ՉԱՐԼԶ ԲՈՒՔՈՎՍԿԻ | Ամբոխի հանճարը

Չառլզ Բուքովսկի

հայր, որ երկինս ես

հայրս գործի մարդ էր.
մի գաղափար ուներ:
տես, որդի, ասաց,
քանի դեռ ողջ եմ՝ կվճարեմ էս տան համար,
ու իմը կլինի:
երբ մեռնեմ՝ քեզ կփոխանցեմ տունը:
դու էլ ժամանակի ընթացքում մի տուն ձեռք կգցես
ու կլինի որ երկու տուն կունենաս
ու երկուսն էլ կփոխանցես քո որդուն.
նա էլ ժամանակի ընթացքում մի տուն ձեռք կբերի
ու երբ մահանա, նրա որդին…
հասկացա, ասի նրան:
հայրս մեռավ մի բաժակ ջուր խմելու
ժամանակ: թաղեցի նրան: կարմրափայտի
պինդ դագաղ: թաղումից հետո գնացի
ձիարշավարան: մի դեղնամորթ կին հանդիպեց:
ձիարշավից հետո գնացինք նրա բնակարանը
ճաշի ու քաղցրեղենի համար:
մոտ մի ամիս հետո ծախեցի հորս տունը:
ծախեցի նրա մեքենան, կահույքը,
բաժանեցի նրա նկարները բացի մեկից,
մրգի բոլոր պահածոները
(բոլորը՝ եռացրած ամռան տապին)
ու hանձնեցի նրա շանը:
երկու անգամ ժամադրեցի նրա ընկերուհուն
բայց թարգեցի քանի որ
բան դուրս չեկավ:
տանուլ տվեցի ու խմեցի եղած փողը:
հիմի մի էժան բակում եմ ապրում
Հոլիվուդում, զիբիլ եմ թափում
որ վարձը փակեմ:
հայրս գործի մարդ էր:
նա խեղդվեց մի բաժակ ջուր խմելիս ու
խնայում էր բժշկական ապահովության հաշվին

սխտորով լոբի

անչափ կարևոր բան է
կուլ տալ զգացմունքները,
ավելի լավ՝ քան սափրվելը
կամ սխտորով լոբի պատրաստելը:
սա այն փոքրիկ բանն է որ կարող ենք անել
գիտելիքի այս փոքրիկ քաջությունը
իհարկե նաև
խենթություն ու սարսուռ կա
այն գիտակցման մեջ
որ քո մի մասը
որը լարվել է ժամացույցի պես
այլևս երբեք չի լարվի
հենց որ դադարի աշխատել:
բայց հիմա
շապիկիդ տակից չխկչխկոց է լսվում
ու դու գդալով խառնում ես լոբին,
մի սերը մեռավ, մյուսը հեռացավ
մեկ ուրիշը…
է՛հ, ինչքան լոբի՝ էնքան սեր
հաշվիր ու հաշվիր
տխուր, տխուր
զգացմունքներդ եռում են կրակի վրա,
ներս արա:

Ջեյն Քունի Բեյքըրին,
մահացած 1962թ. հունվարի 22-ին

ուրեմն գնացիր
թողնելով ինձ էստեղ
պատռված լուսամփոփով սենյակում
որտեղ կարմիր ռադիոն «Զիգֆրիդի հովվերգությունն» է երգում:
շատ հապճեպ գնացիր
նույնքան հանկարծակի որքան որ եկել էիր
ու մինչ սրբում էի քո դեմքն ու շրթունքները
դու բացեցիր աչքերդ (ամենախոշոր աչքերը որ երբևէ տեսել եմ)
ու ասացիր. «էդպես էլ գիտեի
որ դու կլինես»,
ճանաչեցիր ինձ
բայց ոչ երկար
իսկ սպիտակ բարակ ոտքերով ծերունին
հարևան մահճակալից
ասավ. «չեմ ուզում մեռնել»,
հետո նորից եկավ արյունդ
որ ես պահեցի ափերիս մեջ,
էն ամենը ինչ մնացել էր
գիշերներից, նաև ցերեկներից,
իսկ ծերունին դեռ ողջ էր
բայց դու՝ արդեն ոչ
մենք՝ արդեն ոչ:
ու գնացիր ոնց որ եկել էիր,
արագ լքեցիր ինձ.
շատ անգամներ էիր ինձ լքել
երբ կարծում էի թե վերջ, կործանված եմ
բայց վերջ չկար
որովհետև դու միշտ վերադառնում էիր:
հիմա անջատել եմ ռադիոն,
ինչ-որ մեկը հարևան բնակարանում շրխկացնում է դուռը:
մեղադրական ակտը վերջնական է. չեմ գտնի քեզ փողոցում,
հեռախոսն էլ չի զանգի, ու ոչ մի վայրկյան
ես չեմ լինի խաղաղ:
բավական չէ որ շատ մահեր կան
ու որ սա առաջինը չէ.
բավական չէ որ ես կարող եմ շատ օրեր ապրել,
գուցե նույնիսկ տարիներ:
բավական չէ:
հեռախոսը ոնց որ մեռած կենդանի լինի որ չի
խոսում: իսկ երբ խոսում է՝
միշտ սխալ ձայնով:
միշտ սպասել եմ, ու դու միշտ ներս ես մտել
էս դռնով: հիմա դու պիտի սպասես ինձ:

■«Զիգֆրիդի հովվերգությունը». Ռիխարդ Վագների սիմֆոնիկ

այլ կերպ ասած

եգիպտացիները սիրում էին կատվին
հաճախ նրա հետ էին թաղվում
կանանց փոխարեն
բայց երբեք՝ շան հետ
իսկ հիմա
էստեղ
բարի աչքերով
բարի մարդիկ
էնքան քիչ են
մինչդեռ փառահեղ կատուները
նազուտուզով
ճեմում են
տիեզերքի
ծառուղիներում:
մեր երեկվա
վեճի մասին.
ինչ էլ որ էր
պատճառը
կամ
որքան էլ այն
մեզ
ցավ
պատճառեց
հիշիր որ
կա մի
կատու
ինչ-որ տեղ
որ հիասքանչ
նազանքով
հարմարվում է իր
տարածությանը
այլ կերպ ասած
թովչանքը
առանց մեզ էլ կա
որքան էլ փորձենք
այն
փչացնել

ճգնաժամ

չափազանց շատ
չափազանց քիչ
չափազանց գեր
չափազանց նիհար
կամ ոչ ոք:
ծիծաղ կամ
արցունքներ
ատողներ
սիրողներ
oտարականներ որոնց
դեմքերն ասես
սևեռագամի կռնակ լինեն:
արյան փողոցով
վազող բանակներ
որոնք գինու շշեր են թափահարում
սվինահարում ու բռնաբարում
կույսերին:
կամ մի տարեց՝ էժան սենյակում
Մ. Մոնրոյի լուսանկարի հետ:
էնքան մեծ մենակություն կա էս աշխարհում
որ կարելի է այն տեսնել ժամացույցի սլաքների
դանդաղ շարժման մեջ:
մարդիկ էնքան հոգնած են
հաշմված
կամ սիրուց կամ սիրո բացակայությունից:
պարզապես մարդիկ բարի չեն միմյանց նկատմամբ:
մեկը մեկին:
հարուստները բարի չեն հարուստների հանդեպ
աղքատները բարի չեն աղքատների հանդեպ:
վախենում ենք:
մեր կրթական համակարգն ասում է մեզ,
որ բոլորս կարող ենք
հաստաքամակ հաղթողներ լինել:
նա մեզ չի զգուշացրել
ողորմելի կյանքի
կամ ինքնասպանությունների մասին:
կամ մի անձին պատող սարսափը
մի վայրում տառապելիս
մեն-մենակ
ոչ հպում
ոչ բառ
միայն՝ ջրել բույսը:
մարդիկ բարի չեն միմյանց հանդեպ:
մարդիկ բարի չեն միմյանց հանդեպ:
մարդիկ բարի չեն միմյանց հանդեպ:

երևի երբեք էլ չեն լինի:
չեմ էլ խնդրում որ լինեն:
բայց մեկ-մեկ մտածում եմ էդ
մասին:
կլինի այն ինչ կլինի
ամպերը կկուտակվեն
մարդասպանը կգլխատի մանկանը
պաղպաղակի կոնը կծելու պես:
չափազանց շատ
չափազանց քիչ
չափազանց գեր
չափազանց նիհար
կամ ոչ ոք:
ավելի շատ ատողներ քան սիրողներ:
մարդիկ բարի չեն միմյանց հանդեպ:
եթե լինեին գուցե
մեր մահերը չլինեին էսքան տխուր:
ես նայում եմ աղջնակներին
ցողուններին
պատահական ծաղիկներին.
ինչ-որ ելք է պետք:
հաստատ մի ելք է պետք որը մեր մտքով
դեռ չի անցել:
ո՞վ գլխիս մեջ դրեց էս ուղեղը:
այն գոռում է
պահանջում է
այն ասում է՝ դեռ կա փրկություն:
այն չի ուզում ասել
«ոչ»:

եթե գրական-ստեղծագործական դասընթաց
վարեիր, ի՞ևչ կասեիր լսարանին

կասեի՝ հարկավոր է ունենալ դժբախտ
սեր, թութք, փչացած ատամներ
խմել էժան գինի
խուսափել օպերայից, գոլֆից ու շախմատից
անընդհատ տեղափոխել մահճակալի գլուխը
մի պատից դեպի մյուսը
հետո կասեի նրանց՝ ևս մի դժբախտ
սեր ունենալ
գրամեքենայի համար երբեք չօգտագործել
մետաքսե ժապավեն
խուսափել ընտանեկան զբոսախնջույքից
կամ վարդերի պարտեզում
լուսանկարվելուց.
Հեմինգուեյ կարդալ միայն մի անգամ
շրջանցել Ֆոլքներին
արհամարհել Գոգոլին
նայել Գըրթրուդ Սթայնի լուսանկարներին
Շերվուդ Անդերսըն կարդալ մահճակալում
«Րից» թխվածք ուտելիս,
գիտակցել որ նրանք ովքեր անընդհատ խոսում են
սեռային ազատագրման մասին
ավելի շատ են վախեցած քան դու:
ռադիոյով լսել Է. Փաուըր Բիգզի
երգեհոնը մինչ դու
մի կոթ ես փաթաթում մթության մեջ
օտար քաղաքում
երբ մի օր է մնացել վարձը մուծելուն
երբ արդեն թարգել ես
ընկեր, հարազատ, աշխատանք:
երբեք քեզ մի համարիր վերադաս և/կամ
արդար
ու մի էլ փորձ արա;
ունեցիր հերթական դժբախտ սերը:
երկար նայիր ճանճին՝ ամառային վարագույրի վրա:
երբեք մի փորձիր հաջողակ լինել:
բիլիարդ մի տշիր:
կատաղիր երբ տեսնես որ ավտոյիդ ակը քաչալացել է:
կուլ տուր վիտամիններ բայց
ծանրություն մի բարձրացրու ու առավոտները մի վազիր:
էս ամենից հետո
շրջիր ընթացակարգը:
բախտավոր սեր ունեցիր:
միակ բանը որ
պիտի սովորես
էն է որ ոչ ոք ոչինչ չի հասկանում –
ոչ պետությունը, ոչ մուկը
ոչ պարտեզի փողրակը, ոչ Բևեռային աստղը:
ու եթե երբևէ բռնացնես ինձ
գրական-ստեղծագործական դասընթաց վարելիս
ու էս ամենը հետ կարդաս ինձ
քեզ «գերազանց» կնշանակեմ
ես քու տիրու մերը:

ինչպես դառնալ մեծ գրող

շատ կանանց հետ պիտի լինես
գեղեցիկ կանանց հետ
ու մի քանի կարգին սիրային բանաստեղծություն պիտի
գրես:
տարիքի մասին դարդ չանես
և/կամ թարմ-թարմ ժամանած տաղանդների մասին:
ավելի շատ խմիր գարեջուր
ավելի ու ավելի շատ,
առնվազն շաբաթը մեկ գնա
ձիարշավարան
ու շահիր
եթե հնարավոր է:
հեշտ բան չէ շահել սովորելը –
ամեն լակոտ կարող է լավ տանուլ տվող լինել:
չմոռանաս քո Բրամսը
քո Բախը ու
գարեջուրը:
մարզանք շատ մի արա:
քնիր մինչև կեսօր:
խուսափիր կրեդիտ քարտերից
կամ ցանկացած բան ժամանակին
վճարելուց:
հիշիր որ էս աշխարհում չկա մի քած
որ 50 դոլարից ավել արժենա
(1977թ. դրությամբ):
իսկ եթե սիրո համար պիտանի ես
նախ ինքդ քեզ սիրի
բայց միշտ գիտակցիր բացարձակ պարտության
հնարավորությունը
անկախ նրանից՝ էդ պարտության պատճառը
ճիշտ է թվում թե սխալ –
մահվան վաղաժամ համն էնքան էլ
վատ բան չէ:
հեռու մնա եկեղեցիներից, բարերից ու թանգարաններից,
սարդի նման եղիր
համբերատար –
ժամանակը բոլորի խաչն է,
գումարած
տարագրություն
պարտություն
դավաճանություն
ու էդ ամբողջ զիբիլը:
մնա գարեջրի հետ:
գարեջուրն անփոխարինելի արյուն է:
անփոխարինելի սիրուհի:
ձեռք բեր մի մեծ գրամեքենա
ու մինչ մարդիկ քայլում են
լուսամուտիդ մոտ
խփիր
ուժեղ խփիր
ծանր քաշայինի պես
առաջին անգամ ցլին խփող ցլամարտիկի պես
հիշիր հին գելերին
որ գիտեին կռվել՝
Հեմինգուեյը, Սելինը, Դոստոևսկին, Համսունը:
եթե կարծում ես թե նրանք չէին գժվում
փոքրիկ սենյակներում
ոնց որ դու հիմա
առանց կնկա
առանց ուտելիքի
առանց հույսի
ուրեմն դեռ պատրաստ չես:
էլի գարեջուր հուպ տուր:
ժամանակ շատ կա:
իսկ եթե չկա
էլի վնաս
չէ:

երբ ինձ մեռած եմ պատկերացնում

մտացում եմ կայանված
մեքենաների մասին
երբ ինձ մեռած եմ պատկերացնում
մտածում եմ թավաների մասին
երբ ինձ մեռած եմ պատկերացնում
մտածում եմ որ ուրիշն է քեզ հետ քնում
երբ ես չկամ
երբ ինձ մեռած եմ պատկերացնում
շունչս կտրվում է
երբ ինձ մեռած եմ պատկերացնում
մտածում եմ բոլոր նրանց մասին ովքեր մահին են սպասում
երբ ինձ մեռած եմ պատկերացնում
մտածում եմ որ այլևս չեմ կարողանա ջուր խմել
երբ ինձ մեռած եմ պատկերացնում
օդը դառնում է սպիտակ
խավարասերներն իմ խոհանոցում սկսում են
դողալ
ու ինչ-որ մեկը պիտի դեն շպրդի
իմ մաքուր ու կեղտոտ
ներքնաշորերը:

պոեզիա

էս
ինչքան
շատ
հուսահատություն
դժգոհություն
ու
հիասթափություն
է
պետք
մի
քանի
լավ բանաստեղծություն
գրելու համար:
ամեն
մարդու
համար
չէ
գրելը
կամ
նույնիսկ
գրածը
կարդալը:

դե իհարկե

ավելի վատ բաներ կան քան
մենակությունը
բայց երբեմն տասնամյակներ են պետք
սա հասկանալու համար
իսկ ամենից հաճախ
երբ հասկանում ես
շատ ուշ է լինում
ու չկա ավելի վատ բան
քան
շատ ուշը:

Միայնակ ամենքի հետ

միսը ծածկում է ոսկորը
ներսում դրել են
ուղեղ
մեկ-մեկ էլ հոգի,
ու կանայք վազեր են
ջարդում պատին,
տղամարդիկ
հարբում են
ու ոչ ոք չի գտնում էն
միակին
ու շարունակում է
փնտրել
սողեսող անկողիններ
մտնել ու դուրս գալ սողեսող:
միսը ծածկում է
ոսկորը
միսն ավելին է փնտրում
քան սոսկ
միսն է:
բայց ոչ մի հույս
չկա.
բոլորս
մի եզակի ճակատագրի
թակարդում ենք:
ոչ ոք երբևէ չի գտնում
էն միակին:
քաղաքի աղբանոցները լցված են
աղբամանները լցված են
գժանոցները լցված են
հիվանդանոցները լցված են
գերեզմանոցները լցված են
ուրիշ ոչինչ
լցված չէ:

գրել

հաճախ դա միակ
բանն է
քո և
անհնարինության միջև:
ոչ մի խմիչք,
ոչ մի կնոջ սեր,
ոչ մի հարստություն
նրան չի
հավասարվի:
ոչինչ
քեզ չի փրկի
գրելուց
բացի:
հետ է պահում
պատերին
փլվելուց:
հորդաները
ներս չեն խուժի:
պայթեցնում է
խավարը:
գրելը
գերագույն
հոգեբույժն է,
ամենահաճո
աստվածը
բոլոր աստվածներից:
գրելը հալածում է
մահին:
երբեք չի
հոգնում:
նաև ծիծաղում է
ինքն իր
վրա,
ցավի վրա:
գրելը վերջին
սպասելիքն է,
վերջին
բացատրությունը:
ահա թե
ինչ է
այն:

ամբոխի հանճարը

միջին մարդ արարածի մեջ էնքան դավաճանություն, ատելություն ու
բռնություն կա
որ ցանկացած օր կբավականացնի ցանկացած բանակի
լավագույն մարդասպանները սպանության դեմ քարոզողներն են
լավագույն ատողները սեր քարոզողներն են
լավագույն պատերազմողները խաղաղություն քարոզողներն են
աստծուն քարոզողները չունեն աստված
խաղաղություն քարոզողները չունեն խաղաղություն
խաղաղություն քարոզողները չունեն սեր
զգուշացեք քարոզիչներից
զգուշացեք ամենագետներից
զգուշացեք նրանցից ովքեր միշտ գիրք են կարդում
զգուշացեք նրանցից ովքեր կամ ատում են աղքատությունը
կամ հպարտ են դրանով
զգուշացեք նրանցից ովքեր սիրում են գովերգել
որովհետև իրենք ուզում են գովերգվել ի պասասխան
զգուշացեք նրանցից ովքեր սիրում են գրաքննություն
որովհետև իրենք սարսափում են իրենց չիմացածից
զգուշացեք նրանցից ովքեր մշտական ամբոխ են փնտրում
որովհետև իրենք մենակ ոչինչ են
զգուշացեք միջին տղամարդուց, միջին կնոջից
զգուշացեք նրանց սիրուց, նրանց սերը միջին է
ու միջին է փնտրում
բայց նրանց ատելության մեջ մի հանճար կա
ատելության հանճար որը լրիվ հերիք է քեզ սպանելու համար
ցանկացածին սպանելու համար
նրանք չունեն մենության կարիք
նրանք չունեն հասկանալու կարիք
նրանք կփորձեն կործանել այն ամենը
ինչ տարբերվում է իրենց ունեցածից
անընդունակ լինելով ստեղծելու արվեստ՝
նրանք երբեք արվեստ չեն հասկանա
նրանք իրենց սեփական ձախողումը
կհամարեն միայն աշխարհի ձախողում
անընդունակ լինելով լիովին սիրելու՝
նրանք համոզված են որ քո սերն անկատար է
նրանք քեզ կատեն
ու նրանց ատելությունը կլինի կատարյալ
ոնց որ փայլուն ադամանդը
ոնց որ դանակը
ոնց որ սարը
ոնց որ վագրը
ոնց որ մոլեխինդը
նրանց ամենագեղեցիկ արվեստը

Ճշմարիտ

Լորկայի լավագույն տողերից
մեկը.
«հոգեվարք, միշտ
հոգեվարք…»

ավերակ

Վիլյամ Սարոյանն ասաց. «Կործանեցի
կյանքս՝ նույն կնկա հետ երկու անգամ
ամուսնանալով»:
միշտ էլ մի բան կլինի որ
կկործանի մեր կյանքերը,
Վիլյամ,
ամեն ինչ կախված է նրանից
թե ինչը կամ որը մեզ
առաջինը
կգտնի,
մենք միշտ
հասուն ու
պատրաստ ենք
տրվելու:
կործանված կյանքերը
նորմալ են ինչպես
իմաստունների
այնպես էլ
մնացածների համար:
միայն երբ
էդ կործանված
կյանքը
մերն է դառնում՝
սկսում ենք
հասկանալ
որ ինքնասպանները
հարբեցողները, գժերը
բանտարկյալները, թմրամոլները
և այլք և այլք
նույնքան հասարակ
մասնիկն են գոյության
որքան թրաշուշանները,
ծիածանը
մրրիկն
ու
լրիվ
դատարկ է
խոհանոցիս
դարակը:

Թարգմանությունը անգլերենից` Սամվել Մկրտչյանի

Չարլզ Բուքովսկի, Ամբոխի հանճարը

Բուքովսկի, Չարլզ
Բ 999 Ամբոխի հանճարը և այլ բանաստեղծություններ: Բանաստեղծ./
Չ. Բուքովսկի; Թարգմ.՝ Սամվել Մկրտչյան.- Եր.: Հեղ. հրատ.,
2013

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *