Գեորգ Թրակլ | Սաղմոս

Գեորգ Թրակլը 20-րդ դարի գերմանալեզու պոեզիայի ամենանշանակալի բանատեղծներից է։ Թրակլի պոեզիան ամենայուրօրինակ արտահայտումներից է՝ իմպրեսիոնիզմից դեպի էքսպրեսիոնիզմ ընկած ճանապարհին։

Սաղմոս

(Կարլ Կրաուսին)

Սա լույս է, որ քամին է մարել։
Սա կռապաշտների պանդոկ է, որ կեսօրին մի գինեմոլ է լքել։
Սա խաղողի այգի է՝ սև ու հրակեզ, որի խորշերում սարդեր են վխտում։
Սա մի սենյակ է, որ նրանք կաթով սպիտակ են ներկել։
Խենթը հոգին ավանդեց։ Սա Հարավային ծովերի կղզի է, ուր ընդունել են Արև-Աստծուն։
Թմբուկներ են զարկում։
Տղամարդիկ ռազմի պարեր են պարում։
Գետնասող բույսերով ու հրե ծաղիկներով պատված՝ ծովի երգի ներքո
Ճոճվում են կոնքերը կանանց…
Օ՜հ, դրախտ մեր կորսված։

Նիմփաները լքել են ոսկե անտառները,
Թաղում են անծանոթին, թափվում են թրթռացող անձրևի կաթիլները։
Հողափորի ուրվագծում երևում է Պանի որդին, ով կեսօրին քնել էր շիկացած ասֆալտին։
Բակում փոքրիկ աղջիկներ են՝ սիրտ կեղեքող, խղճուկ հագուստներով,
Այստեղ սենյակներ են՝ լի ակորդներով ու սոնատներով։
Գիրկընդխառն ստվերներն արտացոլվում են կուրացած հայելում,
Առողջացածները հիվանդանոցի լուսամուտների մոտ են ջերմանում։
Ջրանցքով լողացող սպիտակ շոգենավը արյունալի համաճարակ է բերում։

Քույրն օտարոտի նշմարվում է ինչ-որ մեկի չարագուշակ երազներում,
Կաղնու կեղևում հանգիստ առնելով՝ աստղերի հետ խաղ է անում։
Ուսանողը, որ երևի երկվորյակն է նրա, լուսամուտից երկար հետևում է դեռատի աղջկան։
Նրա հետևում իր մեռած եղբայրն է կանգնած կամ էլ բարձրանում է հին սանդուղքով պարուրանման։
Մուգ շագանակագույնի մեջ խամրում է ջահել նորեկի դեմքը։
Երեկո է այգում։ Ողջ սյունածածկ սրահում լսվում է չղջիկների ճախրանքը։
Տանտիրոջ մանուկները դադարեցնում են խաղն ու երկնային գանձերը փնտրելու շտապում։
Կվարտետի ակորդը վերջին
Մայրուղով վազում է մի փոքրիկ, դողացող, կույր կին։
Ավելի ուշ ստվերը նրա դիպչում է հեքիաթներով ու սուրբ ասքերով պարուրված սառը պատերին։

Սա սև ջրանցքով լողացող նավակ է դատարկ,
Հին ապաստանների մռայլության մեջ կործանվում են մարդկային ավերակներ։
Մեռած որբեր են պառկել այգու պատերի տակ։
Մոխրագույն սենյակներից դուրս են գալիս անմաքուր թևերով հրեշտակներ,
Իսկ նրանց դեղնած կոպերից որդեր են կաթում։
Ինչպես մանկության օրերին, վանքամերձ հրապարակը մութ է ու խավարչտին,
Նախկին կյանքերը սահում են արծաթե ներբաններով,
Իսկ նզովյալների ստվերներն իջնում են ջրերին հառաչող։
Սպիտակ քուրմը գերեզմանում իր օձերի հետ է խաղում։
Եվ գլխավերևում Աստծո ոսկե աչքերն են անշշուկ բացվում։

 

 

Էլիս

-1-
Լիակատար է լռությունն այս ոսկե օրվա,
Հնամենի կաղնիների ստվերում
Հանդարտ հայտնվում ես, Էլի՛ս` աչքերդ հառած հեռուն։

Նրանց կապույտը սիրահարների նիրհն է պատկերում,
Քո շուրթերին
Նրանց վարդաթույր հառաչանքն է համրանում։

Իրիկնաժամին ներս քաշեց ձկնորսը ծանր ուռկանները։
Մի բարի հովիվ
Տանում է հոտն իր անտառի եզրը։
Օ՜, ինչ արդար են, Էլի՛ս, քո բոլոր օրերը։

Խաղաղ խոնարհվում է լերկ պատերին
Կապտաթույր լռությունը ձիթենիների,
Մեռնում է լռության մեջ մթին երգն ալևորի։

Մի ոսկե մակույկ
Տարուբերում է սիրտդ, Էլի՛ս, մենության երկնքում։

 

-2-
Էլիսի կրծքում մեղմ զանգ է հնչում
Երեկոյան կողմ,
Երբ գլուխն իր բարձի մեջ է թաղում։

Կապույտ գազանը փշուտում
Արնահոսում է անձայն։

Հին ծառն է կանգնել այստեղ մեկուսի,
Իր կապույտ պտուղները լքել են նրան։

Հետքերն ու աստղերը
Հանդարտ սուզվում են խորքն իրիկնային լճակի։

Բլրի հետևում ձմեռ է։

Կապույտ աղավնիները
Գիշերվա մթում խմում են սառը քրտինքն այն,
Որն Էլիսի բյուրեղյա ճակատն է պատում։

Անխոնջ ոռնում է
Սև պատերին Աստծո մենության բիլ քամին։

Թարգմանությունը գերմաներենից՝ Աննա Օհանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *