Գուստավո Ադոլֆո Բեկկերը (իսպ. ՝ Gustavo Adolfo Bécquer, իսկական անունը՝ Գուստավո Ադոլֆո Դոմինգես Բաստիդա) իսպանացի բանաստեղծ է և արձակագիր, ուշ ռոմանտիզմի ներկայացուցիչ, ով կարևոր ներդրում է ունեցել նշված ուղղության զարգացման գործում։ Պոեզիայի զգացմունքային, պարզ արտահայտչականության միջոցով խոր ազդեցություն թողնելով հետագա սերունդների ստեղծագործության վրա՝ Բեկկերը համարվում է ժամանակակից իսպանական քնարերգության հիմնադիրներից մեկը։ Ընդամենը երկու հատորում ընդգրկելի գրական ժառանգությունը բաղկացած է սակավաթիվ պիեսներից, հոդվածներից ու տեսական նյութերից («Իսպանիայի տաճարների պատմությունը», որի միայն մեկ հատորն է լույս տեսել), նամակագրական ժանրի երկու ստեղծագործությունից («Գրական նամակներ մի կնոջ», «Նամակներ իմ խցից»), լեգենդներից և բանաստեղծություններից։
Հավերժական սեր
Արեգակը կարող է հավերժ մշուշվել,
Ծովը կարող է չորանալ մեկ ակնթարթում,
Երկրագնդի առանցքը կարող է կոտրվել,
Ինչպես մի նուրբ հախճապակի:
Ամեն ինչ կարող է պատահել:
Մահը կարող է ծածկել ինձ իր սգո շղարշով,
Սակայն իմ մեջ երբեք,
Երբեք չի հանգչի քո սիրո հուրը:
***
Ինչ-որ ժամանակ ես նրան կհանդիպեմ այս աշխարհում,
և նա կանցնի իմ կողքով,
և նա կանցնի ժպիտով և ես նրան կասեմ.
-Դուք ինչպե˚ս եք կարողանում ժպտալ:
Հետո իմ շուրթերին կհայտնվի մի ուրիշ ժպիտ`
ցավով ծպտված
և այդ պահին կմտածեմ. ‹‹Գուցե նա էլ ժպտում է այնպես, ինչպես ես››:
***
Քո աչքերին հայտնվել էր մի արցունք,
իսկ իմ շուրթերին ներում հայցող մի խոսք,
խոսեց հպարտությունը և չորացավ արցունքը,
և շուրթերիցս խոսքն անհետացավ:
Ես գնում եմ մեկ այլ ճամփով, նա` մեկ այլ,
սակայն, մտածելով մեր փոխադարձ սիրո մասին,
ես դեռ ասում եմ. ‹‹Ինչու˚ լռեցի այն օրը››,
Իսկ նա կասի. ‹‹Ինչու˚ լաց չեղա ես››:
***
Այսօր երկիրն ու երկինքը ժպտում են ինձ,
Այսօր արևը հասնում է մինչև հոգուս խորքը,
Այսօր նրան տեսել եմ… Տեսա նրան, և նա ժպտաց….
Այսօր հավատում եմ աստծուն:
***
-Ի˚նչ է պոեզիան,-հարցնում ես ինձ`
մինչ կապույտ աչքերդ հառում ես աչքերիս,
-Ի՜նչ է պոեզիան,- հարցնում ես ինձ…
Պոեզիան…. դու ես:
Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի