Սաթենիկ Ավետիսյան | Հայոց բառի տարագրությունը

Սաթենիկ Ավետիսյան

Սաթենիկ Ավետիսյան

Վարուժան Ոսկանյան, Սաթենիկ Ավետիսյան

Անվիճելի է՝ զորեղ են այն գրողները, որոնց տեսողության եզրագիծը նյութական աշխարհը չէ, որոնց ներքին աչքը ճեղքում է զուգահեռ իրականությունների սահմանները և վստահաբար հայտարարում՝ աշխարհի ճանաչելիությունը առարկայական կաղապարների ներսում չէ. Դեռ ավելին՝ նրանք մտքի զորությամբ հատում են մահկանացուին պարտադրված բոլոր արգելափակոցները և գեղակերպում անտեսնելին ու անիմանալին: Հայացքի ընդգրկման անսահմանության բացառիկ նմուշներից է Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպ-էպոպեան, իսկապես դարակազմիկ վեպ՝ սյուժետային հոսքերի առատությամբ, հոգու զարմանալի փոխակերպումներով, պատկերի գեղագիտական անսովոր տարողությամբ: Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին հայ ընթերցողին վերադարձվել է նրա հիշողությունը՝ բառի արվեստի առավելագույն կատարելությամբ բյուրեղացած:
Հայոց ցեղասպանության գեղարվեստական իրացումները հիմնականում եղել են դրվագային: Անկախության շրջանի գրականությունն այդ բացը լրացրեց: Պետք է առանձնացնել և արժևորել Վահագն Գրիգորյանի «ժամանակի գետը» վեպի պատկերակառուցումները և սյուժետային զարգացումներն այս թեմայով, որոնք առավել ամբողջականորեն են պատկերագրում ցեղասպանության պատմության ծագումնաբանությունն ու ընթացքը, սպանդի միջոցներն ու նպատակները: Թեմայի հետևողական զարգացում կա նաև Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» վեպում Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի և առհասարակ Չանղրի տարագրվածների տառապանքների և մորթի սահմռկելի տեսարաններով: Օտարագիր հայ հեղինակները նույնպես վերջին տասնամյակում գեղարվեստական պատումներ ստեղծեցին այս թեմայով՝ Պիտեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը», Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը», Նենսի Գրիգորյանի «Զաբել», Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպերը: Եղեռնից փրկվածների երրորդ սերունդը, վերադառնալով իր ակունքներին, փրկում է հիշողության կտրտված ու մթագնող պատառիկները, վերականգնում Հայոց Մեծ եղեռնի համապատկերի ամբողջականությունը:
«Դժվար է 1915 թվականի մասին չխոսելը, բայց դժվար է գեղարվեստով խոսելը»1,- իրավացիորեն նկատում ու ցավում էր Հրանտ Մաթևոսյանը, բայց այս տագնապն արդի հայ գրականությունը, մասնավորապես արձակն այլևս չունի, հավանաբար ժամանակ ու հեռավորություն էր պետք բառի վթարը վերացնելու համար. ցավի նյարդը պետք է ապաքինվեր:

Բառի օղակաձև մահը

Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» կորսված բառի պատմությունն է: Բառի զորության սահմանը ցավի ուժգնությունն է, ցավը սպանում է գիտակցությունը, դաժանության կատարելությունը փոխակերպում է բառը, արտաբերման թրթիռների հաճախականությունը թուլանում է՝ այն վերածելով համարժեք զգայական դրսևորումների: Հոգու ներփակ ծավալումներից բառը խեղճանում է, կորցնում հնչեղությունը, դատարկվում ինքն իրենից և չի զորում լցվել նոր բովանդակությամբ: Ըստ պատմական ճշմարտության և «Շշուկների մատյանի»՝ Հայոց Մեծ եղեռնի գաղափարաբանները առաջինը վերացրին միտքը բառավորողին. «Նախ և առաջ մեր բանաստեղծը սպանեցին»,-ասաց Շավարշ Միսակյանը: Թշնամիները գիտեին, որ որպես ազգ նրանց ոչնչացնելու համար նախ պետք էր անհապաղ բանաստեղծին սպանել: Հարստահարված ու վտանգված մի ժողովրդի համար բանաստեղծը դառնում է առաջնորդ»2: Հրեշաբար մորթվեցին հայոց բառի արքաները՝ Դ.Վարուժանը, Սիամանթոն, Ռ. Սևակը, Զոհրապը… Մտքի տիրակալներից ազատվելուց հետո սկսվեց մարմնի աստիճանական խոշտանգումը: Հայոց գենի ոչնչացման այսպիսի համակարգված գեղակերպում առ այսօր արվեստի մակարդակում չի եղել: Մահաբեր օղակների գեղարվեստական պատկերը բառի խորահուն ծավալումներով ճեղքում է երևակայության բոլոր հնարավոր դիմադրությունները՝ պատկերի վերածելով անպատկերագրելին, բանականությամբ մերժվողը և երկնքի բոլոր օրենքներով բացառվողը: «Հոգնության, ցրտի, սովի, թալանների և ջարդերի պատճառով տեղահանված գրեթե մեկուկես միլիոն մարդկանցից կես միլիոնը մահացան առաջին օղակին հասնելուց առաջ: Նրանց վրա ավելանում էին այնտեղ հասնողները, բայց ոչ թե իրենց ոտքերի վրա, այլ Տիգրիսի և Եփրատի ջրերի» (էջ 306): Ըստ հիմնավոր մշակված ծրագրի՝ մահվան յուրքանչյուր օղակ, որ իրականում համակենտրոնացման ճամբար էր, ոչնչացման իր մեթոդներն ուներ՝ հոգին մարմնից զատելու երևակայելի ու աներևակայելի ձևերով: Երկրորդ օղակն արդեն սովի և աղիքային հիվանդությունների ճիրաններում էր, զոհերն այնքան շատ էին, որ «հրամանատարը հրահանգեց, որ նախքան թաղելը մեռյալները երկու-երեք օր ճամբարի եզրին մնան: Այդպիսով հողմածուփ լինելով՝ մեռյալները չորանում էին, սմքում ու քիչ տեղ էին գրավում, և խմբական գերեզմաններն ավելի տարողունակ էին դառնում» (էջ 310). երիտճիվաղները հղացել էին մի ամբողջ ազգ անգերեզման չորացնելու հրեշությունը: Երրորդ օղակում ազգի մարմինը կրծում էր տիֆի բացիլը, սովից ու ցրտից կեղեքվող հոգիները երկնային կամքն էին փնտրում, իսկ երկինքն անզոր էր, քանզի Սիրիայի անապատների մահվան օղակներում ինքն Աստված էր մեռնում և նրա արարչագործության կատարյալ ձևերը. «Աստված մահամերձ է, կին,-ասաց տղամարդը՝ Ռուբեն Շեյթանյանը:- Ահա իր հրեշտակներն արդեն մեռան» (էջ 313): Տիֆով բռնված թափառող գաղթականը շնից ավելի վտանգավոր էր, և դրսի աշխարհը նրան վռնդում էր ձեռքն ընկած ամեն բանով՝ընդհուպ կատարյալ ջարդ կազմակերպելով: Հայի ինքնությունը հիմնավորապես ավերված էր: Բառը դեռևս պահպանող տանջահար հոգիները կորցրին ժամանակի հաշվելիությունը. տարածությունն ու ժամանակը նրանց համար այլևս չգոյող չափումներ էին, իրենց լքած քրիստոնեական Աստծո հետ հարաբերվելու անզոր փորձեր դեռ պատահում էին: Պայմանական ժամանակի մեջ Ճրագալույց սահմանեցին ու փորձեցին երկրպագել Բարձրյալի աղոտացող կերպարը. «Նրանք, ովքեր դեռ մի կտոր մոմ ունեին, վառեցին այն: Հերմինեն ասաց. «Ձգեցե՛ք լույսը տեսնվի»: Ամբողջ մոմը վառեցին՝ տաք մեղրամոմը մատներով լիզելով և ափերի վրա տարածելով: Հարկավոր էր մի կտոր էլ պահել Հարության գիշերվա համար: «Մինչև այն ատեն,- ասաց Ռուբենը՝ ներբանները ծածկելով,- բոլորս մեռած պիտի ըլլանք» (էջ 315):
Բոլոր մյուս օղակներում ազգի մարմինը քայքայվում էր՝ անզգայացնելով նաև բառը հնչյունավորող լարերը, բառը ապրեցնելու և սեփական ցավը փոխանցելու համար գաղթականներն այն գրում էին աքսորի ճանապարհներին, բայց ինչպես իրենք, հայոց բառը նույնպես հայրենազուրկ էր և արագ լուծվեց անապատի փոշիներում. «Շարասյուները լռելյայն իջան մահվան հետ հաղորդակցության աստիճաններով գուցե այն պատճառով, որ ներքին տառապանքը շատ ուժեղ էր՝ ինչ-որ բան դուրս հանելու» (էջ 341):
Բառը հաղորդելու գյուտերից մեկն այն հայ պատանիների մաշկին գրելն էր, այս միջոցով մահվան օղակների մասին տեղեկությունը դուրս էր գալիս, բայց շուտով հայտնաբերվեց ու սպանվեցին այսկերպ գոյող բառն ու նրան կյանքի կոչողը: Վերջին օղակում մարմինները կմախքացել էին, կորցրել իրենց ստվերները կամ իրենք հենց ստվերներ էին, մահը հաղթվել էր աքսորյալներից: Մահվան պարտության մի բացառիկ պատկեր է սիրահար զույգի լուսարձակող մարմինների տարրալուծումը անապատի անեզրության մեջ, սիրով սրբագործված մարմնեղեն կատարելությունն անգամ տիեզերքի օրենքներով ոչնչացման ենթակա չէր. «Ռուբենը իրավունք ունի: Աստված մեռավ: Հոս, ուր վերջին անգամ տեսար իրենց, Դեյր Էզ-Զորի ճամբարին եզերքը, Եդեմի պարտեզին սահմանն է: Դրախտին դուռն է երկու քայլ անդին: Վերադարձանք հոն, ուրտեղեն սկիզբներու սկիզբեն մեկնեցանք: Բայց այս ընթացքին աշխարհը բոլորովին ավրվեցավ: Կարելի է իրենք աշխարհը սկիզբեն առնեն և ուրիշ Աստված մը ստեղծեն» (էջ 340): Սրանք վերջին իմաստավոր բառերն էին, որ փակեցին անկատար արարչագործության շղթան՝ նոր, անթերի արարումների հույսով: Դեր Զորի յոթերորդ օղակում մահը վերջնականապես մեռավ: Հայոց քայքայված, չորացած, նյարդերից դատարկված մարմիններից հոգիները հեռացան՝ լքելով հայոց արյան ու էթնոկոդի կացարաևը և առ այսօր մոլոր թափառումների մեջ չեն գտնում հայրենիք տանող ճանապարհը:

Անհայրենիք բառի փոխակերպումը

Ցեղասպանությունից փրկված հայի ոգեզգայական բարդ համակարգը արտածման նոր ձևեր է որոնում: Քանի որ հայ ինքնություններն անցել էին ինքնուրացման ու էթնիկ նսեմացման բոլոր հնարավոր դժոխային պարունակներով՝ ենթարկվելով տարատեսակ անձնային ու հավաքական բռնությունների, ներաշխարհի բոլոր նյարդաթելիկները վնասվել էին, կծկվել ու պատենավորվել՝ հնարավոր ներքին և արտաքին հարվածներին դիմակայելու տագնապով: «Շշուկների մատյանի» «իմ ծերունիներից» յուրաքանչյուրի կենսապատումը վթարված հոգենյութի պատմությունն է, իսկ Սահակ Շեյթանյանի պարագայում՝ խեղված մարմնի ու երկվության դեմ ընդվզած սերմի տառապանք (գրական երկվորյակը «Ժամանակի գետը» վեպի Հովսեփ-Յուսուֆի):
Քարտեզի վրա հենման կետից զրկված «աշխատասեր ու սուսուփուս նանսենյանները» հայտնվեցին օտար իրականություններում և քանի որ չգիտեին ինչ նոր փորձություններ սպասել աշխարհից՝ պարփակվեցին իրենց հոգու անձավներում.»…տարօրինակ անուններ ունեին ու խոսում էին ինչ-որ հին, միևնույն ժամանակ կոշտ ու ողբագին լեզվով ու հատու բառերով, որոնք կամաց-կամաց ծննդյանս շեմին շշուկների վերածվեցին» (էջ 51): Ընդհատակյա բառը փոխակերպումների տառապանքն էր ապրում. Դեպի դուրս բոլոր ուղիները արգելափակված էին, միայն ներս հոսող ցավը հոգու հիվանդության բացիլն է, և հոգին նետվում է ինքնափրկության: Հայոց բառի այլափոխման ձևերն այս մատյանում տարբեր են ՝

1. Բառն արտաբերվում էր շշուկով:
2. Բառը վերածվում էր ծիծաղի:
3. Բառը տարրալուծվում էր գույների երանգապնակում:
4. Բառն անէանում էր մեղեդու էլևեջներում:
5. Բառը տարրալուծվում էր արցունքներում:
6. Բառը վերափոխվում էր խորհրդանիշի:
7. Բառը հեռանում էր իրեն լուծարող ինքնությունից:

Բառի այլակերպ կեցության անմիջնորդ արարիչը Կարապետ Ոսկանյանն է՝ հայոց էթնոկոդի բարձրագույն համադրություններից մեկը, ում կենտրոնաձիգ մտազգայական կենսաուժը նրան դարձրել է Ֆոկշանի հայության գլխավոր քուրմը: Մեծ պապի աշխարհազգացողության կատարելությունը առարկայական իրականության զգայական ընկալումների սահմաններից անդին է, նրա առտնին կեցությունն ինքնին գաղտնախորհուրդ ծես է՝ ինքնությունը լույսի, գունապնակի, մեղեդու, լռության մեջ ծավալելու սրբազան կանոնակարգ. «Հաճախ անշարժ նստում էր ու իր համար քրթմնջում: Չէինք հասկանում, թե ինչ էր ասում. մեծ մայրս մեզ չէր թողնում մոտենալ: Այդ էջերն սպիտակ մնացին Շշուկների մատյանում: Մի ուրիշ անգամ իր սենյակում փակվում էր ու երգում: Բարիտոն ձայն ուներ, որն աստիճանաբար բարձրանում էր դեպի տենորի սուր նոտաները, ճիշտ Կոմիտասի ձայնի պես…: Երգում էր ու ջութակով նվագակցում ՝ կնտնտոցով մի քանի լարերի միաժամանակ խփելով, կարծես մի ամբողջ քառյակ լիներ» (էջ 300): Արվեստագետի նրա կատարելատիպը Կոմիտասն էր, ում նման էր հոգեկառույցով և հոգևոր արարումներին հընթացս՝ նաև դեմքով: Ցեղասպանդից «փրկված» Կոմիտասը հայոց բառի տեղատվության բոլոր օղակներով անցավ. նախ՝ առողջ հոգու աստվածառաք խոսքը տառապանքի ահագնությունից դարձավ մրմունջ ու աղոթք, ապա՝ բառը խենթացավ ու դատարկվեց իմաստից, այնուհետ՝ փոխակերպվեց երգի ՝ սաղմոսների և «Կռունկի», հետո հաջորդեց ձայնալարերի բարձրաթռիչ խելագարությունը՝ անկանոն ու ջղաձիգ քրքիջը. «Նրա քրքիջը լսվեց ամբողջ գիշեր՝ խզզան ու ջղային, փտած մի գործվածքի պես, որն անընդհատ ճղում ես՝ ծալելով ու նորից պատռելով: Օղուզ բեյը, չիմանալով ինչ անել նրա հետ, ի վերջո Կոմիտաս վարդապետին հետ ուղարկեց Կոստանդնուպոլիս: Բեյը հմուտ էր ընկնող կամ փախչող մարդկանց սպանելու մեջ, բայց չգիտեր ինչպես սպայանել ծիծաղող մի մարդու:…Այդ ծիծաղը ցույց էր տալիս, որ Կոմիտասի մեջ սպանելու ոչինչ չէր մնացել» (էջ 302):
Կարապետ Ոսկանյան փիլիսոփա-գեղագետն, աշխարհը հասկանալ-մեկնելու ներսույզ որոնումների մեջ միտքը բյուրեղացնելով, հասցրել էր աքսիոմատիկ բանաձևումների, որոնք բացառապես այլաբերված շարակարգեր են: Նրա և նրան արյունակից ու բախտակից ծերունիների շփումը միայն շշուկների մակարդակում է, ինչը հոգու գաղտնիքը աշխարհից թաքցնելու ձևերից է. «Երբ կուզես, որ չիմանան քեզի, շշուկով կխոսիս: Ինք շշուկով կտեսնա» (էջ 83): Զգայարանների, անգամ բացակա զգայարաններով հաղորդակցման այնպիսի համերաշխություն էր շաղկապում «իմ ծերունիներին», որ նրանք իրենց հայտնի, բայց աշխարհից թաքուն թեմաների ընկալմանն հասել էին գրեթե ձայնի բացակայությամբ, շուրթերի շարժումով. «Եվ նստում էին փայտյա նստարանների վրա՝ մեջքերն ուղիղ, ճակատները դեպի վեր խոսելով: Երբ ձայներն իջեցնում էին, միմյանց կողմ չէին թեքվում: Անասելի ճարպկությամբ էին որսում շշուկները: Նույնիսկ Արշակը, ում ականջը զանգի պատճառով ծանր էր, երբ չէր կարողանում շուրթերի վրա կարդալ, խնդրում էր կրկնել: Սակայն շշուկով բառերը՝ երբեք: Հրաշքով միշտ լսում էր: Դրանք այլ կերպ էին թրթռում օդում, և նա զգում էր մաշկի միջով՝ չղջիկների նման» (էջ 30): Սեֆերյանի դամբարանը՝ որպես բառերի երթուդարձը ներփակող տարածք, դարձել էր Ֆոկշանի թաղականության գաղտնի հավաքատեղին, ուր աշխարհից եկող լուրը հանգրվանում էր հնարավոր բոլոր աղետներից պատենավորված հայ այրերի լսելիքում և արձագանքում որպես շշուկով մեկնություն:
Բառի կեցության այլակերպությունը բացառիկ ինքնատիպ արտահայտություն ունի վեպի երեք հերոսների կյանքի պատմություններում: Առաջինը «քարտեզների մոգ» Միքայել Նորատունկյանն է՝ իր երազանքների տարածականությամբ ակնհայտորեն ոչ ազգային, այլ մերօրյա ճանաչողությամբ՝ աշխարհաքաղաքական նկրտումներով: Նրա գաղափարները բառավորվում էին բացառապես քարտեզներով, որոնք ձգտում էին ֆրանկմասոնության ծրագրերով վերացնել սահմանները և մարդկությանը միավորել մեծ ապազգային անդեմության անծիր շրջանակում: Ցեղասպանված ազգի զավակներին, մասնավորապես երկատված ինքնությամբ Սահակ Շեյթանյանին հուսալի է թվում ամենայն ինչ, որ անսահմանության է ձգտում. ի՜նչ իմանար խեղճ ծերունին, որ Դեր-Զորի անապատներում իրենց լլկողներն իրականացնում էին «Տարագրության օրենքի» կնքահայրերի կամքը, ովքեր կուսակիցներն էին Միքայել Նորատունկյանի և նրա հորեղբայր Նորատունկյանների: Ուրիշ առիթով պատմիչը բանաձևում է. «Իմաստը պարտադրում է սահմաններ» (էջ 409), ուրեմն՝ Նորատունկյանի՝ անսահմանության ձգտող աշխարհայացքը ակնհայտ հակասության մեջ էր ցանկացած չափի Հայաստանի գաղափարին, որը բաղադրվում էր կոնկրետ իմաստային եզրույթներից՝ ինքնություն, հայություն, հայրենիք: Կորուստն համազգային էր և անդառնալի. վերջնականորեն հայից խլել-օտարել էին նրա «Մեծ ու փոքր Հայաստաններից մեկի հայազգի վերջին մեծ թագավորին»:
Այս վեպի ամեն կենսապատում առանձին վեպի նյութ է: Լևոն Զոհրապի դիմանկարը հեղինակը վերնագրում է՝ Պատմություն պատմության մեջ: Սա էլ չավարտվող մահվան և չկայացած կյանքի պատմություն է, որում որդի Զոհրապը ապրում էր հայր Զոհրապի տևող մահվան ցավը: Նովելի վարպետի որդու կերպարում արտաբերված բառը վերջապես հաղթանակում է՝ որպես հայ մարդու «պատվո խոսք», որն ավելին էր, քան մի ամբողջ պետության երաշխիք, բայց հաղթությունն օտար բառով էր և օտարի համար:
Վեպի ամենաողբերգական կերպարը, թերևս, Միսաք Թոռլաքյանն է, որը չէր ծնվել ճառելու և աշխարհը բառավորելու նպատակով. նրա մեծ առաքելությունը հայրենիքին զինվորագրվելն ու խլված Հայաստանը պայքարով վերադարձնելն էր: Դա նրան չհաջողվեց, քանզի մերկ ուժը անզոր է ծածուկ դավադրության դեմ, որի նենգ կոմբինացիաները անսահմանության են ձգտում: Պատմական կեղծիքն ու իր կողմից սրբագործված գաղափարների խեղումը առանց այն էլ լռության ձայնը բառի թրթիռներից գերադասող Միսակ Թոռլաքյանից արցունքներ են կորզում. լացերից ամենածանրը՝ զորականի հեկեկոցը՝ խորտակված համազգային երազանքների ողբը: Նրա հետագա ողջ կեցությունը փոխակերպվում է գաղտնագրի, բառի, մտքի, գործողությունների այլաբանության: Վրեժի աստվածուհի Նեմեսիսի անունը այլաբերումն է նրա գոյակերպի, իսկ մեծ հատուցման վկայությունները առարկայական խորհրդանիշներն էին՝ փոքրիկ փայտակերտ ձիուկները, որոնք դարձյալ խեղված երազների մանրակերտն էին՝ հայրենյաց լեռներում ազատորեն վարգող հրեղեն նժույգի և նրա դյուցազուն հեծյալի մորթված տեսիլի: Բոլոր հարցերը, որոնք հնչեցրին ցեղասպանված ազգի մոլորված բեկորները, նույնական էին՝ «Հիմա ի՞նչ պիտի պատահի», և պատասխաններն էլ կա՛մ չէին ձևավորվել, կա՛մ բառի արգելափակման պատճառով փոխակերպվել էին խորհրդանիշների: Որպեսզի կյանքը շարունակվեր որևէ կերպ, պետք էր փակել պատասխանների տապանակը և թաղել այն, թեև պատասխաններն անվերջ էին, իսկ մեծ հարցի մեծ պատասխանը դեռ սպասում է ճշմարիտ բանաձևման:

Հայոց բառի հոգեվարքն ու վախճանը

Բառը վերածնելու համար նորերը պիտի ծնվեին՝ վկայելու շշուկով ապրողների ճանապարհի մասին՝ լուսանկարներով ալբոմի էջերը նորից փոխակերպելով բառի՝ շշուկով կարդացողների, շշուկով տեսնողների և շշուկով շփվողների կենսամատյանի: Եղեռնը վերապրածների երրորդ սերունդը, եթե հոգևորվեց ու չուծացավ, եկավ՝ պապերի ու տատերի հիշողության բեռը կրելու: Պապ Ոսկանյանը թոռ Ոսկանյանին կրում էր իր հոգու միջուկում, իր հզոր արվեստաստեղծ կենսաուժի տիրույթում՝ բոլոր ողջերի ու նաև կոտորվածների հիշատակները վկայելու ինքնակեղեքումին տեր լինելու անհնարին ավանդ թողնելով դեռ մանուկ Վարուժանին՝ նրա մեջ տեսնելով ինքն իրեն, իր էթնոկոդի վերածնունդը: Հաճախ կանայք ուզում էին հեռացնել փոքրիկ Վարուժանին իրենց մանկության բավիղներում երազող ու երգեր դնդնացող ծերուկների տարածքից. « Ձգեցե՛ք,- ասում էր մեծ հայրս:- Միշտ կմնա մեկը, որ պիտի պատմե: Մեկ կտեսնաս, որ ճիշտ ինքը պիտի ըլլա պատմիչը: Փոքր հասակում գրիչը ձեռքս տվեց ու սպիտակ թղթերով շրջապատեց ինձ այնպես, ինչպես մյուս երեխաները շրջապատված են անուշեղեններով և խաղալիքներով»(էջ 42): Պապն արարեց շշուկներ վերծանողին, Մեծ եղեռնի պատմիչին: Կարապետ մեծ հայրն ու իր ծերունիները իրենց հոգեխորշերում կրում էին բոլոր ցեղասպանված ու փրկված հայերի ողբերգությունը, մեծ հոր մահից հետո թոռը ժառանգեց շշուկների պատմությունը, որը բառի փոխակերպվելու դժվարին երկունքն էր ապրում, և պտուղը, որ մորթված ազգի անթեղված հիշողությունն էր, ճեղքելով երրորդ սերնդի ապաքինված հոգենյութը, դարձավ վեպ: Ցավոք, հայոց բառը տարագրությունից չփրկվեց: Այս մատյանը գրվեց օտար լեզվով և դարձավ վերածնունդը ոչ հայոց բառի, այլ ազգային հիշողության, հառնեց իբրև Մեծ եղեռնի գրական հուշակոթող, վեպ, որ ավելի վավերական է, քան ինքը՝ պատմությունը, և ավելի բանաստեղծական, քան ինքը՝ բանաստեղծությունը:

Ծանոթագրություններ
1.Հրանտ Մաթևոսյան, Սպիտակ թղթի առջև, Երևան,2005,էջ 33
2.Վարուժան Ոսկանյան, ՇՇուկների մատյան, Բուխարեստ, 2012, էջ 287: Հետագա մեջբերումները կարվեն այս գրքից, էջը կնշվի տեղում:

Резюме

Статья исследует процесс преображения слова в романе Варужана Восканяна “Книга шепотов”, где живописана полная панорама уничтожения армянского гена в годы Великого геноцида. Идеологи Геноцида сначала убили армянскую мысль и слово, потом замучили тело нации. Благодаря душевным страданиям ослабла частота проявления стимулов отображения слова и слово обеднело. Эта книга – история травмированного духа, болезненное чередование этапов обезображенного бытия слова, когда армянский народ прошел через все этапы отступления от собственной самобытности.

The article testifies the transformation course of the word in the novel named “The Manuscript of Whispers” narrated by Varujan Voskanyan. There is descriptively presented the complete panorama of the destruction of Armenian genetics during the years of great disaster, Armenian Genocide. The ideologists of the Genocide first killed the Armenian mind and word, then they tortured the body of the nation. The inner anguish of the soul caused weakness of expression vibration frequency and the word turned to be poor. This manuscript is the story of crashed soul, the distorted and painful tour of the word, when the Armenian nation was passing all of the identity yielding phases.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *