Այն օրը, երբ վրա հասավ աշխարհի վերջը, Հինգերորդ և Հիսունյոթերորդ փողոցների խաչմերուկում էի, նայում էի բջջայինին։
Արծաթագույն աչքերով կարմրահերը շրջվեց դեպի ինձ և ասաց․
— Իսկ նկատե՞լ ես՝ որքան խելացի են դառնում բջջայինները, այնքան ավելի շատ են հիմարանում մարդիկ։
Ասես Դրակուլայի կանանցից մեկը լիներ, որը հենց նոր էր դուրս եկել գոթական ապրանքների խանութից։
-Ինչո՞վ կարող եմ Ձեզ օգնել, օրիո՛րդ։
Ասաց, որ աշխարհի վերջը եկել էր։ Երկնային իրավաբանական ընկերությունները նման հրաման էին արձակել անսարքության մասին արձագանքներ ստանալուց հետո․ օրիորդն ընկած հրեշտակ էր, որն ուղարկվել էր երկրի ընդերքից, որպեսզի ապահովեր իմ հոգու նման խեղճ հոգիների կարգավորված անցումը դժոխքի տասներորդ շրջան։
-Կարծում էի, թե ներքևում ընդամենը ինը շրջան է, – առարկեցի ես։
-Պետք է ևս մեկը ավելացնեինք բոլոր նրանց համար, որոնք կյանքն այնպես են ապրել, ասես հավերժ էին ապրելու։
Երբեք լուրջ չէի մոտեցել դեղորայքիս, բայց նայելով այդ արծաթագույն աչքերի մեջ՝ հասկացա, որ ճշմարտությունն էր ասում։ Նկատելով հիասթափությունս՝ ասաց, որ քանզի չէի աշխատել ֆինանսական բաժնում, իրականացնելու էր իմ երեք ցանկությունները, քանի դեռ մեծ պայթյունը տեղի չէր ունեցել և տիեզերքը չէր պայթել, որպեսզի նորից վերաձևավորվեր ու դառնար սիսեռ։
-Խելացի՛ ընտրություն կատարիր։
Մի փոքր մտածեցի։
-Ուզում եմ հասկանալ կյանքի իմաստը, ուզում եմ իմանալ, թե որտեղ կարելի է գտնել աշխարհի ամենահամեղ շոկոլադե պաղպաղակը, և ուզում եմ սիրահարվել, – հայտարարեցի ես։
-Առաջին երկու ցանկություններիդ պատասխանը նույնն է։
Իսկ ինչ վերաբերում է երրորդ ցանկությանը, նա այնպիսի համբույր նվիրեց ինձ, որը պատմեց ողջ ճշմարտությունն աշխարհի մասին և ստիպեց ինձ ցանկանալ ազնիվ տղամարդ լինել։ Ուղևորվեցինք այգի՝ հրաժեշտի զբոսանքի, այնուհետև վերելակով բարձրացանք կողքի փողոցում գտնվող, գոթական ոճի մի պատկառելի հյուրանոցի վերջին հարկ, որտեղից նայում էինք, թե ինչպես էր ծնվում հսկայական աշխարհը։
-Ես սիրում եմ քեզ, – ասացի ես։
-Արդեն գիտեմ։
Կանգնել էինք այնտեղ՝ ձեռք ձեռքի տված և հետևելով, թե ինչպես էին հսկայական քանակությամբ բոսորագույն ամպեր ծածկում երկինքը, սկսեցի արտասվել․ վերջապես երջանիկ էի։
ՎԵՐՋ։
Թարգմանությունն իսպաներենից` Էլիզա Ստեփանյանի
