Մարիա Պավլիկովսկա-Յասնոժևսկա | Գողացված բանաստեղծություն

Լողափը գիշերով

Կատարյալ խաղաղ է աստղերից մինչ արմավենիներ, արմավենիներից մինչ ստվերներ․․․
Աշխարհի վերջին ծովի վրա կախված աշխարհը կանաչում է…
ու միայն երբեմն մրտենիներն են երազում խշշում մեղմիկ,
և ծովի փրփուրներում անքուն Վեներան շրջվում է մի կողմից մյուսը։

 

Ծովափ

Մեդուզաներ թափթփված անհոգ,
խեցիներ, որ սանրում են ավազը,
և ձուկ դեն նետված ալիքների կողմից,
ինչպես սիրտն իմ քո կողմից։

 

Ջրահարսներ

Այգին ծովի մոտ բուրում է քաղցր ոլոռով,
ու ափ են լողում փրփուրե փեշերը։
Ծովում լալիս են ջրահարսները,
որովհետև դառն է ծովը…

 

Ծովն ու երկինքը

Ալիքները շողում են ինչպես չեխական ապակիներ
եվ շշնջում են, որ չվախենան ծովից,
թեև կարծես կեսն են երկնքի՝
երկնագույն և նույնչափ լի մահով․․․

Դառը ծովածոց

Գեր, ուրախ, թիկնեղ,
անվախ նավաստի՜ ուժեղ։
Ինձ դուրս հանեցիր իմ արցունքներից
ինչպես ջրահարսին դառը ծովածոցից։

 

Գողացված բանաստեղծություն

Թղթե նավակը չի կարող լողալ
հար մերժված փրփրող ծովի կողմից,
բայց թող միայն արևը նրան չորացնի քամու մեջ,
այդժամ կլողա օդով ինչպես ոչ ոք․․․

 

Աստղեր

Թեև երկրի վրա սակավ են թե՛ խինդը, թե՛ ուժը,
երկնքում միշտ նույնն է ամենը։
Տիեզերքը հար քարոզում է իր ուժն ու սքանչանքը,
քարոզ աստղերով ու լույսերով լի։

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *