Խորխե Լուիս Բորխես | Հատվածներ պարականոն Ավետարանից


3. Դժբախտ է հոգով աղքատը, որովհետև հողի տակ լինելու է այն, ինչ հիմա հողի վրա է:
4. Դժբախտ է սգավորը, որովհետև հեծեծանքի ողորմելի սովորություն ունի:
5. Երջանիկ են նրանք, ովքեր գիտեն, որ տառապանքը փառքի պսակ չէ:
6. Բավարար չէ վերջինը լինել երբևէ առաջինը լինելու համար:
7. Երջանիկ է նա, ով չի պահանջում իր իրավացիությունը, քանի որ, ոչ ոք իրավացի չէ, կամ բոլորն են իրավացի:
8. Երջանիկ է նա, ով ներում է ուրիշներին և ով ներում է ինքն իրեն:
9. Երանելի են հեզերը, որովհետև չեն տրվում գժտությանը:
10. Երանելի են նրանք, ովքեր ծարավ չեն արդարության, որովհետև գիտեն, որ մեր բախտը՝ աղետավոր կամ բարեգութ, վիճակված է անիմանալի դիպվածով:
11. Երանելի են ողորմածները, որովհետև նրանց ուրախությունը ողորմածության մեջ է, ոչ թե շահի:
12. Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև տեսնում են Աստծուն:
13. Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև արդարությունը նրանց համար ավելին է, քան մարդկային ճակատագիրը:
14. Ոչ ոք երկրի աղը չէ, ոչ ոք իր կյանքի որևէ պահի այն չի լինում:
15. Թո՛ղ ճրագի լույսը վառվի, նույնիսկ եթե ոչ մի մարդ այն չտեսնի: Աստված կտեսնի:
16. Չկան անխախտ պատվիրաններ, այդ թվում՝ նրանք, որ ասում եմ ես և որ ասել են մարգարեները:
17. Եթե մեկը սպանի արդարության համար կամ էլ նրա համար, ինչը համարում է արդարացի, նա մեղավոր չի լինի:
18. Մարդկային գործերը արժանի չեն ոչ գեհենի կրակին, ոչ էլ երկնքին:
19. Մ՛ի ատիր թշնամունդ, քանզի եթե ատում ես, ինչ-որ առումով նրա ստրուկն ես: Քո ատելությունը երբեք ավելի լավը չի լինի քան քո խաղաղությունը:
20. Երբ քո աջը գայթակղում է քեզ, ներիր նրան: Դու և մարմին ես և հոգի: Դժվար է կամ անհնար է որոշել նրանց սահմանը:

24. Ճշմարտությունից կուռք մի արարիր: Չկա մարդ, որ ստիպված չլինի օրվա ընթացքում արդարացիորեն ստել:
25. Մի երդվիր, որովհետև ամեն երդում վերամբարձ է:
26. Հանդիմանի՛ր չարին, բայց առանց զարմանքի և զայրույթի: Եթե մեկը քո աջ այտին ապտակ տա, կարող ես մյուսն էլ դարձնել, միայն թե ոչ վախից:
27.Ես չեմ խոսում ոչ վրեժի և ոչ էլ ներման մասին: Մոռացությունն է միակ վրեժը և միակ ներումը:
28. Քո թշնամուն բարիք անելը կարող է արդար գործ լինել և դժվար չէ: Նրան սիրելը հրեշտակների գործ է, ոչ թե մարդկանց:
29. Քո թշնամուն բարիք գործելը սնափառությունդ շոյելու լավագույն ձևն է:
30. Գանձեր մի դիզեք երկրի վրա, որովհետև ոսկին զվարճություն է բերում, իսկ զվարճությունը`տխրություն և ձանձրույթ:
31. Մտածիր, որ ուրիշները արդարացի են, կամ էլ կարող են լինել, իսկ եթե այդպես չէ, ապա դու մեղք չունես:
29. Աստված մարդկանցից ավելի առատաձեռն է և նրանց այլ չափով է չափելու:
33. Սրբությունը տվեք շներին, մարգարիտները փռեք խոզերի առջև: Կարևորը տալն է:
34. Փնտրի՛ր որոնման, ոչ թե գտնելու վայելքի համար:
39. Դուռն է ընտրում, ոչ թե մարդը:
40. Իր պտղից չէ ճանաչվում ծառը, իսկ մարդը` գործերից: Դրանք կարող են և ավելի լավը լինել և վատը:
41. Ոչինչ կառուցված չէ քարի վրա, այլ` ավազի, միայն թե մեր պարտքն է կառուցել այնպես, կարծես թե ավազը քար է:

47. Երջանիկ է նա, ով աղքատ է առանց դառնության և հարուստ է առանց սնափառության:
48. Երջանիկ են անվախները, որոնք նույն ոգով ընդունում են և՛ պարտությունը, և՛ դափնիները:
49. Երջանիկ են նրանք, ովքեր հիշում են Վերգիլիուսի և Քրիստոսի խոսքերը, որովհետև այդ խոսքերը կլուսավորեն նրանց օրերը:
50. Երջանիկ են նրանք, ովքեր սիրում են և սիրված են և նրանք, որ կարող են ապրել առանց սիրո:
51. Երջանիկ են երջանիկները:

Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *