ԳՈԹՖՐԻԴ ԲԵՆՆ | Նա, ով մենակ է

Գոտֆրիդ Բեն

Եղյամ

Մի բան պոկվեց մառախլապատ
մթնոլորտից ու աճեց.
գիշերվա մեջ՝ մոխրաճերմակ,
ծառ ու սոճուն փաթաթվեց:

Լույսն էր փայլում թավշափափուկ,
այն, որ ամպից էր կաթել,
և լուծվում էր աշխարհն անձուկ
գեղեցկության մեջ անդեմ:

Համադրություն

Լուռ գիշեր է: Եվ տունն է լուռ:
Ես մի աստղ եմ խաղաղավետ,
Եվ իմ լույսն եմ արտանետում
Իմ գիշերվա քղանցքից դեն:

Ուղեղս տուն դարձավ` թողած
Քարայր, երկինք, գոմաղբ ու կեղտ,
Եվ կանացի մարմնում պարպած
բնահյութն իմ քաղցր ու հյութեղ:

Աշխարհը` խաղ: Մահը` ավար:
Գոհ եմ` գրկած հաջորդ էգին,
Հետ չեն դարձնի` դեպի աշխարհ,
Ինձ` ո՛չ մահը, ո՛չ աղտ, ո՛չ կին:

Մի բառ

Մի բառ, մի խոսք -. վեր են հառնում գրքերից
ապրված կյանքն ու իմաստն անմեկնելի,
արևն անշարժ, երկնոլորտներն անմռունչ,
և ամեն ինչ սեղմվում է նրա շուրջ:

Մի բառ-մի փայլ, հոգու ճախրանք, հրոզմունք,
աստղից փրցված լույսի ծվեն ու հուզմունք,
և վերստին` աշխարհն ու ինձ շուրջառող
դատարկություն` մութ ու խավար, ահավոր:

Եկե՛ք

Եկե՛ք, խոսենք շարունակ,
ով խոսում է` չի մեռել,
կրակներն են բովանդակ
մեր կարիքը փեռեկել:
Եկե՛ք, ասենք մենք կապույտ,
ասենք կարմիր, ասենք սև,
մենք լսում ենք ու տեսնում,
ով խոսում է` չի մեռել:

Անապատում միայնակ`
քո Գոբիում մոխրագույն,
մենակ ես դու, և չկա
ո՛չ կուրծք, ո՛չ կին, ո՛չ արցունք,
շրջանցում ես խոչուխութ
մակույկում քո կիսավեր,
բացե՛ք շուրթերը ձեր ձույլ,
ով խոսում է` չի մեռել:

Ամբողջը

Արբունքում կար մի մասնիկ` ջինջ արցունքի մեջ,
երբեմնակի կար և փայլ, կար և ավելին,
տարիներում այս կար սիրտ, ուր կային նաև
փոթորիկներ հորդաբուխ` հույժ երևելի:

Միշտ սքողված, զի նրա խորքում էր ողջն արարվում,
չլինելով երջանիկ, չունենալով ուղեկից,
հորձանքները համորեն հորդում էին` ծավալվում,
և ողջ դրսինը միայն ներքինին էր մերձակից:

Մեկը քեզ չոր էր նայում, մյուսը` նուրբ ու հեշտագին,
մեկն հայացքով կործանող, մյուսը` տիրական,
նրանց տեսածը, սակայն, պատկերներ էին անմարմին,
քանզի ամբողջն է միայն` լո՛կ քեզապատկան:

Լուսավոր էր նախապես, ա՛յն, ինչը դու՛ էիր ուզում,
նշանառու, ակնբախ և հավատավոր,
բայց երբ հայացք նետեցիր նրան, ինչ դու՛ էիր ուզում,
ինչն ամբողջին էր նայում` քարացած, խոտոր,

դա ոչ փա՛յլ էր, ոչ կրա՛կ, ո՛չ իսկ թույլ մի վախ,
որին բախվեց քո վերջին հայացքը շաղված,
այլ արյան մեջ թաթախված մի մերկ գլուխ, մի ճիվաղ,
որի քունքից արցունքի կաթիլ էր կախված:

Ես կորուսյալ

Կորուսյալդ Ես` երկնոլորտների պայթյունից ծնված,
իոնացման զոհ – Գամմա-ճառագայթ – Գառ – դաշտ և մասնիկ -.
անսահմանության սին մղձավանջներ` հավերժ մակտպված
Նոտր-դամի քո մոխրագույն քարին:

Օրերն անցնում են քո կողքով`առանց լույս ու գիշերի,
և տարիներն են զսպում` ձյունազերծ ու մրգազուրկ,
վտանգն առկախված`անսահմանության ծպտյալ եզերքի
– աշխարհը` փախուստ:

Որտե՞ղ կավարտվես, ու՞ր կծվարես, ու՞ր կծավալվեն
ոլորտները քո – հաղթանակ, կորուստ և պարտություն-.
գիշատչախաղում այս մշտահավերժ,
որ գլխապատառ`ճաղավանդակի մեջ են մխրճվում:

Գիշատչի հայացք. փորոտիք-աստղեր և ջունգլիների
մահն իբրև պատճառ ամենայն գոյի ու արարչության,
մարդ, ճակատամարտ և պատերազմներ ի մեջ ազգերի`
գիշատչի կոկորդն ի վար ընկլուզված:

Աշխա՛րհ մտագար: Եվ ժամանակներ ու տարածություն`
մտասևեռումն հանուր մարդկության,
անսահմանության գործառույթն է բուն,
որ առասպելն է ստում շարունակ:

Որտեղի՞ց և ու՞ր – չկա ո՛չ գիշեր, ո՛չ արևածագ,
ո՛չ կանչ ցնծության‚ ո՛չ իսկ եղերերգ,
դու կարգախոս ես փնտրում քեզ համար,
հայտնի չէ` որտե՞ղ:

Երբ որ բոլորն են հակվում միջինին,
գիտուններն են լոկ Բարձրյալին հիշում,
վերընձյուղվում են գառանն ու հովվին,
երբ որ արյունն են գավից ըմբոշխնում,
և ճողոպրում են վերքից ու կտրում
հացը` վայելքն այդ չապականված –
ով ժամ լիացման` հեռընկեց, հնում`
կորուսյալ ես-ը իր մեջ ամբարած:

 

Մեղեդիներ

I
Ու՞ր էր թե մենք նախնյաց սաղմը լինեինք:
Մի կույտ լորձունք մառախլապատ գոլ ճահճում:
Կյանքն ու մահը, պտղավորում ու ծնունդ
կաթկթային բնահյութից համրաշունչ:

Թումբն ավազի, թերթիկները ծովաստղի,
քամուց հղկված ու ծանրացող` ներքևում:
Թևը ճայի կամ գլխիկը ճպուռի
կտառապեր այդժամ ցավից` խուլ հեռվում:

II
Սիրահարներն անարգված, ծանակողները մերժված,
ողջը հույս է ու կարոտ, բայց հուսացողը չկա:
Մենք ցավագար աստվածներ` համաճարակն ընդունած,
սակայն խորհում ենք հաճախ Աստծո մասին մեն-միակ:

Անտառային անուրջներ: Շիկակարմիր ծովածոց:
Ձնագնդի ծանրության սերմնաչափ աստղեր:
Հովազացատկն անմռունչ ծառերի մեջ անմատույց:
Ծովի կա՛նչն է ամենուր: Ա՛փ է ամեն տեղ:

 

Լոկ երկու բան

Բազում ձևերի միջով անցկացած,
եսի ու մենքի ու դուի միջով,
բայց ողջն հավաստյավ տանջանք է ու ցավ՝
հավերժական մի հարցի մեջ`ինչու՞:

Եղածը հարց է, այն էլ` մանկական:
Դու ավելի ուշ հասկացար սակայն,
որ լոկ մի բան կա. համբերություն`
– իմաստի, կրքի, հավատի, ձգտման –
ապրի՛ր և տոկա` պարտավո՛ր ես դու:

Թեկուզ վարդ լինի, լինի ծով, թե ձյուն,
այն, ինչ ծաղկում է, թոշնում է նաև,
լոկ երկու բան կա. դատարկություն
ու երկփեղկված Ես:

 

Բառերը

Բառերի հետ մենակ ես դու`
մենություն է իսկական,
այստեղ չկան փող ու թմբուկ
և կամարներ հաղթական:

Նրանց հոգին ես ներհայում`
բառերես ու բառարմատ,
տարեցտարի` դու քեզ վատնում
ու չես գտնում հույս-հավատ:

Այնտեղ լույսերն են առկայծում
մենության մեջ աներկբա,
շուրթերից` թաց ու վարդագույն,
բառն է հղկվում ձույլ-երկաթ:

Լոկ տարիներն են քո դեղնում`
հանգերն անշուք ու տարտամ,
և քայլում ես, քայլում ես դու,
լուռ, գլխահակ ու կամկար:

 

Թախիծ

Ստվերներն անձև անփոփոխ են լոկ հովտում մահագույժ,
ուր տարածվում են մեռելածաղկի շարքերն հրկեզ,
նրանք մեր մեջ են փոփոխվում, գրկում քո անփաղաքուշ,
երբ անուրջն է սին օրորում քեզ:

Ինչ է մարմինը` վարդերի խուրձ է, փուշ ու տատասկ,
և ինչ է կուրծքը` խորշոմներ, թավիշ լուսաթախիծ,
ինչ են վարսերը, ուսերն, անութներն ու խճողված
խորացումները, որ բռնկվում են ջերմ հայացքից.

Իր մեջ անցյալն է նա կրում` նախկին համախոհներին,
նաև ապագան. երբ այլևս չես համբուրի այն,
մ’ի անսա նրա մեղմ ու բարձրագոչ հավաստումներին,
որ սեղմ ժամկետի մեջ կան միայն:

Ապա` նոյեմբեր, մենություն, թախիծ, մահաբեր նախճիր,
մի զույգ անթացուպ` անդամալույծի բեռն ամոքող,
երկինքն այլևս չի բարեբանում, բայց միայն նոճին`
անշարժ ու վերձիգ և ծառը սգվոր:

 

Նա, ով մենակ է

Նա, ով մենակ է, գաղտնիք ունի նա,
կանգնած հորձանքի դեմ պատկերների,
նրանց ծննդյան ու պտղավորման,
երբ ստվերն անգամ կիզվում է ներսից:

Հղի է բազում տրոհումներով,
հավերժ մտազբաղ, նաև ի զորու
ոչնչացնելու մարդկայինը ողջ,
այն, որ սնվում է ու զուգավորվում:

Փոխակերպումն է տեսնում մայր հողի`
անմասն սակայն. ո՛չ ծնունդ, ո՛չ մահ.
արարչությունն է նայում անհոգի`
անձև, անմարմին ու անկաղապար:

 

Ես քո կոպերին քունս կառաքեմ

Ես քո կոպերին քունս կառաքեմ,
ու քո շուրթերին իմ համբույրը տաք,
քանզի միայնակ ես պիտի պարպեմ
գիշերվա վիշտն ու երազն անհատակ:

Դիմագծերիդ ես սուգ կկապեմ,
ու կպարուրեմ լույսով հրճվալից,
քանզի գիշերն ու դողը մահադեմ
կրծքիս միջով են լույս աշխարհ գալիս:

Դու, որ տկար ես, որ ինձ ներհայես,
դու, որ չես տեսնում, չես զգում ինձ –
ուստի գիշերով ես վեր կհառնեմ
ու կառաքեմ քեզ համբույր ու նինջ:

 

Ո՛չ երբեք մենակ

Ո՛չ երբեք մենակ` քան օգոստոսին.
ժա՛մ է արբունքի -, երակի մեջ տաք
հունդերն են վառվում դեղնածուփ ոսկի,
ու՞ր է քո այգու հրճվանքն ու հեշտանք:

Պարզկա երկինք է ու վճիտ լճեր,
դաշտերը մաքուր ու լուսապայծառ,
ու՞ր են հաղթության ապացույցները
քեզ ներկայացնող թագավորության:

Երբ ապացույցը կիրքն է մարմնական`
գինեբույրի մեջ զգլխիչ ու գիրգ,
պագշոտ հայացքներ ինքնահաստատման,
դու պարտությունը ընտրեցիր` ոգի՛ն:

 

Մեկ անգամ էլ

Մեկ անգամ էլ մեռնել ու լալ`
քեզ հետ զգալ համն անծանոթ,
իմաստը մութ սիրո, մահվան`
աստվածների օտար ու խորթ:

Բայց չես կարող քաղել դու այն,
մոտ է թեև ու մերձակից,
ցավի մեջ է ողջն ամփոփված,
թե ծնունդ չէ ծով ու ծաղկի:

Խորտակվե՛լ ու նոր՛ից հառնել,
մոռանա՛լ ու գտնե՛լ կրկին,
վերջին կոհակն անդրադարձնել,
վերջին բոցերն հանել երկինք:

Հյուսվածք` առանց պնդօղակի,
սին, անհեթեթ եզերակար.
արցունք, աճյուն, ափ մը մոխիր
աստվածների խորթ ու օտար:

 

Երբ շուրջը քո

Երբ շուրջը քո խշշոց է ու սոսափյուն`
պատն այս զուգած պատատուկի պես շքեղ,
ժա՛մ է ապա` սգալու բախտը քո սև,
որ հարուստ չես, անսպառ ու անհատնում,

ո՛չ ինչպես լույսն ու ծաղիկը` հարևնույն
փոփոխական պատկերներին առնչվող,
որ գալիս են ճառագայթի պես շենշող
և ամբողջը խշշյունի մեջ ներհյուսում,

թավիշի մեջ, ուր հանգչում են աստնվոր
իրերը մունջ` աներկփեղկված, հոսանուտ,
հարինքնամփոփ, ժամանակից անգամ դուրս,
անմասնակից անցուդարձին այդ սգվոր:

 

 

Հուշեր

Հուշեր -, հնչյուններ, գիշերակարկուտ,
գույներ, որ սյուքն է շարժում ծովերից,
թույլ մի պատկեր է երազից հառնում,
մի վերջին պատկեր` հույժ անկարեկից:

Առափնյա դղյակ` մարմարե սանդուղք
և հանկարծաբուխ` գերհզոր մի երգ -,
գիշերերգում են ջութակները բյուր,
այստեղ` ծովափին, գիշերում հրկեզ:

Բայց շատ չեն,- մեկը շատը չի տանում,
միակ աղեղն են բռնում փոխնիփոխ –
խաղ` ոչնչի մեջ -, պատկեր, մենություն,
բոլոր գույներում` Կապույտը Մեռնող:

 

Թարգմանությունը գերմաներենից` Աշոտ Ալեքսանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *