Հենրիխ Սապգիրը (1928-1999) ռուսական պոեզիայի «լիանոզովյան դպրոցի» երևելի դեմքերից է, տաղանդավոր երգիչը «աբսուրդի ու դատարկության»: Նրա պոետական ու արձակ ստեղծագործությունները ազատ ոգու և նորարար մտքի վառ արգասիք են` հագեցած գեղարվեստական գյուտերով ու անկեղծ կենսափիլիսոփայությամբ:
«Գեղarm» հանդեսի մատենաշարով առաջիկայում թարգմանաբար լույս կտեսնի այդ հեղինակի բանաստեղծությունների, կարճ պատմվածքների և մանկական ստեղծագործությունների ընտրանին: «Գրանիշի» ընթերցողներին ենք ներկայացնում Սապգիրի բանաստեղծություններից մի շարք:
ՄԵՐ ԹԱՆԿԱԳԻՆԸ
ցավոք մեր թանկագին Ռայիսա Միխայլովնան
զառամյալ է դարձել սմքել ու կուրացել
մենք չհասցրինք անգամ նկատել ինչպես
ձևախեղվել են նրա մարմինն ու գիտակցությունը
դողդոջուն մատները սեղմում եմ բանալին
բայց չեն զորում պտտել կողպեքի մեջ
նա ընթերցում է խոշորացույցով
թեպետ կրում է ակնոց հնաոճ
կարդալով գիրքը դանդաղ փակում է
և կրկին բացում առաջին էջից
«ում աղջիկն է սա՞»- թոռանը չճանաչեց
բայց համոզված է որ հանգցրել է լույսը
որ նոր է կերել – չի հիշում արդեն
որ ելակը ի դեպ առաջվա պես չէ,-
որ օրեր առաջ է բլուզը հագել
այդպես էլ ման կգա թեկուզ մի կես տարի
իսկ ստիպել նրան հնարավոր չէ
փառք Աստծո, սիրտը կայուն զարկում է
և այնպիսի ուժ կա նրա ներսում
որ նա դեռ կձգի այդպես ձգվելով…
իսկ թե ոնց է կյանքդ` կպատմի հանգիստ –
ճամբար կոմունալկա Ռոսիա Սիբիր…
ախ մեր թանկագին Ռոսիա Միխայլովնա
ՀԻՆ ԲՈՒՅՆԸ
չաղլիկ թորշոմած կնոջը այդ հին պոռնիկին
քաղցկեղն է բռնել ոտքերի միջև
այդպես էլ նստել է վերջույթներն իր ծածկած խալաթով
կանգնել չի զորում
բայց թաթն իր պահում է հեռախոսի վրա
և երբ այցելում է նրան ծանոթ պարոն
և քնել է ուզում
ինչ-որ զոյկայի հետ
իսկույն թռնում-գալիս են ամբողջ Մոսկվայի
անքուն թիթեռնիկները
և քայլերթում են սենյակով մեկ
ինչպես զինվորներ թմբկահարության տակ
մայրիկը սանիկներին վաճառում է սիրով.
«նրանք ունակ են ամեն ինչ անելու»-
և չի մոռանում նաև իր մասին…
իսկ երբ թխամերկները իրենց ցցվածքներով
վազվզում են ստից ճչացող-կոտրատվող
(հաճախ ամուսնացած) կանանց ետևից
նա կուլ է տալիս հաջորդ բաժակի պարունակությունը-
հիմա ներքևն իր էլ չի ցավում –
և հիշում է կրքոտ Միշա-հային
հանուն նրա պատրաստ էր ամեն ինչի –
ջահել նրբակիրթ ու ցինիկ էր մեկտեղ
(ահա թե ինչն է կանանց դուր գալիս)
պատահաբեր չէ ընտրել հենց նրան
Միշա-հայ տղան հիմա էլ
մեկ-մեկ տեսության է գալիս
ճերմակել է քիչ բայց ջղուտն է նույն
աչքով է անում
և կինը անբառ իր խոհանոցից
(ուր շտաբն է իր) սենյակ է ճամփում
լավագույն աղջկան
Միշա-հայի համար
ԿՈՐՍՎԱԾ ՊԱՏԱՀՄՈՒՆՔ
գորշավուն մազերով տղամարդը
ամեն առավոտ մանրաքայլ վազում է
զբոսայգու կոկիկ ճեմուղիով
LOVE գրությամբ մի շապիկ հագին
և սիրունատես մի կին է վազում
այնտեղ կես ժամ շուտ
վարդագույն շապիկով` LOVE գրությամբ
եթե պատահմունքը հանդիպեցներ նրանց
հետաքրքրությամբ կնայեին իրար
կողքանց վազելով – LOVE և LOVE
բայց կինը չափազանց ճշտակատար էր
իսկ մի օր չերևաց իսկի
LOVELOVELOVE –
առկայծում էր սակայն ծառերի միջև
ամուսնացել էր գուցե կին-LOVE-ն
կամ տեղափոխվել մի այլ քաղաք
մինչդեռ տղամարդը շարունակ վազում էր
չկասկածելով`
ինչ LOVE-ից է զրկվել հավիտյան
ԵՌԱՉԱՓ ԽԱԲԵԲԱՆ
երեկոները նա սրճարանում
այցելուներին հորինվածքներ է
պատմում անդադար
իբրև կարելի է
միաժամանակ
ունենալ և դեմք և կիսադեմ
և միաժամանակ նա ցույց է տալիս
դեմքն ու կիսադեմը
ձախից աջ ապա
երեկվանից վաղը –
այդպես էլ ոչ ոք ոչինչ չտեսավ
այդպիսով նրանք նստել են` ինչպես
արջերը հեքիաթում –
առջևից` երեխան
ետևից` խոշորը ամենա…
փոքրերին այդպես այլասերելու
համար դատեցին այդ խաբեբային –
նրան առան մի շրջագծից ներս
բայց առավոտյան չքվեց նա անհետ
ինչ-որ մեկն ասաց` անցել է վրայով
նույնպես ֆանտազյոր է
ՌՈՒՄԲԸ
գրողին տանջում էր վաղուց չգրվածը
սրտխառնուք էր զգում
հա ակնառու էր ներսից տանջվում է
նրա բերանում դառը-թթու մի համ հայտնվեց այնուհետ
վախեցավ սաստիկ,-
կաթված կստանա
հարկ է գոտեպնդվել
իսկ առույգություն չունի այլևս…
վերցրեց ու գրեց նա չգրվածն այդ
քննադատները զարմացան սաստիկ –
սա դեղձ է թե վեպ՞…
թե դեղձ է` կոմպոտ սարքեք նրանից
խոսք չկա լավն է
իսկ թե վեպ է այն դեռ պետք է կրծել
գրողն իր հերթին զարմանում է և
ընկերներին պատմում սրտակոտոր –
գրել եմ քանզի չէի կարող այն չգրել բնավ
իմ մեջ պտտվում ու հա պտտվում էր
քիչ մնաց պայթեր
ախ դու ուրեմն ռումբ ես հորինել
ՄՈՒԼՏԻՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ
մեզ մոտ ժամանեց մուլտիմիլիոնատեր
շիկահեր ոսկրոտ մի տղամարդ
միթե նրան նույնպես հետապնդում է ունայնությունը
ձիու պես խմում էր
նրանից պոկ չէր գալիս թիթիզ Տանյան,-
ծիծաղում էր բացելով ձիատամներն իր –
«ռուսերեն ռուսերեն» –
ինչ է հմայվել նա էդ ռուսերենում…
քաղաքն` ինչպես թափոր և զզվելի օղի
տանյա կնիկը խառնաշփոթ է մի…
նրա նախնիք երդվյալ բողոքական էին
նույնպիսի ոսկրուտ շիկահերներ
չոր հասկը փշրում էր խոշոր ափի մեջ
և նայում անխոս արեգակին
գթաց նրան Աստված
և պարգևեց ժառանգ-բողոքական
նույնաձև լպրծուն լայն ափերով
որին հալածում է ունայնությունը
ինքնաթոր օղուց փսխեց այնուհանդերձ
առավոտները մարզանք էր անում
ծնկածալ նժույգի դիրք ու շարժով
մի օր հագավ իր ճմրթված կոստյումը
և գնաց ցորենի առևտրի
ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ
նրանք ամենքը` կեղտաջրի դույլերով
այրված կոտլետներով
խոհանոցում կախված խանձարուրներով
լոգարանի հերթերով
գլխից վեր բռնած հեծանիվներով
միջանցքում կիտված պայուսակ-ճամպրուկներով
վեճ ու մատնությամբ
կռիվ-հաշտությունով
տոներով կրկնվող
սանդուղքներին քնող հարբեցող-հարևանով –
հեղվել են նրա ստեղծագործության մեջ
և պահանջում են անմահություն…
հետո շրջագայել են նրանք ողջ աշխարհով
Նյու-Յորքից Փարիզ
Փարիզից Բեռլին
իրենց կեղտաջրի դույլերով նույն
վառված կոտլետներով
և աննկուն խոսուն հարբեցող-հարևանով
դա հաջողություն էր
իսկ հետո նրանք վերադարձան տուն
և ցանկացան ելնել կտավից էջերից,-
ահ զբաղված են բոլոր տեղերը –
ուրիշ թշվառություն է ուրիշ ճղճիմություն
ԱՃՈՒՐԴ
աճուրդավարը տարերքի մեջ էր
մուրճիկը թափով զարկեց սկահակին –
բիլ Չինաստանը շաղ եկավ մեկեն –
հին խեցեղենը ծախեց շահույթով
տեղահանելով վենետիկյան հին լուսամուտները
ողջ թանգարանը դատարկվեց շուտով
մինչ այդ ջարդելով տնօրենի մաքուր ատամնաշարը
պատառոտելով թանգարանային նազուկ աղջիկների
գունեղ զգեստները
որ արաբները հիանան նրանց հրապույրներով…
ողողված քրտինքով` քրքջում էր նա
ահա մի հարված էլ կհետևի և
մուրճիկով խփում էր ընդհատուն –
վաճառեց փութով
վաճառեց անայլայլ ինքնամոռաց…
մուրճիկի ամեն մի հարվածի հետ
իրեն շրջոնքի վերածեց լրիվ
վաճառեց լյարդը
սիրտը
երիկամունքը
ուղեղը թոքը –
և արդեն թաղանթը փորոտիքի
թնդում էր ինչպես ձիգ մի թմբուկ
նա վաճառեց իր սարսուռն ու ձայնը –
և գնեցին արագ
ՊԱՀԱՊԱՆԸ
նա իմ պատմվածք է խցկվել ինքնագլուխ
ծուռոտ է լենքայլ ընթացք ունի նա
բեղիկներով է
գունավոր վերնաշապիկով
և իհարկե հագին տոպիկներ կան
մշտապես շտապում է ինչ-որ մի տեղ
ծովափի նեղլիկ շերտագծով
հանգստացողների ամբոխով խիտ
սկզբից մենակ էր
հետո կարծում եմ եղբոր հետ էր
(կարճ գլխաշորով ու լողավարտիքով)
թվում էր նա գիտե բոլոր բնիկներին
նրանից փչում էր ինչ-որ սպառնալիք
նա գործի մեջ էր
կասկած չկա այո նա գործի մեջ էր
հայտնի չէ թե որ
ես չեմ տեսել որ նա խլեր ինչ-որ բան
ոմն մեկից
չեմ տեսել որ նա պաշտպաներ մեկին
չեմ տեսել կռվեր ինչ-որ մեկի հետ
նա քայլում էր այնպես և ամենուր էր
մերթ հեռու թաղամասում է
մերթ պարահրապարակում
մերթ խայտաբղետ վերնաշապիկն է
(սև ծաղիկները կարմիրով թաթախված)
խավարից ելնում լապտերների տակ
գրողների այգում
որտեղից գրողներն են լուռ անհետացել
անհայտ պատճառներով օրը ցերեկով
(ես արահետով քայլում էի դեպի մոտիկ հրաբուխը)
հանկարծ ժայռակողից
դուրս թռավ երախը Բասկերվիլի
(սևը թաթախված է կարմիրով նույն)
սուրաց ինձ վրա անձայն հաչալով
նույնիսկ չհասցրի կարգին վախենալ
սլացավ կողքովս կծկված մկանունքով
ես տեսա կարմրասև մեջքը նրա
վիզը հարթավուն
և վազող ծուռտիկ ոտքերը պինդ
և հասկացա ես` ինչ է գործը նրա –
որ նա պահապան է մի անձնվեր
ճիշտն ասեմ` հարգանքս նրա հանդեպ աճեց
քանզի շուրջբոլոր լեռներ են ու ծով…
ՄԵԴՈՒԶԱՆԵՐԻ ԱՐՇԱՎԸ
մթնշաղին լապտերների աղոտ լույսի տակ
նավամատույցից
նայել ցած անկանգ ալիքներին –
ջրերի խորքից
վարդագույն ամբողջ մի վտառ է
ելնում ծովմակերես _
ինչո՞ւ են նրանք այդպես արտաքսվում…
ազնիվ խոսք` տեսա –
բարեկազմ մեկը
առկայծեց մեկեն ճաղաշարքի վրա
ապա ջրի խորքում
գրկել է գոճին
խռնչում էր սա
հրապուրելով նրան իր հետ տարավ
դեպի եկող խավար
հեռվում նշողվում էր երկու խարույկ
սպիտակ ու կարմիր
ձախից կանաչ շերտն է ափը ծովի
իսկ հրեշների վտառը բերում
կիտում էր լողափին
խոզի մսեղիք
մերկ կանայք բացաչ դեռահասներ
լուսարձակի դեղին շողարձակման տակ –
խոնավ խոպոպներ
ծեծված կրունկներ ու
նախշազարդված ազդրեր
լամպերն են ճայթում
կայծեր են թռչում էլեկտրագծերից
ոռնում է քամին
ազդու-մանուշակագույն
ինչ-որ բան շողաց
ոմն մեկի գրգռիչ ֆանտազիաներից…
կառամատույցին բախվեց աղմուկով
ձկնորսանավը
բարձրանում-իջնում էր
տախտակամածը հեղեղված էր լուսեղ էլեկտրականությամբ
տակառներում փայլում էր ինչ-որ սպիտակ մարմին
մանկիկ է
բրեզենտի մեջ փաթաթված տղան
մսագնդեր էր շերեփով թափում
վերևում կանգնած
կանանց ոտքերի մոտ
պլաստիկե վառվռուն փաթեթներով…
բայց մի՞թե ծովը կին չէ շռայլ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
երիտասարդ տղամարդու –
թող լինի միրուքով –
ձեռքը խցկել մի լիցավորված նոր ինքնաձիգ
ամենաթանկն ու ամենապահանջվածը
իսկ թե վառ մի օր
սպառազինես նրան ոտից գլուխ –
թեկուզ նկարիր կինոխրոնիկայի համար
նման պայթուցիկները սազում են միրուքին
ես կարծում եմ (ըհը)
մի բարձրահասակ զույգ է մոտենում (ատում եմ այդպիսիններին)
աղջիկը բան շշնջաց (իմ մասին) – շրջվեց ու
ոնց է ծիծաղում (իմ ներկայությամբ)
կրել այդքան կարճ կիսաշրջազգեստ ու
այդքան երկար ոտքեր
տղային պատին դեմ տալ (ըհը)
ծնոտն է դողդողում
աղջկան նետել լքված մի այգի
կիսաշրջազգեստը գլխին քաշած
և ծածկել նրան մասուրի թերթերով
նա կլացի դառն ու հոնգուր-հոնգուր
և կծիծաղի երջանկացայտ
կշոյեմ քնքշորեն
հարթ ու սև երկաթ է ասես
կմխիթարեմ հիմարիկին.
դու ոնց որ քարե պատնեշից այն կողմ
թաքկացած մեկն ես
ինչ-որ տեղ խփում են
բեկորներ են թռնում աջ ու ահյակ
թափվում են ճյուղերը կոտրատված
իսկ մենք գտել ենք
մի հին մոռացված զինապահեստ
անցյալ պատերազմից
որքան արկղեր շշեր տուփեր զանազան
շոգեխաշած միս ֆրանսիական կոնյակ
տես որ` գեղեցիկ կյանք կապրենք այսու
սպասիր սպասիր մի քիչ ես հիմա կգամ…
չգիտես ինչու կիզիչ արևի տակ
պետք է վազվզել ու կրակել անընդհատ
և սեղմվել ամեն պատահած անցքի…
ասֆալտի վրա փոս ու խանդակում արյուն է թարմ
տեսեք նստած է կինը խուճապահար
ջանում է բարձրանալ
կոճղերն են երերում…
սպասիր սպասիր քիչ էլ – դու իմը կլինես
ամեն ինչ կունենամ
հիմա կհասնեմ կհասնեմ քեզ
ԳՈՒԼԱԳԻ ՄԱՐՄԻՆԸ
ստում էր արվեստագետը մի բաժակ օղիով.
բարաք ես մտնում –քնադարակներին
լիքը կնանիք –
տկլոր ու հաստլիկ և փափկամարմին
բա, տեսեք ով է եկել…
իրոք ճամբարային երևակայություն
ալեխառն մորուքով
իսկը նորահայտ Չեռնիշևսկի
հետաքրքիր մարդիկ
աքսորային բաց համալսարան
հանգուցյալ աներս աքսորական էր
քարտերն էր դասդասում հատուկ բաժնում
ամեն ազգանուն
մեկի ճակատագիրն էր
այնհանդերձ ձեռ քաշեց նա իր թեթև գործից
և հանք իջավ մահվան
Ժամկետով մերձավոր եղբայրների մոտ
ձյան վրա տեսա սև քառակուսի
մարդկային շնչավոր
ամեն առավոտ հավասարեցնում էին նրան
ուսադիրներով մալևիչները հատուկ ճամբարային
գոտիներով ու ոչխարամորթիով – ճռռում էին ցրտին –
սուպրեմատիզմը մտքից դեն նետած…
իմ Միլայի մայրը արդարացված ու վերականգնված է
առավոտները ստուգաշարի էին նրան կանգնեցնում
մազերը հաստոցից պոկ չէին գալիս
գիշերը սառել էին
Սըսոևի խոսքով` ինքս էլ գիտեմ.
ջրապուրը տաք է – ձկան ոսկորներ կան թափված ալյուրին
տառեխի աչքը ամանատակից
զարմացած խայթում է`
Էդ ո՞նց, դուք դեռ ո՞ղջ եք…
«ձյան վրա բաց-յասամանագույն
քաշված խրամատների վերքերն են խոր
կեղտա-գորշավուն բուշլատներն ասես
քսու ոջիլներ են իրար քսվող» –
ես եմ գրել` ի բնե զինվոր ճշմարտախոս
այն էլ` պահեստում բանջարեղենի
բրիգադավարուհին` ոչ տարեց մի կին
ասես գծագրված սև հոնքերով
ափսոսացել է իմ գորշ շինելը
կարտոֆիլով է հյուրասիրել թխվածքաբլիթով
վերհիշել է անցած կոնսերվատորիան
ծեծում էր աղջիկներին հետահարված թափով
ստեղների վրա արյուն էր ցփնում
(երազիս մեկ-մեկ կարտոլ էի տեսնում ցանցատոպրակում)
բուշլատներն ասես նոր են դուրս եկել ասեղի տակից
գեղեցիկ գլխարկներ ականջակալներով
քրոմե սապոգներ որ քայլքը ասես հոտավետ է դարձնում
Աստված իմ, թե տեսնեք
այդ ամերիկացի կինոերեխեքին
ոնց են քարշ գալիս
իրենց առաջ քշող բղավոցների տակ –
իսկ նրանք գիտե՞ս քանի վերստ են դոփել –
ձեռնափը հանց երկաթ շամփրում-ճանկում է
մգդակած-սատինե-ձեռագործ փնթի
խորամանկ հիմար ձնափոշի ինչպես
ջլուտ թաթմաններով հազիվ փաթաթված
բզկտված սոված չլվացված վաղուց
ծեծված ահաբեկված հովվաշներով
կոտրատված ճնշված միշտ հասանելի
հրացանազարկի ու ջարդի համար
մարմինը ԳՈՒԼԱԳ-ի
ԶՈՒԳԱՀԵՌ ՄԱՐԴԸ
իրո՞ք դու այդքան արտակարգն ես…
ինչ-որ տեղ Լուգանսկում
Իսրայելում կամ
Նյու-Յորքի կորչող ծայրամասում
մաթեմատիկայի համեստ մի մասնագետ
դպրոցական ուսուցիչ
ինչ-որ բանի անհայտ սեփականատեր
ամուրի
ամուսնացած
բազմազավակ մեկը
աղքատ
ունևոր
պարզապես թշվառ
ահա արթնանում ու
տեսնում է պարզորոշ.
պատուհանից այն կողմ տրտմող ծառեր
հաղորդալարեր և տուն (փայլում են ապակիները)
շլացուցիչ բանձրիկ երկնաքերներ
մարմրող ցուցանակ
երկինք ուղղակի
բայց ներսում ինչ-որ խմորվում է խոր
տհաճությունն է մարմինը համակել –
մշտական հիշեցում
այո իհարկե
ոչ ոչ համաձայն չեմ
լսում եմ` ոչ ոք համաձայն չէ լսիր
մեզնից ոչ մեկը համաձայն չէ դրան…
գլխից վերև` աղմուկ
(ասես նոյեմբերին էր ծովափի մոտ)
մի ողջ ամբոխ կա սպիտակ գմբեթի տակ
թուլությունից ու վախից շնչակտուր
(եղբայրներ ճանաչել ձեզ չի լինի)
խնձորենու հեռու
ճյուղերը ձգվեցին
հաղորդալարերը
ծվենները ամպի
լսեք
ոչ մեկիդ ոչինչ չի պատահի
բոլորից շնորհակալ եմ
թեյնիկներ եռուն –
եթե անգամ ձեզնից շողքի նշույլ չկա
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ
Իմ թիկունքին
հրեշտակների ստվերներն են
Շրջվում եմ –
ոչ ոք չկա
Լեփ-լեցուն քաղաք –
չկա ոչ ոք
Շրջվում եմ –
հրեշտակների ստվերներն են
Թարգմանությունները ռուսերենից` Հրանտ Ալեքսանյանի