պատահեր, ասա´ ինձ, փոքրիկս, դու կվարվեի՞ր ինչպես երազում:
Կինը զգաց, որ ցնցվեց հենց միայն այն մտքից, որ նման ահավոր բան կարող էր պատահել, բայց քաջաբար պատասխանեց.
-Այո´:

Թարգմանությունը իտալերենից՝ Անժելա Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *