Ալեքսանդր Թոփչյան | Մարդատյացի քաղաքը

(Ալեքսանդր Թոփչյանի ելույթը Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդեսին)

Երբ ես գրախոսում էի Արամի առաջին գիրքը՝ «Կույր կետադրություն»-ը, որ բավական հետաքրքիր վերնագիր ուներ (ես վերնագրերի պոետիկայի մասին կխոսեմ), խառնիխուռն կարդացի իր մեղքով։ Վերջից սկսեցի, մեջտեղից, հետո պարզվեց, որ մի գլուխ չեմ կարդացել, նորից այդ կարդացի, և չտուժեց ընթերցողը, որովհետև փոխկապակցվածություն չկար այնտեղ։ Մեկը մյուսից չէր բխում․ ինչ-որ ֆաբուլա չկար, որին պետք էր անպայման հետևել և չկորցնել։ Եվ երևի դա օգնեց ավելի մտնել իր մտածողության մեջ։
Ինձ հետաքրքրեց՝ ինչ է լինելու հաջորդ գիրքը։ Ինչո՞ւ եմ ասում, որովհետև ինքը շարունակ այնտեղ մշտապես կա՛մ մեջբերում է, կա՛մ անունն է տալիս հեղինակների․ նույնիսկ պայման է դնում, որ իր գիրքը պիտի կարդա այն մարդը, որը այս, այս, այս հեղինակներին գիտի։ Ես էլ դրանցից երկուսին չգիտեի և սկսեցի հետնամուտքից։
Մի խոսքով, ես ասում էի՝ ինչ է լինելու, որովհետև դա նման էր այն մարդուն, որը կարդացել է հսկայական գրականություն։ Եվ կարդալը պարտադիր է։ Եթե մտել ես գրականություն, պիտի կարդաս։ Կա՛մ կկորչես այդ բեռի տակ, կհասկանաս, որ դա քո գործը չէ, կա՛մ դու մարտահրավեր կնետես, կասես՝ ե՛ս էլ կարող եմ անել։ Ավելի լավ․ քոնը կստեղծես։
Եվ կա երրորդը (որը իսկապես տաղանդների գործն է), որն այնպես է մարսում, որ դու հետո նրա գրածի մեջ ամենասկրուպուլոզ անալիզի դեպքում չես կարողանա գտնել, թե նա ինչ տարր է ընդունել իր մեջ մինչ այդ։ Եվ կան այնպիսի գրողներ, որոնք, այսպես ասած, ընթերցման այդ ծառն են ստեղծում դպրոցից մինչև հասուն հասակը։
Արամը շարունակ կարծես նման է գրադարանավարի։ Շենքը փլվել է, և այդ գրքերը իր ուսին առած՝ տեղից տեղ է գնում։ Չգիտի՝ ուր պիտի տանի, ըստ որում, մեզ էլ ստիպում է իր հետ կարդալ։ Այսպիսի վիճակում էի նույնիսկ ես։ Համեմատություն էի արել, որ քիչ թե շատ նա իր ստեղծագործական տարածքը ստեղծել է, բայց անընդհատ գալիս են հանճարներ և իրեն այնտեղից դուրս են դնում, և կռիվ է գնում։
Եվ հիմա, երբ ես այս գիրքը սկսեցի, տեսա, որ այս անգամ առաջին էջում այնտեղ պայման չէր դրել, և առաջին բանը, որ նկատեցի՝ նա արդեն հաղթահարել է այդ, ուրեմն պարտադրանքը իր սիրած հեղինակների հաղթահարել է և արդեն գնում է իր ճանապարհով, ըստ որում, ճանապարհ, որը ինքն էլ չգիտի՝ որտեղից է սկսել և ուր է տանելու։ Ես մեջբերում էի արել Դենի դը Ռուժմոնից։ Կերկեգորի առիթով էր նա գրել, որ բանաստեղծը պիտի քայլի, կարևոր չի՝ որտեղ, ուր։ Շավիղը ծնվում է ոտքերի տակ, քայլելու հետ է ծնվում։ Սա է։ Եվ Սևակի տողը կա, որ ասում է՝ չքայլես երբեք ծանոթ արահետներով։
Մի խոսքով, այդ բանը ինձ արդեն ոգևորեց, բայց մյուս կողմից նա մտցրեց ինձ մի աշխարհ, ուր ես ուղղակի սոսկում ապրեցի․ միանգամից այսպես գնալ-իջնել դժոխքի ամենախորին պարունակները, որտեղ սոսկալի եղեռնագործներին է պատկերում Դանթեն (տասներկուերորդն էր կարծեմ)։ Եվ ահա ես ապշեցի։ Շարունակում եմ կարդալ․ մեկը մյուսից ահավոր և, թվում է, թե հիմա ինչ-որ մի լուսամուտ պետք է բացի ու ասի՝ ահա ես ձեզ այս խավարի մեջ լույս եմ տալիս։ Հանկարծ ասում է՝ ես մարդատյաց եմ։ Հետո պարզվում է, որ քաղաքը իր համար դարձել է մի ահավոր մղձավանջային երևույթ։
Քաղաքը ընդհանրապես արդեն 19-րդ դարի երկրորդ կեսից չարիքի մարմնավորում դիտեց նախ Բոդլերը, անցավ դա մի քիչ պակաս Ռեմբոյին, Զոլան եկավ, քաղաքի հասկացությունը ընդհանրապես սարքեց մի գեհեն, Ռոդենբախը «Բրյուգե. մեռյալ քաղաքը» գերեզմանոց դարձրեց, հետո նա եկավ Փարիզում ապրելու, գրեց իր փարիզյան նովելները, որտեղ դարձյալ մի ահավոր պատկեր է քաղաքը։ Այդ լույս-քաղաքը մի սոսկալի բան է։ Թվում է, թե դա շարունակությունն է, և այն ատելությունը չի, որ ժամանակին կար։
Բանավեճ եղավ գյուղագիրների և քաղաքագիրների միջև։ Սկսվեց Մոսկվայից, եկավ Հայաստան։ Դա նույն հակադրությունը չէր։ Քաղաքը արդեն դիտվում էր որպես քաղաքակրթության մարմնավորում՝ իդեալ, որը տագնապ էր հարուցում քիչ թե շատ հումանիստական ավանդներով սնված գրողների մեջ։ Նրանք այն գրողներն էին, որոնք ունեին գեղեցիկի պաշտամունք։
Բոդլերը հենց այդ էր ներկայացնում իր արձակ բանաստեղծություններում։ Այդ հակադրությունը զգացվում է, և այսպես գալիս է մեզ մոտ։ Մեր գրականություն էլ մտավ։ Ինտրան ունի Փարիզի նկարագրություն, որ կարդում ես, սոսկում է պատճառում։ Գրված է 19-րդ դարի 90-ականներին։
Եվ հանկարծ ես տեսնում եմ դրա արտահայտությունը Արամ Ավետիսի գրքում։ Չգիտեմ՝ ինչ ասեմ։ Ամեն ինչ կսպասեի՝ հաջորդական անցում, բայց միանգամից մտնել գեհե՞ն, դա ինձ սոսկում պատճառեց։ Չափից ավելի դժվարին պարտավորություն է իր ուսերին վերցրել։ Ես չգիտեմ՝ ինչպես է նա դուրս գալու այդ գեհենից։ Թվում է, թե այնտեղ բնապաշտական բան կա, բայց դա էլ է ծաղրի ենթարկում։ Դա էլ չի ընդունում։ Մի գլուխ կա այնտեղ, ասում է՝ դա էլ փրկություն չէ։ Ես համաձայն եմ, որովհետև այդ բնապաշտությունը շատ դեպքերում երեսպաշտություն է։ Այդ կանաչների կուսակցությունները, որոնք քաղաքական սպասարկումներ են և այլն։
Քաղաքը կործանման խորհրդանիշն է, և ես չեմ ասում, որ վաղը մենք ավերակների տակ ենք հայտնվելու․ շատ լավ էլ շենքեր կշինվեն, մենք էլ կապրենք այնտեղ, բայց քաղաքակրթության մարմնավորումը ամենից ավելի, այսպես ասած, ճարտարապետորեն արտահայտվել է քաղաքներում և պատահական չէր իմ թվարկումը։ Կարող եմ ուրիշ անուններ էլ տալ։ Ուիթմենից է գալիս, նաև՝ ամերիկյան գրականությունից։
Ահա ինքը մտել է այդ, այսպես ասած, կոհորտայի մեջ։ Ես սա համարում եմ հումանիստական մարտահրավեր։ Ես երկու ձևով եմ ընկալում։ Նա միանգամից խզում է իր կապերն այդ ժառանգության հետ, և չգիտեմ՝ ինչ է լինելու հաջորդը կամ սրանից հետո։ Ռեմբոյի նման գնալու է Եթովպիա՝ ստրկավաճառությամբ զբաղվելու։ Չգիտեմ՝ որն է ընտրելու նա։ Եթովպիա, իհարկե, նրան չեն թողնի։ Ստրկավաճառություն արդեն ամեն տեղ կա։
Մի խոսքով, ես այսպես կարկամած եմ և չեմ կարող իրեն խորհուրդ տալ։ Ինքը պետք է գտնի այդ շավիղը, պիտի իր ոտքերի տակ ծնվի։ Ինքը պիտի քայլի։ Ո՞ւր կգնա։ Գուցե ծմակո՞ւտ մտնի։ Գուցե փակուղի՞ մտնի։ Գուցե կա՞նգ կառնի մի տեղ։ Չգիտեմ՝ ինչ է լինելու։ Նման դեպքերում ոչ ոք իրավունք չունի խորհուրդ տալու։
Կարևոր մի բան կա, որը ուզում եմ ողջունել․ վեջապես գիքորիզմի ուրվականը անհետացավ մեր գրականությունից։ Արդեն ազատվեցինք դրանից, որը սերնդեսերունդ Թումանյանի սխալն էր՝ մի պերսոնաժ, որ բնավ հայկական չէ, որովհետև հայերը որտեղ էլ հայտնվել են, տակից դուրս են եկել։ Ու հիմա Գիքորը ուրիշ է․ եկել է քաղաք և բազազ Արտեմ է դարձել և շատ էլ լավ է դարձել և գրականության վրա թքած ունի, և, փառք Աստծո, շնորհակալ ենք։
Մի խոսքով, բերում է ինչ-որ նոր պոետիկա, բերում է ինչ-որ նոր գեղագիտություն։ Ես չեմ ուզում ոտքի վրա միանգամից բանաձևել, որովհետև ինքն էլ դեռ պրպտումների մեջ է։ Ինչո՞վ կավարտվի սա։ Մեծ արկածախնդրություն է սկսել։ Ես ողջունում եմ այդ արկածախնդրությունը։ Եթե նույնիսկ պարտվի, միևնույնն է, հետք է մնալու մեր գրականության մեջ։ Սա արդեն իր հետքը ունի։
Շատ բաներ չեմ թաքցնում։ Նաև իմ հիացմունքն ասեմ․ նախ այդ վերնագրերի պոետիկան։ Ես միշտ առանձնահատուկ պաշտամունք եմ ունեցել խորհրդավոր, ճիշտ ընտրված վերնագրերի հանդեպ։ Առաջին գիրքը՝ «Կույր կետադրություն»-ը, իր հետ բերում է որոշակի վերաբերմունք գրականությանը, այսինքն՝ կետադրությունը, այսպես ասած, ստեղծված առարկայի ամփոփումն է։ Նրանում արդեն դրվագումները իրար հաջորդականությունն են նշում։ Կարողանում ես մեկից անցնել մյուսին։ Մենք չպետք է ուղղակի դիտենք միամիտ դպրոցականի պես, այսպես ասած, քերականության պատգամներով․ ստորակետը՝ որտեղ, չակերտը՝ որտեղ և այլն։ Կետադրությունը այստեղ տեքստի արխիտեկտոնիկան է, որը ինքը փորձում է ներկայացնել և կարողանում է։
Եվ հիմա այստեղ նա ուրիշ վերնագիր-մարտահրավեր է մեզ ներկայացնում՝ «Ճարտարապետական մուտացիա»։ Մուտացիան այստեղ մշտական փոխակերպումն է՝ մի բան, որը երբեք չի դադարում։ Պրոցես է, որը անընդհատ է, և չգիտես՝ դեպի ուր է տանում։ Ավելի պարզ ասած՝ նյութափոխանակություն, որը, հայտնի չէ՝ օրգանիզմը քանդելո՞ւ է, թե՞ ծաղկեցնելու։
Մի խոսքով, գրքի հետևում ես գրել եմ Օսկար Ուայլդի աֆորիզմը։ Իմաստն այս է․ այն ահավոր պատկերը, որ տեսավ Շեքսպիրի պերսոնաժը՝ Կալիբանը, հայելու մեջ և ինքն իրենից սոսկաց, նույն բանը մենք տեսնում ենք Արամի գրքում, որ սոսկում է առաջացնում։
Եվ այստեղ չենք կարող ասել, թե ինքը մեղավոր չէ․ նա միտումնավոր է արել, նա շատ լավ էլ գիտի՝ ինչ է անում և երբեմն հայելու հետևից ինչ որ լույսեր է գցում՝ որպես աճպարարություններ։ Լավ էլ անում է։ Ստեղծագործողը իրանվունք ունի։ Թող չխաբվի ընթերցողը, թող կարողանա խորանալ նրա մեջ և հետևություններ անել:
Արամ, չգիտեմ՝ ինչ ես գրելու հաջորդը, բայց եթե նույնիսկ չգրես, արդեն դու այս գիրքը գրել ես: Կեցցես:

25-ը մայիսի, 2019 թվական
Խմբագրեց Արմեն Սարգսյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *