Հարցազրույց Գաբրիել Գարսիա Մարկեսի հետ

Հատված Գաբրիել Գարսիա Մարկեսի` «The Paris Review» պարբերականին տված հարցազրույցից, hարցազրույցը վարել է Փիթեր Սթոունը 

Մարկեսի հետ զրուցեցինք հենց իր արվեստանոցում, որը Սան Անխել Իննում գտնվող նրա տան հետնամասում էր: Սա մի հին և գեղեցիկ թաղամաս է` լի Մեխիկո քաղաքի տպավորիչ ու գունագեղ ծաղիկներով: Արվեստանոցը նրա տնից մի քանի քայլ հեռավորության վրա էր: Թեթևորեն ձգվող այս շենքը սկզբնապես կարծես նախագծված է եղել որպես հյուրատուն: Ներսում կար անկյունում դրված բազմոց, երկու բազկաթոռ, ժամանակավոր բար, սպիտակ փոքրիկ սառնարան` վերևում ջրի հարմարությամբ:

Ամենազարմանալին սենյակում հենց իր` Գաբրիել Գարսիայի խոշոր նկարն էր. ոճային գլխարկ հագած կանգնել էր ինչ-որ քամոտ և ամայի վայրում, նայում էր Էնթոնի Քուինի հայացքով:

Գարսիա Մարկեսը նստած էր իր արվեստանոցի վերջում դրված գրասեղանի մոտ: Նա թեթևաքայլ ու աշխուժորեն մոտեցավ ինձ՝ ողջունելու: Ամրակազմ էր, մոտավորապես հարյուր յոթանասուն սանտիմետր հասակով, նման էր միջին քաշային լավ մարտիկի`լայն կրծքավանդակով, բայց մի փոքր բարակ ոտքերով: Հագուստի ոճը առօրյա էր` ազատ տաբատ, բարձր կիպ օձիքով սվիտեր և կաշվե սև կոշիկներ: Մազերը մուգ շագանակագույն էին, գանգուր, ուներ նաև առողջ բեղեր: 

Հարցազրույցը տեղի ունեցավ երեք երեկոյան հանդիպումներից կազմված կուրսի ընթացքում, իսկ հանդիպումներից յուրաքանչյուրը մոտավորապես երկու ժամ էր ձգվում: Չնայած բավականին ազատ խոսում էր անգլերեն, բայց նախընտրեց հիմնականում խոսել իսպաներեն, իսկ նրա երկու որդիները թարգմանեցին: Երբ Գարսիա Մարկեսը խոսում էր, նրա մարմինը հետ ու առաջ էր ճոճվում, մշտապես շարժման մեջ գտնվող ձեռքերը փոքր բայց վճռական ժեստեր էին անում՝ ընդգծելու համար ասված միտքը: Նա նախ հակվում էր դեպի խոսողը, ապա ոտքերը խաչելով հետ էր նստում, երբ մտածելով խոսում էր:

Փ.Թ.-Ի՞նչ կասեք, եթե ձայնագրիչ օգտագործենք:

Գ.Գ.Մ.- Երբ զգում ես, որ հարցազրույցը ձայնագրվում է, կեցվածքդ փոխվում է. սա է խնդիրը: Ես, օրինակ, միանգամից ընդունում եմ պաշտպանողական դիրք: Որպես լրագրող զգում եմ, որ դեռ չենք սովորել ինչպես օգտագործել ձայնագրիչը հարցազրույց անելու համար: Լավագույն տարբերակը, կարծում եմ, երկար զրուցելն է առանց նշումներ անելու: Այնուհետ լրագրողը պիտի վերհիշի զրույցն ու թղթին հանձնի որպես զգացած տպավորություն, առանց անգամ կիրառելու լրիվ նույն բառերը: Մյուս օգտակար մեթոդը գրառումներ անելն է և ապա դրանք մեկնաբանելը` հարցազրույց տվողին որոշակիորեն հավատարիմ մնալով: Ամեն ինչ ձայնագրելու առումով հունից հանում է այն, որ այն հարգալից չէ հարցազրույց տվողի հանդեպ, որովհետև ձայնագրում է և հիշում անգամ այն պահը, երբ դու հիմար վիճակներում ես եղել: Ահա թե ինչու, երբ կա ձայնագրիչ, գիտակցությունս արթուն է, որ հարցազրույց եմ տալիս, երբ չկա այն, խոսում եմ բնազդաբար և կատարյալ բնական ձևով:

 Փ.Թ.Ես սկսեցի ինձ մեղավոր զգալ, բայց կարծում եմ` այս տեսակի հարցազրույցի համար մենք հավանաբար ունենք դրա կարիքը: 

Գ.Գ.Մ. – Ամեն դեպքում ես այս ամենն ասացի ձեզ պատշտպանողական դիրքում դնելու համար:

Փ.Թ.- Այսինքն դուք երբևէ չեք գործածե՞լ ձայնագրիչ հարցազրույց անելիս:

Գ.Գ.Մ.– Որպես լրագրող ես այն երբեք չեմ կիրառել: Ես ունեմ որակյալ ձայնագրիչ, բայց օգտագործում եմ երաժշտություն լսելու համար: Բացի այդ որպես լրագրող ես երբեք հարցազրույց չեմ վերցրել: Արել եմ ակնարկներ, բայց ոչ երբեք զրույց հարցերով ու պատասխաններով:

Փ.Թ.- Ես գիտեմ հայտնի հարցազրույցի մասին մի նավաստու հետ, որը նավաբեկության էր ենթարկվել:

Գ.Մ.- հարցեր ու պատասխաններ չկային: Նավաստին ինձ ուղղակի պիտի պատմեր իր արկածները, և ես պիտի վերաշարադրեի դրանք` փորձելով գործածել նրա սեփական բառերը և գրեի առաջին դեմքով` ասես հենց ինքն էր գրողը: Երբ աշխատանքը թերթում հրապարակվեց որպես շարք` երկու շաբաթվա ընթացքում ամեն օր մի հատված, ստորագրվեց նավաստու անունը, ոչ թե` իմ: Այդպես մինչև քսան տարի անց վերահրատարակվեց, և մարդիկ բացահայտեցին, որ ես եմ գրել: Որևէ խմբագիր չէր նկատել, որ այն լավն է, մինչև չգրեցի «Հարյուր տարվա մենությունը»:

Փ.Թ.- Քանի որ սկսեցինք խոսել լրագրությունից, ինչպե՞ ս եք զգում այդ դաշտ նորից վերադառնալով, այդքան երկար ժամանակ միայն վեպեր գրելուց հետո: Աշխատում եք ուրի՞շ զգացողությամբ, կամ ուրի՞շ հայացքով:

Գ.Գ.Մ.- Ես միշտ համոզված եմ եղել, որ իմ ճշմարիտ մասնագիտությունը լրագրությունն է: Այն ինչ նախկինում չեմ սիրել լրագրության հետ կապված, աշխատանքային պայմաններն են եղել: Բացի այդ ես պիտի իմ մտքերը պայմանավորեի թերթի հետաքրքրությունների շրջանակով: Հիմա երբ որպես գրող եմ աշխատել և ֆինանասական անկախություն եմ ստացել որպես վիպասան, ես իրոք կարող եմ ընտրել թեմաներ, որ հետաքրքրում են ինձ, և համապատասխանեցնել իմ գաղափարներին: Ամեն դեպքում ինձ մեծ հաճույք է պատճառում լրագրողական որևէ հրաշալի նյութ ստեղծելու հնարավորությունը:

Փ.Թ.-Ո՞րն է լրագրողական հրաշալի նյութը:

Գ.Գ. Մ.-Ջոն Հերսեյի «Հիրոսիմա»-ն բացառիկ նյութ է:

Փ.Թ.- Կա՞ մի հատուկ պատմություն, որ այսօր կուզենայիք պատմել:

Գ.Գ.Մ.- Շատ պատմություններ կան, դրանց մի մասը իրականում ես գրել եմ: Պատմել եմ Պորտուգալիայի, Կուբայի, Անգոլայի և Վիետնամի մասին: Շատ կուզենայի գրել նաև Լեհաստանի մասին: Կարծում եմ` եթե կարողանամ հստակ ներկայացնել, թե այնտեղ ինչ է կատարվում, մի կարևոր պատմություն կստեղծվի: Բայց հիմա Լեհաստանում շատ ցուրտ է, իսկ ես մի լրագրող եմ, որը սիրում է հարմարավետություն:

Փ.Թ.- Կարծում եք` վեպը կարող է ինչ-որ բան անել, որ լրագրությունը չի կարող:

Գ.Գ. Մ.- Ոչ մի բան: Կարծում եմ որևէ տարբերություն չկա, աղբյուրն ու նյութը նույնն են, միջոցներն ու լեզուն նույնն են: Դանիել Դեֆոյի «Ժանտախտային տարվա օրագիրը» հրաշալի վեպ է, իսկ «Հիրոսիման»` լրագրական հրաշալի աշխատանք:

Փ.Թ.- Արդյոք վիպագիրն ու լրագրողը ունեն տարբեր տեսակի պատասխանատվություն՝ ճշմարտությունն ընդդեմ երևակայության հակադրությունը հավասարակշռելու առումով:

Գ.Գ.Մ.- Լրագրության մեջ մի կեղծ փաստը կարող է վնասել ողջ աշխատանքը, և հակառակ դրան գեղարվեստական գրականության մեջ մի ճշմարիտ փաստը օրինականություն է տալիս ողջ գործին: Սա է միակ տարբերությունը, և այն ընկած է գրողական հավատարմության հիմքում: Վիպագիրը կարող է գրել ինչ ուզում է այնքան ժամանակ, քանի դեռ ընթերցողին ստիպում է հավատալ դրան:

Փ.Թ.- Մի քանի տարի առաջ տված հարցազրույցում դուք հետադարձ հայացք եք նետում լրագրողական անցյալին ակնածանքով, թե որքան արագ էիք նախկինում գրում

Գ.Գ.Մ Գրելը դժվարացել է, ընդ որում թե´ վեպեր, թե´ հոդվածներ: Երբ թղթակցում էի լրագրերի, ամեն բառի համար այդքան չէին անհանգստանում, որքան հիմա: Երբ աշխատում էի Բոգոտայի «El Espectador»-ի համար, շաբաթվա ընթացքում ամենաքիչը երեք նյութ էի գրում, երկու կամ երեք խմբագրական գրառումներ ու կինովերլուծություններ: Երբ գիշերը բոլորը տուն էի գնում, ոտքս կախ էի գցում՝ իմ վեպերը գրելու համար: Սիրում էի լինոտիպ մեքենաների աշխատանքը, որ անձրևի ձայն էր հիշեցնում: Երբ դրանք կանգնում էին, երբ ես լռության մեջ էի մնում, չէի կարողանում աշխատել: Հիմա արդյունքը համեմատաբար փոքր է: Արդյունավետ աշխատանքային օրվա մեջ առավոտյան իննից մինչև կեսօրվա երկուսը կամ երեքը, ես կարողանում եմ գրել չորս-հինգ տողից կազմված փոքր պարբերություն, որը սովորաբար պատռում եմ հաջորդ օրը:

 Փ.Թ.- Այդ փոփոխությունը ձեր գործերի հռչակվելու արդյունքն էր, թե՞ որևէ քաղաքական պարտավորության:

Գ.Գ.Մ.-Երկուսն էլ դեր ունեն: Ենթադրում եմ` միտքը, որ գրում եմ շատ ավելի շատ մարդկանց համար, քան կարող էի պատկերացնել, ստեղծել է հստակ հիմնական պատասխանատվություն, որ գրական է ու քաղաքական: Անգամ հպարտության տարր կա այս խնդրի մեջ, որովհետև չեմ ուզում զիջել նախորդ արածներիցս:

Փ.Թ.-Ինչպե՞ ս եք սկսել գրել:

Գ.Գ.Մ.- Նկարելով: Մուլտեր նկարելով: Մինչև գրել ու կարդալ կարողանալս ես կոմիքսներ էի նկարում դպրոցում և տանը: Զվարճալին այն է, որ հիմա եմ հասկանում, որ ավագ դպրոցում սովորելիս գրողի համբավ ունեի, չնայած իրականում դեռ ոչինչ չէի գրել: Պամֆլետ կլիներ կամ միջնորդագիր, ես էի, որ պիտի անեի այդ գործը, որովհետև ենթադրյալ գրողը ես էի: Երբ մտա քոլեջ, ունեի գրականության իմացության լավ հիմք, ընդհանուր առմամբ զգալիորեն բարձր ընկերներիս իմացության մակարդակից: Բոգոտայի համալսարանում նոր ընկերներ ու ծանոթներ ունեցա, ովքեր ինձ ծանոթացրին ժամանակակից գրողների: Մի գիշեր ընկերներիցս մեկը տվեց Ֆրանց Կաֆկայի պատմվածքների ժողովածուն: Գնացի այն հանրակացարան, որտեղ մնում էի ու սկսեցի կարդալ «Կերպարանափոխությունը»: Առաջին տողը համարյա գցեց ինձ մահճակալից: Շատ էի ապշել: Այդ տողն այսպես էր. «Երբ Գրեգոր Զամզան մի առավոտ անհանգիստ երազներից արթնացավ, տեսավ, որ անկողնում սարսափելի ուտիճի է վերափոխվել»։ Երբ այս տողը կարդացի, մտածեցի, որ չգիտեմ ուրիշ գրողի, որ այսպես գրեր: Եթե ավելի վաղ ճանաչեի, ավելի շուտ կսկսեի գրել: Այսպես ես անմիջապես սկսեցի պատմվածքներ գրել: Դրանք մաքուր ինտելեկտուալ պատմվածքներ էին, որովհետև գրում էի ընթերցողական փորձառությանս հիմքի վրա և դեռ չէի գտել գրականությունն ու կյանքը կապող օղակը: Պատմությունները տպվեցին «El Espectador» պարբերականի գրական հավելվածում և այդ ժամանակ ունեցան որոշակի հաջողություն, որովհետև Կոլումբիայում որևէ մեկը հավանաբար ինտելեկտուալ պատմվածքներ չէր գրել: Հիմնականում գրվում էր արվարձանային ու սոցիալական կյանքի մասին: Երբ գրեցի առաջին պատմվածքներս, ինձ ասացին, թե դրանք Ջոյսի ազդեցությունն են կրում:

Փ.Թ.- Իսկ դուք Ջոյսի գործերին արդեն ծանո՞ թ էիք:

Գ.Գ.Մ.- Ես երբեք Ջոյս չէի կարդացել, դրա համար սկսեցի «Ուլիսես»-ը կարդալ: Կարդացի իսպաներեն հասանելի միակ տարբերակը: «Ուլիսես»-ի անգլերեն ու ֆրանսերեն ընտիր թարգմանությունները կարդալուց հետո հասակացա, որ իսպաներեն սկզբնական թարգմանությունը շատ վատն էր: Բայց սովորեցի բաներ, որ շատ օգտակար եղան ապագա գործերիս համար` ներքին մենախոսության տեխնիկան: Վիրջինիա Վուլֆի գործերում էլ տեսա սա, և սիրեցի այն ձևը, որ նա կիրառում էր Ջոյսից լավ: Չնայած հետագայում գլխի ընկա, որ մարդը, որ ստեղծել էր ներքին մենախոսությունը , «Լասարիլյո Տորմեսցու կյանք»-ի անանուն հեղինակն էր:

Փ.Թ.-Կարո՞ ղ եք թվել անուններ, որ ազդեցություն են ունեցել ձեր վաղ շրջանի վրա:

 Գ.Գ.Մ.- Նրանք, ովքեր ինձ իսկապես օգնեցին ազատվել իմ ինտելեկտուալ մոտեցումից պատմվածքների առումով, ամերիկյան «Կորուսյալ սերնդի» գրողներն էին: Ես հասկացա, որ նրանց գրականությունը հարաբերվում է կյանքին, իսկ իմ պատմվածքները` ոչ: Ապա կյանքումս մի իրադարձություն եղավ, որը կարևոր էր այդ մոտեցման առումով: Երբ Բոգոտայում 1948 թվականի ապրիլի իննին կրակեցին քաղաքական առաջնորդ Գայտանի վրա, և խելագարված Բոգոտայի ժողովուրդ դուրս էր եկել Բոգոտայի փողոցներ: Ես իմ հանրակացարանում էի ու պատրաստվում էի ճաշելու, երբ լսեցի նորությունները: Վազեցի դեպքի վայր, բայց Գայտանին արդեն տաքսիով տարել էին հիվանդանոց: Հետդարձի ճանապարհին տեսա, որ մարդիկ արդեն փողոցներում են ու սկսել են ցույց անել, կողոպտել խանութներ ու այրել շենքեր: Ես միացա նրանց: Այս կեսօրին ու երեկոյան ճանաչեցի, թե ինչ տեսակ երկրում եմ ապրում, և ինչքան քիչ կապ ունեին պատմվածքներս այդ իրականության հետ:

Հետո երբ ստիպված եղա վերադառնալ Կարիբյանի ափին գտնվող Բառանկիլյա քաղաք, որտեղ անցել էր մանկությունս, գիտակցեցի կյանքի այն տեսակը, որ ապրել էի, ճանաչում էի և ցանկացա պատմել դրա մասին:

 1950 կամ 51 թվականին էլի մի բան տեղի ունեցավ, որ ազդեցություն թողեց գրական հակումներիս վրա: Մայրս խնդրեց ուղեկցել դեպի Արակատակա, որտեղ ես ծնվել էի, և վաճառել այն տունը, որտեղ անցել էին կյանքիս առաջին տարիները: Երբ հասա այնտեղ, առաջին զգացողությունը ցնցումն էր, որովհետև քսաներկու տարեկան էի ու չէի եղել այնտեղ ութ տարեկանից հետո: Որևէ էական բան չէր փոխվել, բայց ես զգացողություն ունի, որ ոչ թե իսկապես նայում եմ գյուղին, զգում եմ պահը այնպես, ասես կարդում եմ այն: Թվում էր, թե ինչ տեսա, արդեն գրված էր, ես պարզապես պիտի նստեի ու վերարտադրեի այն, ինչ կար այնտեղ և այն, ինչ ես կարդացել էի: Գործնական նպատակներով ամեն ինչ վերածվեց գրականության` տները, մարդիկ և հիշողությունները:

Վստահ չեմ` արդյոք արդեն կարդացել էի Ֆոլքներ, թե` ոչ, բայց հիմա գիտեմ, միայն Ֆոլքների մեթոդը կարող էր հնարավորություն տալ գրել այն, ինչ տեսնում էի: Գյուղի մթնոլորտը, անկումայնությունը, տենդը մոտավորապես նույնն էին, որ ես զգում էի Ֆոլքների գործերի մեջ: Բանանի պլանտացիայի շրջանն էր, երբ մրգերի կազմակերպություններում աշխատող բազմաթիվ ամերիկացիներ էին բնակվում, և սա ստեղծում էր այն մթնոլորտը, որը ես տեսնում էի Ծայր հարավի գրողների մեջ: Քննադատները նշել են Ֆոլքների գրական ազդեցության մասին, բայց դա համընկնում եմ համարում: Ես պարզապես գտա նյութ, որի հետ աշխատում էի այն եղանակներով, որոնցով աշխատում էր նաև Ֆոլքները նմանատիպ նյութի վրա:

Գյուղ կատարած ճամփորդությունից եկա գրելու «Թափված տերևներ»-ը` իմ առաջին վեպը: Իրականում Արակատակայում ես հասկացա, որ մանկությանս ժամանակ տեղի ունեցած ամեն ինչ ունի գրական արժեք, որը միայն այդ ժամանակ սկսեցի գնահատել: Այն պահից երբ ես սկսեցի գրել «Թափված տերևներ»-ը, գիտակցեցի, որ ուզում եմ դառնալ գրող, և որևէ մեկը չի կարող կանգնեցնել, ինձ մնում էր փորձել դառնալ աշխարհի լավագույն գրողներից մեկը: Այն ժամանակ դեռ 1953 թվականն էր, միայն 1967 թվականին ստացա իմ առաջին հոնորարը` ութ գրքերիցս հինգը գրելուց հետո: 

 Փ.Թ.- Կարծո՞ւմ եք շատ երիտասարդ գրողներ են մերժում իրենց մանկության ու փորձառության արժեքը և ինտելեկտուալացնում, ինչպես դուք եք արել սկզբնական շրջանում:

Գ.Գ.Մ-Ոչ, գործընթացը հակառակ ուղղությամբ է գնում, բայց եթե երիտասարդ գրողին խորհուրդ տալու հնարավորություն ունենայի, կասեի, որ գրի իր հետ պատահածի մասին: Միշտ հեշտ է հասկանալ արդյոք գրողը պատմում է իր հետ պատահածի մասին, թե իր կարդացածի ու լսածի: Պաբլո Ներուդան բանաստեղծության մեջ մի տող ունի.«Աստված փրկի ինձ հնարելուց, երբ երգում եմ»: Միշտ ապշում եմ, որ գործերս գովաբանում են երևակայության համար, այնինչ ճշմարտությունն այն է, որ չկա անգամ մի տող, որ իրականության մեջ հիմք չունենա: Խնդիրն այն է, որ Կարիբյան իրականությունը նման է վայրի երևակայության:

Փ.Թ.Այս առումում ո՞ւմ համար եք գրում: Ո ՞վ է ձեր ընթերցողը:

Գ.Գ.Մ.- «Թափված տերևներ»ը գրեցի ընկերներիս համար, որոնք օգնում էին ինձ, իրենց գրքերն էին տալիս և ոգևորված էին իմ աշխատանքով: Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ սովորաբար գրում ես ինչ-որ մեկի համար: Երբ գրում եմ, միշտ ունեմ այն գիտակցումը, որ այս մի ընկերս կհավանի սա, իսկ այն մյուս ընկերս կհավանի այս պարբերությունը կամ հատվածը, միշտ մտածում եմ կոնկրետ մարդկանց մասին: Ի վերջո բոլոր գրքերը գրվում են ընկերներիդ համար: «Հարյուր տարվա մենությունը» գրելուց հետո առաջացել է խնդիր, որ չգիտեմ այն միլիոնավոր մարդկանց, որոնց համար գրում եմ, դա ինձ անհանգստացնում է ու ճնշում: Ասես միլիոնավոր աչքեր քեզ են նայում, և դու իրականում չգիտես, թե նրանք ինչ են մտածում:

Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Երանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *