Արմեն Սարգսյան | Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայն» ժողովածուն

Պոեզիան արվեստի բազմակողմ դրսևորում է, որը գերազանցում է մշակութային և լեզվական սահմանները՝ ստանալով մեծաթիվ ձևեր՝ ավանդականից մինչև փորձարարական:

Ինչո՞ւ է բարդ և միաժամանակ հաճելի պոեզիայի ընթերցումը։ Որովհետև այն ճանապարհ է դեպի ներհայեցում, կենսական միջոց է գոյության համար և մարդկային հոգու խնդիրները քննելու կարևոր միջոց։ Համլետը մի լավ տող ունի՝ «ինձնից ինձ ես գալիս»։ Բանաստեղծություն կարդալիս ասես քեզնից քեզ ես գնում։

Ի՞նչ գիրք է մեր ձեռքում։ Ի՞նչ բանաստեղծություններ են ընդգրկված «Ինչ տխուր է սակայն» ժողովածուում։ Ես կասեմ, որ այս տեքստերը կոնցեպտուալ պոեզիա են, որտեղ շեշտվում են ոչ միայն հույզերը, այլև բանաստեղծությունների ինտելեկտուալ կողմերը։ Ինչպես արժանիորեն նկատել է գրքի վերջաբանի հեղինակ, բանաստեղծ Հենրիկ Էդոյանը, «Համլետը ինտելեկտուալ կողմնորոշում ունեցող բանաստեղծ է»։ Եվ եթե նրա տեքստերը քննում ենք որպես ինտելեկտուալ հորիզոններ, ապա այդ հարթությունում շրխկալով իրեն հիշել է տալիս նրա հրաշալի լեզուն, որ ոչ թե միջոց է, այլ տարածք, որը մեզ թույլ է տալիս պեղել-գտնել բովանդակության արտահայտումները և ձևերը։

Հիմա ի՞նչ է պոեզիան՝ լեզո՞ւ, թե՞ բովանդակություն։ Բովանդակություն է, որն ունի լեզվական մարմին։ Սխալ կլինի, եթե պոեզիայի լեզվական հայեցակետը դիտենք իբրև ճանապարհ, որը տանում է դեպի բովանդակություն, որովհետև լեզու-պոեզիան հենց այդ արդյունք-բովանդակությունն է։ Համլետի տեքստում լեզուն բերում է շարժում, որը տեղից հրում-պոկում է միտքն ու իրականությունը։ Բանաստեղծություններում բառերը հարաբերվում են միմյանց, հեղինակի, նրա մտերիմների ու շրջապատի հետ։ «Երկար լռած մանուկը» սկսում է խոսել բառերով։

Մեկ ընթերցում ենք անձնական տողեր, մեկ էլ հայտնվում են բոլորին հուզող մտատանջություններ, ապրումներ, Աստծո հետ զրույցներ, որոնք, ինչպես Համլետն է անվանել, «չընդհատվող դիալոգներ» են.

տարուբերվելով օրերից մոռացվող
քո օրերում հանդիպակաց

այս չընդհատվող դիալոգը
ավարտել չեմ կարողանում

(կանգնած շարժումը քաղաքի)

անսովոր վտանգների առաջ
մեր ժամերն անցնում են

(ստացածը չենք հաշվում
այլ — կորցրածը միայն)

կմնա ապրելն այս խորշում

Հիմա այն մոնոլոգները, որտեղ գրողը զգուշորեն խոսում է խիստ անձնական թեմաներից ու հարաբերություններից, խոստովանական պոեզիայի տեքստեր չե՞ն։ Իհարկե, ե՛ն։ Հենց եզրույթն էլ հուշում է՝ խոստովանել, իսկ մենք խոստովանում ենք շատ անձնական բաները՝ հուզական, ապրումային ու ինքնակենսագրական, որ ասես թողնում են բացություն և խոցելիություն.

ճշմարտության ժամին
հյուր եկար — որպես պարուհի
մերկ ու սպիտակ

չկարողացա դիպչել քեզ
որովհետև դու միշտ միտք ես եղել
ու ես վախեցել եմ քեզ նյութականացնելուց
որովհետև սոնատները բառերի կարիք չունեն

(իսկ դու ամենաօդն ես ու ամենաթեթևը)

Համլետի բանաստեղծությունները նաև վիզուալ ասոցիացիաներ ունեցող կառույցներ են։ Միայն թե բառերից շարված այդ շենքերն ունեն տրամադրություններ և իմաստներ։ Առհասարակ կոնցեպտուալությունը մարտահրավեր է նետում պոեզիայի մասին ավանդական պատկերացումներին՝ ընդգծելով բանաստեղծության այլ ասպեկտներ։ Այս դեպքում տեքստի կառուցման մեթոդներից է հենց վիզուալությունը, որտեղ բառերի իմաստներին հավասար կարևոր են դրանց տեսողական ընկալումները, որոնք մասնակցում են բովանդակության ստեղծմանը։ Այս վիզուալությունը ոչ միայն աչքի, այլև մտքի համար է, այսինքն՝ այն խաչմերուկն է, որտեղ հատվում են լեզուն և տեսողական արվեստը։ Ասել է թե՝ Համլետը հրավիրում է ուսումնասիրելու, մեկնաբանելու և գնահատելու ստեղծագործական հնարավորությունները, որոնք առաջանում են լեզվի և պատկերների մերձեցումից: Եվ այդ համատեղումը բաց է թողնում ձայներ, ռիթմեր, սիմվոլներ:

Հարց է ծագում․ Համլետը փորձել է միավորե՞լ սահմանները գրականության և մյուս վիզուալ ու կոնցեպտուալ արվեստների, թե՞ ուզել է ջնջել դրանք։ Երևի այսպես՝ միավորել սահմանները, բայց, այնուհանդերձ, ջնջել շատ բաներ։ Այս «ջնջել»-ը պետք է դիտենք որպես եզրույթ, որի քննարկումներում տեսողական պոեզիան կարող է տեղափոխվել հայեցակարգային և փոխաբերական հարթություն: Այս գրքում ջնջումը ամենուր է։ Հրաժարումը ամենուր է։ Ջնջված են բառեր, կապակցություններ, նախադասություններ, ծավալուն բանաստեղծությունների ամբողջական հատվածներ, նույնիսկ ջնջված են գրքի էջերը։ Բացակայում է կետադրությունը։

Ովքեր կարդացել են Համլետի գիրքը կամ հիմա են թերթում, կնկատեն թռիչքային անցումները տողից տող, բառից բառ։ Ընթերցողը գրողի հետ հավասարապես փորձում է որսալ մի բան, որը սորում է մատների արանքով։ «Ջնջման ակտ»-ը այստեղ կորստի ու բացակայության խորհրդանիշ է։ Ահա այս պատճառով են բանաստեղծությունները վիզուալ մատուցմամբ երբեմն աստիճանաբար մարում, նեղանում, ցրիվ գալիս, անձրև դառնում ու թափվում թղթին։ Ահա թե ինչու են այդքան շատ կախման կետերը, անջատման գիծը (բանալի բառը՝ անջատման), պարսպի դեր ստանձնած ուղղահայաց և թեք գծերը, բացակա կամ չվերականգնվող բառերի փոխարեն դրվող նշանները, դատարկ էջերը որպես մտքի՝ դեռ անուն չունեցող տարածքներ.

չուզեցի այն պատճառով
որ ինչ-որ մեկը հանկարծ
չպատահեր ու չիմանար

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

խաղաղ ու անվերջ հանդարտության կողքին
խաղաղ ու անվերջ հանդարտության կողքին

Այս եղանակով Համլետը առաջ է քաշում հիշողության, իրականության, կյանքի, տրամադրության ու հոգեվիճակի անկայունության թեմաներ: Բառերի և պատկերների կանխամտածված բացակայության միջոցով նա դրդում է ընթերցողներին խորհելու՝ ի՞նչ է մնացել, ի՞նչ է մոռացվել, ի՞նչ անուն կարող է տրվել կյանքին:

Մենք այդքան էլ հեշտորեն չեկանք այս որոշմանը, որ գիտակցաբար ջնջելով բանաստեղծության հատվածները, կարող ենք ուշադրություն հրավիրել ցավոտ մի շարք հարցերի, մեր կյանքում պակասող դիալոգների, հիշողության փխրունությանը և կտրուկ փոփոխությունների անխուսափելիությանը:

Ներկայության և բացակայության փոխազդման միջոցով Համլետը հորդորում է մտածել այն մասին, թե ինչ ենք կորցրել, ում ենք կորցրել, ովքեր և ինչերն են դեռ դիմանում մեր շուրջ և ինչ ենք թվացյալ շահում կորստի և «կեցության անտանելի թեթևությունից».

թող միայնության մեջ քեզ անընդհատ փնտրեմ
ու թույլ տուր որ չգտնեմ

քեզ գտնելուց հետո ամեն ինչ հեշտ է
մինչև վերստին կորցնում եմ քեզ

«Աչքերդ անջատվում են ինձնից շարունակաբար․․․»։ Պահե՞լ կյանքը ձեռնափում, թե՞ հոժարակամ ու ազատորեն բաց թողնել: Ինքներդ որոշեք, իսկ այդկերպ կկարողանա՞ք կանգնեցնել ազատ անկումը։ «Կյանքը արարման ու վախճանի շղթա է»։ Դիմանալը բարդ է․ «ով է լինելու վերջինը / կանգնած հերոսի պես»,- գրում է Համլետը։

Բանաստեղծությունները երբեմն ծվեն-ծվեն անելու միտումնավոր գործողությունը կյանքի քայքայման և անհետացման անխուսափելի գործընթացի փոխաբերությունն է։ «Մաշկից առաջ մարմինիս ծաղիկներ աճեցին», իսկ այժմ «նվիրում եմ անկյանք կաշվի կտոր»։ Սա պատմում է կյանքին չհանդիպած մանկան անաղարտությունը, գուրգուրանքը, որում ապրում էր նա, զգացմունքների շղարշը, որից ներս ամեն բան գեղեցիկ է, բայց կյանքի հորձանքում հայտնվածն արդեն նախկին մանուկը չէ, իսկ ծաղիկներով պատված մաշկը վաղուց չորացել-ցամքել է։

Եվ միայն այն ժամանակ, երբ պատմողը պառկում է քնելու, մահճակալի «փայտահոտն» է հիշեցնում անցյալը, որ վաղուց անհետացել է։ Ինչե՞ր կան չպատմված, չտեսնված, չապրված։ Բայց սա ողբերգություն չէ, որովհետև այն, ինչ մնում է չասված, ստիպում է խորհել, մեր ասած, ներկայության և բացակայության բարդ փոխազդեցությունների մասին, որոնք Համլետի գրքի կարևոր հղումներն են։ Ի վերջո, «մարդկային հարաբերությունները հոսուն են․․․», ինչպես փաստում է բանաստեղծը, և մենակությունն է, որ հաստատուն է.

լավագույն ընկերները լքում են մեզ
սիրելին դառնում է սովորական
հարազատներին չենք ճանաչում
վարպետների փայլը չքանում է

ու այս թվացյալ անավարտ շղթայում
միայն առանձնացնել է հնարավոր ի ծնե մեզ տրվածներին

(եթե իհարկե բախտը ժպտում է
և նրանք չեն բռնանում մեզ)

իսկ մենք ժառանգված ռոմանտիկ գիտակցությամբ
հաճախ շարունակում ենք ընտրել նրանց
ովքեր վաղուց մեզ այլևս չեն ընտրում

«Թվում է – / մենք ենք պահում երկրագունդն այս / ես – թելի մի ծայրից բռնած / դու – մյուս»։ Հետո պատմողը և պատմվողը, որին Համլետը գրքում կոչում է «գիտակցող», կարողանում են հավաքել թելը, կծկել մեծ երկրագունդը և տեղավորել սրտում, ինչպես որ նկարել է Լիլիթ Ալթունյանը։

Իսկ ամփոփվա՞ծ է այս ամենը մեկ բանաստեղծությամբ։ Իհարկե։ Ահա այն․

լռեցրեք ձայները —

խուսանաված բառերը վերծանվում են
դրանց կոսմիկական հմայք է ժառանգվում

լռեցրեք մտքերը —

իմ փոխարեն կգրեն
իսկ ես երկատվությունից կյանքի ու հոգու
կծառայեմ փոխանցմանն ու կդառնամ կամուրջ

կլռեն ձայները —

հրեշտակի հանգույն կստեղծվի նոր լաց
կճչա մանուկը ներսում
կխնդրենք դադար —

թող կանգնի մտքերի այս հոսքը
միայն թե նորից լսեմ քեզ

լռեցրեք ձայները —

բարձրաձայն արվեստն է խոսում
իսկ ձեր մտքում հարցեր են

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *