Սուրեն Սարումյան | Հավիտենաբար ձգված վրեժը

Սուրեն ՍարումյանՊապ թագավորին վիճակված վրեժը

Վերջին ամիսներին՝ վախի, սպասման, սովի անվերջանալի օրերով ու ձեռնարկածս գործն ավարտին հասցնելու անհագ տենչով հագեցած ամիսներին թաքնվել էի լեռներում կորած մի խստակյաց վանքում, որի ձյունապատ բակից հիմա լսվում է թագավորական պահնորդների հսկայամարմին ձիերի փնչոցն ու զենքերի շաչյունը: Երբ պահնորդների տասնապետը երկաթյա ձեռնոցի մեջ ամփոփված բռունցքով ուժգին բախեց մենաստանի դարպասը, ես գիտեի, որ արքունական բանտի տանջախցում մի քանի օրից պատմելու եմ ամեն ինչ, մատնելու եմ տարաբախտ եղբայրներիս ու արքայական դահիճի ականջին ուժասպառ շշնջալու եմ եկեղեցական գանձերի թաքստոցի տեղը՝ դառնալով մեր սուրբ եկեղեցու թուլացման դավի ակամա ու առանցքային մասնակիցը:
Ոչ իմ հոգևոր աստիճանը, ոչ մարմնով տկար լինելս, ոչ պատանեկան մտերմությունս Գազանի՝ իր նախնիների գահը պղծող արքայի հետ, չէին թուլացնելու կտտանքներիս ուժգնությունը: Հոդերս ոլորող ու անդամներս շիկացած աքցաններով հոշոտող դահիճն լինելու էր իր գործի քաջահմուտ վարպետ մեկը: Տանջախցի սևացած օճորքի տակ հնչելու էին բոլոր անունները: Եկեղեցու սրբատաշ, Սուրբ Լուսավորչի հիմնարկած կառույցը սասանվելու էր: Սասանվելու էր նաև միակ Աստծո ճշմարիտ հավատն ու նեխահոտի պես, գաղջ ծերպերից ու փտած խորշերից դուրս եկած մահաբեր բորբոսի պես մեր օրհնված երկրում կրկին տարածվելու էր հեթանոսությունը: Քրմերի երիցս նզովյալ դասը՝ լիալուսին գիշերներին մեկմեկու կանանց հետ անասունների նման խառնակվողների ու մերկ մարմինները ծաղիկներով զարդարող հարբեցողների անիծյալ դասը կրկին փորձելու էր, վայելքներն ու հողեղեն մարմնի ուժը գովերգելով, ժողովրդին շեղել միակ ճշմարիտ հավատի ուղուց ու նրանց հոգիները մատնել հավիտենական կորստյան չարչարանքներին:
Տառապյալ, բայց Աստծո կողմից օրհնյալ ազգը կործանելու այդ չարաղետ դավը նյութվում էր արքայի անունով, իրականություն դառնում նրա երկաթյա կամքի սպառազեն մունետիկների՝ հեծյալ պահնորդների ձեռքով, պետությունը հզորացնելու մասին ճառերի ու եկեղեցիների պատերին չարագույժ ստվերներ նետող ջահերի լույսի ներքո:
Գազանը՝ պարսիկների հետ, հեթանոս կրակապաշտների, մոգերի վիժվածքի, գինի ու կնոջ մեղսոտ մարմինը սիրողների, հաշիշ ու հեշտանք տենչացողների հետ մտերմություն որոնող արքան պետություն էր կարծում իր գահը, ժողովուրդ էր համարում իր տոհմը, տիրասպան ռամիկներին ու գիշերվա մթության մեջ իրենց իշխաններից ճողոպրած ճորտերին, որոնց համար մի հանցավոր քաղաքի կառուցում էր ձեռնարկել Գազանի անօրեն հայրը:
Ունեզրկված վանքեր: Կուսանոցներից հանված ու բիրտ զինվորների անկողինները նետված քույրեր: Օ, դժբախտ հովիվ, որի լեզուն պոկել են իր հոտի հետ խոսելը՝ անուշ քարոզներն ու ամոքիչ խրատը արգելելու համար: Չարիքին հանձնված երկիր: Հոգեզուրկ, նյութեղեն երկիր, ինչ է քո մարմնական զորացումը, որին հետամուտ է Գազանը, եթե ոչ պատրանք` մի օր պարսիկի կամ հռոմեացու կրունկի տակ տրորվելու համար:
Հոգուն մարմինը գերադասողներ, Աստծո հավերժական դրախտին, հավերժական փրկությանը վաղանցուկ ներկայի խաբկանքը գերադասողներ, արքայի ձեռնասուն շներ ու նրա սատանայական հերյուրանքների իրագործողներ, քիչ հետո հանձնվելու եմ ձեր ուժին՝ ձեր կրակին ու երկաթին՝ իմ դժոխքն անցնելով այս երկրի վրա, իսկ ձեր դժոխքը լինելու հավերժությունը:
Փույթ չէ, եթե արքան հաղթի Հռոմին ու Պարսկաստանին, փույթ չէ, եթե նա թագավորի մինչ իր երկրային օրերի վախճանն ու տեսնի իր զավակների ծնվելն ու զորանալը: Փույթ չէ, եթե արքան պարտվի Հռոմին ու Պարսկաստանին, փույթ չէ, եթե իր որդիների մորթվելը տեսնելուց հետո նա հավիտենական մոռացության դատապարտվի Անդմշըն բերդում:
Թագավորի փառքն ու մյուս թագավորի՝ նրա համար հորինած մոռացությունը պարփակվում են մարդկային կյանքի խղճուկ սահմաններում: Խղճուկ են երկրային արքաները, ողբալի են իրենց ուժն ու փառքը բարձրացնողները, կույր են չորացած տերևներին ու ժայռերի արանքում պտտվող քամուն ապավինողները, իսկ իմ վրեժը՝ Աստծո ներշնչած վրեժը ձգվելու է մինչ հավիտենականության եզրը:
Գազանին բազմաթիվ անգամներ կարող էինք սպանել. նրա գավաթի մեջ դավադիր ձեռքով լցված մի պտղունց թույնը, որսի ժամանակ մացառուտից արձակված փետրավոր նետը, եղբայրներից մեկնումեկի ձեռքում չերերացած սուրը կարող էին ընդհատել արքայի խափանարար ընթացքը, սակայն սուրբ եկեղեցու վրեժը չէր կարող նսեմացնել իրեն ոճրագործությամբ: Կատարյալ վրեժը, ինչպես և կատարյալ սերը, պիտի նյութեղեն չլիներ: Անօրենի որդուն, գազանին ու հայհոյիչին, ուրացողին ու անառակին վրեժի հավիտենականությանը դատապարտելու համար անհրաժեշտ էր հղանալ մի մատյան, որի էջերից մեկում մանուկ արքայի հետ օրորոցում օձեր ու վիշապներ պիտի պառկեին, իսկ մյուսում արդեն հասուն այր դարձած արքան իր անկողնում պիտի տրվեր դիվային տարփանքին մերկանդամ, գեղեցկատես տղաների հետ:
Վրեժը կատարյալ դարձնելու համար անհրաժեշտ էր, որ մատյանը լրացվի նաև իմ մոտալուտ ու Գազանի դեռևս անկանխատեսելի, բայց հուսով եմ ոչ այնքան հեռու վախճանից հետո կատարված անցքերով, իսկ մատյանի հեղինակները՝ ժամանակի և տարածության մեջ երբեք մեկմեկու չհանդիպած քերթողները՝ սուրբ եկեղեցու վրեժի գործիքները, պիտի մոռացվեն: Ապագայի ընթերցողներին խճճելը սկսել եմ ես. մի քանի իրարամերժ ակնարկը իմ ծագման ու ազգության մասին, ժամանակային մի քանի անհամապատասխանությունը պիտի անհնարին դարձնեն մատյանի վայելչագեղ տողերի արանքում եկեղեցու վրեժի ընթերցումը: Հուսով եմ, որ ինձանից հետո գործս շարունակող եղբայրները, նրանք, որ դեռ պիտի ծնվեն ու առաքինի և իմաստուն այրեր դառնան մեր սուրբ կառույցի շուքի ներքո, գերազանցելու են ինձ: Միգուցե մի քանի մատյան ևս կգրվի: Միգուցե պատահականությունը մի հրաբորբ խարույկի վրա կայրի իմ քերթած մատյանը: Փույթ չէ: Վրեժը սկսվել է ու այդ վրեժը չի ավարտվելու: Տանջախուց մտնելու եմ հանգիստ խղճով: Կտտանքներին որոշ ժամանակ դիմանալ օգնելու է հավիտենաբար ձգված վրեժի մասին միտքը, հետո ուժահատ ձայնով մատնելու եմ եղբայրներիս:

Ժամանակին ի պահ տված վրեժը

Կիսամերկ մարմիններն ու կոպիտ, մսեղ դեմքերը մրապատած, արնամած ակնագնդերը մռայլորեն ոլորող մարտիկները մինչ գետանցման վայր պիտի հասնեին սողեսող: Գետի ալիքների խոլ հեծեծանքը, սահանքների կատաղի շառաչն ու ջրապտույտների չարագույժ վշշոցը խլացնում էին բավականին բազմամարդ ու անփութորեն առաջացող ջոկատի բոլոր ձայները: Գետափի քարերին խփվող նիզակների ու սրերի զրնգոցը, արմունկների ու ծնկների անզգույշ հպումներից գլորվող քարերը, քերծված ու այտուցված վերջույթների տերերի կատաղի հիշոցներն աէանում էին գետի հուժկու աղմուկի մեջ, ինչպես նրա սև ջրերում ընկղմված անաստղ երկինքը:
Գրոհից մի քանի օր առաջ ամպամած գիշերվա թիկնոցով փաթաթված անտեսանելի հետախույզները տնտղել էին գետանցման վայրը: Եղեգնուտի մոտ գետը լայնանում, հանդարտվում ու ծանծաղում էր: Հետախույզները երդվել էին, որ այդտեղ գետի խորությունը ավել է ջոկատի ամենաբարձրահասակ մարտիկի հասակից ճիշտ նրա կեսի չափով: Որոշել էին եղեգների չոր, ամուր պատերով ցողուններից շնչառական խողովակներ պատրաստել: Սուզանավի գյուտից ու հատուկ նշանակության ստորջրյա ստորաբաժանումների ի հայտ գալուց շատ հարյուրամյակներ առաջ՝ Քաղաքը պիտի սոսկահար լիներ եղեգնյա շնչափողերով զինված մի հանդուգն, վայրենի ջոկատի անսպասելի հարվածից:
Գետն օղակել էր Քաղաքի անպաշտպան փորն ինչպես անխոցելի կախարդական գոտի: Կամուրջներն ամեն երեկո բարձրացվում էին: Պահնորդական աշտարակների վրա տագնապահույզ թրթռում էին գիշերային կրակները: Զինավառ ժամապահներն աչալուրջ հետևում էին հորիզոնի հետևից արագորեն մոտեցող ու կարծես ուղիղ գետի եզրին կանգնող մթությանը: Հետևում էին վախով: Մթությունն իր հետ լպրծուն մաշկով չարքեր ու վառվող աչքերով հրեշներ էր բերում: Լռությունն արթնացնում, տափաստանը լցնում էր սարսափելի ձայներով: Մթության մեջ գալարվող հսկա կոկորդիլոսի պես իր մեջքն էր ուռցնում գետը: Գետի ալիքներից ակնթարթորեն դուրս ցատկած և արծաթափայլ թեփուկներով մի կարճ պահ առկայծած ու նորից սև ջրերում անէացած ձկները նմանվում էին երկնքից թափվող հուսաբեկ աստղերի: Աստղերի ու ձկների հետ կարծես գետի ջրերի մեջ էին ընկնում նաև ժամապահների սրտերն, ու սև ալիքների կատարներին սլանում հեռու-հեռուներ, ուր չկար բյուրավոր ձայներով սարսափեցնող գիշերը, ուր չկար մշտապես մշուշոտ լեռներում ապրող վայրենիների անողոք ու բարբարոս ցեղը:
Հիմա բարբարոսների կիսամերկ ջոկատը, գիշերվա պես սև, մրապատ մաշկով վայրենիների ջոկատը, օձերի նման գալարվելով, քաշ տալով երկար նիզակներն ու եղեգնի երկայն փողերը, մոտենում էր տափաստանի վրա ընկած մթության ու գետի մռայլ ջրերի սահմանին: Գետի սև ջրերի վրա կախված եղեգները երերում էին ինչպես զորաջոկատի սև դրոշները, երբ ջոկատը մարտի էր նետվում ցերեկով: Եղեգների միջով օձերի պես ճապուկ, լուռ ու մահաբեր սողում էին մրապատ մաշկով մարտիկները: Մոտենալով մթության ու գետի սահմանին՝ մեկ առ մեկ անհետանում սև ջրերում: Ջրից փոքր-ինչ դուրս ցցված շնչառական խողովակների կլորն ծայրերը դանդաղ ու զգույշ հատում էին մռայլ հետաքրքրությամբ իրենց տնտղող ալիքները: Գետի հատակին քայլող մարտիկները, կրծքներին ու մեջքերին զգալով իրենց դժկամորեն ընդունած գետի ճնշումը, ագահորեն ներծծում էին գիշերվա, տափաստանի, աստղերի ու եղեգնի համ ունեցող օդը:
Առաջինը ափ դուրս եկավ ջոկատի հրամանատարը ու, ասես ալիքների ափ նետած սև գերան, պառկեց լպրծուն քարերի վրա: Ալիքները ափ նետեցին նորանոր անմռունչ գերաններ՝ սարսափելիորեն կանոնավոր շարքով, անշարժ ու սպառնագին: Հետ առաջնորդի թույլ, թույն նետող օձի բարակ սուլոցին հլու՝ գերանները գալարվող վիշապներ դարձան ու արագ-արագ սողացին դեպի պահնորդական աշտարակները:
Առաջին նետին բարակ, բայց ամուր պարան էր կապված: Առաջին նետը՝ գետի ձայնի մեջ անլսելի ու գիշերվա մեջ՝ անտես, անհետացավ պահնորդական աշտարակի հրակնատներից մեկում: Սևամորթ մարտիկը ձգեց պարանի ծայրից, նետը դեմ ընկավ հրակնատի եզրերին, ու բարակ պարանով արագորեն վեր սողացին ջոկատի փոքրամարմին, բայց ճարպիկ երեք մարտիկներ: Գիշերվա ու վաղնջական վախերի խորքից պահնորդների կոկորդները խրված դանակներն անաղմուկ ու վարժ արեցին իրենց գործը: Թեթևակիորեն ճոճված ջահն ազդարարեց պահնորդների մահն, ու ջոկատը սողաց դեպի քաղաքի շինությունների սրածայր ստվերները, որոնցից մեկի սև քառանկյան մեջ անխռով կանգնած էին իրենց սարսափազդու հեծյալներին սպասող արագավազ ուղտերը:
Ուղտերի թավամազ պարանոցների վրա կռացած վայրենիները՝ ասես անշշուկ ու անձև ուրվականներ, քիչ անց միախառնվեցին տարօրինակ ձայներով շնչող անապատին, դարձան նրա քամիներից մեկը՝ փոքր-ինչ հետո արքայական դամբարաններից մեկի վրա հարձակվելու և այնտեղ ամփոփված ննջեցյալի համար քուրմերի բաժին հանած սոսկալի վրեժն իրականացնելու համար:
Դամբարանում ամփոփված աճյունը, ով կենդանության օրոք արքա էր եղել, որին ոմանք փարավոն էին անվանում, երկրի վրա իր ախոյաններին խորտակելու համար մտադրվել էր երկնքում խորտակել հին աստվածներին: Աստվածների փառքը զորացնում էր փարավոնի ախոյանների անունը, աստվածներին մատուցվող զոհերը զորացնում էին փարավոնի ախոյանների մարմինը: Փարավոնը որոշել էր երկնքում թողնել միայն մեկ աստված՝ երկրի վրա նրա հայելային արտացոլանքը դառնալու համար: Ստրուկները բրիչներով քերել էին հին աստվածների ժայռապատկերները: Ստրուկները ոչնչացրել էին ժայռապատկերների վրա փորագրված սրբազան անունները: Դահիճները գլխատել էին ոչնչացված ու արգելված անուններն արտասանողներին:
Անապատում կառուցված արքայական դամբարանների պահապանները հսկայական, աստղերի ու անապատների, քամիների ու ժամանակի հետ զրուցող բուրգերն էին: Արքայական դամբարանների պահապանները զարհուրելի, իրեն նայողին քար ու մատների արանքով սորացող ավազ դարձնող Սֆինքսն էր: Արքայական դամբարանների պահապանները քուրմերի շշնջացած սոսկալի նզովքներն էին, որոնք տեղնուտեղը սպանում էին դամբարանի զմուռսե կնիքը ջարդող կարճամիտներին:
Փարավոնին վրիժառության հավիտենականությանը դատապարտելու համար բավական էր գտնել աստվածների ցասումի առջև անխոցելի մարտիկների: Վրիժառու քուրմերի հայացքը շրջվել էր դեպի լեռները: Փարավոնի անունը գողանալու նպատակով վարձել էին գագաթների մշուշներում կորած անիրական աշխարհի վայրենիներին: Նրանց բարբարոս աշխարհում բուրգերը գոյություն ունենալ չէին կարող և ցերեկներն անապատի պես դեղին ու գիշերները խավարի պես սև, եռանկյունաձև սարեր էին: Նրանց աշխարհում Սֆինքսը լինել չէր կարող, կար առյուծի քարե մարմնին ամրացված քարե մարդկային գլուխ: Ամենից ահավոր նզովքները նրանց չէին կարող սպանել, որովհետև սոսկահար անող բառերի փոխարեն նրանց ականջին նզովքը հնչում էր որպես ուժահատ ծերունիների անհասկանալի քրթմնջոց:
Քարանձավների սրահներն իրար միացնող լպրծուն ու նեղ անցումներին սովոր վայրենու աչքերում բուրգի արգելված ընդերքը մի հերթական մութ սրահ էր, որի կենտրոնում դրված սարկոֆագի վրա դանակի մի քանի վարժ շարժումները աստվածների դեմ ապստամբած փարավոնին պիտի դատապարտեին հավիտենական մոռացության մարդկանց աշխարհում և անվերջանալի դեգերումների՝ աստվածների՝ անորոշ ստվերների ու մինչ հավերժություն երկարաձգվող վրեժի աշխարհում:
Երբ Էհնատոնի դամբարանից դուրս եկավ նրա անունը ոչնչացրած վայրենիների ջոկատի վերջին մարտիկը, ու քուրմերի վրեժին, փարավոններին և աստվածներին անտեղյակ ուղտերը շորորաքայլ անհետացան գիշերային անապատի հառաչուն ձայների մեջ, վարձկաններին թաքուն հետևող քուրմերը փակեցին ու խնամքով կնքեցին դամբարանի դուռը: Աստվածների հետ պայքարողին մարդկային վրեժ վիճակվել չէր կարող: Անարգված աճյունի պահապանը դարձավ ժամանակը, իսկ վրիժառության վայրը՝ պատմությունը:

Վրեժի մետաֆիզիկան

Գնդապետի աշխատասենյակի պատերը ներծծված էին փոշով և հնությամբ: Պաստառները գունաթափ էին, դեղնած՝ ասես մինչ առաստաղ բարձացած դարակներում շարված փաստաթղթերի թերթերը: Կաշվե բազկաթոռը՝ նոր ու փայլփլուն, օտար էր անցյալով ու կորուստների հուշերով լի այդ սենյակում: Ակներևաբար բազկաթոռն այնտեղ թյուրիմացաբար հայտնվել էր մի լուսավոր ու օդորակված աշխատասենյակից՝ իր շքեղ կաշին պատերի խունացած պաստառներին հակադրելու ու իր վրա նիրհող գնդապետի անկումը դիտողական դարձնելու համար: Գնդապետն իր անցյալի արձանն էր՝ վեհաշուք, բայց անպետք: Յուրաքանչյուր քոսոտ աղավնի կարող էր անպատիժ ծրտել Սրբազան Հռոմեական Կայսրության ինքնակալի քարե գլխին: Միջանցքով անցնող յուրաքանչյուր ենթասպա կարող էր անարգել գնդապետին՝ նրա հետ խոսելով անունով, ընտանեվարի:
Ներքին հեռախոսի զանգը գնդապետին ստիպեց բացել աչքերը: Վերցրեց ընկալուչն ու, լսելով ինքնագոհ ձայնի ծանոթ հնչյունները, խոժոռեց դեմքը: Ինքն ու գեներալ ….-ը միմյանց տանել չէին կարողանում: Ինքը, բնականաբար, ստիպված էր լինում խնամքով թաքցնել հակակրանքը: Գեներալն իր հրամանատարն էր, ու անթաքույց հակակրանքը նրա հանդեպ որոշ դեպքերում կարող էր համարվել նույնիսկ հանցագործություն պետական կարգի դեմ: Գնդապետը պետական հանցագործ չէր ու սովորաբար լռում էր, երբ իրեն նախատում էին կոպիտ ու անհեթեթ բառերով: Եթե հնարավոր լինել վերադառնալ անցյալ, երկու անտառապատ սարի արանքում ապագայից թաքնված զորամասում ապագա գեներալի երեսին չէր շպրտելու այն բառերը, որոնցից հետագայում ճյուղավորվելու էր իրենց քողարկված թշնամանքը:
Հեռախոսազրույցը տհաճ էր: Նախատինքները՝ ոչ արդարացի, ծանր: Անգամ բարևելիս գեներալը կարողանում էր ձայնի հնչերանգով ու դեմքի արտահայտությամբ հայհոյել գնդապետին: Նման պահերին սենյակի պատերը կատաղորեն ընդառաջ էին գալիս իրար, ու գնդապետը շնչահեղձ էր լինում՝ խեղդվելով դրանց արանքում:
Երբ գնդապետին ստորացրել էր կնոջ ու երեխաների ներկայությամբ, որոշել էր վրեժխնդիր լինել: Ծանոթացել էր հանրահայտ, հաջողված վրիժառությունների պատմությանը: Համոզվել էր, որ իր վրեժը չպիտի որևէ կերպ առնչվի գեներալի մարմնին: Անգամ գեներալի առևանգումն ու մի գաղտնի տանջախցում նրան վիճակված սոսկալի տառապանքները, կամ արագ, իսկ միգուցե և դանդաղ ու տանջալից մահը, բավարար չէին գնդապետի պատկերացրած վրեժի սահմաններում տեղավորվելու համար:
Տիեզերքի տեսանկյունից գեներալը մյուսներից ոչնչով չտարբերվող մի սովորական մարդ էր, ուտիճ, որին աստղերով, ժամանակով ու տարածությամբ լի անճանաչելին ճզմելու էր, երբ գար նրա ժամանակը:
Ուտիճին գեներալ էր դարձնում հասարակության լուռ համաձայնությունը: գեներալին կատարելապես պատժելու համար պետք էր նրան նորից դարձնել մարդ: Հարվածի թիրախը պիտի լիներ նրա մասին հուշը, հասարակական կարծիքը, նրա մասին պատկերացումը: Հարվածի թիրախը պիտի լինեին գեներալից դուրս հատկանիշները, որոնք նրա հետ որևէ կապ չունեին, սական որոնք հենց ինքն էին՝ գեներալը:
Գեներալից վրեժխնդիր լինելու համար գնդապետը որոշել էր ապագա սերունդներին թողնել մի համարձակ պատմվածք, որի գլխավոր հերոսի պատկերում ընթերցողը ճանաչելու էր երկու պատերազմների փառաբանված հերոսին:
Ընթերցողի զզվանքն ուժեղացնելու նպատակով գնդապետն իր պատմվածքում գեներալի կենսագրության մի քանի փաստը խեղաթյուրել էր: Մսավաճառի, իր կրպակում օղի խմող ու թղթախաղին տրված մարդու վերելքը պատերազմին զուգահեռ կազմավորվող բանակի համար սովորական բան էր ու ճշմարտացի, թեև մեր գեներալն իրականում երբեք միս չէր վաճառել: Արդեն գեներալական ուսադիրներ կրող հերոսին տարիներ անց նորից տարել էր մսավաճառի մի մեծ խանութ, որտեղ գեներալը սեփականատիրոջ իրավունքով գռեհկաբար կատակել էր գործակատարների հետ:
Մի ամայի տափաստանում գեներալի հաստավիզ թիկնապահները հետապնդել ու կիսամեռության չափ ծեծել էին նրա հետ մրցակցել փորձած ու խաբեությամբ վայրի աղավնիների որսի հրավիրված գործարարին:
Հետո աշխատավայրում զայրացած գեներալը հայտնվել էր մի շոգեբաղնիքում, ուր ճաղատ մի մարդ ուղեկցել ու շուրթերը տոչորված լպստող գեներալին էր հրամցրել սեփական կնոջը՝ նրա նախկին գործավարուհուն: Նույն շոգեբաղնիքում գեներալը մայր էր հայհոյել ու գարեջրի ծանր գավաթը նետել վախից դողացող մատուցողի վրա:
Պատմվածքի բոլոր դրվագներում գեներալը եղել էր ինքնահաճ, անողորմ ու սանձարձակ մարդ: Գնդապետի իրական թշնամուց շատ ավելի վատը: Իրականության խեղաթյուրումն արդարացվել էր գրական նկատառումներով: Գնդապետի կարծիքով չափազանցությունը և՛ վրեժի գործիք էր, և՛ պատկերավորման միջոց: Իր գրական վրեժը դժվարեցնող փոխաբերություններից գնդապետը զերծ էր մնացել, փոխարենը հաճույքով ընտրել ու կիրառել էր մակդիրները:
Պատմվածքը, որը դուր էր եկել գնդապետի մտերիմներից մի հայտնի գրականագետի՝ «Գրանշան» հանդեսի խմբագրին, թաքցրել էր դարակում: Գեներալի կենդանության օրոք տպագրելն անպատեհ էր համարել: Գրական վրեժի գործողության վայրը լինելու էր ապագան: Պատմվածքն ավարտելուց հետո գնդապետը զարմանքով հասկացել էր, որ գեներալի հանդեպ իր հակակրանքին խառնվել է խղճահարությունը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *